Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անցած տարվա վերջին աշխատանքային օրը չկայացած հայտարարեց մասնավոր մուլտիպլեքսորի՝ հեռարձակման թվային ցանցի օպերատորի գործունեության լիցենզավորման 6 ամիս տեւած մրցույթը։ Տվյալ որոշման համար հիմք է ծառայել այն, որ սահմանված ժամանակահատվածում ոչ մի դիմում չի ներկայացվել։
Սա արդեն երրորդ անպտուղ մրցույթն է, որ նույն պատճառաբանությամբ չկայացած է հայտարարվում։ Նախորդ երկուսը 2016 և 2017 թվականներին էին անցկացվել։ Մինչդեռ՝ այս մրցույթների յուրաքանչյուր ձախողումը նշանակում է, որ՝
- հանրային թվային ցանցի օպերատորը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, պահպանելու է իր մենաշնորհային դիրքը,
- եթերային հեռարձակման ոլորտում ևս մեկ տարով բացառվում է նոր «խաղացողների» ի հայտ գալն ու մրցակցության պայմաններ ստեղծելը,
- շարունակելու են անորոշության մեջ գտնվել մարզերում գործող մոտ 10 տեղական հեռուստաընկերությունները, որոնք ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության և անարդար մրցույթների հետևանքով դուրս են մնացել թվայնացման գործընթացից, դեռևս աշխատում են անալոգային տիրույթում և սպասում են մասնավոր մուլտիպլեքսի ստեղծմանը։
Փաստորեն ձևավորվել է մի իրավիճակ, երբ երկրին անհրաժեշտ է մասնավոր մուլտիպլեքս, բայց մրցույթներին ոչ ոք հայտ չի ներկայացնում։ Մեր համոզմամբ, դրա պատճառը ոչ թե հետաքրքրության բացակայությունն է, այլ այն, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հեռարձակման մասնավոր թվային ցանց ստեղծելու համար նախատեսված պայմաններն ու պահանջներն իրատեսական, հրապուրիչ չեն բիզնեսի տեսանկյունից և չեն նպաստում ոլորտի զարգացմանը։ Այս պայմաններում ՀՌՀ-ի կազմակերպած մրցույթները որևէ հեռանկար չունեն և զուտ ձևական բնույթ են կրում։
Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում.
- նորընտիր Ազգային ժողովին՝ քննարկումներ նախաձեռնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը արմատապես բարեփոխելու համար,
- ՀՀ կառավարությանը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին՝ մշակել և հանրությանը ներկայացնել ոլորտի բազմաթիվ խնդիրների լուծման վերաբերյալ արդիական ծրագիր՝ հիմնվելով միջազգային փորձի վրա և հաշվի առնելով մասնագիտացված լրագրողական կազմակերպությունների առաջարկությունները։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ