Ani Nahapetyan

Հայտարարություն լրագրող Անի Նահապետյանին բերման ենթարկելու և մասնագիտական գործունեության խոչընդոտման կապակցությամբ

            Փետրվարի 22-ին Ադրբեջանի մեջլիսի պատգամավորների՝ Երևան այցելելու դեմ բողոքի ակցիա իրականացնող  ցուցարարների հետ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության թղթակից Անի Նահապետյանին։ Վերջինս աշխատանքային պարտականություններն է կատարելիս եղել և միջադեպի պահին ցույց է տվել լրագրողական վկայականը: Ավելի ուշ՝ արդեն ոստիկանության բաժնում, իրավապահներն Անի Նահապետյանի ձեռքից վերցրել են հեռախոսը և ջնջել այն կադրերը, որոնք նա նկարահանել էր շենքի ներսում: Ի թիվս այլ քաղաքացիների, լրագրողի նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով։ Ըստ իրավապահների՝ Անի Նահապետյանը հայհոյանքներ է հնչեցրել իշխանությունների հասցեին, ինչը, սակայն, լրագրողը հերքել է և, իր հերթին, հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։

            Թեև ոստիկանությունը միջադեպի առնչությամբ պարզաբանում է հրապարակել՝ պնդելով, որ «որևէ մեկը չի ներկայացել որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ և չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ», մենք այդ փաստարկը հիմնազուրկ և ոչ համոզիչ ենք համարում, քանի որ անհերքելի ապացույցներ կան առ այն, որ Անի Նահապետյանը և՛ բերման ենթարկվելիս, և՛ ոստիկանության բաժնում տեղեկացրել է, որ լրագրող է։ Այդուհանդերձ, չորս ժամից ավելի բաժնում պահելուց հետո միայն նրան ազատ են արձակել։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք լրագրողի նկատմամբ կիրառված ոչ իրավաչափ գործողությունները, այդ թվում՝ ապօրինի բերման ենթարկելը և մասնագիտական գործունեության խոչընդոտումը։

            Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք․

  • անհապաղ կարճել Անի Նահապետյանի դեմ հարուցված քրեական գործը,
  • ծառայողական քննություն նշանակել և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին,
  • միջոցներ ձեռնարկել՝ ապագայում լրագրողների նկատմամբ նման վերաբերմունքն ու գործողությունները բացառելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Scroll to top