ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Ա1+»-ի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ

01 սեպտեմբերի 2017թ., Երեւան

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում էր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, ուժի գործադրմամբ խոչընդոտվել է «Ա1+» առցանց հեռուստաընկերության թղթակից Ռոբերտ Անանյանի և օպերատոր Բագրատ Սարոյանի օրինական մասնագիտական գործունեությունը։  

Նիստը նկարահանելիս «Ա1+»-ի աշխատակիցները փորձել են տեսագրել նաև, թե ինչպես են դատական կարգադրիչները բռնությամբ կասեցնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի նախաձեռնած բողոքի ակցիան՝ ընդդեմ հանրային պաշտպանի։ Այդ պահին կարգադրիչներից մեկը սեփական նախաձեռնությամբ փակել է տեսախցիկը, ոլորել լրագրողի ձեռքերը և օպերատորի հետ միասին հեռացրել դահլիճից։ Մինչդեռ դռնբաց դատական նիստում նախատեսված միակ սահմանափակումը վկաների ցուցմունքը չնկարահանելն է։ Փաստորեն, դատական կարգադրիչը չարաշահել է իր լիազորությունները։ Նրա ինքնությունն այս պահին դեռ չի հաջողվել ճշտել, սակայն դեմքը հստակ երևում է «Ա1+»-ի կայքում հրապարակված տեսանյութում։

Սա առաջին դեպքը չէ, երբ դատարաններում անօրինական սահմանափակումներ են կիրառվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, իսկ վերջին միջադեպը անթույլատրելի է նաև այն առումով, որ խոսքը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող դատական գործընթացի լուսաբանման մասին է։

Հաշվի առնելով այս փաստերը, մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք.

  • Դատական դեպարտամենտից՝ պարզել լիազորությունները չարաշահած կարգադրիչի ինքնությունը և պատասխանատվության ենթարկել նրան՝ պարտադրելով ապագայում բացառել լրագրողների նկատմամբ նման վարքագիծը,
  • Նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանից՝ պատշաճ վերահսկողություն սահմանել դատական կարգադրիչների գործողությունների նկատմամբ և հաշվի առնելով այս գործի հանդեպ հանրային հետաքրքրությունը՝ բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքների որևէ անօրինական սահմանափակում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *