Journalist Paylak Fahradian

Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Փայլակ Ֆահրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ

Հոկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում գտնվող բժշկական կենտրոնում հարձակում է կատարվել Armday.am լրատվական կայքի թղթակից Փայլակ Ֆահրադյանի վրա, խոչընդոտվել է նրա օրինական մասնագիտական գործունեությունը։

Միջադեպի վերաբերյալ լրագրողի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ բուժհաստատության տնօրեն Զոյա Մարտիրոսյանի հետ զրուցելիս ինքն անդրադարձել է նաեւ համայնքում շրջանառվող լուրերին, թե տեղեկանքներ տրամադրելու, անվճար դեղորայքներ հատկացնելու եւ այլ ծառայությունների համար այստեղ գումար են պահանջում։ Սրան ի պատասխան Զոյա Մարտիրոսյանը և իրեն ուղեկցող քույրը՝ նույն մարզի Քարագլուխ համայնքի ղեկավարի կինը, հարձակվել են լրագրողի վրա, փորձել են խլել տեսախցիկը եւ պահանջել ջնջել կրիչի պարունակությունը։ Այնուհետև Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի օգնությամբ փակել են բժշկական կենտրոնի դուռը եւ արգելել թղթակցին դուրս գալ այնքան ժամանակ, քանի դեռ չի ջնջվել կրիչի պարունակությունը։ Փայլակ Ֆահրադյանին հաջողվել է սենյակից զանգահարել ոստիկանություն, որից հետո միայն դուռը բացել են, եւ լրագրողը դուրս է եկել։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ընդունելով, որ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել, այդուհանդերձ, հարկ ենք համարում փաստել, որ վերջին 10 օրվա ընթացքում սա լրագրողների վրա հարձակման արդեն երկրորդ դեպքն է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Վանաձորում հարձակման ենթարկվեց «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։

Հաշվի առնելով, որ Armday.am-ի թղթակցի աշխատանքը ակնհայտորեն խոչընդոտվել է, եւ որոշ ժամանակ նրան անազատության մեջ են պահել՝ պահանջում ենք.

-ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչությունից՝ անաչառ եւ արդյունավետ քննություն իրականացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,

– ՀՀ դատախազությունից՝ պատշաճ հսկողություն սահմանել այս քրեական գործի նկատմամբ՝ նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *