Open post

Հայտարարություն ԶԼՄ-ների հաշվառման ընթացակարգի ներմուծման վերաբերյալ

Ս. թ. հունիսի 28-ին Կառավարության e-draft.am կայքում քննարկման է դրվել «Զանգվածային լրատվության մասին» և երկու այլ ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, որոնցով նախատեսվում է մեզանում ներմուծել ԶԼՄ-ների հաշվառման ընթացակարգ։ Այս նախաձեռնությունը հետադիմական մոտեցումներ ունի եւ հակասում է լրատվական դաշտը կարգավորող օրենքների բարեփոխման հայեցակարգային սկզբունքներին:

Դեռևս 2000-ականների սկզբին լրագրողական հանրությունից մեծ ջանքեր պահանջվեց, որպեսզի իրավահարաբերությունների պրակտիկայից դուրս բերվի լրատվամիջոցների գրանցման ինստիտուտը, քանզի այն սահմանափակում էր ազատ արտահայտվելու իրավունքը եւ իշխանության ձեռքում ԶԼՄ-ների նկատմամբ խտրականություն դրսևորելու գործիք էր ծառայում: Անցած տարիներն ապացուցել են 2003թ. ընդունված օրենքի առաջադեմ լինելը, ինչպես նաեւ այն, որ ոլորտի զարգացման համար լրատվամիջոցների գրանցման կամ հաշվառման անհրաժեշտություն չկա։ Ավելին՝ գրանցման ինստիտուտից հրաժարվելը հայաստանյան ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրության ուժեղ կողմերից մեկն են համարում նաև միջազգային կառույցները, և հաշվառման ընթացակարգի կիրառումը անկասկած կգնահատվի որպես հետընթաց։

Առաջարկվող օրինագծերի փաթեթն անընդունելի է նաև այն պատճառով, որ մասնագիտական շրջանակներում քննարկումներ են ընթանում ԶԼՄ հասկացությունը ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու, դրանից բխող իրավահարաբերությունները հստակեցնելու և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու նպատակով: Այս գործընթացի համատեքստից ոլորտի կարգավորման շատ մասնավոր մի խնդրի առանձնացումը խիստ անարդյունավետ և խոչընդոտներ առաջացնող քայլ է:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում նախագծերը հեղինակած Արդարադատության նախարարության հավաստիացումներն առ այն, որ հաշվառման նպատակը Պետռեգիստրի տվյալների բազան ԶԼՄ-ների համար անվճար դարձնելն է, իսկ e-draft.am-ում օրինագծերի տեղադրումը՝ դրանց հանրային լայն քննարկումների առաջին քայլը։ Այդուհանդերձ, ստիպված ենք հիշեցնել, որ հասարակության, այդ թվում՝ անկախ փորձագետների մասնակցությունը կարևոր որոշումներ կայացնելու գործընթացին ենթադրում է նրանց ներգրավումը շատ ավելի վաղ՝ գաղափարների ու կարծիքների քննարկման և նախագծերի մշակման փուլերից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

— հիշյալ օրինագծերի փաթեթից հանել ԶԼՄ-ների հաշվառում նախատեսող դրույթները և չփոխկապակցել դա լրագրողներին Պետռեգիստրից անվճար տեղեկություններ տրամադրելու հետ,

— լրատվամիջոցների գործունեությանը և տեղեկատվության ոլորտին վերաբերող ցանկացած նոր օրենսդրական նախաձեռնություն կամ գաղափար նախ դարձնել փորձագիտական քննարկման առարկա, այնուհետև՝ լրագրողական հանրության ու քաղաքացիական հասարակության հետ համատեղ աշխատել օրինագծերի վրա։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post

Լրագրողական կազմակերպությունները հանդուրժողականություն են պահանջում լրագրողների հետ շփվելիս

Երեկ՝ մայիսի 29-ին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, դժգոհելով լրագրողներից, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել նրանց հասցեին, ապա նշել, թե իրեն անհաճո հարցեր տալու համար գումար են վերցնում ու պատվեր կատարում։ Մասնավորապես, Ծառուկյանը մատնացույց է արել «Aravot.am»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ու ասել, որ վերջինս պետք է պատասխան տա իր հնչեցրած հարցերի համար։

Սա առաջին դեպքը չէ, երբ ԲՀԿ ղեկավարն այսօրինակ վարքագիծ է դրսևորում։ Եվ ցավոք, նա միակը չէ. մենք բազմիցս ենք արձանագրել փաստեր, երբ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, գործարարներ ու հանրային այլ դեմքեր ԶԼՄ ներկայացուցիչների հետ շփվելիս իրենց համար անցանկալի հարցերին ի պատասխան վիրավորում կամ փորձում են ճնշել ու «դասեր տալ» նրանց։

Վերջին ամսվա ընթացքում այդպիսի վարքագիծ են դրսևորել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը՝ «Civilnet.am» լրատվական կայքի լրագրող Գևորգ Թոսունյանի հանդեպ, նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը՝ Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արտակ Խուլյանի հանդեպ և այլն։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, վրդովմունք ենք արտահայտում այս դեպքերի առնչությամբ ու անընդունելի ենք համարում իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների հանդեպ նման վերաբերմունքը։ Մանավանդ, որ այդ միջադեպերը զուգորդվում են ոչ միայն վիրավորական արտահայտություններով, այլև զրպարտությամբ և լրագրողի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելով, ինչը կարող է դատական քննության առարկա դառնալ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք քաղաքական գործիչներից, պետական պաշտոնյաներից՝ հանդուրժողականություն և զսպվածություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս։ Իսկ վերջիններիս կոչ ենք անում՝ չխուսափելով սուր հարցադրումներից, այդուհանդերձ, դրսևորել անհրաժեշտ նրբանկատություն և պատասխանատվություն, հարազատ մնալ մասնագիտական էթիկայի նորմերին, քանզի հաճախ քաղաքական դրդապատճառներով ստեղծվող լարված իրավիճակները կարող են պայթունավտանգ դարձնել առանց այն էլ ծայրահեղ թեժ մթնոլորտը մեդիա դաշտում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Digital Broadcasting TV

Հայտարարություն մասնավոր մուլտիպլեքսորի մրցույթի վերաբերյալ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անցած տարվա վերջին աշխատանքային օրը չկայացած հայտարարեց մասնավոր մուլտիպլեքսորի՝ հեռարձակման թվային ցանցի օպերատորի գործունեության լիցենզավորման 6 ամիս տեւած մրցույթը։ Տվյալ որոշման համար հիմք է ծառայել այն, որ սահմանված ժամանակահատվածում ոչ մի դիմում չի ներկայացվել։

Սա արդեն երրորդ անպտուղ մրցույթն է, որ նույն պատճառաբանությամբ չկայացած է հայտարարվում։ Նախորդ երկուսը 2016 և 2017 թվականներին էին անցկացվել։ Մինչդեռ՝ այս մրցույթների յուրաքանչյուր ձախողումը նշանակում է, որ՝

  • հանրային թվային ցանցի օպերատորը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, պահպանելու է իր մենաշնորհային դիրքը,
  • եթերային հեռարձակման ոլորտում ևս մեկ տարով բացառվում է նոր «խաղացողների» ի հայտ գալն ու մրցակցության պայմաններ ստեղծելը,
  • շարունակելու են անորոշության մեջ գտնվել մարզերում գործող մոտ 10 տեղական հեռուստաընկերությունները, որոնք ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության և անարդար մրցույթների հետևանքով դուրս են մնացել թվայնացման գործընթացից, դեռևս աշխատում են անալոգային տիրույթում և սպասում են մասնավոր մուլտիպլեքսի ստեղծմանը։

Փաստորեն ձևավորվել է մի իրավիճակ, երբ երկրին անհրաժեշտ է մասնավոր մուլտիպլեքս, բայց մրցույթներին ոչ ոք հայտ չի ներկայացնում։ Մեր համոզմամբ, դրա պատճառը ոչ թե հետաքրքրության բացակայությունն է, այլ այն, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հեռարձակման մասնավոր թվային ցանց ստեղծելու համար նախատեսված պայմաններն ու պահանջներն իրատեսական, հրապուրիչ չեն բիզնեսի տեսանկյունից և չեն նպաստում ոլորտի զարգացմանը։ Այս պայմաններում ՀՌՀ-ի կազմակերպած մրցույթները որևէ հեռանկար չունեն և զուտ ձևական բնույթ են կրում։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում.

  • նորընտիր Ազգային ժողովին՝ քննարկումներ նախաձեռնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը արմատապես բարեփոխելու համար,
  • ՀՀ կառավարությանը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին՝ մշակել և հանրությանը ներկայացնել ոլորտի բազմաթիվ խնդիրների լուծման վերաբերյալ արդիական ծրագիր՝ հիմնվելով միջազգային փորձի վրա և հաշվի առնելով մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների առաջարկությունները։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post

Հայտարարություն Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ առաարկների մասին

Երեւանի քաղաքապետարանը լրագրողական որոշ շրջանակների քննարկմանն է առաջադրել իր վարչական շենքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ։ Ակնհայտ է, որ քաղաքային իշխանության այս նախաձեռնության դրդապատճառը ոչ թե առօրյա գործունեության ընթացքում առաջացած անհրաժեշտությունն է, այլ փետրվարի 19-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը։ Այդ օրը «Ա1+» հեռուստաընկերության եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները ավագանու ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ նկարահանում իրականացնելիս բախվել են բիրտ խոչընդոտման։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նախ թույլ չի տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին շարունակել շփվել ընդդիմադիր գործչի հետ, ապա ոստիկանների միջոցով արգելել է նրանց անցնել ավագանու անդամի աշխատասենյակ եւ ստիպել է լքել շենքը։   Continue reading “Հայտարարություն Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ առաարկների մասին”

Open post
Armenia -- Head of Yerevan Municipality Public Affairs Section talks to representative Zaruhi Postanjian, Yerevan, 19Feb2018

Հայտարարություն՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ

Երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության թղթակիցներ Ռուզաննա Ստեփանյանի և Սուսաննա Պողոսյանի մասնագիտական գործունեությունը։ Լրագրողները այնտեղ էին ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հրավերով, ով մտադրվել էր նրանց ներկայացնել մի շարք խնդիրներ։ Մասնավորապես այն, որ ավագանու փետրվարի 13-ի նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո արգելվել է խմբակցության ծառայողական մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի։ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է նաև քաղաքապետարանի ծառայողական սենյակներում աշխատանքային ժամին որոշ  անձանց թղթախաղով զբաղվելու փաստը։

Լրագրողների գործունեությանը միջամտել է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։ Նախ՝ նա թույլ չի տվել Զարուհի Փոստանջյանին քաղաքապետարանի շենքում շարունակել շփվել թղթակիցների հետ, ապա ոստիկանների միջոցով արգելել է լրագրողներին անցնել ավագանու անդամի աշխատասենյակ եւ ստիպել է նրանց լքել շենքը` հղում կատարելով ինչ-որ ներքին կանոնակարգի, որի մասին տեղյակ չեն ոչ ավագանու անդամները, ոչ ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

Նույն օրը կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն: Սակայն մի շարք հարցեր մնում են առկախ. այդ օրն իրենց գործունեությամբ ի՞նչ կարգ են խախտել «Ազատության» և «Ա1+»-ի նկարահանող խմբերը, մինչև հիմա ի՞նչ առումով կանոնակարգված չէր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, և ի՞նչ կարելի է հիմա ակնկալել բացի անհիմն սահմանափակումներից։

Մենք՝ ներքոստորագրյալներս, հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք.

  • քաղաքապետ Տարոն Մարգարյանից՝ խիստ պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին՝ կամայականություն ցուցաբերելու և, իր լիազորությունները չարաշահելով, լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտելու համար,
  • Երևանի ավագանուց՝ թույլ չտալ այնպիսի կանոնակարգերի ընդունում, որոնք քաղաքապետարանում լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի անհիմն սահմանափակումներ կնախատեսեն,
  • իրավապահ մարմիններից՝ վերոհիշյալ միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցել ՀՀ քր. օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ  

Open post
On the 13th day of the occupation of Patrol-Guard Service Regiment of Erebuni district by 'Sasna Tsrer' group, protesting people marched to Sari Tagh and clashed with policemen in Yerevan, Armenia

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկ տարի առաջ`2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, Երեւանի Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ
ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա «Սասնա ծռեր» խմբի հարձակումից
հետո երկու շաբաթ տեւած դրամատիկ իրադարձությունները հասան գագաթնակետին։ Իշխանությունների
ձեռնարկած գործողությունների արդյունքում զինյալները հանձնվեցին, իսկ շարունակական բնույթ կրող
հակակառավարական բողոքի ցույցերը ճնշվեցին՝ արցունքաբեր գազի, ձայնալուսային նռնակների եւ այլ
հատուկ միջոցների կիրառմամբ։

Այդ գործողությունների ընթացքում ոստիկանների եւ նրանց աջակցությունից օգտվող քաղաքացիական
հագուստով անձանց հարձակումների թիրախ դարձան նաեւ տարբեր ԶԼՄ-ների 27 լրագրող եւ օպերատոր,
որոնցից 19-ը ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների, 8-ը՝ մասնագիտական գործունեության այլ
խոչընդոտումների։ Ընդ որում՝ այս ամենը զուգորդվել է լրատվամիջոցների աշխատակիցների ֆոտո եւ
տեսախցիկները միտումնավոր ջարդելով կամ վնասելով, դրանց հիշողության սարքերն առգրավելով,
նկարահանված կադրերը ոչնչացնելով եւ այլն։

Այս դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործն ընթանում է արդեն մեկ տարի, եւ միայն այն փաստը,
որ դրա շրջանակներում տուժող է ճանաչվել 21 լրագրող եւ օպերատոր, իսկ մեղադրանք է առաջադրվել
ընդամենը 9 անձանց, վկայում է, որ Հատուկ քննչական ծառայության ձեռնարկած քայլերը չեն
համապատասխանում բռնությունների ծավալներին։ Նախաքննության անընդունելի ցածր արդյունավետության
մասին է խոսում նաեւ այն, որ վերջին 8 ամիսների ընթացքում մեղադրանք է ներկայացվել միայն 1 անձի։
Մինչդեռ համացանցում եւ ԶԼՄ-ների արխիվներում առկա տեսանյութերում բացահայտ երեւում են մի քանի
տասնյակ բռնություններ իրականացնողներ։

Մենք՝ ներքոստորագրյալներս, եւս մեկ անգամ վերհիշելով 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների
առնչությամբ լրագրողներին հասցեագրված ՀՀ նախագահի ներողությունը, պահանջում ենք
իշխանություններից անաչառություն դրսեւորել, պատշաճ արդյունավետությամբ իրականացնել
նախաքննությունը եւ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած
պաշտոններից։ Հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու փաստել, որ Հայաստանում կոծկվում են
լրագրողների դեմ ուղղված նույնիսկ լայնածավալ բռնություններն ու խոչընդոտումները։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post

Կարողությունների զարգացման դասընթաց լրագրողների համար

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կազմակերպում է կարողությունների զարգացման 2-օրյա դասընթաց լրագրողների համար՝ ՄԱԿ-ի՝ Կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգի վերաբերյալ: Մասնակիցները մասնավորապես կուսումնասիրեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի  1325 և 1820 բանաձևերը, որոնք ընդգծում և կարևորում են կանանց դերը հակամարտության կանխարգելման և հաղթահարման գործընթացներում, խաղաղ բանակցություններում և մարդասիրական աջակցության հարցում։ Այս բանաձևերը խրախուսում են նաև հետպատերազմական իրավիճակում խաղաղության և անվտանգության պահպանման աշխատանքներում կանանց հավասար ներգրավվածությունը։

Մասնակիցները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ վերը նշված բանաձևերի և դրանց կիրառման հարցում պետական պարտավորությունների, ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության կողմից այդ պարտավորությունների իրականացման ջատագովության վերաբերյալ:

Երկօրյա դասընթացը տեղի կունենա 2017 թվականի հուլիսի 22-23-ը Երևան քաղաքից դուրս: Անցկացման վայրի մասին կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:

Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ  դիմում-հայտը։ Դիմելու վերջնաժամկետն է հուլիսի 15-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 095-17-99-96 հեռախոսահամարով՝ Մարիամին կամ կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] :

Ծրագրի մասին մանրամասներ կարող եք իմանալ ՀԿ-ի կայքէջից ։

Open post

Բաց մրցույթ. «Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց»

«։Բուն» գիտամշակութային հիմնադրամն իր նոր՝ «Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» բազմաբաղադրիչ ծրագրի շրջանակում հայտարարում է բաց մրցույթ։

Մրցույթի պահանջն է՝ «Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» խորագրով ընթանալիք քննարկումների շարքի համար զեկույցի պատրաստումը։
«Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» շարքի նպատակն է հասարակական կազմակեպությունների, լրատվամիջոցների, ակտիվիստների և հասարակության այլ ակտիվ խմբերի ներգրավմամբ քննարկումներ ծավալել Հայաստանում պոպուլիզմին ու պրոպագանդային առնչվող թեմաների շուրջ՝ անդրադառնալով դրանց տարաբնույթ դրսևորումներին։
Քննարկումների շարքը տեսագրվելու և տեղադրվելու է http://boon.am/կայքում:

Զեկույցների համար նախատեսված է հոնորար՝ 96.000 դրամ (հարկերը ներառյալ):

Ծրագրի մասին

«Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» քննարկումների շարքը «Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» ծրագրի մի մասն է:
Ծրագրի նպատակն է՝ հանրային կյանքում պոպուլիզմի և պրոպագանդայի նվազեցումը` հասարկության ակտիվ շերտերի տեղեկացվածության բարձրացման, պոպուլիզմի և պրոպագանդայի հանդեպ քննադատական հայացքի ձևավորման, ինչպես նաև, դրա դեմ պայքարի գործիքների ստեղծման միջոցով:

«Բացահայտելով պոպուլիզմը. հզորացնելով քաղաքացիական հասարակությունը» ծրագիրն իրականացվում է «։Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից` Black Sea Trust ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

Ովքե՞ր կարող են դիմել

«Պոպուլիզմն և պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» քննարկումներին զեկույց ներկայացնելու համար կարող են դիմել հետազոտողներ, քաղաքական և հանրային տարբեր ոլորտների մասնագետներ ու փորձագետներ, որոնք հետաքրքրված են ներկայացնել իրենց հետազոտական դիտարկումները՝ հայաստանյան քաղաքական և հանրային կյանքում առկա պոպուլիզմի դրսևորումների վերաբերյալ:

Առաջարկվող թեմաներ

Ներկայացվելիք զեկույցների համար առաջարկում ենք հետևյալ թեմաները՝ որևէ կերպ չսահմանափակելով մասնակիցների կողմից այլ թեմաների ընտրությունը.

  • Ռուսաստանի՝ որպես Հայաստանի հավերժական ու անփոխարինելի բարեկամի ներկայացում
  • Թուրքիայի՝ որպես Հայաստանի հավերժական ու անփոխարինելի թշնամու ներկայացում
  • Ղարաբաղյան հակամարտության շուրջ մանիպուլյացիա, այդ հանգամանքով պայմանավորված՝ ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության կարևոր հիմնահարցերի երկրորդայնացում
  • Խաղաղության հաստատում և պատերազմի արհավիրքի վերացում
  • Մշտապես ու բոլոր հարցերում միասնականության գերկարևորումը
  • Աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, չքավորության վերացման, ծերերի, հաշմանդամների և այլ խոցելի խմբերի սոցիալական աջակցության շուրջ մանիպուլյացիա
  • Պետական երամուտների կտրուկ ավելացման շուրջ (ՀՆԱ-ի, բյուջեի մուտքերի կտրուկ աճ) մանիպուլյացիա
  • Արտագաղթի կանխման շուրջ մանիպուլյացիա

Ինչպե՞ս դիմել

Դիմումները կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով մինչև 2017թ. օգոստոսի 20-ը: Դիմումի փաթեթում պետք է ներկայացնել զեկուցման վերնագիր, համառոտագիր, որը կպարունակի նաև ուսումնասիրության/վերլուծության մեթոդաբանությունը (մինչև 500 բառ) և ինքնակենսագրական (CV):

Կարևոր ամսաթվեր

 

  • Դիմումների ներկայացման վերջնաժամկետ` 20 օգոստոսի 2017
  • Դիմումների ընտրության արդյունքները` 15 սեպտեմբեր 2017
  • «Պոպուլիզմն ու պրոպագանդան Հայաստանում՝ ի ցույց» քննարումների մեկնարկ՝ 20 սեպտեմբեր 2017:
Open post

Կրթաթոշակի հնարավորություն Ամերիկայում

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաղորդակցության մասնագետները կարող են իրենց հայտերն ուղարկել ամերիկյան ֆինանսավորմամբ «Թվային հաղորդակցության ցանցին»:

Անցած տարվա ընթացքում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 18 երկրների մոտ 50 մասնագետներ մասնակցել են այս ծրագրին, ուսումնասիրել թվային տեղեկատվական տեխնոլոգիաների՝ էլեկտրոնային կառավարման, մասնավոր հատվածի, ՀԿ-ների, հասարակական շարժումների և ԶԼՄ-ների վրա ազդեցության ուղիները:

Ծրագրի շրջանավարտները միավորվել են թվային հաղորդակցության միջազգային ցանցում, որպեսզի ստեղծեն գաղափարներ, գործիքներ և ապրանքներ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և այլ կազմակերպությունների համար:

Մրցակցության արդյունքում 2017թ-ին ընտրվելու են 16 մասնակիցներ, որոնք այս մասնագիտական ծրագրի շրջանակներում հոկտեմբերին 18 օր են անցկացնելու Միացյալ Նահանգներում: Ընտրությունը կատարվելու է մասնագիտական որակների հիման վրա, ինչպես նաև ծրագրում իրենց ներդրումն ունենալու պատրաստակամության:

Ծրագրին կարող են մասնակցել ինչպես լրագրողական, այնպես էլ ձեռնարկատիրական փորձառությամբ հաղորդակցութան մասնագետները: Նրանք պետք է աշխատեն մեդիա և հաղորդակցության կազմակերպություններում, ՀԿ-ներում, սոցիալական շարժումներում կամ էլեկտրոնային կառավարման այլ ոլորտներում: Առաջնայնությունը տրվելու է այն մասնակիցներին, որոնք հետաքրքրված են զարգացնել իրենց արտադրանքն՝ օգտագործելով թվային հաղորդակցության նորագույն գործիքները:

Ծրագրի կայունությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մասնակիցները կստեղծեն և կիրականացնեն անհատական ծրագրեր իրենց երկրներում:

Մասնակցության բոլոր ծախսերը հոգալու է կազմակերպությունը (ճանապարհորդություն, հյուրանոց, տրանսպորտ, մշակութային ակտիվություն, սնունդ):

Անհրաժեշտ պայմաններն են.

  • Անգլերենի իմացություն
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Լայն և բազմազան լսարանին տեղեկատվության տարածման ունակություն

Դիմումները պետք է լրացնել անգլերենով, վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 29-ն է:

Ծրագրի մասին այլ մանրամասներին և օնլայն հայտին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Open post

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Մալաթիայի բաժնում որոշում է կայացվել մերժել Երեւանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, 7/46 ընտրատեղամասում «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին սպառնալիքներ եւ վիրավորանք հնչեցնելու դեպքով քրեական գործ հարուցելը։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանն ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ են ընտրողները քվեաթերթիկներն իրեն ցույց տալիս՝ մինչ քվեատուփի մեջ գցելը, գոռալով նրա վրա ասել է. «Տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր, թուլին նայի…»։ Այս ամենը տեսագրվել ու հրապարակվել է ե՛ւ «Aravot.am»-ում, ե՛ւ այլ ԶԼՄ-ներում։

Միջադեպի վերաբերյալ ոստիկանների աչառու մոտեցման մասին վկայում է առնվազն այն, որ եզրակացության հիմք է ծառայել նաեւ Գեւորգյանի բացատրությունը, թե «ինքը ոչ ոքի չի սպառնացել, միայն բարձր տոնով վիճել է եւ նշված հայտարարությունը արել է՝ հարգելով, որ իր դիմաց կին է կանգնած»: Բացի այդ, տարակուսանք է հարուցում, որ ոստիկանները, անտեսելով ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածը («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»), վկայակոչել են միայն 154-ը, որը պատասխանատվություն է նախատեսում քվեարկության գործընթացի խախտումների համար։ Վերջինը ավելի քիչ է առնչվում տվյալ միջադեպին եւ, ամենայն հավանականությամբ, հարմար է խնդիրը կոծկելու համար։

Լուրջ մտահոգություն է առաջացնում եւս մեկ փաստ. թեեւ որոշումն ընդունվել էր դեռ մայիսի 20-ին, սակայն այն չէր տրամադրվում լրագրողին, եւ միայն նրա համառության ու հետեւողականության շնորհիվ, ՀՀ գլխավոր դատախազին դիմելուց հետո՝ հունիսի 30-ին փաստաթուղթը հասավ Հռիփսիմե Ջեբեջյանին։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, պահանջում ենք.

ՀՀ ոստիկանապետից՝ պատասխանատվության ենթարկել ս. թ. մայիսի 14-ին 7/46 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի քննությունն իրականացրած պաշտոնատար անձանց՝ ակնհայտ փաստերը անտեսելու, կողմնակալություն ցուցաբերելու եւ անհիմն որոշում կայացնելու համար,
ՀՀ դատախազությունից՝ քրեական գործ հարուցել տվյալ միջադեպի առնչությամբ, պատշաճ վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ՝ ապահովելով անաչառ քննություն։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Posts navigation

1 2
Scroll to top