Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ 2018 թվականի փետրվարի 27-ին գումարված հերթական նիստերի ավարտից հետո կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է լիարժեք հանրային քննարկում չանցած եւ ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների սուր քննադատությանն արժանացած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս փաստաթղթով նախատեսվում է Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր ՀՀ կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, իսկ նախարարներին արգելվում է առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել այդ նիստերում ընդգրկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին։ Ընդ որում՝ նախագծի հեղինակները այդ գործելաոճին անցնելը փորձում են ներկայացնել որպես ժողովրդավարության դրսևորում և արդյունավետ աշխատանքի երաշխիք։

Մինչդեռ ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Փակ դռների ետևում, հասարակությունից գաղտնի աշխատող որևէ իշխանություն ժողովրդավարության և շուկայական տնտեսության զարգացում չի ապահովել, ավելին՝ այդ պայմանները նպաստել են կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, կառավարության հանդեպ հանրային վստահության նվազմանը։ Դռնփակ նիստերի անցկացումն անհիմն սահմանափակում է լրագրողների՝ կառավարության աշխատանքը համակողմանի լուսաբանելու հնարավորությունները։

Փաստորեն, վերջին մեկ ամսվա ընթացքում լրատվամիջոցների հրապարակումներում և տարբեր հանրային քննարկումների ընթացքում հնչեցված բոլոր փաստարկներն առ այն, որ կառավարության նիստերը փակ դարձնելը հետադիմական մոտեցում է, ամբողջովին անտեսվեցին։ Եվ իշխանական վերնախավը, արհամարհելով քաղաքացիական հասարակության քննադատությունը, ամեն գնով ձգտում է ընդունել օրինագծի՝ ԱԺ ներկայացված տարբերակը։

Հաշվի առնելով վերը նշվածը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.

  • ՀՀԿ-ՀՅԴ խորհրդարանական կոալիցիայից՝ վերանայել հիշյալ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերը՝ նախատեսելով ՀՀ կառավարության նիստերի դռնբաց և միայն պետական կամ այլ գաղտնիք պարունակող հարցերի դեպքում՝ դռնփակ ընթացակարգ, եւ չկաշկանդելով նախարարների հրապարակային ելույթները վարչապետի թույլտվության առկայությամբ կամ բացակայությամբ,
  • ԱԺ ընդդիմադիր ուժերից՝ բոլոր հնարավորություններն օգտագործելով՝ ակտիվորեն պայքարել վերոհիշյալ դրույթների ներկա ձևակերպմամբ ընդունման դեմ և նախաձեռնել դրանց վերանայման գործընթաց,
  • միջազգային կազմակերպություններից՝ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը և տրամադրվող աջակցությունը պայմանավորել երկրի կառավարման թափանցիկությամբ եւ հանրային հաշվետվողականությամբ, կոռուպցիոն ռիսկերին դիմակայելու պատրաստակամությամբ, կարևոր որոշումներ մշակելիս և իրականացնելիս՝ քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ   

 

Հայտարարությունը բաց է միանալու համար

Scroll to top