2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ
Փաստերի ստուգման և մոնիտորինգային առաքելություն
2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք համագործակցում ենք Հայաստանում փաստերի ստուգման inFact ցանցի և PopUp Newsroom-ի հետ՝ աջակցելով լրատվամիջոցներին իրականացնել փաստերի ստուգման, ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմների հակազդման գործողություններ։ Զուգահեռ մենք մշտադիտարկում ենք Հայաստանի տեղեկատվական միջավայրը և հրապարկում շաբաթական զեկույցներ՝ անդրադառնալով պատմույթների միտումներին և զարգացումներին։
- Լրագրողների վերապատրաստում
- Թվային անվտանգության աջակցություն
- Թվային ենթակառուցվածքների աջակցություն
- Փաստերի ստուգում
- Մշտադիտարկման զեկույցներ
- Հաղորդակցում միջազգային դիվանագիտական կառույցների հետ

Մոնիտորինգի մեթոդաբանություն
Մոնիտորինգն իրականացվել է «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» տեղեկատվական ՀԿ-ի կողմից։
1. Մոնիտորինգի նպատակը
Մոնիտորինգի նպատակն է ուսումնասիրել հայաստանյան տեղեկատվական միջավայրը և դրա զարգացման միտումները՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
Ուսումնասիրությունը կենտրոնանում է ընտրական գործընթացի վրա ազդեցություն ունեցող հաղորդագրությունների քարտեզագրման և դրանց տարածման օրինաչափությունների բացահայտման վրա։
Մոնիտորինգն առավելապես կենտրոնանում է տեղեկատվության շրջանառման քանակական տվյալների վրա, ինչն էապես բացահայտում է, թեմաների դինամիկան, դրանց կարևորությունն ու ազդեցության շրջանակը։
2. Մեթոդաբանություն
Մոնիտորինգի շրջանակում մշակվել են թեմատիկ 10 ուղղություններ, որոնք առավել աչքի ընկնող և քննարկվող իրադարձություններն են Հայաստանում՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները, միջազգային հարբերություններում Հայաստանի դերակատարումը և տեղական մակարդակում տեղի ունեցող սոցիալական, քաղաքական, տնտեսական ու մարդու իրավունքներին և ժողովդրավարությանն առնչվող իրադարձությունները։
Մոնիտորինգի ընթացքում շաբաթական կտրվածքով հավաքագրվել և վերլուծվել են թեմատիկ 10 ուղղություններին առնչվող հետևյալ գործոնները՝
- Տարածման միտումները՝ ակտիվությունը, անկումը, տատանումները
- Հարթակները, որոնցում դրանք տարածվել են
- Դերակատարները, որոնք դրանք հրապարակել են
Յուրաքանչյուր շաբաթվա զեկույցներն համեմատվել են նախորդող ժամանակահատվածների արդյունքների հետ՝ ընդգծելով դրանց զարգացման միտումներն ու օրինաչափություններն ընդհանուր տեղեատվական միջավայրում։
Շաբաթական մոնիտորինգի արդյունքները գնահատել են՝
Ա) որ թեմատիկ ուղղությունը/նարատիվն է առավել ակտիվ,
Բ) որ դերակատարներն են առավել հաճախ տարածում այդ նարատիվները,
Գ) կա՞ ծավալի աճ կամ նվազում,
Դ) որ հարթակներում են առավել կենտրոնացված նարատիվների շրջանառումը։
Մոնիտորինգի արդյունքները ներկայացված են շաբաթական համառոտ վերլուծական զեկույցի տեսքով՝ ապահովելով ժամանակային համադրելիությունը և դինամիկայի դիտարկումը։
2.1. Մոնիտորինգի շրջանակ
Մոնիտորինգը հիմնված է նախապես սահմանված 10 նարատիվների վրա․
1. Զինված ուժեր — ՀՀ Զինված ուժերը բացասաբար ներկայացնող կամ վարկաբեկող հաղորդագրություններ։
2. Սահմաններ և առևտուր — ՀՀ սահմանների, ներմուծման-արտահանման և տնտեսական կախվածության վերաբերյալ պնդումներ։
3. Եկեղեցի և պետություն — Հայ Առաքելական եկեղեցու և կառավարության հարաբերությունների շուրջ ձևավորվող նարատիվներ։
4. Ընտրություններ և ԿԸՀ — ընտրական գործընթացի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ անվստահություն կամ ընտրությունների կեղծման պնդումներ։
5. Էներգետիկա և ենթակառուցվածքներ — էլեկտրացանցերի, էներգետիկ անվտանգության և ենթակառուցվածքների վերաբերյալ ապատեղեկատվական պնդումներ։
6. Եվրոպա և Հայաստան — եվրոպական կառույցների և ԵՄ դերի վերաբերյալ նարատիվներ։
7. Էքզիստենցիալ սպառնալիք — պնդումներ, որոնցում որևէ քաղաքական ուժին ընտրելը ներկայացվում է որպես պետության գոյաբանական կամ ազգային անվտանգության սպառնալիք։
8. Արտաքին ազդեցություն — քաղաքական ուժերին կամ գործիչներին օտար ազդեցության գործակալ ներկայացնող հաղորդագրություններ։
9. Խաղաղություն և TRIPP — խաղաղության գործընթացի և Թրամփի ուղու շուրջ ձևավորվող նարատիվներ։
10. Մրցակիցների վարկաբեկում — նարատիվներ, որոնք փորձում են վարկաբեկել քաղաքական հակառակորդներին, մեղադրել հանցագործությունների, պետական դավաճանության կամ դավադրությունների մեջ։
2.2. Տվյալների հավաքագրում
Տվյալները հավաքագրվել են LetsData թվային մոնիտորինգի գործիքի միջոցով։ Վերլուծությունը հիմնված է նախապես ընտրված 250 աղբյուրների (նույնն է՝ դերակատարներ) ցուցակի վրա, որը ներառում է՝
- ՀՀ մեդիա դերակատարներ և լրատվամիջոցներ (95)
- Անանուն և/կամ չնույնականացված տեղեկատվական կայքեր
- Քաղաքական գործիչներ, քաղաքական կուսակցություններ, քաղաքական դերակատարներ և փոխկապակցված անձինք (ՀՀ կառավարության ներկայացուցիչներ (39), ԱԺ պատգամավորներ (49), Խորհրդարանական ընտրությունների թեկանծուներ և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ (66))։
Տվյալների հավաքագրման աղբյուրների հարթակները չորսն են՝ Facebook, YouTube, Telegram, TikTok։ Մոնիտորինգի ընթացքում դիտարվել են հայալեզու և ռուսալեզու հրապարակումները։
2.3. Դասակարգում
Հավաքագրված հրապարակումները դասակարգվել են ըստ վերոնշյալ թեմատիկ ուղղությունների շոշափած բովանդակության և հիմնական ուղերձի։ Այն հրապարակումները, որոնք պարունակել են մեկից ավելի նարատիվ և/կամ թեմատիկ ուղղություն, դրանք համապատասխանաբար ներառվել են մի քանի կատեգորիաներում։
2.4. Ժամանակահատված
- Մոնիտորինգի մեկնարկը՝ 01 փետրվարի, 2026 թվական
- Մոնիտորինգի արդյունքների հրապարակումը՝ շաբաթական զեկույցներով
- Մոնիտորինգի ավարտը՝ 30 հունիսի, 2026
2.5. Տվյալների որակի ապահովում
Տվյալների որակի ապահովման գործընթացը ուղղված է եղել մոնիտորինգի ընթացքում հավաքագրված տեղեկատվության ճշգրտության և ամբողջականության պահպանմանը։ Բոլոր դեպքերում, տվյալների ավտոմատացված հավաքագրումը և զեկույցի մշակումն իրականացվել է արհեստական բանականությամբ օժտված գործիքի միջոցով`
- Letsdata թվային մոնիտորինգի գործիքը կիրառվել է առաջնային աղբյուրների տվյալների հավաքագրման համար,
- իսկ Claude, NotebookLM և Gemini գործիքները՝ զեկույցի գեներացման համար։
Գործիքների համակցված կիրառումը հնարավորություն է տվել աշխատել մեծ քանակի տվյալների տողերի հետ՝ ապահովելով տվյալների մշակումը և վերլուծության արագությունը։ Ավտոմատացված հավաքագրման գործընթացն ուղեկցվել է մարդկային վերահսկողությամբ՝ տվյալների հավաստիությունը լրացուցիչ հաստատելու նպատակով։
2.6. Տվյալների արխիվացում և պահպանում
Հավաքագրված և մշակված բոլոր տվյալները համակարգվել և պահվել են անվտանգ թվային միջավայրում՝ սահմանափակ հասանելիությամբ։ Արխիվացումն իրականացվել է ըստ սահմանված կառուցվածքի՝ ապահովելով տվյալների հետագա օգտագործման, համեմատական վերլուծության և վերահղման հնարավորությունը։







