Armenia -- Police uses force against "Hraparak" newspaper's journalist Lusine Shahverdyan, Yerevan, 14Nov2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում կրկին լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպք է տեղի ունեցել։ Երբ «Հրապարակ» օրաթերթի թղթակից Լուսինե Շահվերդյանը փորձել է մեկնաբանություն վերցնել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից, մոտակայքում գտնվող ՊՊԾ աշխատակիցը որոշել է, որ պաշտոնյան չի ուզում շարունակել զրույցը, և բռնելով լրագրողի ձեռքը՝ մի կողմ է քաշել նրան։ Ընդ որում՝ դա արել է այնպես, որ Լուսինե Շահվերդյանի ձեռքի վրա կապտուկ է առաջացել։ Փաստը տեսագրված է և առկա է համացանցում։

Սա առաջին դեպքը չէ, երբ անվտանգության ծառայողները առերևույթ ինքնիրավչություն են դրսևորում և խոչընդոտում խորհրդարանում հավատարմագրված լրագրողների օրինական գործունեությունը։ Ամենացցուն  օրինակներից է՝ երբ նիստերի դահլիճում իրավիճակը թեժանում է, և պատգամավորները ձեռնամարտի են անցնում, ՊՊԾ աշխատակիցները ներխուժում են մամուլի օթյակ, ստիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դուրս գալ այնտեղից և դադարեցնել նկարահանումները։ Արձանագրված են նաև մի շարք այլ նման դեպքեր։

Ինչ վերաբերում է «Հրապարակի» թղթակցի նկատմամբ կիրառված բռնությանը, ապա առնվազն անհասկանալի են մնում ՊՊԾ աշխատակցի գործողությունների շարժառիթները․ ինչո՞ւ է ծառայողը միջամտում լրագրողի և նախարարի զրույցին, եթե վերջիններից ոչ մեկը նրա «օգնության» կարիքը չի ունեցել և նրան չի դիմել, ո՞վ է թույլ տվել, որ այդ ծառայողն ականջ դնի լրագրողի և նախարարի խոսակցությանը, և վերջապես ո՞վ է նրան իրավունք տվել որոշելու, թե ԱԺ-ում հավատարմագրված թղթակիցը որ հարցից հետո պետք է ուժի գործադրմամբ հեռացվի զրուցակցից։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում խորհրդարանում լրագրողի աշխատանքի խոչընդոտման հերթական փաստի կապակցությամբ, խստորեն դատապարտում ենք նրա հանդեպ կիրառված բռնությունը և պահանջում ենք․

  • ՊՊԾ-ից՝ անհապաղ նախաձեռնել ծառայողական քննություն անվտանգության այն աշխատակցի կամ աշխատակիցների նկատմամբ, որոնք առնչություն են ունեցել տվյալ միջադեպին և առերևույթ չարաշահել են իրենց լիազորությունները,
  • ԱԺ ղեկավարությունից՝ աշխատանք տանել ՊՊԾ-ի հետ և միջոցներ ձեռնարկել, որպեսզի անվտանգության աշխատակիցներն իրենց գործառույթներն իրականացնելիս չհատեն թույլատրելիի սահմանները և չխոչընդոտեն լրագրողների օրինական գործունեությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Scroll to top