Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում կրկին կոնֆլիկտ է առաջացել իշխող խմբակցության պատգամավորների և խորհրդարանում հավատարմագրված՝ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև։ Այսպես՝ վեճի են բռնվել «MediaHub.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Մասնավորապես՝ վերջինս հեռախոսով հարվածելու սպառնալիք է դրսևորել, Անի Գևորգյանն էլ ասել է, թե այդ պատգամավորի տեղը փողոցում է։ Լարվածություն է առաջացել նաև «Yerevan.Today»-ի թղթակից Սյուզի Բադոյանի՝ ՔՊ-ական պատգամավորների հետ շփվելու ընթացքում։
Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իրավապահներին հրահանգել է այս երկու լրագրողներին հեռացնել խորհրդարանի շենքից, ընդ որում՝ Անի Գևորգյանը դուրս է բերվել ուժի կիրառմամբ, քաշքշել են «Yerevan.Today»-ի օպերատոր Գեղազնիկ Հովակիմյանին, դուրս հրավիրել նաև «MediaHub.am»-ի օպերատոր Էրիկ Թովմասյանին։ Խորհրդարանի ղեկավարի այս քայլը կամայական է և անթույլատրելի, քանի որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողի նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել բանավոր ցուցումով, առանց քննարկման և համապատասխան որոշում կայացնելու։
Նույն օրը, ավելի վաղ, մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում կազմակերպված բողոքի ակցիան լուսաբանելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «24lurer.am»-ի թղթակից Արթուր Հայրապետյանը։ Ոստիկանության ծառայողները լրագրողի ձեռքից խլել են հեռախոսը, նրան ասֆալտին գցել ու հարվածներ են հասցրել, ապա՝ անօգնական թողնելով հեռացել։ Ի դեպ, Արթուր Հայրապետյանը նախապես ցույց է տվել լրագրողական բեյջը։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում վերոհիշյալ միջադեպերի կապակցությամբ և պահանջում ենք՝
- ԱԺ ղեկավարությունից և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ քննարկման առարկա դարձնել սեպտեմբերի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած կոնֆլիկտը, այդ առնչությամբ գումարել էթիկայի հանձնաժողովի նիստ և գնահատական տալ պատգամավորների վարքագծին։ Այսօրվա ճգնաժամային, պատերազմական իրավիճակում լրացուցիչ ներքին լարվածություններից խուսափելու համար առավել զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ։ Ապահովել բարենպաստ պայմաններ խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողների գործունեության համար։
- ՀՀ ոստիկանությունից` անկողմնակալ ծառայողական քննություն իրականացնել, բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած, լրագրողին ծեծի ենթարկած ծառայողներին և նրանց պատասխանատվության ենթարկել։ Միաժամանակ խստորեն հրահանգել չմիջամտել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին և անվտանգ պայմաններ ստեղծել նրանց գործունեության համար։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ