«Հայաստանցիներ» և «ղարաբաղցիներ» տարանջատումը ծայրահեղ վտանգավոր և անթույլատրելի երևույթ է․ Հայտարարություն

12 դեկտեմբերի, 2023թ․, Երևան

Լրագրող Մարութ Վանյանը, որը Ստեփանակերտից տեղահանվելուց հետո հաստատվել է Հայաստանում, օրերս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հրազդան քաղաքի փողոցների թշվառ վիճակին։ Նա մի քանի լուսանկար է հրապարակել և հռետորական հարց տվել. «Էս քաղաքը քաղաքապետ ունի՞․․․»։ Կարճ ժամանակ անց քաղաքապետի «պաշտպանները» գրառման ներքո հայհոյանքներ ու սպառնալիքներ են տեղացել լրագրողի հասցեին, ընդ որում՝ թիրախավորելով նրան որպես արցախցի։ Ատելության խոսքի տեղատարափից խուսափելու համար Մարութ Վանյանը ստիպված է եղել փակել ֆեյսբուքյան իր էջը։

Մենք` ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք խտրականության և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում, առավելևս՝ երբ այն տարածում է ստանում լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում։ Մենք միանում ենք ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի  ու Տեղեկատվական վեճերի խորհրդի՝ ս․ թ․ հոկտեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը և վերահաստատում ենք, որ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Հայաստան տեղահանված մեր հայրենակիցների հասցեին ատելություն սերմանող տեքստեր հրապարակելը, ընդհանրապես «հայաստանցիներ» և «ղարաբաղցիներ» տարանջատումը ծայրահեղ վտանգավոր և անթույլատրելի երևույթ է։ Հատկապես դատապարտելի է, երբ այդպիսի խտրական վերաբերմունք դրսևորվում է արդեն Հայաստանում իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի նկատմամբ։

Մարութ Վանյանի դեմ ձեռնարկված ֆեյսբուքյան արշավը որակում ենք նաև  լրագրողի հանդեպ կոպիտ ճնշում՝ հանրային կարևորության խնդիրների բարձրաձայնումը խոչընդոտելու նպատակով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

  • իրավապահ մարմիններից՝ բացահայտել լրագրողի հասցեին ատելության խոսք, հայհոյանք ու սպառնալիքներ պարունակող գրառումներ կատարած անձանց ինքնությունը և պատասխանատվության ենթարկել նրանց,
  • Հրազդանի քաղաքապետից՝ հրապարակայնորեն գնահատական տալ տեղի ունեցածին, կոչ անել իր համակիրներին հանդուրժողականություն ցուցաբերել քննադատական խոսքի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Scroll to top