Open post
Armenia -- AI Generated illustration for the blog-post on Data Management by the Armenian State Bodies, Yerevan, 03Apr2024

Տվյալների կառավարումը ՀՀ պետական մարմիններում

«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը» լույս է ընծայել «Տվյալների կառավարումը ՀՀ պետական մարմիններում» թեմայով հետազոտությունը, որն վերլուծում է հայաստանյան պետական մարմիններում տվյալների մշակման տարբեր փուլերը, ներառյալ ձեռքբերումը կամ ձևավորումը, մշակումը և հեռացումը։

Վերլուծության հեղինակն է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին պետ և ոլորտի լավագույն փորձագետներից մեկը հանդիսացող Գևորգ Հայրապետյանը։

Վերլուծության նպատակն է պարզել, թե արդյոք տվյալները հավաքագրվում և ձևավորվում են առանց համապատասխան իրավական հիմքի, կան արդյոք կանոններ այդպիսի տվյալների հետ աշխատելու համար, նույնիսկ եթե դրանք հավաքագրվեն օրինական ճանապարհով, և արդյոք ապահովված է համապատասխան անվտանգություն տվյալ տվյալների համար՝ ըստ գործող օրենսդրական դաշտի:

Հետազոտությունն օգտակար կարող է լինել ինչպես պետական գործիչների, այնպես էլ ՏՏ ոլորտի մասնագետների համար, ովքեր ուզում են ավելի խորը հասկանալ տվյալների պաշտպանության և կիրառության ընթացիկ գործելակերպերը:

Հետազոտությունը PDF ձևաչափով կարող եք ներբեռնել այստեղից։

Open post
Image by Photo Mix from Pixabay

Լրագրողական կազմակերպությունները դատապրատում են դատապարտում ենք «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի նկատմամբ գործադրված ճնշումները 

Մարտի 29-ի առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի Լոռու և Տավուշի մարզերի թղթակից Կարինե Սիմոնյանը, գտնվելով Երևանում, տեղեկացել է, որ իր Վանաձորի բնակարանից գողացել են աշխատանքային տեսախցիկը։ Ըստ լրագրողի՝ տեսախցիկը եղել է դատարկ, որևէ այլ իր, ընդ որում՝ ոչ պակաս արժեքավոր, չեն տարել, և կատարվածը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է իր մասնագիտական գործունեությամբ և կարող է լինել իրեն նախազգուշացնելու, վախեցնելու և լռեցնելու փորձ։

Այս վարկածն էլ ավելի հիմնավոր է դառնում, եթե հաշվի առնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կարինե Սիմոնյանի նկատմամբ ճնշումներ են կիրառվում։ Այսպես՝ անցած տարվա հունիսին նա սպառնալիքներ է ստացել և բախվել հետապնդումների, երբ բարձրաձայնել է քրեական անցյալ ունեցող մի անձի ապօրինի տնտեսական գործունեության հետ կապված հարցեր։ Թեև այս առիթով հարուցվել է քրեական գործ, մինչ այժմ դրանում որևէ առաջընթաց չի նկատվում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի նկատմամբ գործադրված ճնշումները և, ի գիտություն ընդունելով, որ նրա տեսախցիկը գողանալու առնչությամբ նույնպես հարուցվել է քրեական գործ, պահանջում ենք․

  • Լոռու մարզի ոստիկանությունից՝ ամենայն լրջությամբ վերաբերվել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի դեմ ոտնձգությունների փաստերին և բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել մեղավորներին բացահայտելու համար,
  • Լոռու մարզի դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել լրագրող Կարինե Սիմոնյանի իրավունքների խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերի նկատմամբ և ապահովել դրանց քննության օբյեկտիվությունն ու արդյունավետությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- Artur Papyan takes part in an online conference in Seoul, 19Mar2024

Փորձագիտական քննարկում. ինտերնետի անջատումներն ու դրանց ազդեցությանը ժողովրդավարության վրա

Սեուլում ընթացող Ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակում այսօր տեղի ունեցավ փորձագիտական քննարկում՝ ինտերնետի անջատումների ազդեցությունը ժողովրդավարության և ՄԱԿ֊ի Կայուն զարգացման նպատակների իրականացման վրա։

Քննարկման առանցքում ինտերնետի անջատումներն ու արգելափակումներն էին՝ այս կամ այն երկրում նշանակալի իրադարձությունների, հակամարտությունների, ընտրությունների և բողոքի ցույցերի ֆոնին։

Բանախոսների թվում էին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Կանբար Հոսեյն֊Բորը, Cloudflare ընկերության ներկայացուցիչ Քարլի Ռեմսին, Access Now-ից Ռաման Ջիթ Սինգհ Չիման, Digitally Right Bangladesh-ից Միրաժ Չոդհուրին, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտից՝ Արթուր Պապյանը։ Քննարկումը մոդերացնում էր Ինտերնյուզի ներկայացուցիչ Բրիթանի Պիովեսանը։

Իր խոսքում Արթուր Պապյանն ընդգծեց ինտերնետի անջատումների բացահայտման բարդությունը՝ նշելով այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են ամբողջական և մասնակի անջատումները, ինտերնետային ենթակառուցվածքի տեխնիկական նրբությունները, հաքերային և ֆիզիկական հարձակումները ցանցային ենթակառուցվածքի վրա՝ հատկապես արցախյան պատերազմի համատեքստում:

Open post
Armenia -- Security services block journalists from reporting in Yerablur Military Cemetery, Yerevan, 05Mar2024

Հայտարարություն Եռաբլուրում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կապակցությամբ

Այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուրում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վազգեն Սարգսյանի շիրիմին, խոչընդոտվել է այդտեղ գտնվող լրագրողների աշխատանքը։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները ոստիկանների հետ տարածքից հրելով հեռացրել են լրագրողներին ու օպերատորներին՝ պատճառաբանելով, որ նրանք հավատարմագրված չեն՝ միջոցառումը լուսաբանելու համար։ Լրագրողների փորձերը՝ գոնե հեռվից նկարահանում կատարելու, բախվել են կոշտ հակազդեցության ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից, որոնք այդ տարածքները համարել են իրենց ծառայության գոտի։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այս արգելքը և դրա ձևական հիմք դարձած հավատարմագրման պահանջը արտառոց և անընդունելի երևույթ է, եթե հաշվի առնենք, որ խոսքը Եռաբլուրում տեղի ունեցող արարողության լուսաբանման մասին է։ Մենք մեր վրդովմունքն ենք արտահայտում և դատապարտում այս անհիմն սահմանափակումը։  Ուժային կառույցների բերած պատճառաբանությունները որևէ քննադատության չեն դիմանում, քանի որ ԶԼՄ-ները նախապես չեն տեղեկացվել հավատարմագրման անհրաժեշտության մասին, և այն ըստ էության չի կազմակերպվել։
           
Ելնելով վերոգրյալից՝ Կառավարության աշխատակազմից պահանջում ենք․

  • հրապարակայնորեն բացատրություն տալ կիրառված անհիմն արգելքի առնչությամբ, ինչպես նաև երաշխավորել, որ ապագայում նման գործելաոճը չի կրկնվի,
  • հանրային հետաքրքրություն ներկայացնող, լուսաբանման ենթակա ցանկացած պաշտոնական միջոցառում կազմակերպելիս բարենպաստ պայմաններ ստեղծել լրագրողների համար՝ բացառելով նրանց օրինական գործունեության որևէ խոչընդոտում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- Screenshot from the New Year Blessing by Garegin B Catholicos, Yerevan, 31Dec2023

Հայտարարություն Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձի շուրջ ծագած իրավիճակի կապակցությամբ

Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի նախաամանորյա եթերով, հակառակ ձևավորված ավանդույթի, չհեռարձակվեց Վեհափառ Հայրապետի ուղերձը։ Այս փաստը տոնական օրերին հասարակության լայն շրջանակների քննարկման թեմա դարձավ։ Այն մոտեցումը, որը Հանրային հեռուստաընկերությունը նախատեսել էր կիրառել, այն է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը հեռարձակել եթերի ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար առանձնացված ժամին, և ըստ այդմ Կաթողիկոսի ելույթը պետք է հաջորդեր Սահմանադրությամբ պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահի ելույթին, դժվար է արդարացված և հիմնավորված համարել։ Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, Մայր Աթոռն իր անհամաձայնությունն է հայտնել այդ ձևաչափի առնչությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, կարծում ենք, որ ավանդույթները, որոնք գրեթե պետական արարողակարգի բնույթ են ստացել, պետք է փոփոխության ենթարկվեն միայն հանրային կարծիքի ուսումնասիրության և հնարավոր հետևանքների վերլուծության արդյունքում։ Ի գիտություն ընդունելով Հանրային հեռարձակողի խորհրդի դիրքորոշումն առ այն, որ ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ Հայաստանում չկա օրենսդրական կարգավորում, և հենց դա է պատճառը, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի դրանք, այնուամենայնիվ պնդում ենք, որ, նախ, տվյալ պարագայում հանրային հեռարձակողին տեղին չէ նույնացնել «յուրաքանչյուր հեռուստաընկերության» հետ, և, բացի այդ, ներկայացված փաստարկն ընդունելի կլիներ, եթե Խորհուրդը նախապես հանդես գար նման նախաձեռնությամբ կամ հայտարարեր դրա մասին, թեման դարձներ բազմակողմանի քննարկման առարկա՝ այդ ընթացքում պահպանելով արմատավորված պրակտիկան։

Կաթողիկոսի ուղերձը ավանդական ձևաչափով չհեռարձակելու կողմնակիցների այն հիմնավորումը, որ Հայրապետը և եկեղեցին այսօր չեն վայելում հասարակության հարգանքը, առիթ է ստեղծում ի պատասխան խոսել վարչապետի վարկանիշի, Հանրային հեռարձակողի նկատմամբ վստահության և Հայաստանի անկախությունից ի վեր ձևավորված ավանդույթը վերացնելու իրավունքի մասին։ Անհրաժեշտ է հասկանալ, որ Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև ծագող նման հակասությունները, դրանցում առկա անցանկալի քաղաքական երանգները չեն կարող նպաստել հանրային կյանքի առողջացմանը, այլ հակառակը՝ սնում են հասարակության տարբեր շրջանակների միջև ձևավորված բևեռացումը։

Ի գիտություն ենք ընդունում նաև, որ Հանրային հեռարձակողի խորհրդին ենթակա «Շողակաթ» հեռուստաալիքի և Հանրային ռադիոյի եթերում հնչել է Կաթողիկոսի ուղերձը, սակայն այդ փաստը չի լուծում առաջացած խնդիրը, որը պետք է դառնա հետագա քննարկումների և ողջամիտ որոշումների առիթ։

Ելնելով վերոգրյալից՝ Հանրային հեռարձակողի խորհրդին կոչ ենք անում․

  • առավել շրջահայացություն դրսևորել գործունեության այն ավանդույթների նկատմամբ, որոնք ծայրահեղ զգայուն են հասարակության համար, և դրանք փոփոխելիս հիմնվել վստահելի ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա,
  • նախաձեռնել հանրային և մասնագիտական քննարկումներ Հանրայինի եթերում Ամանորի ուղերձները հեռարձակելու համար օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ։


ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- Journalist Knar Manukyan interviews MP Artur Hovhannisyan, Yerevan, 19Dec2023

Հայտարարություն Քնար Մանուկյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու որոշման վերաբերյալ

19 դեկտեմբերի, 2023թ․, Երևան

Դեկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ազգային ժողովի աշխատակազմից գրությամբ տեղեկացրել են, որ նախազգուշացում են հայտնել խորհրդարանում հավատարմագրված Քնար Մանուկյանին, և քանի որ դա երկրորդն էր այս տարվա ընթացքում, լրագրողը հավատարմագրումից զրկվել է։ Սա արտառոց երևույթ է հայաստանյան լրատվական դաշտի համար։
            Իսկապես կողմերի միջև այս կոնֆլիկտը նոր չէ, և սկիզբ է առել դեռ մարտի 21-ին, երբ լրատվամիջոցի նույն թղթակիցը նկարահանել է անվտանգության աշխատակիցներին, որոնք սպասում էին հրահանգի՝ հանդարտեցնելու նիստերի դահլիճում բորբոքված թեժ իրավիճակը։ Ավելի ուշ այդ նյութը հրապարակվել է օրաթերթին պատկանող «Armlur.am» կայքում և դարձել խմբագրությանը առաջին նախազգուշացումը ներկայացնելու առիթ։
            Այս անգամ ԱԺ աշխատակազմի դժգոհությունը հարուցել է այն, որ լրագրողն իր գործունեությունը ծավալել է ոչ թե ԱԺ նստավայրում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար առանձնացված հատուկ տեղում, այլ պաշտոնապես արգելված տարածքում։ Բացի այդ, ըստ աշխատակազմի գրության, Քնար Մանուկյանը «առանց պատգամավորի համաձայնության իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել և հնչեցնել զրպարտական և վիրավորական հարցադրումներ»։

            Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հիշեցնում ենք, որ վերոնշյալ առաջին միջադեպի կապակցությամբ իր դիրքորոշումն է հայտնել Տեղեկատվական վեճերի խորհուրդը, ըստ որի՝ խորհրդարանում լրագրողների գործունեությանը վերաբերող կարգն ունի մի շարք անորոշություններ և անհիմն պահանջներ, որոնք կաշկանդում են լրատվամիջոցների ազատությունը։ ՏՎԽ-ն եզրակացրել է, որ այդ դրույթների կիրառումը հանգեցրել է «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակման։
            Նույնը վերաբերում է նաև երկրորդ նախազգուշացմանը, որի պատճառներից է, ըստ պաշտոնական մեկնաբանության, «արգելված տարածքում» լրագրողի գործունեությունը։ Ընդհանուր առմամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեղաշարժի այն սահմանափակումները, որոնք կիրառվել են 8-րդ գումարման խորհրդարանի օրոք, աննախադեպ են ՀՀ օրենսդիր մարմնի պատմության մեջ։ Դրանք անհամաչափ և կոշտ խոչընդոտներ են ստեղծում լրատվամիջոցների համար և հակասում են միջազգային ժողովրդավարական նորմերին, ինչի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Մատնանշել ենք նաև լրագրողների հավատարմագրմանը վերաբերող՝ 2021-22 թթ․ օրենսդրական փոփոխությունների խնդրահարույց լինելը և դրանց հնարավոր բացասական հետևանքները։

Ինչ վերաբերում է զրպարտության մասին կողմերի փոխադարձ մեղադրանքներին (ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պնդում է, որ «Ժողովուրդ» թերթը փողով հոդվածներ է հրապարակում, իսկ Քնար Մանուկյանը հարց է հնչեցնում պատգամավորի՝ թմրանյութի ազդեցության տակ գտնվելու մասին), ապա դրանք կարող են քննվել դատական ատյաններում, և մենք առայժմ ձեռնպահ ենք մնում գնահատական տալուց։ Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք մեր կողմից բազմիցս հնչեցված հորդորն առ այն, որ ԱԺ-ում կոնֆլիկտային իրավիճակները, այդ թվում՝ լրագրող-պատգամավոր հարաբերություններում ծագած խնդիրները պետք է դառնան քննարկման առարկա խորհրդարանի էթիկայի հանձնաժողովում։ Պնդում ենք նաև, որ Ազգային ժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների պահվածքի և գործելաոճի հետ կապված հարցերը անհրաժեշտ է լուծել լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների կիրառմամբ՝ հնարավորինս զերծ պահելով այդ գործընթացը միակողմանի վարչարարությունից։

            Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԱԺ ղեկավարությունից պահանջում ենք․

  • համաձայն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի՝ խորհրդարանում անհապաղ հավատարմագրել «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացրած մեկ այլ լրագրողի, իսկ Քնար Մանուկյանի կարգավիճակը վերականգնելու համար նախաձեռնել խմբագրության հետ բանակցություններ (այդ գործընթացում պատրաստակամություն ենք հայտնում միջնորդի դեր ստանձնել),
  • քննարկումներ սկսել վերոհիշյալ օրենքում լրագրողների հավատարմագրմանը վերաբերող դրույթների և դրա հետ կապված՝ ԱԺ-ում գործող կարգերի բարեփոխման և դրանք միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- Tigran Avinyan inaugurated as mayor of Yerevan, 13Oct2023

Հայտարարություն՝ երդմնակալության օրը լրագրողների մուտքը քաղաքապետարան արգելելու կապակցությամբ

Հոկտեմբերի 13-ին՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության օրը, արգելվել է լրագրողների մուտքը քաղաքապետարան՝ այդ արարողությանը մասնակցելու համար։ Ըստ պաշտոնական բացատրության՝ պատճառը տարածքի սահմանափակ լինելն է։

            Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ լրատվամիջոցները նախապես զգուշացված են եղել այդ մասին, սակայն դա որևէ կերպ չի կարող արդարացնել կիրառված մոտեցումը։ Ինչպեսև երդմնակալությունից հետո Տիգրան Ավինյանի տված ճեպազրույցն ամենևին չի կարող փոխարինել լրագրողների մասնակցությանն այդ արարողությանը, համակողմանի լուսաբանմանն ու էքսկլյուզիվ տեսանկարահանումներին։

            Այս քայլով քաղաքապետարանը խախտել է ոչ միայն լրագրողների՝ ազատորեն տեղեկություններ ստանալու և տարածելու, այլև հանրության տեղեկացված լինելու իրավունքը։ Իսկ առաջարկը՝ օգտվել պաշտոնական հեռարձակումից, առնվազն վիրավորական է մասնագիտական գործունեության տեսանկյունից, քանի որ դա խիստ սահմանափակում է տվյալ միջոցառումը մանրամասնությամբ լուսաբանելու հնարավորությունը։ Համեմատելով իրավիճակը հինգ տարի առաջ տեղի ունեցած՝ նախորդ քաղաքապետի երդմնակալության հետ, որն անցավ լրատվամիջոցների լիարժեք մասնակցությամբ, արձանագրում ենք լուրջ հետընթաց։ Թեև նախկինում ավագանու նիստերը և ընդհանուր առմամբ քաղաքապետարանի աշխատանքները լուսաբանելիս լրագրողները բախվել են խոչընդոտների, սակայն վերջին տարիներին խնդիրները լուծում էին ստացել։ Իսկ հիմա մենք ականատես ենք դառնում արատավոր մոտեցումների վերադարձի։ Այս ամենը հիմք է տալիս խոր մտահոգություն արտահայտելու ապագայում լրագրողների հետ քաղաքապետարանի աշխատանքի խնդրահարույց հեռանկարի վերաբերյալ։

            Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք քաղաքապետ Տիգրան Ավինյանից և քաղաքապետարանի աշխատակազմից․

  • ներողամտություն հայցել լրագրողներից՝ քամահրական վերաբերմունքի համար,
  • հրապարակավ երաշխավորել, որ ջանքեր կգործադրվեն լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների հետ համագործակցությունը պատշաճ կազմակերպելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Man sitting at office desk and using the mobile smartphone.

Հայտարարություն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գյույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու վերաբերյալ

Երևան, 6 սեպտեմբերի 2023թ

Սեպտեմբերի 4-ին «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացել է որոշում՝ կազմակերպությանը պատկանող գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու մասին։ Սրա համար հիմք է հանդիսացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ներկայացրած կատարողական թերթը, որն արտացոլում է այդ ատյանի որոշումը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գործով պատասխանողի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու հայցվորի միջնորդության բավարարման վերաբերյալ։ Իսկ հայցի առիթը վերոհիշյալ կայքում ս․ թ․ հուլիսի 21-ին հրապարակված՝ «ՔՊ-ն այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով ձայն է հավաքում Ավինյանի համար» նյութն է։ Դրանում փորձ է արվում բացահայտել, թե ինչպես է կուսակցությունը Սպիտակի տարածաշրջանի համայնքապետերի միջոցով կազմակերպում, որպեսզի տեղի բնակիչների երևանցի ազգականներն ու բարեկամները մայրաքաղաքի ավագանու գալիք ընտրություններում քվեարկեն ՔՊ-ի օգտին։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն ընդդեմ լրատվամիջոցների հիմնադիրների հայց ներկայացնելիս նաև միջնորդում են, որ դատարանը պատասխանողի գույքի և/կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնի։ Նմանատիպ դեպքի առնչությամբ մենք հանդես ենք եկել հայտարարությամբ նաև մայիսի 12-ին՝ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով։

ԶԼՄ-ի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելն ինքնին լրացուցիչ ճնշում գործադրելու և խմբագրության հետ «հաշիվ մաքրելու» փորձ է, ինչն անթույլատրելի է և հակասում է միջազգային նորմերին ու պրակտիկային։ Բայց առավել անընդունելի է, երբ դատարանները բավարարում են լրատվամիջոցների գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու այդ միջնորդությունները։ Այդպիսի անհիմն որոշումները խաթարում են խմբագրությունների բնականոն գործունեությունը։ Մինչդեռ դատարանները պետք է դա թույլ չտան, ինչպես նաև հակազդեն հայցվորների՝ դատական մեխանիզմները որպես ԶԼՄ-ների նկատմամբ «պատժիչ գործիք» կիրառելու փորձերին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք․

  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ անհապաղ վերացնել «Fip.am» փաստերի ստուգման հարթակի հիմնադիր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանք դնելու որոշումը և հետ կանչել ԴԱՀԿ-ին ուղարկած կատարողական թերթը,
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ դրսևորելով քաղաքական լայնախոհություն և հանդուրժողականություն՝ հրաժարվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունից և դատական գործում կենտրոնանալ բուն տեղեկատվական վեճի վրա։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

Open post
Armenia -- Russian peacekeepers interfere with the work of Armenian journalists in Goris, 26Aug2023

Հայտարարություն ռուս խաղաղապահների կողմից հայաստանյան լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու դեպքի կապակցությամբ

28 օգոստոսի, 2023թ., Երևան

Օգոստոսի 26-ին ռուսական խաղաղարար ուժերի զինծառայողն առանց որևէ բացատրության արգելել է Գորիսում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցին նկարահանել խաղաղապահների ուղեկցությամբ Լաչինի միջանցքով անցած և Հայաստանի տարածք հասած մի քանի տասնյակ արցախցիներին։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խորը մտահոգությամբ արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուս խաղաղապահները միջամտում են հայաստանյան լրատվամիջոցների գործունեությանը։ Նման միջադեպերը ավելի հաճախակի դարձան սկսած անցած տարվա դեկտեմբերի 12-ից, երբ ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան-ակտիվիստները» փակեցին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ի մեր հայտարարության մեջ նշել ենք, որ այդ տարածքում անհիմն արգելքների են բախվել նույն «Ազատություն» ռադիոկայանի, «Factor․am» և «Civilnet» լրատվական կայքերի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, այլ ԶԼՄ-ների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները։

Սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Լաչինի անցակետում ադրբեջանական լրատվամիջոցներն անարգել նկարահանումներ են իրականացնում, խոշոր պլանով ցուցադրում Արցախից Հայաստան մեկնող անձանց, այդ թվում բուժառուներին՝ առանց վերջիններիս համաձայնության և, հետևաբար, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտմամբ, իսկ ռուս խաղաղապահները որևէ կերպ չեն միջամտում։ Սա ակնհայտ խտրական մոտեցում է, որն անընդունելի է և դատապարտելի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք վերահաստատում ենք նախորդիվ ՀՀ կառավարությանը հասցեագրված մեր պահանջը՝ անհապաղ բանակցություններ նախաձեռնել խաղաղապահ առաքելության հրամանատարության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ՌԴ պատասխանատու պետական կառույցների ղեկավարների հետ՝ հստակ կանոնակարգելու և դյուրացնելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը Լաչինի միջանցքում և հարակից այլ գոտիներում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- Prime Minister of Armenia Nikol Pashinyan holds press conference, Yerevan, 25Jul2023

Լրագրողական կազմակերպությունների հայտարությունը՝ Փաշինյանի ասուլիսի կապակցությամբ

Հուլիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ և մասնավորապես «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի ու «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի պահվածքը հեռու են մեր՝ ներքոստորագրյալ կազմակերպություններիս պատկերացումներից, թե ինչպես պետք է ընթանա պետության առաջին դեմքի՝ լրագրողների միջոցով հանրության հետ երկխոսությունը բարդագույն մարտահրավերների առջև կանգնած երկրում։ Իրողությունների սուբյեկտիվ մեկնաբանություններ, անհանդուրժողականության դրսևորումներ, խնդիրների կոնկրետ և կառուցողական քննարկումների պակաս, աշխատանքային ժամանակի և միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք, մասնագիտական էթիկայի սկզբունքների արհամարհում՝ դա էր այն պատկերը, ինչի ականատեսն էին դարձել մեր հայրենակիցները հինգ ժամից ավելի։ Նման որակի միջոցառումից հետո դժվար էր խուսափել բևեռացված, փոխադարձ ատելությամբ լի, տարբեր քաղաքական և լրագրողական ճամբարների միջև պառակտվածությունը խորացնող, որևէ առողջ վերլուծություն չպարունակող արձագանքներից։

Այսպես՝ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի դեմ սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում իրականացվեց մի ամբողջ արշավ՝ նրանց հասցեագրված հայհոյախոսությամբ, անեծքներով ու սպառնալիքներով։ Ընդ որում և՛ դրա պատճառ հանդիսացած «հարցերը», և բուն արշավի որոշակի դրսևորումները առերևույթ կազմակերպված բնույթ ունեին։ Սակայն մասնագիտական նորմերի նույնիսկ ակնհայտ խախտումները որևէ մեկին իրավունք չեն տալիս պատասխանել սանձարձակությամբ, ծայրահեղ թշնամանքով։  

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

  • իշխանությանը՝ կատարել իր պոզիտիվ պարտականությունը և պաշտպանել լրագրողների իրավունքները, ձեռնարկել պատշաճ միջոցներ օրինախախտներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,
  • լրագրողական համայնքի և հանրային հաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներին՝ տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքակիրթ մասնագիտական քննարկումներ անցկացնել՝ բացառելով փոխադարձ վիրավորանքներն ու ատելության խոսքը։ Հակառակ դեպքում բազմաբնույթ սադրանքները և դրանց անբարեկիրթ արձագանքները կդառնան իրար սնուցող երևույթներ։ Այս ամենը հետին պլան կմղեն արդիական խնդիրների լուծումների շուրջ քննարկումները, վերջնականապես կանտեսվեն հանդուրժողականությունը, զսպվածությունն ու պրոֆեսիոնալ ստանդարտների նկատմամբ հարգանքը, և փոխարենը կշարունակվի թշնամանքի գեներացումը տեղեկատվական ոլորտում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Posts navigation

1 2 3 4 11 12 13
Scroll to top