Ադրբեջանի ավտորիտար վարչակազմի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա ս.թ. սեպտեմբերի 13-ին մեկնարկած հերթական հարձակումը երկարատեւ հակամարտության ընթացքում եւս մեկ ագրեսիայի ակտ է, որը շարունակում է ոչնչացնել ենթակառուցվածքները, վնասել բնությանը: Այս նոր պատերազմի արդյունքում հայկական կողմից սպանվել է 135 զինվորական, շատերը` գերի են վերցվել։ Քաղաքացիական բնակչության գնդակոծության հետեւանքով զոհվել է 1, իսկ 6-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ապացույցներ կան զինվորականների, այդ թվում՝ կանանց մարմինների խեղման, այլ պատերազմական հանցագործությունների շարունակական պրակտիկայի մասին: Հայաստանի խիտ բնակեցված Ջերմուկ, Գորիս, Կապան, Վարդենիս և այլն քաղաքներից տեղահանվածների թիվը 2750 է, այդ թվում՝ 370 երեխա և 55 հաշմանդամություն ունեցող անձ։
44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած բանակցությունները ցույց տվեցին, որ թեեւ հակամարտության յուրաքանչյուր սրման դեպքում կարող են լինել հաղթողներ եւ պարտվողներ, հակամարտությունը չի կարող լուծվել բռնության միջոցով, քանի որ դրան հաջորդում է ընդհանուր հայտարարի գալու եւ հակամարտության հետագա զարգացումը կանխելու բանակցությունների փուլը: Կարեւոր է նաեւ հասկանալ, որ հակամարտության յուրաքանչյուր բռնի փուլ ավելի ու ավելի է դժվարացնում ընդհանուր լուծում գտնելու հնարավորությունը, եւ երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանի ժողովուրդների համար կայուն խաղաղությունը դարձնում է անորոշ պատրանք:
Զինվորների ու քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունն ու պատճառած մահերը ժողովրդավարության բացակայության հետեւանք են: Այն նաև ռեսուրսներն ու հարստությունն իրենց ձեռքում կենտրոնացնել ցանկացող մարդկանց կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների, իշխանության անօրինական զավթման հետևանք են։ Այդ մարդկանց չի հետաքրքրում ո՛չ իրենց հարեւան երկրի բնակիչների, ո՛չ էլ իրենց հայրենակիցների կյանքը. նրանք օգտագործում են բոլոր հնարավոր միջոցներն իրենց հասարակությանն ու հակառակորդներին քարոզչության եւ բռնաճնշումների միջոցով շահարկելու, մոլորեցնելու, հիմարացնելու, լռեցնելու եւ վախեցնելու համար։
Հայաստանի և հայերի դեմ այս գործողությունը Ալիևների ընտանիքի վարչակարգի կողմից տասնամյակներ շարունակ կիրառվող ագրեսիայի շարունակությունն է՝ իրենց հայրենակիցների, քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, լրագրողների, ակտիվիստների, ադրբեջանական հասարակության ներսում ընտրակեղծիքների, կոռուպցիայի և անհավասարության դեմ բողոքող մարդկանց նկատմամբ։ Սա նշանակում է, որ եթե այս ագրեսիան հաջողվի, ապա կամրապնդվի կոռուպցիան, բռնաճնշումները, քաղաքական եւ տնտեսական իշխանության մենաշնորհացումը, իսկ Ադրբեջանի հնարավոր ժողովրդավարացումը եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը անհայտ ժամանակով կհետաձգվի:
Ավտորիտար ռեժիմից ժողովրդավարության անցումը դժվար է եւ ցավոտ, այն պահանջում է ինչպես համախմբված, այնպես էլ անհատական ջանքեր եւ ուժ: Այն նաեւ պահանջում է ըմբռնել, որ կայուն եւ խաղաղ տարածաշրջանում ապրելու միակ ճանապարհը դա ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարգման սկզբունքներին հետեւելն է: Այս սկզբունքները կարեւոր են թե՛ հասարակության ներսում եւ թե՛ տարբեր հասարակությունների միջեւ հաղորդակցության համար:
Մենք որպես քաղաքացիական հասարակություններ՝ պետք է հասկանանք, որ ներկայիս էսկալացիան խարխլում է նույն տարածաշրջանում միասին խաղաղ ապրելու հնարավորությունը։
Ներկայիս ագրեսիան խիստ բացասական նախադեպ է ժամանակակից աշխարհի համար, երբ ավտորիտար ռեժիմը բռնություն է գործադրում, եթե խաղաղության բանակցությունները չեն հանգեցնում նրան, ինչ նա ցանկանում է: Ներկայումս մենք տեսնում ենք նմանատիպ իրավիճակ եւ ավելի լայնածավալ բռնություն Արեւելյան գործընկերության մեկ այլ հատվածում։ Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը՝ հրավիրելու այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որը ի կատար ածվեց ս.թ. սեպտեմբերի 15-ին։
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում հաղորդակցության եւ համագործակցության վերջին տասնամյակի ընթացքում մենք ականատես եղանք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության եւ ժողովրդի պայքարին՝ հանուն իրենց հայրենի երկրում ժողովրդավարության ամրապնդման: Մենք նաև ականատես եղանք, թե ինչպես էին Ադրբեջանում անհատ ակտիվիստներին և քաղաքացիական հասարակությանը ենթարկում բռնաճնշումների և հալածանքների, որի հետևանքով նրանք արտագաղթում էին երկրից։ Ցավոք, քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներից շատերը ստիպված եղան ընդունել եւ վերարտադրել Ալիեւի ռեժիմի հիմնական գաղափարախոսությանը: Այնուամենայնիվ, մենք նաեւ ականատես եղանք նրան, որ բազմաթիվ խիզախ ակտիվիստներ հավատարիմ մնացին համընդհանուր մարդկային արժեքներին, որոնք մենք եւս կիսում ենք ԱլԳ շրջանակներում: Այդպիսի արժեքներից են ավելի լավ հասարակությունում եւ տարածաշրջանում ապրելու պատրաստակամությունը, որտեղ հարգվում են մարդկանց իրավունքները, ժողովրդավարական ինստիտուտներն արդյունավետ են եւ քաղաքական իշխանությունը պատվիրակված է ժողովրդի կողմից, այլ ոչ թե գողացված է նրանից:
Կոչ ենք անում ադրբեջանական հասարակությանը եւ հատկապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին արձագանքել ստեղծված իրավիճակին այն գիտակցությամբ, որ մենք բոլորս ապրում ենք այս տարածաշրջանում, եւ միասին պետք է ճանապարհ հարթենք խաղաղ գոյակցության համար։ Մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր բախման ժամանակ զոհված զինվորներն ու քաղաքացիական անձինք՝ մեր որդիներն ու դուստրերն են, եղբայրներն ու քույրերը, հայրերն ու մայրերը, ընկերներն ու հարեւանները։ Մարդկանց կյանքերը եւ մարդկայնությունը ազգություններից, կրոններից, քաղաքական հայացքներից ավելին են:
Կոչ ենք անում Եվրամիությանը.
— դատապարտել Ալիեւի հակաժողովրդավարական վարչակազմի նախաձեռնած էսկալացիան: Ագրեսիան հավասարապես ուղղված է թե՛ հայաստանյան, թե՛ ադրբեջանական հասարակության դեմ, քանի որ այն կորուստներ է պատճառում երկու կողմերին, ինչպես նաեւ խաթարում է տարածաշրջանում խաղաղության եւ զարգացման հնարավորությունները: Այս հարձակումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որպեսզի թույլատրելի լինի իշխանության կողմից կամայական ուժ կիրառելը և մարդկային կյանքեր խլելը.
— ավելի գործուն ջանքեր գործադրել՝ դադարեցնելու շարունակվող ագրեսիան և շարունակելու իր հովանու ներքո սկսված բանակցությունները.
— խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունները եւ պատերազմական հանցագործությունները հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ.
— պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, ներառյալ նրանց, ովքեր գերեվարվել են 2020 թվականի պատերազմի սկզբից ի վեր.
— կազմակերպել ԵՄ բարձր մակարդակի այց Հայաստան՝ իրավիճակը քննարկելու և միջազգային ատյաններում գործողությունները համակարգելու նպատակով.
— քննարկել միջազգային իրավական կարգի խախտման, երկրի ներսում աշխարհի ամենասարսափելի դիկտատորական համակարգերից մեկը ստեղծելու եւ գործարկելու համար Ադրբեջանի եւ դրա իշխանությունների նկատմամբ ԵՄ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը.
— նախաձեռնել քննարկումներ արտաքին դերակատարների հետ նրանց կողմից Ադրբեջանին հատկապես հարձակողական զինտեխնիկայի վաճառքը դադարեցնելու ուղղությամբ.
— ջանքեր գործադրել՝ ապահովելու ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: