Open post

Թվային անվտանգության վերապատրաստում

Ս.թ. հուլիսի 19-20-ը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը Երևանում անցկացրեց թվային անվտանգության ռիսկերը բացահայտելու, կառավարելու վերաբերյալ վերապատրաստում, որը վարեցին ոլորտի հայտնի մասնագետներ Սամվել Մարտիրոսյանը և Վարդան Արզումանյանը։

Վերապատրաստմանը մասնակցեցին «Իրավունքի զարգացման կենտրոն», Հայաստանում կանանց հիմնադրամ, Կանանց ռեսուրսային կենտրոն, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, Հայ առաջադեմ երիտասարդություն, Հանրային լրագրության ակումբ, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների և այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Վերապատրաստումն անցկացվեց «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ:  Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Open post

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնական e-draft.am կայքում քննարկման են դրվել ՀՀ վարչապետի 2018 թ․ սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման, ՀՀ կառավարության 2012 թ․ օգոստոսի 30-ի թիվ 1104-Ն և 2016 թ․ սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։ Դրանցից առաջինով նախատեսվում է e-gov.am հարթակում չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ Երկրորդով՝ չներկայացնել մեկ անձից իրականացվող գնումների մասին տեղեկությունները, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը, օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների տվյալները: Բացի այդ, առաջարկվում է gov.travel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, դրանց արժեքի, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի վերաբերյալ տեղեկությունները:

Այս փաստաթղթերը մշակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ։

Խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 2018թ․ հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը, որը հաղթանակ տարավ նաև ս․թ․հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, առաջ է քաշում ժողովրդավարական հասարակությանը ոչ հարիր սահմանափակումներ տեղեկատվության ազատության ոլորտում։ Քննարկման դրված փաստաթղթերի դրույթների ճնշող մեծամասնությունը հակասության մեջ է մտնում Սահմանադրության 51-րդ հոդվածի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Բաց կառավարման միջազգային գործընկերության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ։

Այս իշխանությունների՝ թափանցիկ աշխատելաոճ չորդեգրելու մասին ի սկզբանե վկայում էր փաստը, որ նախաձեռնություն չցուցաբերվեց վերանայելու «Գնումների մասին» օրենքի այն դրույթները, համաձայն որոնց՝ պետության առաջին 3 դեմքերի (ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի) գործունեությանը  վերաբերող ծախսերը դեռ նախկին իշխանության օրոք դասվել էին պետական գաղտնիքների շարքում։ Մյուս մտահոգիչ քայլը գրանցվեց, երբ Կառավարությունը  2020թ․ ապրիլին հավանության արժանացրեց բնապահպանական բնույթի տեղեկատվությունը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը։ Այժմ քննարկման դրված փաստաթղթերի փաթեթն էլ այդ սխալ մոտեցումների տրամաբանական շարունակությունն է։

Ի գիտություն ընդունելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության այսօր տարածած հայտարարությունը՝ այնուամենայնիվ ընդգծում ենք, որ այն չի փարատում մեր մտահոգություններն առ այն, որ իշխանությունն իր սուբյեկտիվ ընկալումներով և նեղ քաղաքական շահերից ելնելով՝ կարգելափակի նաև հանրային հետաքրքրություն և նշանակություն ունեցող տեղեկատվությունը։

Հաշվի առնելով, որ նման տեղեկատվական սահմանափակումները հղի են կոռուպցիոն ռիսկերով, հակասում են ՀՀ օրենսդրությանն ու միջազգային նորմերին, իշխանությունների թափանցիկ գործունեության, հասարակության առջև հաշվետվողականության ժողովրդավարական սկզբունքներին՝ մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից․

  • չեղարկել վերոհիշյալ նախագծերը,
  • տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրների լուծումները գտնելու նպատակով համակողմանի քննարկումներ կազմակերպել համապատասխան պետական մարմինների, հասարակական մասնագիտացված կառույցների, անկախ փորձագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով մերժել քրեական գործի հարուցումը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրա հեռախոսը խլելու, ապակոդավորելու և տեսանյութը ջնջելու դեպքի առիթով։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հունիսի 4-ին անդրադարձել էինք այս միջադեպին համատեղ հայտարարությամբ։
Հատկանշական է, որ ավագ քննիչ Խորեն Մեջլումյանն այդ որոշումը կայացնելիս վկայակոչել է վերոհիշյալ փաստերը, որոնց համար քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված։ Այդուհանդերձ, նա եկել է եզրահանգման, որ հանցակազմը բացակայում է, քանի որ «անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը գիտակցաբար խոչընդոտի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը կամ հարկադրի տեղեկություն տարածելու կամ դրանք տարածելուց հրաժարվելուն»։

Այս հիմնավորումն առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ դժվար է ենթադրել, որ պատգամավորն անգիտակցաբար է խլել լրագրողի հեռախոսը և հեռանալով դեպքի վայրից՝ վերացրել իր համար անցանկալի բովանդակությունը։ Մենք պնդում ենք, որ այս միջադեպը մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում է։ Սակայն եթե նույնիսկ քննիչն այդպես չի որակել, ապա լրագրողի գույքն ապօրինի վերցնելը, անձնական տվյալների գաղտնիությունը խախտելը և տեղեկությունը չտարածելուն հարկադրելը բավարար հիմքեր են Հայկ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու համար։

Համադրելով ՀՔԾ այս որոշումը և ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոստումն առ այն, որ իր թիմի հաղթանակի դեպքում երկրում հաստատվելու է օրենքի դիկտատուրա, ստիպված ենք նշել, որ այդ դիկտատուրան աներկբա ենթադրում է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար՝ անկախ նրանից, թե  այն խախտողն իշխանության ներկայացուցիչ է, ընդդիմադիր, թե ապաքաղաքական անձ։

Մեր վրդովմունքն արտահայտելով ՀՔԾ եզրահանգման առնչությամբ՝ պահանջում ենք․

  • ՀՀ դատախազությունից՝ օգտագործելով իր վերահսկողական գործառույթը՝ վերացնել քննչական ծառայության որոշումը, հարուցել քրեական գործ և այն ուղարկել քննության,
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ քննարկման առարկա դարձնել Հայկ Սարգսյանի վարքագիծը լրագրողների հետ հարաբերվելիս և հրապարակայնորեն գնահատական տալ ինչպես այս, այնպես էլ դրանից առաջ նրա մասնակցությամբ տեղի ունեցած մի շարք այլ միջադեպերին,
  • Նորընտիր Ազգային ժողովից՝ առաջնահերթության կարգով լուծել մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի հարցը, ինչպես նաև կանոնակարգել պատգամավոր-լրագրող հարաբերությունները՝ բացառելով միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու անհանդուրժողականությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Scroll to top