Armenia -- Russian peacekeepers interfere with the work of Armenian journalists in Goris, 26Aug2023

Հայտարարություն ռուս խաղաղապահների կողմից հայաստանյան լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտելու դեպքի կապակցությամբ

28 օգոստոսի, 2023թ., Երևան

Օգոստոսի 26-ին ռուսական խաղաղարար ուժերի զինծառայողն առանց որևէ բացատրության արգելել է Գորիսում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցին նկարահանել խաղաղապահների ուղեկցությամբ Լաչինի միջանցքով անցած և Հայաստանի տարածք հասած մի քանի տասնյակ արցախցիներին։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խորը մտահոգությամբ արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուս խաղաղապահները միջամտում են հայաստանյան լրատվամիջոցների գործունեությանը։ Նման միջադեպերը ավելի հաճախակի դարձան սկսած անցած տարվա դեկտեմբերի 12-ից, երբ ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան-ակտիվիստները» փակեցին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ի մեր հայտարարության մեջ նշել ենք, որ այդ տարածքում անհիմն արգելքների են բախվել նույն «Ազատություն» ռադիոկայանի, «Factor․am» և «Civilnet» լրատվական կայքերի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, այլ ԶԼՄ-ների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները։

Սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Լաչինի անցակետում ադրբեջանական լրատվամիջոցներն անարգել նկարահանումներ են իրականացնում, խոշոր պլանով ցուցադրում Արցախից Հայաստան մեկնող անձանց, այդ թվում բուժառուներին՝ առանց վերջիններիս համաձայնության և, հետևաբար, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտմամբ, իսկ ռուս խաղաղապահները որևէ կերպ չեն միջամտում։ Սա ակնհայտ խտրական մոտեցում է, որն անընդունելի է և դատապարտելի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք վերահաստատում ենք նախորդիվ ՀՀ կառավարությանը հասցեագրված մեր պահանջը՝ անհապաղ բանակցություններ նախաձեռնել խաղաղապահ առաքելության հրամանատարության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ՌԴ պատասխանատու պետական կառույցների ղեկավարների հետ՝ հստակ կանոնակարգելու և դյուրացնելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը Լաչինի միջանցքում և հարակից այլ գոտիներում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Scroll to top