«Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ-ն, «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամը, համագործակցելով ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետ, մշակել է «Մեկնաբանությունների մոդերացիայի խմբագրական քաղաքականություն»: Փաստաթուղթը սահմանում է էթիկական և մասնագիտական այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվեն լրատվամիջոցներն ու առցանց հարթակները՝ օգտատերերի մեկնաբանությունների տիրույթը կառավարելիս:
Ժամանակակից մեդիայի և հաղորդակցության արագ զարգացման պայմաններում, հատկապես սոցիալական հարթակներում, հանրային քննարկումները հաճախ հատում են էթիկական և իրավական սահմանները։ Մեդիան, որն առցանց հանրային խոսույթների հարթակ է, պետք է ունենա մոդերացիոն քաղաքականություն, որը ոչ միայն էթիկական պարտավորություն է, այլև հասարակական վստահության և թվային անվտանգության ապահովման կարևոր նախապայման։
Մեդիայի հրապարակած բովանդակության ներքո եղած մեկնաբանությունների բաժինը դիտարկվում է հանրային, բայց վերահսկելի տարածք, որտեղ օգտատերերը, անկախ իրենց ինքնությունից կամ կարգավիճակից, պետք է արտահայտվելու հնարավորություն ունենան՝ պաշտպանված լինելով ատելության խոսքից և խտրականության դրսևորումներից։
Կարևորելով հայաստանյան մեդիա դաշտի բարեվարքությունը և հաշվի առնելով թվային տիրույթում ատելության խոսքի ու կանանց թիրախավորման մտահոգիչ աճը՝ սույն քաղաքականությունը նպատակ ունի լրատվամիջոցներին և առցանց հարթակներին տրամադրել գործնական մեխանիզմներ։ Այն օգնում է խմբագրություններին հավասարակշռել խոսքի ազատության իրավունքը և պատասխանատու խմբագրական վարքագիծը՝ կանխելով այնպիսի բովանդակության տարածումը, որը կարող է վնաս հասցնել անհատներին կամ խմբերին։
Փաստաթուղթը տրամադրում է մոդերացիայի գործնական մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս արդյունավետորեն կառավարել օգտատերերի կողմից գեներացվող բովանդակությունը: Այն ներառում է ուղեցույցներ այն մասին, թե ինչպես պետք է արձագանքել խնդրահարույց մեկնաբանություններին՝ պահպանելով թափանցիկության և օբյեկտիվության սկզբունքները:
Քաղաքականությունը հասանելի՝ այստեղ
Սույն քաղաքականությունը մշակվել է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակներում՝ ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի ներքո, որը համակարգում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) և իրականացվում է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի և «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից։ Փաստաթղթում արտահայտված տեսակետները/բովանդակությունը, պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն IWPR-ի կամ Միացյալ Թագավորության կառավարության (ՄԹ) պաշտոնական տեսակետները։


