Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների ու օպերատորների իրավունքների խախտումների մի շարք դեպքեր։ Այսպես, մայիսի 16-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը մեկնել էր Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ համոզելու սահմանազատման դեմ պայքարող տեղի բնակիչներին բացել Կիրանց-Ոսկեպար փակված ճանապարհը, նկատելով, որ NewDay.am կայքի խմբագիր Անի Գևորգյանն ուղիղ հեռարձակում է իրականացնում, ագրեսիվ պահվածք է դրսևորել, վիրավորել լրագրողին, մեղադրել նրան պատվեր կատարելու և մանիպուլյացիաներ անելու մեջ ու պահանջել է դադարեցնել նկարահանումը։ Մայիսի 15-ին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ձեռնարկված ոստիկանական գործողությունների ժամանակ ավտոբուսը հարվածել է այդ իրադարձությունները լուսաբանող՝ Oragir.News կայքի լրագրող Անի Ներկարարյանին։
Մայիսի 14-ին Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության մեքենան Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ հատվածում, հետիոտնային անցման վրա հարվածել է Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին։ Նա ստացել է ոտքի վնասվածք, հետազոտություն անցել բժշկական կենտրոններից մեկում և դուրս գրվել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը լեզվակռիվ է ծագել Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի և Antifake.am լրատվական կայքի թղթակից Հասմիկ Առաքելյանի միջև։ Երբ վերջինս «սրբապիղծ» է անվանել զոհված զինծառայողի ծնողի հետ անհարգալից խոսող ոստիկաններին, Ջոմարդյանը հակադարձել է՝ «սրբապիղծը դու ես, դու տականք ես, Հասմի՛կ Առաքելյան»։ Լրագրողը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, իսկ Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։
Ի գիտություն ընդունելով, որ որոշ դեպքերում ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն է նախաձեռնվել կամ քրեական գործ է հարուցվել և արձանագրելով, որ սահմանազատման հետ կապված բողոքի ակցիաների սկզբից ի վեր տեղի են ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, վերահաստատում ենք մեր խորը մտահոգությունը ստեղծված իրավիճակի առնչությամբ ու կոչ ենք անում․
- Ներքին գործերի նախարարությանը՝ ակտիվացնել աշխատանքը ոստիկանության անձնակազմի հետ՝ ուղղորդելով ծառայողներին առավել պրոֆեսիոնալ գործել, ուժային գործողությունների անհրաժեշտության դեպքում խստորեն պահպանել համաչափության սկզբունքը, իսկ լրագրողների հետ հարաբերվելիս չխոչընդոտել նրանց օրինական մասնագիտական աշխատանքն ու ապահովել նրանց անվտանգությունը։
- Պետական պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին՝ զսպվածություն և պատասխանատվություն դրսևորել հանրային խոսույթում, հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ՝ անկախ նրանից, թե որ «ճամբարի» հետ են նրանք ասոցացվում։
- Լրագրողներին և օպերատորներին՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնել իրենց առաքելությունը և մասնագիտությանը հարիր վարքագիծ դրսևորել, հատկապես՝ լարված իրավիճակներում, խստորեն հետևել լրագրողական էթիկայի նորմերին։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ