Ծրագրեր

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը (ԲՏԻ) Հայաստանում ծրագրեր է իրականացնում 2003 թվականից, որպես Լոնդոնում գործող Media Diversity Institute կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ:2006 թվականին կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց Հայաստանում` իր խորհրդի կազմում ունենալով բրիտանական կազմակերպության ներկայացուցիչների, սակայն գործելով որպես անկախ հասարակական կազմակերպություն:

2003-ից 2006 թվականներին Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ ԲՏԻ-ին իրականացրել է եռամյա ծրագիր, որն ուղղված էր Հարավային Կովկասում լրատվամիջոցների բազմակարծության բարելավմանը:

Այս և հետագա տարիներին կազմակերպությունը իրականացրել է տասնյակ սեմինարներ լրագրողների, հասարակական կազմակերպությունների, լրագրության դասախոսների համար, իրականացրել է Հայաստանում փոքրամասնությունների լուսաբանման հետազոտություն, հրապարակել է «Բազմակողմանի լրատվության ձեռնարկ», «Լրատվամիջոցների հետ հարաբերությունները. ձեռնարկ հասարակական կազմակերպությունների համար», «Լրատվամիջոցների հետ հարաբերություններ. Խորհուրդներ առաջատար հայ մասնագետներից», «Բազմազանության դասավանդման ուղեցույց» գրքերը, ներդրել է «Լրատվամիջոցների բազմազանություն» թեման Երևանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի, Շիրակի համալսարանի լրագրության ֆակուլտետներում:

Նույն տարիներին ԲՏԻ-ին իրականացրել է մի շարք թիմային լրագրողական նախագծեր, որոնց շրջանակներում թողարկվել են ներդիրներ «Առավոտ» և «Ազգ» թերթերում, ռադիոհաղորդում, որը հեռարձակել է «Ռադիո Հայ» ռադիոկայանը, հեռուստատեսային հաղորդումներ, որոնք հեռարձակվել են «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով:

2007 և 2008 թվականներինխորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ, ԲՏԻ-ն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացրել է «Հիմնական ասելիք» և «Հիմնական ասելիք 2» ծրագրերը, որոնց շրջանակներում իրականացվել են ֆոկուս գրուպ հարցումներ քաղաքական օրակարգի տարբեր խնդիրների շուրջ հասարակության կարծիքը պարզելու համար, իսկ այնուհետև նույն թեմաները քննարկվել են քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ թոք-շոուներում` հասարակությանը հնարավորություն տալով տեսնելու, թե որքանով են քաղաքական ուժերի դիրքորոշումները մոտ հասարակության դիրքորոշումներին:

2008-2010 թվականներին ԲՏԻ Հայաստանը կենտրոնացավ նոր մեդիայի և սոցիալական մեդիա վրա: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ ԲՏԻ-ին իրականացրեց ԲարՔեմպ ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ անցկացվեց ԲարՔեմպ կոնֆերանսը, ԲարՔեմպներ տեղի ունեցան նաև Գյումրիում, Վանաձորում, Վարդենիսում: ԲՏԻ-ի նախաձեռնությամբ իրականացված Բարքեմպը շարունակեց ինքնուրույն գոյությունը և 2009թ.-ից մինչ օրս: Բացի այդ, Բարքեմպներ պարբերաբար անցկացվում են նաև Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում:

2010-11 թվականին ԲՏԻ-ին Եվրամիության ENPA-FLEG ծրագրի դրամաշնորհով իրականացրել «Հայաստանի անտառներ» ծրագիրը, որի նպատակն էր օգնել անտառների խնդիրներով զբաղվող բնապահպաններին իրենց ձայնը լսելի դարձնել հասարակության համար: Ծրագրի շրջանակներում իրականացվեցին սեմինարներ լրագրողների, բնապահպանների համար, ստեղծվեց http://www.antarner.net կայքը, որը արժանացավ մեծ ուշադրության, կայքում հրապարակվող նյութերը բազմիցս վերահրապարակվեցին այլ լրատվամիջոցներում, իսկ նյութերից մեկով քրեական գործ հարուցվեց Լոռու մարզում ապօրինի ծառահատումների պատասխանատուների դեմ:

2012-2013 թվականներին ԲՏԻ-ն իր գործընկերոջ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հետ ստեղծեց ընտրախախտումների մասին ահազանգելու http://iditord.org հարթակը, որը հաջողությամբ գործեց 2012-ի խորհրդարանական, 2013-ի նախագահական և և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Այս ծրագիրը ֆինանսավորվում էր մի շարք դոներների կողմից, այդ թվում ԱՄՆ Զարգացման գործակալություն, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, «Քաունթերփարթ»:

2013 թվականից ԲՏԻ-ին Հայաստանի ազգային պլատֆորմի կազմում ակտիվորեն մասնակցում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքներին:

2014 — 2015թթ. ԲՏԻ-ն իրականացրեց «Կին քաղաքական գործիչների հզորացման» ծրագիրը` Բրիտանական խորհրդի ֆինանսավորմամբ, որի շրջանակներում շուրջ 20 կին քաղաքական գործիչներ, հայաստանյան թե’ իշխանական, թե՛ ընդդիմադիր կուսակցություններից, անցան «Մեդիա վերապատրաստում»:

2018 թվականից ԲՏԻ-ն ներգրավվել է թվային և տեղեկատվական անվտանգության ոլորտներում՝ անցկացնելով ՏՏ անվտանգության աուդիտներ և գնահատումներ և թվային աջակցություն տասնյակ հայաստանյան իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունների։ Այս նախաձեռնությունների շրջանակներում 2019-ի սեպտեմբերից ԲՏԻ-ն մեկնարկել է ՏՏ աջակցության պորտալը և Թվային սպառնալիքների ուսումնասիրման լաբորատորիան https://cyberhub.am, որի շրջանակներում աջակցություն է տրամադրում ինչպես անհատ լրագրողներին, քաղաքացիական ակտիվիստներին, այնպես էլ իրավապաշտպան ՀԿ-ներին և անկախ լրատվամիջոցներին։

2020-ի հուլիսից, Տեղեկատվության ազատության կենտրոնի հետ համագործակցությամբ, ԲՏԻ-ն իրականացնում է «Ապատեղեկատվության վիրուսի դեմ պայքար» ծրագիրը, որի շրջանակներում մշակվել է Փաստերի ստուգման մասին դասավանդման ուղեցույց և ներդրվել են կրթական ծրագրեր հայաստանի 3 բուհ-երում և 2 դպրոցներում, ստեղծվել են փաստերի ստուգման կրթական լաբորատորիաներ։

Scroll to top