Ս․թ․ հունիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, արձագանքելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի և քաղաքացի Իզաբելլա Սարգսյանի թ․ 345-45 հարցմանը, պատասխանել է, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և արագ բացահայտման նպատակով գործարկված հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգը ստեղծվել է «հայ կամավոր ծրագրավորողների կողմից»։ Մանրամասնելով, թե՝ «ծրագրավորողները չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, չեն համաձայնել, որ իրենց կողմից անվարձահատույց օժանդակության փաստը հանրայնացվի», Սիսեռյանը հրաժարվել է հավելյալ տեղեկություններ հրապարակել։
Եվրոպայի խորհրդի 108-րդ կոնվենցիայի հանձնաժողովի նախագահի և ԵԽ Տվյալների պաշտպանության հանձնակատարի մարտի 30-ի համատեղ հայտարարությունում նշվում է․ «Թափանցիկությունը և վերլուծական տվյալների և AI համակարգերի «բացատրելիությունը», նախազգուշական մոտեցումը և ռիսկերի կառավարման ռազմավարությունը (այդ թվում՝ անոնիմիզացված տվյալների վերաանձնականացման ռիսկը), տվյալների որակյալ և նվազագույն ծավալով օգտագործումը, ինչպես նաև մարդկային վերահսկողությունը այն առանցքային դրույթներից են, որոնք պետք է հաշվի առնել COVID-19 դեմ պայքարում նորարական լուծումներ ստեղծելու հարցում»։
Ապրիլի 2-ին մի խումբ հայաստանյան հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ թե որ կառույցներն են ներգրավված քաղաքացիների անձնական տվյալների մշակման գործընթացում՝ պետական, թե մասնավոր, ինչպե՞ս է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, և հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին:
Հարգելով «հայ կամավոր ծրագրավորողների»՝ անանուն մնալու ցանկությունը՝ հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում գործ ունենք հանրության շահերին առնչվող հարցի հետ, իսկ պատշաճ, ժամանակին և լիարժեք տեղեկատվության բացակայությունը ստեղծում է ապատեղեկատվության և ենթադրությունների տարածման հնարավորություն։ Ուստի, իշխանություններին կոչ ենք անում․
— հրապարակել կամավորների անունները, նրանց հետ կնքված պայմանագրերով նախատեսված կողմերի պարտավորությունները և տեխնիկական առաջադրանքը՝ ներառյալ համակարգի աշխատանքի սկզբունքներն ու կառուցվածքը;
— սահմանել տվյալների մշակման՝ հավաքագրման, օգտագործման և կիրառումից հետո դրանց ոչնչացման նկատմամբ հանրային վերահսկողության գործուն մեխանիզմներ;
— հանրությանը ամբողջական, հասանելի և հասկանալի տեղեկություն տրամադրել համակարգի գործարկման և տվյալների օգտագործման մանրամասների մասին և պարբերաբար տեղեկատվություն հրապարակել դրա կիրառման արդյունավետության մասին։
Իզաբելլա Սարգսյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Երևանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Լրագրողներ հանուն ապագայի
Սեդա Գրիգորյան, ռեժիսոր
Ռուբեն Մուրադյան, ՏՏ անվտանգության փորձագետ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Նինա Կարապետյանց, իրավապաշտպան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Գևորգ Գիլանց, գրող, թարգմանիչ
Հայտարարությունը բաց է միանալու համար, ցանկացողները կարող են գրել [email protected] հասցեով։