Մինչ մասնագիտական շրջանակները մտահոգություն էին հայտնում, կառավարությունը պարզաբանումներ է ներկայացրել՝ պնդելով, որ նախագծի նպատակն է նվազեցնել ապօրինի ներմուծված հեռախոսների շրջանառությունը, ապահովել արդար մրցակցություն օրինական ներմուծողների համար, պաշտպանել սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով սարքերից և ստեղծել հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։ Իշխանությունները նաև վստահեցնում են՝ նախաձեռնությունը չի վերաբերում քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրմանը կամ վերահսկողությանը։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ խնդիրը միայն տեխնիկական չէ։ Նրա դիտարկմամբ՝ միջազգային փորձը ևս միանշանակ չէ.
«Առաջին կարևոր բանն այն է, որ միջազգային փորձը, առնվազն, էսպես է. ԵԱՏՄ երկրները ու մի շարք բռնապետություններ, օրինակ՝ Ադրբեջան, Թուրքիա, ներդրել են էս համակարգը։ Եվրամիությունում, հակառակը, սա չկա։ Եվ մյուս մտահոգությունն այն է, որ ինչ-որ մի հարց լուծելու համար անհամաչափ տվյալների հավաքագրում է արվում։ Ընդ որում, սա խնդիր է, որը վերաբերում է բոլորին, անխտիր, ու, ցավոք սրտի, նորմալ հանրային քննարկումներ չեն արվել, մինչև սա մտնի կառավարություն»։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի կարծիքով՝ ամենամեծ խնդիրը հենց հաղորդակցության բացակայությունն էր.
«Եթե ի սկզբանե նման հստակ հաղորդակցություն լիներ, մենք այսպիսի բուռն հակազդեցության չէինք հանդիպելու»։
Պապյանի խոսքով՝ ցանկացած նման նախաձեռնություն անխուսափելիորեն առաջացնում է անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հարցեր, քանի որ բջջային հեռախոսը մարդկանց համար ամենազգայուն անձնական սարքերից մեկն է.
«Հեռախոսը մարդիկ ընկալում են որպես չափազանց անձնական մի գործիք։ Մարդիկ կարող է իրենց մտերիմների ինչ-որ բաներ չվստահեն, բայց հեռախոսի նշումների բաժնում կարող է շատ իրենց համար կարևորագույն, կոնֆիդենցիալ տվյալներ ունենան։ Եվ հեռախոսը չափազանց զգայուն թեմա է։ Անխուսափելի էր, որ դա նման մտահոգություններ բարձրացնելու է, մանավանդ որ օրենքում եղած ձևակերպումները այնքան էլ հստակ չէին»։


