Armenia -- Prime Minister of Armenia Nikol Pashinyan holds press conference, Yerevan, 25Jul2023

Լրագրողական կազմակերպությունների հայտարությունը՝ Փաշինյանի ասուլիսի կապակցությամբ

Հուլիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ և մասնավորապես «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի ու «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի պահվածքը հեռու են մեր՝ ներքոստորագրյալ կազմակերպություններիս պատկերացումներից, թե ինչպես պետք է ընթանա պետության առաջին դեմքի՝ լրագրողների միջոցով հանրության հետ երկխոսությունը բարդագույն մարտահրավերների առջև կանգնած երկրում։ Իրողությունների սուբյեկտիվ մեկնաբանություններ, անհանդուրժողականության դրսևորումներ, խնդիրների կոնկրետ և կառուցողական քննարկումների պակաս, աշխատանքային ժամանակի և միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք, մասնագիտական էթիկայի սկզբունքների արհամարհում՝ դա էր այն պատկերը, ինչի ականատեսն էին դարձել մեր հայրենակիցները հինգ ժամից ավելի։ Նման որակի միջոցառումից հետո դժվար էր խուսափել բևեռացված, փոխադարձ ատելությամբ լի, տարբեր քաղաքական և լրագրողական ճամբարների միջև պառակտվածությունը խորացնող, որևէ առողջ վերլուծություն չպարունակող արձագանքներից։

Այսպես՝ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի դեմ սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում իրականացվեց մի ամբողջ արշավ՝ նրանց հասցեագրված հայհոյախոսությամբ, անեծքներով ու սպառնալիքներով։ Ընդ որում և՛ դրա պատճառ հանդիսացած «հարցերը», և բուն արշավի որոշակի դրսևորումները առերևույթ կազմակերպված բնույթ ունեին։ Սակայն մասնագիտական նորմերի նույնիսկ ակնհայտ խախտումները որևէ մեկին իրավունք չեն տալիս պատասխանել սանձարձակությամբ, ծայրահեղ թշնամանքով։  

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

  • իշխանությանը՝ կատարել իր պոզիտիվ պարտականությունը և պաշտպանել լրագրողների իրավունքները, ձեռնարկել պատշաճ միջոցներ օրինախախտներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,
  • լրագրողական համայնքի և հանրային հաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներին՝ տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքակիրթ մասնագիտական քննարկումներ անցկացնել՝ բացառելով փոխադարձ վիրավորանքներն ու ատելության խոսքը։ Հակառակ դեպքում բազմաբնույթ սադրանքները և դրանց անբարեկիրթ արձագանքները կդառնան իրար սնուցող երևույթներ։ Այս ամենը հետին պլան կմղեն արդիական խնդիրների լուծումների շուրջ քննարկումները, վերջնականապես կանտեսվեն հանդուրժողականությունը, զսպվածությունն ու պրոֆեսիոնալ ստանդարտների նկատմամբ հարգանքը, և փոխարենը կշարունակվի թշնամանքի գեներացումը տեղեկատվական ոլորտում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Scroll to top