Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, գոհունակությամբ ենք ընդունել այն, որ ՀՀ կառավարությունը մարտի 25-ին վերանայեց մարտի 16-ի իր որոշումը և վերացրեց նոր կորոնավիրուսի հետ կապված խնդիրների լուսաբանման անհամաչափ սահմանափակումները։ Այդուհանդերձ, արձանագրում ենք, որ վերանայված դրույթներում հստակ նշված չէ այն լիազոր մարմինը, որն իրավասու է Պարետատան անունից լրատվամիջոցներին պաշտոնական տեղեկություն կամ մեկնաբանություն տրամադրել: Դա արտակարգ դրության մասին որոշման համապատասխան կարգավորումների արդյունավետ կիրառման խնդիրներ է առաջացնում:
Ելնելով ստեղծված իրավիճակում հանրության իրազեկված լինելու, ճշգրիտ, վստահելի և բազմակողմանի տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունից՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ սահմանել հայցվող տեղեկությունները ողջամիտ ժամկետներում լրատվամիջոցներին տրամադրելու հստակ ընթացակարգ և նշանակել դրա համար պատասխանատու մարմին:
Ինչպես և նախորդ հայտարարությունում, վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` աջակցելու հանրության իրազեկումը պատշաճ կազմակերպելուն միտված ցանկացած հարցում:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ