Open post
Armenia -- Security service stops journalists' action in Parliament, Yerevan, 26Mar2025

Հայտարարություն ԱԺ֊ում լրագրողների իրավունքները խոչընդոտելու վերաբերյալ

Երեկ՝ մարտի 26-ին, Ազգային ժողովում, երբ պետք է սկսվեր Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց օթյակից փորձել են ակցիա իրականացնել՝ պարզելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պատկերով և «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով պաստառ, ինչը կոպտորեն կանխվել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։ Ըստ էության, սա օրեր առաջ Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, երբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիրավորական վերաբերմունք էր դրսևորել Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։

            Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր մի շարք հայտարարություններում (հղումներ՝ 1, 2, 3) բարձրաձայնել ենք, որ Խորհրդարանում անվտանգության ծառայության աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, խոչընդոտում են լրագրողների գործունեությունը՝ որոշ դեպքերում նաև անհամաչափ ուժ կիրառելով նրանց նկատմամբ։ Ինչ վերաբերում է վերջին միջադեպին, ապա դա լրագրողների արտահայտման ազատության կոպտագույն խախտում է՝ վերջիններիս սեփական իրավունքները պաշտպանելու ոչ իրավաչափ և բիրտ արգելք։ Այս ամենը վկայում է, որ Ազգային ժողովում վաղուց առկա է ԶԼՄ-ների գործունեության և անվտանգության ծառայության լիազորությունների բախում։ Պետական օբյեկտների պահպանության քողի ներքո անթույլատրելի են լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի անհիմն կիրառումը և խոսքի ազատության սահմանափակումը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք․

  • Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկել և բացահայտել, թե ինչպես են հնարավոր դարձել այս և անցյալում անվտանգության ծառայողների մասնակցությամբ նմանատիպ միջադեպերը, քայլեր ձեռնարկել դրանք ապագայում բացառելու ուղղությամբ,  
  • ՊՊԾ-ից՝ ծառայողական քննություն անցկացնել մարտի 26-ի միջադեպի վերաբերյալ, պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին և վերանայել նրանց գործելակերպը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս,
  • ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ քաղաքական կամք ցուցաբերել և հրապարակավ գնահատական տալ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծին, որը հանրային վրդովմունք է առաջացրել։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- MP Andranik Kocharyan targets jouirnalist Hripsime Jebejyan, Yerevan, 21Mar2025

Հայտարարություն լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սանձարձակ պահվածքի առնչությամբ

Երեկ՝ մարտի 20-ին, Ազգային ժողովում հերթական անգամ դրսևորվել է խիստ մտահոգիչ, անթույլատրելի վերաբերմունք լրագրողի նկատմամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նկատելով, որ իր հետ ճեպազրույց նախաձեռնած մի խումբ թղթակիցներին միացել է նաև «Tribune.am» կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ վերջինս այլ տեղ կանգնի և չխանգարի, իսկ երբ լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ այդ վերաբերմունքի առնչությամբ, պատգամավորը հորդորել է նրան «մաքրել շրթունքները»։ 

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան պաշտոնյայի այս սանձարձակ պահվածքը՝ արձանագրելով, որ Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ կիրառվել է և՛ մասնագիտական գործունեությամբ, և՛ սեռով պայմանավորված խտրականություն։ Առանձնակի վրդովմունք է առաջացնում այն, որ Անդրանիկ Քոչարյանը միջադեպից հետո հրաժարվել է ներողություն խնդրել լրագրողից և, ըստ հետագա իր մեկնաբանությունների, չի պատրաստվում դա անել։ Մինչդեռ նա այն պաշտոնյաներից է, որն առավել հաճախ է թիրախավորում և նսեմացնում լրագրողներին, այդ թվում՝ Հռիփսիմե Ջեբեջյանին։

Այս տիպի կոնֆլիկտները դարձել են խորհրդարանի առօրյայի անբաժանելի մաս։ Բազմիցս բարձրաձայնել ենք պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա խիստ լարվածության և անհանդուրժողականության մասին, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն անվայելուչ վարքագիծ են ցուցաբերում ու վիրավորում ընդդիմադիր ԶԼՄ-ների թղթակիցներին, իսկ ընդդիմադիր գործիչները նույն պահվածքը դրսևորում են իշխանամետ լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ։ Ընդ որում, որպես կանոն, նման կոնֆլիկտներն անհետևանք են մնում խորհրդարանականների համար․ մինչ այժմ նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այս առումով առավել քան հրատապ է դարձել ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի ձևավորման հետ կապված խնդիրների լուծումը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք․

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և դրա ԱԺ խմբակցությունից՝ քննարկման առարկա դարձնել և գնահատական տալ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարվելակերպին, որը նա դրսևորել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ շփվելիս, և հրապարակայնորեն հայցել վերջինիս ներողամտությունը,
  • ԱԺ ղեկավարությունից և բոլոր խմբակցություններից՝ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց և այդ նպատակով իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- RFE/RL Microphone on a stand, Yerevan, 27Feb2025

«Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գրառումների միջոցով վարկաբեկելու ալիք է նկատվում

Վերջին շաբաթվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գրառումների միջոցով վարկաբեկելու ալիք է նկատվում, ինչը երկրում խոսքի ազատության ապահովման տեսակետից խիստ մտահոգիչ է։ Այդ արշավը սկիզբ էր առել ավելի վաղ, սակայն առավել մեծ թափ ստացավ, երբ լրատվամիջոցի հասցեին մեղադրանքներ ուղղեցին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց աջակցող շրջանակներ։
            Այս առումով հատկապես ուշագրավ են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան  գրառումները, որոնցում «Ազատություն»-ը, մասնավորապես, մեղադրվում է ֆեյքեր տարածելու կամ միակողմանի լրատվության համար, կասկածի տակ է դրվում լրատվամիջոցի պրոֆեսիոնալիզմը:     

Քննադատությանը միացածներից շատերն իրենց իրավունք են վերապահել դասեր տալ խմբագրությանը, ընդհուպ՝ թե ում պետք է հրավիրել հարցազրույցի և ում ինչ հարց պետք է տալ, կամ ինչու է հրապարակվում ընդդիմադիր գործչի մի մեկնաբանություն, որն արմատապես հակասում է պաշտոնական դիրքորոշմանը։

Սա ոչ այլ ինչ է, քան խմբագրական ազատությանը միջամտելու դատապարտելի փորձ, որի հետ չի կարող համակերպվել ոչ տվյալ լրատվամիջոցը, ոչ էլ լրագրողական համայնքն ընդհանրապես՝ անկախ քաղաքական նախասիրություններից։ Մանավանդ որ «Ազատությունն» իր գործունեությամբ ապացուցել է, որ բաց է հակադիր կարծիքներ ու գաղափարներ ներկայացնելու, ինչպես նաև սեփական հնարավոր բացթողումները քննարկելու և ուղղելու համար։

Մինչդեռ, տվյալ դեպքում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները քննադատությունը հանդուրժելու և ընդունելու, բացահայտված թերությունները վերացնելու, սեփական հակափաստարկներով ընդդիմախոսներին արձագանքելու փոխարեն, փաստորեն, իրենց «սվիններն» ուղղում են այն խմբագրության դեմ, որը հայաստանյան լրատվական դաշտում որակյալ լրագրության ամենահարուստ փորձն ու ավանդույթներն ունեցողներից է։ Սա հատկապես անթույլատրելի է այսօրվա պայմաններում, երբ որակյալ ԶԼՄ-ներն օբյեկտիվորեն ապրում են ծանր ժամանակներ՝ բախվելով լուրջ ֆինանսական և քաղաքական խնդիրների։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրելով, որ վերջին շրջանում «Ազատություն» ռադիոկայանին թիրախավորելու և անհիմն մեղադրանքներ ուղղելու առիթ դարձած հրապարակումները վերաբերել են հանրային կարևորություն ունեցող թեմաների, իսկ ցանկացած լրատվամիջոցի թիրախավորմամբ դրանց լուսաբանումը խոչընդոտելու փորձերը անթույլատրելի են, կոչ ենք անում․

  • իշխանության ներկայացուցիչներին՝ դադարեցնել այդ և ցանկացած այլ լրատվամիջոցի վարկաբեկման արշավ կազմակերպելու պրակտիկան, տեղեկատվական վեճերը լուծել ու անհամաձայնություններն արտահայտել նույն հարթակներում՝ օգտագործելով հերքման կամ պատասխանի հնարավորությունները,
  • լրատվամիջոցներին՝ չենթարկվել քաղաքական ճնշումների, միևնույն ժամանակ ապահովել բազմակարծություն և նպաստել քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը,
  • հասարակությանը՝ հետևողականորեն պահանջել իշխանություններից հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին, հարգել խոսքի ազատությունը և հանդուրժողականություն դրսևորել քննադատության նկատմամբ՝ հատկապես մասնագիտական բարձր չափանիշներով առաջնորդվող լրատվամիջոցների հետ հարաբերվելիս։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post

Հայաստան. թվային սպառնալիքների համապատկերը 2023

Թվային անվտանգության համատեքստում Հայաստանն աչքի է ընկել մի քանի պատճառներով. երկիրը ենթարկվել է այլ պետությունների կողմից հովանավորվող կիբեռհարձակումների, այդ թվում՝ NSO Group-ի Pegasus լրտեսող ծրագրի միջոցով, որը կիրառվել է Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ։ Աշխարհաքաղաքական համապատկերը է՛լ ավելի է բարդանում համաշխարհային այնպիսի կիբեռտերությունների ներգրավմամբ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը և Իսրայելը, որը ծառայություններ է մատուցում Ադրբեջանին: Այս երկրները, ինչպես հայտնի է, ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանի ներսում՝ գրգռելով առանց այն էլ լարված կիբեռմիջավայրը։

Սույն զեկույցում ներկայացված են Հայաստանում քաղաքացիական հասարակության և լրագրողների առջև ծառացած սպառնալիքները, ինչպես նաև՝ արժեքավոր դիտարկումներ կիբեռանվտանգության փորձագետների համար: Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները, ինչպիսիք են Google-ը, Microsoft-ը, Meta-ն և Apple-ը, հրապարակել են զեկույցներ՝ մատնանշելով Հայաստանը թիրախավորած տարատեսակ կիբեռհարձակումներ: Այս զեկույցներն ընդգծում են, որ զգայուն տվյալների և ենթակառուցվածքների պաշտպանության համար անհրաժեշտ են կիբեռանվտանգության ուժեղացված հրատապ միջոցառումներ:

Open post

ՍԹԱՓ․ Ստանդարտ․ թվային անվտանգության փաթեթ՝ հայաստանյան ՔՀԿ-ների համար

Թվային անվտանգության քաղաքականությունների ստանդարտները մշակվել են Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կառույցների համար։ Այս ստանդարտներում արտացոլված է միջազգային լավագույն փորձը, որտեղ հաշվի են առնվել հայաստանյան ՔՀԿ-ների կարիքներն ու հնարավորությունները։ Այս ստանդարտներն իրենց մեջ ներառում են բազային նվազագույն անհրաժեշտ միջոցները, որոնք պետք է ձեռնարկեն հայաստանյան ՔՀԿ-ները՝ իրենց և իրենց շահառուների թվային և կիբեռ անվտանգությունը պաշտպանելու, անձնական տվյալները պահպանելու և անվտանգ գործուենություն իրականացնելու համար։

Յուրաքանչյուր ՔՀԿ կամընտիր եղանակով կարող է ձեռք բերել այս ստանդարտները, ներդնել իր կազմակերպությունում և բարելավել կազմակերպության թվային ակտիվների և ենթակառուցվածքների վիճակը։

Եթե դուք հետաքրքրված եք այս ստանդարտներով, ապա կարող եք ներբեռնել դրանք և միանալ այն կազմակերպությունների ցանցին, որոնք ներդրել, կիրառում և առաջնորդվում են այս ստանդարտներով։

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը տարեկան կտրվածքով իրականացնում է ՔՀԿ-ների թվային անվտանգության և ՏՏ աուդիտներ, որոնց ուղենիշը այս փաստաթղթում տեղ գտած ստանդարտներն են։ Եվ մենք պատրաստ ենք տեղական ՔՀԿ-ներին տրամադրել թվային անվտանգության ստանդարտների բավարարման սերտիֆիկատներ՝ մեկ տարի ժամկետով, եթե վերջիններիս կողմից այն ներդրվել է իսկ կազմակերպության թվային ակտիվների ու ենթակառուցվածքների աուդիտը ցույց է տվել, որ այն համապատասխանում է առաջարկվող ստանդարտներին։ Ստանդարտների ցանցին միանալում համար անցեք հղմամբ։

————

Այս փաստաթուղթը մշակվել է «Թվային անվտանգության ազգային ստանդարտներ ՔՀԿ-ների համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից:

Ծրագիրն իրականացվում է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, CyberHUB նախաձեռնության և Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի կողմից։

Open post
Armenia -- Police uses force against "Hraparak" newspaper's journalist Lusine Shahverdyan, Yerevan, 14Nov2024

Հայտարարություն «Հրապարակ» օրաթերթի թղթակցի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում կրկին լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպք է տեղի ունեցել։ Երբ «Հրապարակ» օրաթերթի թղթակից Լուսինե Շահվերդյանը փորձել է մեկնաբանություն վերցնել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից, մոտակայքում գտնվող ՊՊԾ աշխատակիցը որոշել է, որ պաշտոնյան չի ուզում շարունակել զրույցը, և բռնելով լրագրողի ձեռքը՝ մի կողմ է քաշել նրան։ Ընդ որում՝ դա արել է այնպես, որ Լուսինե Շահվերդյանի ձեռքի վրա կապտուկ է առաջացել։ Փաստը տեսագրված է և առկա է համացանցում։

Սա առաջին դեպքը չէ, երբ անվտանգության ծառայողները առերևույթ ինքնիրավչություն են դրսևորում և խոչընդոտում խորհրդարանում հավատարմագրված լրագրողների օրինական գործունեությունը։ Ամենացցուն  օրինակներից է՝ երբ նիստերի դահլիճում իրավիճակը թեժանում է, և պատգամավորները ձեռնամարտի են անցնում, ՊՊԾ աշխատակիցները ներխուժում են մամուլի օթյակ, ստիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դուրս գալ այնտեղից և դադարեցնել նկարահանումները։ Արձանագրված են նաև մի շարք այլ նման դեպքեր։

Ինչ վերաբերում է «Հրապարակի» թղթակցի նկատմամբ կիրառված բռնությանը, ապա առնվազն անհասկանալի են մնում ՊՊԾ աշխատակցի գործողությունների շարժառիթները․ ինչո՞ւ է ծառայողը միջամտում լրագրողի և նախարարի զրույցին, եթե վերջիններից ոչ մեկը նրա «օգնության» կարիքը չի ունեցել և նրան չի դիմել, ո՞վ է թույլ տվել, որ այդ ծառայողն ականջ դնի լրագրողի և նախարարի խոսակցությանը, և վերջապես ո՞վ է նրան իրավունք տվել որոշելու, թե ԱԺ-ում հավատարմագրված թղթակիցը որ հարցից հետո պետք է ուժի գործադրմամբ հեռացվի զրուցակցից։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում խորհրդարանում լրագրողի աշխատանքի խոչընդոտման հերթական փաստի կապակցությամբ, խստորեն դատապարտում ենք նրա հանդեպ կիրառված բռնությունը և պահանջում ենք․

  • ՊՊԾ-ից՝ անհապաղ նախաձեռնել ծառայողական քննություն անվտանգության այն աշխատակցի կամ աշխատակիցների նկատմամբ, որոնք առնչություն են ունեցել տվյալ միջադեպին և առերևույթ չարաշահել են իրենց լիազորությունները,
  • ԱԺ ղեկավարությունից՝ աշխատանք տանել ՊՊԾ-ի հետ և միջոցներ ձեռնարկել, որպեսզի անվտանգության աշխատակիցներն իրենց գործառույթներն իրականացնելիս չհատեն թույլատրելիի սահմանները և չխոչընդոտեն լրագրողների օրինական գործունեությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post

Հայտարարություն. «Ոստիկանության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ

Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել էին ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծեր, որոնցով  տարբեր տնտեսվարողներ պարտավորվելու էին տեղադրել և ոստիկանության համար 24/7 ռեժիմով մուտք ապահովել տեսահսկման համակարգեր։ Հանրային հեռուստաընկերության եթերում իրականացված հանրային քննարկման ընթացքում Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել էր, որ տեսահսկման համակարգի շրջանակում կիրառվելու է արհեստական բանականություն:

Նախագծերի փաթեթը ներկայացվել էր Ազգային Ժողովին եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունվել էր առաջին ընթերցմամբ:

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացվել էին մտահոգություններ, բովանդակային դիտողություններ եւ առաջարկություններ՝ որպես հետեւանք ակնկալելով, որ նախագծերը չեն ընդունվի ԱԺ-ի կողմից:

2024 թվականի նոյեմբերի 11-ին ՆԳՆհայտարարություն է տարածել նախագծերի փաթեթը ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացնելուց ձեռնպահ մնալու եւ նախագծերի հետագա ընթացքը սառեցնելու վերաբերյալ, ինչը  ըստ էության համապատասխանում է նախագծերը ընդունելու վերաբերյալ քաղաքացիական հասարակության ակնկալիքին:

Միաժամանակ, ՆԳՆ-ն նույն հայտարարությամբ որպես խնդրի փուլային լուծման տարբերակ առաջարկել է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։

Հաշվի առնելով  Հայաստանում տվյալների պաշտպանության եւ կիբեռանվտանգության խնդիրները եւ մարտահրավերները սույն հայտարարությունը ստորագրած կազմակերպություններս գտնում ենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տեխնոլոգիաների կիրառման օրենսդրական կարգավորման նման նախաձեռնությունները պետք է իրականացվեն հանրային լայն ներգրավվածությամբ, հատկապես քաղաքացիական հասարակության եւ մասնագիտական հանրույթի ներգրավմամբ եւ ոլորտային հարակից օրենսդրության եւ պրակիկայի պատշաճ ուսումնասիրությամբ: 

Սույն հայտարարությամբ նաեւ պատրաստակամություն ենք հայտնում ակտիվորեն ներգրավվելու ՆԳՆ-ի կողմից նախաձեռնվելիք հանրային եւ աշխատանքային քննարկումներին՝ տրամադրելով մեր մասնակգտական աջակցությունը: 

  • Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ (CyberHUB)
  • Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ (HAHR)
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
  • Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
  • Փոփոխություն ՀԿ
  • Փինք իրավապաշտպան ՀԿ
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
  • Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
  • Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  • Գորիսի մամուլի ակումբ
  • Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
  • Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
  • Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
  • «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
  • Հանրային լրագրության ակումբ
  • Երևանի մամուլի ակումբ
  • Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
  • «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  • Լրագրողմեր Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
Open post

Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան․ փաստահավաք զեկույց

Այս զեկույցում ուսումնասիրվում է Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի իրավիճակը՝ սկսած 2020 թվականի երկրորդ արցախյան պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումը և դրան հաջորդած էթնիկ զտումը։ Միջազգային փաստահավաք աշխատանքները ներառել են հարյուրավոր վկայություններ և բաց աղբյուրների տվյալներ, որոնց վերլուծությունը նպատակ ունի պատասխանել այն հարցին, թե ինչու 2024 թվականի մայիսի դրությամբ Լեռնային Ղարաբաղում չեն մնացել էթնիկ հայեր։ Զեկույցը փաստագրում է, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղի բնակիչները դիտավորյալ ենթարկվել կանոնավոր հարձակումների, ահաբեկումների, հիմնարար իրավունքների և արժանապատիվ կենսապայմանների բացակայության, ինչպես նաև հարկադրված տեղահանության։

Փաստահավաք զեկույցը համատեղ պատրաստվել է Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հելսինկյան քաղաքացիական ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, և Truth Hounds-ի կողմից: Բաց աղբյուրների հետաքննությունը և վավերացումն իրականացրել է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը։

Զեկույցը հասանելի է Freedom House-ի կայքում։

Open post

Բազմազանության լուսաբանման ձեռնարկ

Այս ձեռնարկը ստեղծվել է հաջակցություն լրագրություն սովորող ուսանողների և գործող լրագրողների, որոնք իրենց ամենօրյա աշխատանքում շփվում են հասարակության ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների հետ։

Լրագրողների առաքելությունն է արագ արձագանքել միջադեպերին, գտնվել ճգնաժամերի էպիկենտրոնում և թեժ կետերում, լսելի դարձնել մարդկանց ձայնը և կապող օղակ լինել պետության, քաղաքացիական հասարակության և հանրության միջև, ճշգրտորեն ներկայացնել ուղերձները և միևնույն ժամանակ՝ չվնասել։ Այս ձեռնարկում խոսելու ենք հենց չվնասելու և զգայուն լուսաբանման կարևոր գործի մասին՝ ինչպես նախապատրաստվել հարցազրույցներին և ինչպես վարել դրանք, ինչ անել և ինչ չանել մարդկանց ամենատարբեր խմբերի հետ հաղորդակցվելիս, որպեսզի ստեղծվող արտադրանքը որևէ կերպ չվնասի նյութի հերոսին կամ աղբյուրին, լինի զգայուն և մատչելի լայն լսարանի համար։

Կարևոր է նշել, որ դեպքերի ուսումնասիրության մեջ ներառված նյութերն ուղիղ մեջբերումներ են աղբյուրներից, և դրանք որևէ կերպ չեն խմբագրվել այս ձեռնարկում, ներկայացված են այնպես, ինչպես հրապարակվել են լրատվամիջոցների կողմից։ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը պահպանել է դեպքերի ուսումնասիրության մեջ ներառված նյութերի թվային արխիվները՝ դրանք մշտապես հասանելի պահելու նպատակով։ Եթե որևէ նյութի աղբյուր հնարավոր չէ գտնել, կամ տրված հիպերհղումները հասանելի չեն, ապա դիտարկված բովանդակություններին կարող եք ծանոթանալ ԲՏԻ ամպային տիրույթում՝ այս հղմամբ։

Այս ձեռնարկը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Open post
Armenia -- Artur Papyan takes part in an online conference in Seoul, 19Mar2024

Փորձագիտական քննարկում. ինտերնետի անջատումներն ու դրանց ազդեցությանը ժողովրդավարության վրա

Սեուլում ընթացող Ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակում այսօր տեղի ունեցավ փորձագիտական քննարկում՝ ինտերնետի անջատումների ազդեցությունը ժողովրդավարության և ՄԱԿ֊ի Կայուն զարգացման նպատակների իրականացման վրա։

Քննարկման առանցքում ինտերնետի անջատումներն ու արգելափակումներն էին՝ այս կամ այն երկրում նշանակալի իրադարձությունների, հակամարտությունների, ընտրությունների և բողոքի ցույցերի ֆոնին։

Բանախոսների թվում էին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Կանբար Հոսեյն֊Բորը, Cloudflare ընկերության ներկայացուցիչ Քարլի Ռեմսին, Access Now-ից Ռաման Ջիթ Սինգհ Չիման, Digitally Right Bangladesh-ից Միրաժ Չոդհուրին, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտից՝ Արթուր Պապյանը։ Քննարկումը մոդերացնում էր Ինտերնյուզի ներկայացուցիչ Բրիթանի Պիովեսանը։

Իր խոսքում Արթուր Պապյանն ընդգծեց ինտերնետի անջատումների բացահայտման բարդությունը՝ նշելով այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են ամբողջական և մասնակի անջատումները, ինտերնետային ենթակառուցվածքի տեխնիկական նրբությունները, հաքերային և ֆիզիկական հարձակումները ցանցային ենթակառուցվածքի վրա՝ հատկապես արցախյան պատերազմի համատեքստում:

Posts navigation

1 2 3
Scroll to top