Armenian Media Organizations

Հայտարարություն ատելության և բռնության խոսքի հեռարձակման կապակցությամբ

Նոյեմբերի 12-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել է Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկի խոսքը, որը պարունակել է հայհոյանք ու ատելություն, բռնության ու սպանության սպառնալիք։ Տեսանյութի մի մասը հեռարձակվել է նաև հանրային հեռուստատեսության եթերում։

Իշխանությունների դեմ ուղղված ջարդարար գործողություններից հետո այժմ էլ ինքը՝ իշխանությունը, կարծես թե չի ուզում խտրականություն դնել քաղաքական պայքարի միջոցների մեջ։

Երկրի համար այս ճակատագրական օրերին ահագնացող ներքաղաքական առճակատումը էլ ավելի է պառակտում հասարակությունը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, առաջին հերթին՝ հանրային հեռարձակողին, ապա այսօր դրանց գլխավոր առաքելությունը պետք է լինի հասարակության համախմբման, երկրի առջև ծառացած ծանր խնդիրների լուծմանն ուղղված պատասխանատու գործունեությունը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր համաձայնություն ենք հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան գրառման գնահատականների և պահանջների առնչությամբ, խստագույնս դատապարտում ենք երկրի գլխավոր հրապարակում ատելություն, հայհոյանք և սպառնալիք պարունակող խոսքի տարածումը, ինչպես նաև այլ նման բովանդակությամբ նյութերի հեռարձակումը հանրային հեռուստատեսության եթերում։

Պահանջում ենք նաև․

  • իշխանություններից՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել ատելության, թշնամանքի և բռնության կոչերը հանրայնացնելու փաստերի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, որոնք կազմակերպել և իրականացրել են այդ անթույլատրելի գործողությունը,
  • Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից՝ երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում պատշաճ վերահսկողություն սահմանել եթեր հեռարձակվող բովանդակության նկատմամբ՝ բացառելով թշնամանքի և բռնության հրահրումը,
  • մասնավոր լրատվամիջոցներից՝ առավելագույն պատասխանատվություն, խնդիրների բազմակողմանի և հավասարակշռված լուսաբանում, լրագրողական էթիկայի նորմերին համապատասխանող մասնագիտական գործունեություն։

Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին չենթարկվել սադրանքներին՝ լինեն դրանք ընդդիմության, թե իշխանության կողմից, և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Scroll to top