Open post
Image by Photo Mix from Pixabay

Հայտարարություն «Լոռի TV»֊ի գլխավոր խմբագրի գործով

Վրդովմունքով և հիասթափությամբ տեղեկացանք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Սուսաննա Գզոգյան) վճռել է «Լոռի TV» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու քրեական գործով մեղադրվող անձանցից որևէ մեկին պատասխանատվության չենթարկել։

Հիշեցնենք, որ դեռ 2017թ. սեպտեմբերի 28-ին Նարինե Ավետիսյանը, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրևի պայմաններում Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր՝ լուսաբանելու կատարվող աշխատանքները: Նկարահանումների պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի վրա, ոլորել թևերը, նրան գցել գետնին ու խլել հեռախոսը՝ ջնջելով արված լուսանկարները։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան է մտել 2018թ․ փետրվարի 23-ին, և 2,5 տարի ձգվող դատաքննությունից հետո, օգոստոսի 24-ին կայացված վճռով՝ Տիգրան Նազարյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել՝ հանցավոր արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Իսկ կազմակերպության աշխատակից Վրեժ Խաչատրյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով։

Թեև Լոռու մարզի դատախազությունը մեղադրական եզրակացությունների մեջ հստակ նկարագրել էր կատարվածը, դատարանն անտեսել է դա և պատիժ չի նշանակել ամբաստանյալներին։ Միանգամայն անհասկանալի և անընդունելի է նաև այն, թե ինչու է բավականին պարզ գործն այսքան ձգձգվել․ գուցե հենց այն նկատառումով, որպեսզի կիրառվի վաղեմության ժամկե՞տը։

Այս վճռով, ըստ էության, ոչ միայն արդարացվում է լրագրողի վրա հարձակում գործած անձը, այլև «կանաչ լույս» է վառվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ նոր բռնությունների համար և հաստատվում անպատժելիության մթնոլորտ։

Հաշվի առնելով դատավճռի ակնհայտ կողմնակալությունն ու անարդարությունը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք․

  • ՀՀ դատական իշխանության Էթիկայի և կարգապահական հանձնաժողովից և Արդարադատության նախարարից՝ ուսումնասիրել տվյալ դատական գործը և դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ անփութությամբ խախտում կատարած լինելու դեպքում հարուցել կարգապահական վարույթ,
  • Վերաքննիչ քրեական դատարանից՝ բեկանել առաջին ատյանի վճիռը, ապահովել գործի համակողմանի ու անաչառ քննություն և պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառողներին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
The sessions hall of the Armenian National Assembly Parliament

Լրագրողական կազմակերպությունները քննադատում են վիրավորանքի և զրպարտության փոխհատուցման չափերը հնգապատկելու օրինագիծը

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցման առավելագույն չափերը հնգապատկել՝ հասցնելով համապատասխանաբար 5 միլիոն և 10 միլիոն դրամի, մտահոգություն ու վրդովմունք է առաջացրել հայաստանյան և միջազգային լրագրողական հանրության շրջանում։ Զուտ քաղաքական նկատառումներով առաջ քաշված այս մոտեցումը որևէ կերպ չի կարող նպաստել հայտարարված նպատակների իրագործմանը` անպատասխանատու լրագրության դրսևորումների բացառմանը և քաղաքացիների տեղեկատվական իրավունքների պահպանմանը։

Այս նախաձեռնությունն առավել վտանգավոր է այն իրողության ֆոնին, երբ ամեն ամիս ավելանում են իշխանության ներկայացուցիչների կողմից դատական հայցերն ընդդեմ լրատվամիջոցների՝ վիրավորանքի և/կամ զրպարտության հիմքով, ընդ որում՝ փոխհատուցման առավելագույն պահանջներով. 1 միլիոն դրամ վիրավորանքի և 2 միլիոն՝ զրպարտության համար։ Ճիշտ է, այդ պահանջները հազվադեպ են ամբողջությամբ բավարարվում, սակայն առկա իրավիճակում փոխհատուցման չափերի հնգապատկումը հստակ ուղերձ կդառնա դատական համակարգի համար և կդրդի ավելի խիստ վճիռների կայացմանն ընդդեմ ԶԼՄ-ների։

Սրանով կխաթարվի նաև հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքի և նույն կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։ Բացի այդ, կանտեսվի ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց կոլապսին։

Կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամն առանց այն էլ ծանր ազդեցություն է թողել լրատվամիջոցների գործունեության վրա։ Ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերի շեշտակի բարձրացումը լուրջ սպառնալիք կդառնա ամբողջ ոլորտի համար, և դրանից կարող են տուժել ոչ միայն որոշ անպարկեշտ հարթակներ, այլև օրենքն ու մասնագիտական էթիկան հարգող լրագրողները։ Քիչ չեն դեպքերը, երբ նաև հիմնավորված քննադատությունն է ընկալվում որպես վիրավորանք կամ զրպարտություն, և փորձ է արվում դատարանի միջոցով «հաշիվ մաքրել» լրատվամիջոցների հետ։

Խնդրո առարկա նախագիծը մտահոգիչ է նաև այն համատեքստում, որ վերջին ամիսների ընթացքում հաճախակի են ի հայտ գալիս ԶԼՄ ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հիմնված չեն լինում իրավիճակի խորը ուսումնասիրությունների և փորձագիտական շրջանակների խորհրդատվության վրա:

Նկատի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, Ազգային ժողովից պահանջում ենք.
• մերժել վերոհիշյալ օրինագծի ընդգրկումը խորհրդարանի օրակարգ և հանել փաստաթուղթը շրջանառությունից,
• նախաձեռնել բաց քննարկումներ ԶԼՄ-ներում տարածվող վիրավորանքի և զրպարտության խնդրի և դրան հակազդելու հնարավորությունների վերաբերյալ՝ քաղաքական ուժերի, պետական մարմինների, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ,
• օրենսդրորեն խրախուսել որակյալ լրագրության զարգացումն ու տեղեկատվական վեճերի արտադատական լուծումները։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Scroll to top