Դեկտեմբերի 19-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով մտահոգություն է արտահայտել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» հաղորդումներում որոշ դրսևորումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նշվում է, որ հանրային շահերի բազմազանության, գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառության ապահովման պարտավորությանը հակառակ՝ լրատվամիջոցը թիրախավորել է քաղաքական ուժերից մեկին ու նրա դեմ օգտագործում է «քարոզչական և մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը»։ Ըստ ՀՌՀ-ի՝ վտանգված է հեռուստաընկերության խմբագրական անկախությունը, ակներև է «քաղաքական մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը»։ Ուստի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն»-ին՝ չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հիմնականում համաձայն լինելով արտահայտված մտահոգությունների հետ, միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ ՀՌՀ-ի նշած խնդիրները, ընդհանուր առմամբ, նոր չեն, բնորոշ են հեռարձակման ոլորտին, և մեղադրանքներ ներկայացնելով միայն մեկ հեռուստաընկերությանը՝ հանձնաժողովն ինքն է ցուցաբերում աչառու և խտրական մոտեցում։ Մինչդեռ, այս ոլորտում ձևավորված հարաբերություններն ու իրավիճակը պայմանավորված են առաջին հերթին ՀՌՀ-ի՝ որպես կարգավորող մարմնի գործունեությամբ։ Հենց հանձնաժողովի իրականացրած քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ հեռուստաընկերություններից շատերը հայտնվել են կամ որոշ քաղաքական ուժերի վերնախավի, կամ նրանց հետ սերտաճած օլիգարխիկ շրջանակների, կամ էլ օրվա իշխանությունների լիակատար վերահսկողության տակ։ Հետևաբար, այդ լրատվամիջոցներն ավելի շատ ծառայել և ծառայում են իրենց փաստացի տերերի քաղաքական նպատակներին, քան հանրային շահին։
Տարիներ շարունակ և՛ նախորդ իշխանությունը, և՛ նրա ձևավորած ՀՌՀ-ն, որպես կանոն, անտեսել են հեռուստաընկերությունների կողմից օրենքների տարատեսակ խախտումների, այդ թվում՝ լիցենզիաների պայմանները չկատարելու վերաբերյալ լրագրողական հանրության բազմաթիվ ահազանգերը։ Չնայած երկրում տեղի ունեցած փոփոխություններին՝ հեռարձակման ոլորտի շատ թերություններ չեն հաղթահարվում։ Այդ մասին վկայում է նաև հանրային թվային հեռարձակման տիրույթում գտնվող մի շարք համապետական, մայրաքաղաքային եւ մարզային հեռուստաալիքների կողմից վերջին ընտրություններին նախորդող շաբաթների և հետընտրական գործընթացների լուսաբանման մշտադիտարկումը։
Մեր համոզմամբ, ՀՌՀ-ի հայտարարության մեջ ներկայացված խնդիրներն ու դրանց հետ կապված մեղադրանքները, մանավանդ եթե դրանք, ինչպես նշվում է փաստաթղթում, հիմնված են հանձնաժողովի մշտադիտարկման տվյալների վրա, ոչ այնքան հայտարարության կամ կոչ անելու առարկա պետք է դառնային, որքան օրենքով նախատեսված գործառույթի՝ վարույթ սկսելու, խախտումները հաստատելու պարագայում՝ նախազգուշացնելու, տուգանելու և այլ տույժերի առիթ։ Ստացվում է, որ ՀՌՀ-ն կրկին չի կատարում օրենքով վերապահված իր առաքելությունը եւ ընտրովի սկզբունքայնություն է ցուցաբերում մեկ թիրախավորված հեռարձակողի նկատմամբ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՌՀ-ից պահանջում ենք հրաժարվել քաղաքական պատեհապաշտությամբ թելադրված քայլերից ու ձեռնամուխ լինել բարեփոխումներ իրականացնելուն՝ ոլորտում իրավիճակն առողջացնելու նպատակով։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ