Ծրագրեր

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը (ԲՏԻ) Հայաստանում ծրագրեր է իրականացնում 2003 թվականից, որպես Լոնդոնում գործող Media Diversity Institute կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ: 2006 թվականին կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց Հայաստանում` իր խորհրդում ունենալով բրիտանական կազմակերպության ներկայացուցիչների, սակայն գործելով որպես անկախ հասարակական կազմակերպություն:

2003-ից 2006 թվականներին Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ ԲՏԻ-ին իրականացրել է եռամյա ծրագիր, որն ուղղված էր Հարավային Կովկասում լրատվամիջոցների բազմակարծության բարելավմանը:

Այս և հետագա տարիներին կազմակերպությունը իրականացրել է տասնյակ սեմինարներ լրագրողների, հասարակական կազմակերպությունների, լրագրության դասախոսների համար, իրականացրել է Հայաստանում փոքրամասնությունների լուսաբանման հետազոտություն, հրապարակել է «Բազմակողմանի լրատվության ձեռնարկ», «Լրատվամիջոցների հետ հարաբերությունները. ձեռնարկ հասարակական կազմակերպությունների համար», «Լրատվամիջոցների հետ հարաբերություններ. Խորհուրդներ առաջատար հայ մասնագետներից», «Բազմազանության դասավանդման ուղեցույց» գրքերը, ներդրել է «Լրատվամիջոցների բազմազանություն» թեման Երևանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի, Շիրակի համալսարանի լրագրության ֆակուլտետներում:

Նույն տարիներին ԲՏԻ-ին իրականացրել է մի շարք թիմային լրագրողական նախագծեր, որոնց շրջանակներում թողարկվել են ներդիրներ «Առավոտ» և «Ազգ» թերթերում, ռադիոհաղորդում, որը հեռարձակել է «Ռադիո Հայ» ռադիոկայանը, հեռուստատեսային հաղորդումներ, որոնք հեռարձակվել են «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով:

2007 և 2008 թվականներին` խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ, ԲՏԻ-ն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացրել է «Հիմնական ասելիք» և «Հիմնական ասելիք 2» ծրագրերը, որոնց շրջանակներում իրականացվել են ֆոկուս գրուպ հարցումներ` քաղաքական օրակարգի տարբեր խնդիրների շուրջ հասարակության կարծիքը պարզելու համար, իսկ այնուհետև նույն թեմաները քննարկվել են քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ թոք-շոուներում` հասարակությանը հնարավորություն տալով տեսնելու, թե որքանով են քաղաքական ուժերի դիրքորոշումները մոտ հասարակության դիրքորոշումներին:

200ր-2010 թվականներին ԲՏԻ Հայաստանը կենտրոնացավ նոր մեդիայի և սոցիալական մեդիա վրա: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ ԲՏԻ-ին իրականացրեց ԲարՔեմպ ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց ԲարՔեմպ կոնֆերանսը, ԲարՔեմպներ տեղի ունեցան նաև Գյումրիում, Վանաձորում, Վարդենիսում: ԲՏԻ-ի նախաձեռնությամբ իրականացված Բարքեմպը շարունակեց ինքնուրույն գոյությունը և 2009թ.-ից մինչ օրս: Բացի այդ, Բարքեմպներ պարբերաբար անցկացվում են նաև Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում:

2010-11 թվականին ԲՏԻ-ին Եվրամիության ENPA-FLEG ծրագրի դրամաշնորհով իրականացրել «Հայաստանի անտառներ» ծրագիրը, որի նպատակն էր օգնել անտառների խնդիրներով զբաղվող բնապահպաններին իրենց ձայնը լսելի դարձնել հասարակության համար: Ծրագրի շրջանակներում իրականացվեցին սեմինարներ լրագրողների, բնապահպանների համար, ստեղծվեց http://antarner.wordpress.com կայքը, որը արժանացավ մեծ ուշադրության, կայքում հրապարակվող նյութերը բազմիցս վերահրապարակվեցին այլ լրատվամիջոցներում, իսկ նյութերից մեկով քրեական գործ հարուցվեց Լոռու մարզում ապօրինի ծառահատումների պատասխանատուների դեմ:

2012-2013 թվականներին ԲՏԻ-ն իր գործընկերոջ` «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հետ ստեղծեց ընտրախախտումների մասին ահազանգելու http://iditord.org հարթակը, որը հաջողությամբ գործեց 2012-ի խորհրդարանական, 2013-ի նախագահական և և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Այս ծրագիրը ֆինանսավորվում էր մի շարք դոներների կողմից, այդ թվում` ԱՄՆ Զարգացման գործակալություն, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, «Քաունթերփարթ»:

2013 թվականից ԲՏԻ-ին Հայաստանի ազգային պլատֆորմի կազմում ակտիվորեն մասնակցում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքներին:

2013-2014թթ. ԲՏԻ-ն իրականացրեց «Կին քաղաքական գործիչների հզորացման» ծրագիրը` Բրիտանական խորհրդի ֆինանսավորմամբ, որի շրջանակներում շուրջ 20 կին քաղաքական գործիչներ, հայաստանյան թե’ իշխանական, թե՛ ընդդիմադիր կուսակցություններից, անցան «Մեդիա վերապատրաստում»:

2015 թվականից ԲՏԻ-ն նախաձեռնել է ամենամյա` «Հայաստանի օնլայն մեդիա միջավայրի քարտեզագրում» ծրագիրը, որի շրջանակներում հրապարակվել են 2015 և 2016 թվականների տարեկան զեկույցները:

Scroll to top