Ս/թ օգոստոսի 14-ին ՀՀ Արդարադատության նախարարությունը e-draft.am Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել <<«ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին>>» ՀՀ օրենքի նախագիծը։
Լրագրողական մասնագիտական կազմակերպություններն անհրաժեշտ են համարում տեղեկացնել, որ առաջարկվող կարգավորումները խիստ վիճահարույց են, զուրկ են իրավական որոշակիությունից և այդ պատճառով կարող են հանգեցնել արտահայտվելու ազատության իրավունքի չարդարացված սահմանափական հետեւյալ պատճառաբանությամբ։
Առաջարկվող կարգավորման բուն նպատակը պետք է լիներ ՀՀ օրենսդրությամբ տալ <<ատելության խոսք>> հասկացության հստակ եւ սպառիչ սահմանումը։ Մինչդեռ առաջարկվող կարգավորումը ոչ միայն չի տալիս <<ատելության խոսք>> հասկացության սպառիչ եւ ամբողջական սահմանում, այլեւ խիստ ընդհանրական ձեւակերպմամբ փորձ է արվում քրեական պատասխանատվություն, ներառյալ ազատազրկում, սահմանել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար։
Գտնում ենք, որ արտահայտվելու ազատության սահմանափակում, հատկապես ազատազրկում նախատեսող նորմը, պետք է լինի առավելագույն կոնկրետ, հստակ, ատելության շարժառիթի հստակ սահմանմամբ, որ բացառվեն տարածական կամ կամայական սուբյեկտիվ մեկնաբանության հնարավորություն տվող ձեւակերպումները։
Այս կարգավորման պարագայում անորոշ է, թե ինչպես է մեկնաբանվելու բռնություն հասկացությունը քրեաիրավական տիրույթում։ Այս կարգավորմամբ ստացվում է, որ դա ուղղակի դիտավորությամբ կատարված հանցագործություն է, առանց նշելու ատելության դրդապատճառը, որով եւ հանցագործության շեմը էապես նվազեցվում է։ Ատելության խոսքի սահմանումը պետք է պարտադիր ներառի ատելության դրդապատճառը որպես հանցագործության սուբյեկտիվ հատկանիշ, որը պայմանավորված կարող է լինել թիրախավորված անձի կամ անձանց խմբի ռասսայական, կրոնական, ազգային, էթնիկ պատկանելությամբ, հաշմանդամությամբ, սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ, կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքով։ Ստացվում է մի իրավիճակ, երբ օրինակ, 2016 թվականի հուլիսին Սասնա ծռերի կոչերի հրապարակելը մեդիաների կողմից այս նախագծով կարող է հանգեցնել լրագրողի կամ խմբագրի քրեական պատասխանատվության։
Կարծում ենք, որ արտահայտվելու ազատության համատեքստում քրեական պատասխանատվության սահմանումը խիստ բացառիկ միջամտություն է, երբ քաղաքացիավական տիրույթում հարցի կարգավորումը չի կարող ապահովել կենսական այլ շահերի բավարար պաշտպանություն։ Այս բացառիկ սահմանափակումը պետք է ունենա օրենքով սահմանված հստակ եւ կոնկրետ հիմքեր, հետապնդի իրավաչափ նպատակ եւ անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում։ Պետական մարմինների միջամտությունը պետք է համաչափ լինի եւ չհանգեցնի ազատ արտահայտվելու իրավունքի անհիմն սահմանափակման։
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԿ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ