«Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում» լրագրողական 3-րդ մրցույթը՝ շարունակելով խթանել Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը: Նպատակն է խրախուսել որակյալ լրագրողական պատմությունների ստեղծումն ու տարածումը, հասարակության իրազեկման բարձրացումը երեք ոլորտային ռեֆորմների (թափանցիկություն և հաշվետվողականություն, տեղական ինքնակառավարում, սոցիալական ոլորտ), ինչպես նաև՝ մարդու իրավունքների մասին:

«Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթին ներկայացված հայտերը պետք է համապատասխանեն հետևյալ թեմաներից որևէ մեկին`

  • հանրային սեկտորի թափանցիկության ու հաշվետվողականության խնդիրներ ու ձեռքբերումներ
  • տեղական ինքնակառավարմանը, համայնքների խոշորացմանն առնչվող խնդիրներ
  • սոցիալական ոլորտում առկա խնդիրներ, բացթողումներ և բարեփոխումների
  • մարդու իրավունքներին առնչվող հարցեր

«Թվապատում 2017» մրցույթի անվանակարգերն են՝

Homo Agendi (Գործող անձ)

Նյութի առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, միջավայրը, իրավիճակը բարելավելուն և մարդկանց օգնելուն ուղղված քայլերով։

Այս անվանակարգում կպարգևատրվեն թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը՝ յուրաքանչյուրը 300 000-ական դրամով:

Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում

Նյութերը պետք է պատմեն վերոնշյալ ոլորտներում իրականացվող փոփոխությունների էության, ընթացքի, խնդիրների և խոչընդոտների, հաջողությունների ու անհաջողությունների, այս գործընթացում ներգրավված կառավարության, հանրության, տարբեր կառույցների դերի, նրանց միջև համագործակցության հաջողված փորձերի, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների թեմաներին առնչվող խնդիրների ու հարցերի մասին:

Այս անվանակարգում հաղթող նյութի հեղինակը կստանա 250 000 դրամ:

Դիտակ. հետաքննական լրագրություն

Նյութերը պետք է լինեն լրագրողական հետաքննության ժանրում կամ պարունակեն լրագրողական հետաքննության տարրեր: Աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն քողարկված կամ անորոշ տեղեկատվության բացահայտումը, փաստերի ստուգումն ու ճշգրտումը, տվյալների լրագրության գործիքների օգտագործումը:

Այս անվանակարգում հաղթողի համար նախատեսված է 250 000 դրամ:

Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում

Նյութերում պետք է օգտագործված լինեն վիզուալացման տարբեր գործիքներ ու տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ինֆոգրաֆիկան, քարտեզն ու գծապատկերը, խաղային տարրերը, քրաուդսորսինգը, ինտերակտիվությունը, լոնգրիդի կամ այլ մուլտիմեդիա ձևաչափեր, և այլն:

Այս անվանակարգի հաղթողը կստանա 200 000 դրամ:

Ես քվեարկում եմ

Թվապատում 2017 մրցույթի այս անվանակարգի հաղթողին կորոշեն հենց մրցույթին մասնակցած լրագրողները: Մրցանակաբաշխությունից առաջ ավանդական քննարկումների ժամանակ ժյուրիի կողմից ընտրված նյութերը կդրվեն փակ քվեարկության:

Ամենաշատ քվե ստացած նյութի հեղինակը կստանա 100 000 դրամ:

Կազմակերպիչներն ակնկալում են, որ մրցույթին ներկայացված աշխատանքները վերոնշյալ թեմաներին համապատասխանելուց բացի աչքի կընկնեն համակողմանի լուսաբանմամբ, քննադատական և ստեղծագործական մոտեցումներով, կլինեն տեղեկատվական, բացատրական, բացահայտող, նորարարական։ Կգնահատվի նաև նյութի տեխնիկական որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, հետաքրքիր լուծումներն ու մոտեցումները։

Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է հրապարակված լինեն 2016 թ․ օգոստոսի 1-ից մինչև 2017 թ․ հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան լրատվամիջոցներում՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից մուլտիմեդիա ժանրեր և այլն): Հայաստանյան ենք համարում Հայաստանում գրանցված և Հայաստանի բնակչությանն ուղղված լրատվամիջոցները: Լրագրողական պատմությունները կարող են լինել ինչպես հայերենով, այնպես էլ օտար լեզուներով:

Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում:

Լրագրողն իր պատմությունը ներկայացնում է առավել համապատասխան անվանակարգում՝ լրացնելով առցանց հայտը մինչև 2017 թ. հուլիսի 23-ը ներառյալ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերին:

Մրցույթի մասին մանրամասներ կարող եք գտնել մրցույթի կայքում: Հարցերի դեպքում կարող եք դիմել

Արեն Մանուկյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 112)
Սոնա Քոչարյանին, էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010 583620 (ներքին՝ 126)

«Թվապատում» մրցույթը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուսի հետ համատեղ:

Scroll to top