Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը լրագրողների գործունեությունը սահմանափակող օրենքների վերաբերյալ

Ազգային ժողովն իր վերջին արտահերթ նիստին ընդունեց, իսկ մարտի 30-ին ՀՀ գործող նախագահը ստորագրեց երկու օրենք, որոնք լրջորեն սպառնում են տեղեկատվության ազատությանը եւ սահմանափակում լրագրողների գործունեությունը։ Դրանք են «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Երեւան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնցից առաջինով նախատեսվում է գործադիր բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ, երկրորդով ստեղծվում են մայրաքաղաքի ավագանու նիստերը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքները կաշկանդող պայմաններ։

Մենք՝ ներքոստորագրյալներս, արձանագրում ենք, որ այս օրենքներն ընդունելիս իշխող կոալիցիան կրկին, ինչպես եւ շատ այլ դեպքերում, անտեսեց լրագրողների եւ քաղաքացիական հասարակության կառույցների՝ նախագծերի վերաբերյալ քննադատությունը։ Ընդ որում՝ այդ փաստաթղթերը նիստի օրակարգ ընդգրկելիս խորհրդարանը որեւէ հանրային քննարկում չանցկացրեց։ Ավելին՝ «Երեւան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն ու լրացումները, որոնք հիմնականում վերաբերում են ԶԼՄ-ներին եւ հակասում են ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության սկզբունքներին, ընդունվեցին գործող ընթացակարգի բացահայտ խախտմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք հայտարարում ենք.
— նախաձեռնելու ենք գործընթաց եւ իրականացնելու ենք բոլոր հնարավոր քայլերը՝ նշված օրենքների հետադիմական դրույթները չեղարկելու նպատակով,
— այս գործընթացում ձգտելու ենք ստանալ հասարակության բոլոր շահագրգիռ կառույցների եւ անհատների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների աջակցությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ

Scroll to top