Հունվարի 30-ին «Ազատություն» ռադիոկայանը և մի շարք այլ լրատվամիջոցներ տեղեկացրեցին, որ «Medialab.am» կայքի խմբագրությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։ Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն է՝ Պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Ընդ որում՝ սպառնացողն ակնարկել է, որ «Medialab.am»-ը կարող է արժանանալ 2015 թվականի հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։
Կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ լրատվամիջոցը ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ է ստանում, սակայն այս մեկն առավել արտառոց է։ Հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսին անհայտ անձինք կոտրել էին «Medialab.am»-ի խմբագրի մեքենայի ապակիները և գողացել էին երկրի ղեկավարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատկերող 107 ծաղրանկարներ: Սակայն այս միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվեց՝ մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով։
Այս դեպքում ֆեյսբուքյան օգտատիրոջ անունը հայտնի է, և նույնիսկ եթե այն կեղծ լինի, իրավապահ մարմինները բոլոր հնարավորություններն ունեն պարզելու անձի ինքնությունը եւ հայտնաբերելու նրան։
Հաշվի առնելով, որ.
սպառնացողը որպես խմբագրությանը սպասվող վտանգի օրինակ է բերել իսլամական ծայրահեղականների կողմից հարձակման ենթարկված և 10 զոհ տված «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի կրած ողբերգությունը,
վտանգն իրական համարելով՝ Մարիաննա Գրիգորյանը դիմել է իրավապահ մարմիններին,
մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք.
ՀՀ դատախազությունից՝ քրեական գործ հարուցել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածը լիարժեք քննելու, խմբագրությանը սպառնացողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար
ՀՀ ոստիկանությունից՝ մինչ վերոհիշյալ գործընթացի ավարտը պատշաճ հսկողություն իրականացնել և ապահովել խմբագրության անվտանգությունը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ