Armenia -- AI Generated image Samvel Martirosyan AI Research, Yerevan, 22Dec2022

Անձնական տվյալների մեքենայական մշակման խնդիրները Հայաստանում

Արհեստական բանականության (artificial intelligence), մեքենայական ուսուման (machine learning) կամ նմանատիպ տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև դրանց միջոցով տվյալների մշակումը Հայաստանում, փաստորեն, դուրս է օրենսդրական կարգավորումից։

Հիմնական գործիքը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքն է, որն ընդունվել է դեռ 2015թ[i]։ Ըստ այդ օրենքի 5֊րդ հոդվածի («Համաչափության սկզբունքը»)`

  1. Տվյալների մշակումը պետք է հետապնդի օրինական նպատակ, դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:
  2. Արգելվում է այնպիսի անձնական տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն տվյալները մշակելու նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ:
  3. Արգելվում է անձնական տվյալների մշակումը, եթե տվյալները մշակելու նպատակին հնարավոր է հասնել ապանձնավորված կերպով:
  4. Անձնական տվյալներ մշակողը պարտավոր է անձնական տվյալները մշակել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար:
  5. Անձնական տվյալները պետք է պահպանվեն այնպես, որ բացառվի տվյալների սուբյեկտի հետ դրանց նույնականացումն ավելի երկար ժամկետով, քան անհրաժեշտ է դրանց նախօրոք որոշված նպատակներին հասնելու համար:

Օրենքը կամ այլ ենթաօրեսնդրական ակտերը, սակայն, հստակորեն չեն անդրադառնում արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, մեծ տվյալների (big data) կամ այլ նման տեխնոլոգիաների միջոցով անձնական տվյալների մշակմանը։ Փաստորեն, անտեսված է, որ նման տվյալների մշակման մեթոդները առաջացնում են լրացուցիչ վտանգներ․ ինչպես անհատական, այնպես էլ հանրային կյանքում։

Այսպես, անձնական տվյալների հիմնական, լայնածավալ մշակողները` երեք բջջային օպերատորներն իրենց՝ անձնական տվյալների մշակման կանոնակարգերում ընդհանրապես չունեն ոչ մի նշում` ալգորիթմերի կիրառման, մեքենայական ուսուցման միջոցով տվյալների մշակման մասին[ii]։

Տվյալ թեման չի շոշափվում ո՛չ օրենսդրական մակարդակով, ո՛չ հանրային քննարկումների տիրույթում։ Միևնույն ժամանակ, Հայաստանում պարբերաբար հայտնվում են ծրագրեր, ուր նման մշակումը կա՛մ ուրվագծում է, կա’մ այն արդեն իրականացվում է։

Հայաստանում անձնական տվյալների զանգվածային մշակումը և դրանց կիրառումը հանրային կյանքում

2017թ․ դեկտեմբերի 13-ին հայտարարվեց, որ Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող Huawei Тechnologies ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Խելացի քաղաք» նախագծի իրականացման հետ կապված հարցեր: Նույն ամսին նախարարության և Huawei Тechnologies-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ ծրագրի իրականացման վերաբերյալ։

Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը և Huawei Тechnologies ընկերության փոխնախագահ Ցաո Չունը։ Հիմնական գաղափարը՝ խելացի քաղաքային կառավարումն է (ինտելեկտուալիզացիա, intellectualization), ինչը նշանակում էր մեծ տվյալների մշակման նորագույն տեխնոլոգիաների կիրառում՝ Երևանի հանրային կյանքի կարգավորման նպատակով[iii]։ Սակայն 2018թ․ Հայաստանում կառավարության փոփոխությունից հետո, բանակցությունները դադարեցին։ Դադարեցին նաև նաև ծրագրի մասին տեղեկությունները[iv]։

Այնուամենայնիվ, զանգվածային տվյալների մշակման գաղափարը չդադարեց գոյությույն ունենալ։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջերս հայտարարեց, թե կան բազմաթիվ ոլորտներ, ուր արհեստական բանականությունը կարելի է օգտագործել, և այն կարող է նորարարություն ապահովել այդ ոլորտներում: Ըստ Ավինյանի, արհեստական բանականությունը կարելի է օգտագործել օրինակ կրթության ոլորտում. «Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ արհեստական բանականությունը ապահովել է, ապահովում է և պետք  է ապահովի նորարարություն և լավարկում: Մենք օգտագործում ենք շատ նման բաներ, օրինակ, դեմքով ճանաչումը (face recognition) կամ, երբ արհեստական բանականության գործիքներն օգնում են բարելավել քաղաքաբնակների կյանքը»[v]։

Զուգահեռ ձևավորվում են կառույցներ և համակարգեր։ 2022թ․ ամռանը Ոստիկանությանը կից ստեղծվեց «Ոստիկանության էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ֊ը։ Այն պետք է միանա Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպում իրականացնող «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ ծրագրին, ինչպես նաև՝ դեղատների, զենքի առևտուր իրականացնող կազմակերպությունների, առևտրի իրականացման վայրերի, հանրային սննդի և կենցաղային ծառայության օբյեկտների, խաղատների ու խաղասրահների մուտքերը տեսաձայնագրող համակարգերին[vi]։

Առաջարկվող նոր նախագծով, ՊՈԱԿ֊ն առցանց հետևելու է հասարակական տրանսպորտը։ Ոստիկանությունն առաջարկում է ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահները ապահովել բարձր որակի տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահելու հնարավորությամբ[vii]։

Քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունը COVID-19 կարանտինի ընթացքում

2020թ.՝ COVID-19 համավարակի պատճառով իրականացվող կարանտինի ընթացքում Հայաստանի կառավարությունը մարտի 16֊ին արտակարգ դրություն հայտարարեց[viii]։

Մի քանի օր անց Ազգային ժողովը կառավարությանը թույլատրեց փաստացի հետևել երկրի բոլոր բնակիչներին՝ օգտվելով բջջային օպերատորների կողմից հավաքագրվող տվյալներից։

Կառավարությունը այդ որոշման հիման վրա հատուկ ծրագրային ապահովում տեղադրեց, որը մեքենայական ուսուցման (machine learning) և մեծ տվյալների (big data) հիման վրա մշակում էր բոլոր հեռախոսազանգերի մետատվյալները (meta-data, ով ում է զանգահարել, երբ, որքան ժամանակ է տևել խոսակցությունը), կարճ հաղորդագրությունների մետա֊տվյալները և աշխարհագրական դիրքի տվյալները, որոնք ստացվում էին բոլոր երեք բջջային օպերատորներից։ Ապրիլի 7-ին համակարգն արդեն գործում էր[ix]։

Վարակակրի շփման շրջանակը պարզելու համար ստացված տվյալները հավաքագրվում և պահվում էին Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի (ԷԿԵՆԳ) սերվերում։ Հատուկ համակարգչային ծրագրի սպասարկումը իրականացվում է և անվտանգությունը վերահսկվում է Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Կառավարությունը չբացահայտեց, թե ում կողմից է պատրաստվել վերահսկողության համակարգը սպասարկող ծրագրային ապահովումը։ «Հետքի» հարցմանը՝ պարետ Տիգրան Ավինյանի անունից պատասխանել էր փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը՝ նշելով, որ զանգերի միջոցով մարդկանց վերահսկելու «համակարգչային ծրագիրը ստեղծվել է հայ կամավոր ծրագրավորողների կողմից»[x]։

Համակարգը աշխատեց մինչև 2020թ. սեպտեմբերի 25-ը, որից հետո տվյալները պարունակող կոշտ սկավառակները ոչնչացվեցին Կառավարության, Ազգային Ժողովի և երեք բջջային օպերատորների ներկայացուցչիների ներկայությամբ[xi]:

Համակարգի աշխատանքի ամբողջ ընթացքում այդպես էլ չստեղծվեց հանրային վերահսկողության որևէ մեխանիզմ, որը թույլ կտար համոզվել, որ տվյալները ԱԱԾ֊ն չի օգտագործում այլ գործառույթներում, որ տվյալները չեն փոխանցվում երրորդ կողմի (հաշվի առնելով այն փաստը, որ համակարգի ստեղծող կազմակերպության իսկությունը այդպես էլ չբացահայտվեց կառավարության կողմից), կամ որ ոչնչացվել են տվյալների բոլոր հնարավոր պատճենները։

Եզրակացություն

Հայաստանյան օրենսդրությունը հաշվի չի առնում, որ անձնական տվյալների զանգվածային և ալգորիթմիկ մշակումը հնարավորություն է ընձեռում ստանալ լրացուցիչ տվյալներ, որոնք կարող են օգտագործվել հանրային գործընթացների վրա ներազդելու համար[xii]։ Նաև հաշվի չի առնվում այն, որ ալգորիթմերի և տվյալների մշակման սխալ կամ ուղղորդված կիրառումը կարող է խտրական բնույթ ստանալ[xiii] ։

Անձնական տվյալների մշակումը և կիրառումը արհեստական բանականության ու ալգորիթմերի կողմից պահանջում է լրացուցիչ ուշադրություն և ավելի խորը դիտարկում, քան մեծ քանակի տվյալներ մշակող նոր տեխնոլոգիաների լայն կիրառումից առաջ էր[xiv]։

Ընդհանուր առմամբ, հանրային քննարկումից, ուշադրությունից դուրս են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ անձնական տվյալների զանգվածային մեքենայական մշակման դեպքում։ Պետության կողմից խնդրի վերաբերյալ համապատասխան իրազեկում, փաստորեն, չի իրականացվում։ Ձևավորված չէ համապատասխան իրավական բազա, չի թարամցվում եղած օրենսդրությունը։ Իր հերթին, հանրությունը քայլեր չի ձեռնարկում ոլորտում վերահսկողություն սահմանելու համար։


[i] Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, https://www.arlis.am/documentview.aspx?docID=98338

[ii] Viva-MTS, Գաղտնիության քաղաքականություն, https://www.mts.am/more/Legal-Information/Privacy-Policy

Ucom, Անձնական տվյալների մշակման քաղաքականություն, https://www.ucom.am/file_manager/poa/20190603_UCOM_privacy%20policy_ARM.pdf

Team Telecom, Գաղտնիության քաղաքականություն, https://www.telecomarmenia.am/hy/privacy-policy

[iii] Huawei-ի «Խելացի քաղաք» նախագիծը փորձնական կներդրվի նաև Հայաստանում, 16.03.2017, https://huaweiarmenia.am/blog-post/16

[iv] Armenia Freedom On The Net Report, 2019, https://freedomhouse.org/country/armenia/freedom-net/2019

[v] Տիգրան Ավինյանը կարևորել է մի շարք ոլորտներում արհեստական բանականության կիրառումը, 05.10.2022, https://radar.am/hy/news/politics-2529933880/

[vi] «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական որ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին, 09.08.2022, https://www.irtek.am/views/act.aspx?aid=117416

[vii] Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում տեղասխցիկներ կտեղադրվեն. նոր նախագիծ, 01.12.2022, https://armlur.am/1228777/

[viii]  Կառավարությունը որոշեց այսօր 18:30-ից արտակարգ դրություն հայտարարել ՀՀ-ի ամբողջ տարածքում, 16.03.2022, https://www.azatutyun.am/a/30490939.html

[ix] Պարետատուն․ Քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգն արդեն գործում է, 07.04.2020, https://www.azatutyun.am/a/30538167.html

[x] Վարակակիրներին հսկող համակարգչային ծրագրի սպասարկումը և անվտանգության վերահսկողությունն իրականացնում է ԱԱԾ-ն, 06.05.2020, https://hetq.am/hy/article/116810

[xi] Արձանագրություն, 25.09.2020, https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/Ardzanagrutyun.pdf

[xii]  The man that killed Cambridge Analytica: ‘We made mistakes, but they aren’t what you think’, 28.08.2019, https://web.archive.org/web/20201008164958/https://www.telegraph.co.uk/technology/2019/08/07/man-killed-cambridge-analytica-made-mistakes-arent-think/

[xiii] The Toronto Declaration: Protecting the right to equality and non-discrimination in machine learning systems, https://www.accessnow.org/cms/assets/uploads/2018/08/The-Toronto-Declaration_ENG_08-2018.pdf

[xiv] #BigData: Discrimination in data-supported decision making, https://fra.europa.eu/sites/default/files/fra_uploads/fra-2018-focus-big-data_en.pdf

Scroll to top