Open post
Armenia -- Illustration of Hraparak Daily vs Media Initiatives Center case on Facebook factchecking, Yerevan, 25Oct2022

Հայտարարություն «Հրապարակն» ընդդեմ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործի կապակցությամբ

Հայաստանի դատական ատյաններում քննվում է մի գործ, որը կարող է էական նշանակություն ունենալ տեղեկատվական վեճերի ոլորտում իրավական կարգավորման և դատական ​​պրակտիկայի համար, որն էլ իր հերթին կազդի լրատվամիջոցների և ընդհանրապես խոսքի ազատության վիճակի վրա։ Երևանի առաջին ատյանի դատարանը 2022թ. հուլիսի 6-ին բավարարել է «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի (ՄՆԿ): Վերջինս այս որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, և վեճի հետագա ճակատագիրը մեծապես կարող է պայմանավորել հայաստանյան լրագրողական համայնքում հարաբերությունների բնույթը։

Գիտակցելով խնդրի արդիականությունը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, նպատակահարմար գտանք անդրադառնալ դրան ոչ թե «թարմ հետքերով», այլ ժամանակ հատկացնել վեճի հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրությանը, որի հիման վրա միայն դիրքորոշում արտահայտել։

Վեճը սկիզբ է առել այն պահից, երբ հայցվորը բողոքներ է ներկայացրել factcheck.ge կայքում 2021թ․ հունիսի 16-ին և 20-ին տեղադրված երկու պայմանական «վճիռների» վերաբերյալ, որոնք անդրադառնում էին Hraparak.am կայքում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի համապատասխան օգտահաշվի էջում հրապարակված՝ «Կարող ենք 2 թոփալ ոչխար տալ». Ալիևը պատասխան է փոխանցել Փաշինյանին» նյութին (2021թ․ հունիսի 9) և Սուսաննա Աբրահամյանի հեղինակային հաղորդմանը (2021թ․ հունիսի 18)՝ դրանք համարելով ապատեղեկություն պարունակող։ Factcheck.ge կայքը տնօրինող Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան, որը Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) անդամ է և մեր տարածաշրջանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հետ համագործակցությամբ իրականացնում է այդ հարթակով տարածվող բովանդակության փաստացի ճշգրտության ստուգման ծրագիր, հիմնազուրկ է համարել հայցվորի բողոքները:

Որպես վեճի շարունակություն՝ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի հայաստանյան գործընկեր, նշված պայմանական «վճիռները» պատրաստած «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դեմ, թեև խնդրո առարկա հրապարակումը պատրաստվել էր ոչ միայն ՄՆԿ-ի կողմից, այլև վրացական կազմակերպության հետ համագործակցությամբ։ Դատարանն էլ վճռել է ՄՆԿ-ին պարտավորեցնել factcheck.ge կայքում տեղադրել «զրպարտչական բնույթի» հրապարակումները հերքող գրառում, հօգուտ հայցվորի բռնագանձել 500.000 դրամ՝ որպես հայցվորի «պատվին, արժանապատվությանը և բարի համբավին զրպարտությամբ պատճառված վնասի» փոխհատուցում, ինչպես նաև՝ դատական ծախսերը:

Չցանկանալով խորանալ այս ​​գործի զուտ դատավարական և իրավական այլևայլ մանրամասների մեջ, թեպետ դրանք լուրջ հարցեր են առաջացնում, չենք կարող, սակայն, կասկած չհայտնել «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին անվերապահ պատասխանող ճանաչելու առնչությամբ այն պարագայում, երբ վերջինս իրավասու չէ իր հայեցողությամբ սեփական տեքստերը, այդ թվում նաև՝ հերքումները, հրապարակել մեկ այլ, ընդ որում՝ օտարերկրյա կազմակերպության կայքում։ Միևնույն ժամանակ, մենք՝ որպես ԶԼՄ-ների և խոսքի ազատության խնդիրներով զբաղվող կազմակերպություններ, նախևառաջ մտահոգված ենք դատական վճռի այն դրույթներով, որոնք ուղղակիորեն առնչվում են տեղեկատվական ոլորտին։

Նախ՝ ինչպե՞ս կարելի է այս կամ այն ​​բովանդակությունը համարել զրպարտչական​​, եթե հավասարապես թե՛ հայցվորի կողմից տարածված տեղեկատվության հավաստիությունը, թե՛ պատասխանող կողմի արձագանքի հիմնավորվածությունը ապացուցված չեն, ընդ որում՝ վերջինիս վրա դատարանի կողմից չի դրվել իր ճշմարտացիության ապացուցման բեռը, իսկ factcheck.ge կայքի վիճարկվող տեքստերն ինքնին քննադատական ​​դատողություններ են:

Երկրորդ՝ դատարանն ապահովել է մի կողմի իրավունքը՝ իր ընտրած աղբյուրներին հղում տալով տարածելու չստուգված տեղեկություններ, սակայն նույն իրավունքը մերժել է մյուս կողմին, որն իր գնահատականն է տվել այս հարցի վերաբերյալ՝ նույնպես հենվելով հանրության մեջ լայնորեն տարածված կարծիքների վրա։ Խոսքի ազատությունը հավասարապես բոլոր քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքն է, այդ թվում՝ լրագրողներին և լրատվամիջոցներին քննադատելու հարցերում, հատկապես երբ դա իրականացվում է մասնագիտացված կառույցների կողմից: Մի դեպքում այս իրավունքի պաշտպանությունը, իսկ մյուս դեպքում դրա սահմանափակումը չի կարող ընկալվել այլ կերպ, քան խտրական մոտեցում։

Երրորդ՝ խիստ խնդրահարույց է դատարանի կողմից պատասխանողին պարտավորեցնելը հրապարակել հերքում, որում ասվում է. «Հայտարարում ենք, որ «Հրապարակ օրաթերթ» խմբագրականը բարեխիղճ լրատվամիջոց է, որը պատշաճ, օրենսդրական և էթիկական նորմերի խիստ պահպանման պայմաններում իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը: Հարկ ենք համարում փաստել, որ լրատվամիջոցի կողմից չեն հրապարակվել որևէ կեղծ, իրականությունը խեղաթյուրող կամ ընթերցողին որևէ կերպ մոլորության մեջ դնող տեղեկություններ»։

Հարց է ծագում՝ ո՞վ կարող է իրեն թույլ տալ նման պնդում անել որևէ, թեկուզ ամենահարգված ու հեղինակավոր լրատվամիջոցի վերաբերյալ, որն, անշուշտ, չի կարող ապահովագրված լինել  սխալներից ու բացթողումներից։ Տեղին ենք համարում նաև դատարանին հիշեցնել, որ միջազգային չափանիշներին համապատասխան՝ հերքման տեքստը պետք է ուղղակիորեն առնչվի վիճարկվող փաստերին, և դրանում կոնկրետ գործի հետ անմիջականորեն չառնչվող գնահատականներ ներառելու պահանջներն անօրինական են։

Չորրորդ՝ մեր պարտքն ենք համարում ուշադրություն հրավիրել բոլորին հայտնի այն հանգամանքի վրա, որ կեղծ տեղեկության տարածումն այսօր գլոբալ մարտահրավեր է, որին համարժեք պատասխանի փնտրտուքները ներկայումս ձեռնարկում են Հայաստանի իշխանության բոլոր թևերը, մեդիա և իրավապաշտպան համայնքները, ներառյալ լրագրողական կազմակերպությունները և, մասնավորապես, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը»: Փաստերի ստուգման հարթակների ստեղծումն այդ խնդրի լուծման արդյունավետ մեթոդներից է։ Ցավոք, դատարանը որևէ կերպ չանդրադարձավ և հաշվի չառավ տվյալ հարթակի կամ ընդհանրապես նման հարթակների գործունեության հանրային նշանակությունը, դրա անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում։ Միևնույն ժամանակ, այդ հարթակները, ներկայացնելով գործունեության բավականին նոր ոլորտ, գտնվում են կայացման, տեղեկատվական դաշտի այլ խաղացողների, այդ թվում՝ ավանդական լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի, մեդիայի զարգացման մեջ ներգրավված կառույցների և այլնի հետ գործակցության ձևերի հաստատման փուլում: Այս բարդ գործընթացում առաջացած վեճերը դատական կարգով լուծելիս կտրականապես անընդունելի է այնպիսի մոտեցումների կիրառումը, որոնք հակասում են խոսքի ազատության և օրենքի առջև հավասարության սկզբունքներին, անտեսում են խնդրի առանձնահատկությունները՝ որպիսիք մենք տեսնում ենք այս նախադեպում։

Հինգերորդ՝ ցանկանում ենք շեշտել, որ դատական քննությունը, հատկապես մի ատյանի կողմից, որը, մեր կարծիքով, և ինչպես վկայում են վերը նշված փաստարկները, պատշաճ իրազեկվածություն չի դրսևորել, լավագույն միջոցը չէ ինչպես կոնկրետ լրատվամիջոցի իրավունքների պաշտպանության, այնպես էլ ընդհանուր առմամբ ԶԼՄ-ների հանդեպ վստահությունն ու հեղինակությունն ամրապնդելու հարցերում:  Այն պարագայում, երբ պատասխանողն իրապես առաջնորդվել է լսարանի որակյալ տեղեկատվական պահանջարկի ապահովմամբ, շատ ավելի արդյունավետ մեթոդ է կառուցողական մասնագիտական ​​բանավեճերի ծավալումը, ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների կիրառումը: Իսկ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» ապատեղեկության տարածման դեմ սոցցանցերի ադմինիստրացիայի կողմից կիրառվող ծրագրերի հնարավոր հետևանքներով անհանգստացած իր գործընկերներին բազմիցս առաջարկել է հարթակ՝ համապատասխան քննարկումների և համատեղ լուծումներ փնտրելու համար։

Ընդգծելով, որ մենք՝ ներքոստորագրյալ  կազմակերպություններս, հետևողականորեն հանդես ենք գալիս լրատվամիջոցների ազատությունը սահմանափակող անիրավաչափ միջոցների դեմ և համապատասխան մոտեցում ենք ցուցաբերում ինչպես ավանդական լրատվամիջոցների, այնպես էլ տեղեկատվական ոլորտում նոր երևույթների, այդ թվում՝ փաստերի ստուգման հարթակների առնչությամբ՝
  • մեր մտահոգությունն ենք հայտնում «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի հայցով Երևանի առաջին ատյանի դատարանի՝ 2022թ․ հուլիսի 6-ի վճռի կապակցությամբ,
  • ակնկալում ենք, որ վերոհիշյալ վճիռը կվերանայվի և կհամապատասխանեցվի խոսքի ազատության, որակյալ լրագրության և հավաստի տեղեկություն ստանալու հանրության իրավունքի շահերին, ինչպես նաև այս ոլորտին վերաբերող միջազգային նորմերին և ձևավորված պրակտիկային,
  • կոչ ենք անում բոլոր գործընկերներին պատրաստ լինել սեփական գործունեությանը վերաբերող բաց քննարկումներին, դրանցում ծագած տարաձայնությունները մասնագիտական ​​համերաշխության և փոխըմբռնման ոգով լուծելուն՝ դրանով իսկ ամրապնդելով դատական ​​գործընթացին այլընտրանք ինքնակարգավորման մեխանիզմների կիրառման պրակտիկան։

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ

Open post
Armenia -- An issue of "Zhogovurd" newspaper, 03Oct2022

Հայտարարություն «Ժողովուրդ» թերթն ընդդեմ Սարգիս Խարազյանի գործի կոպակցությամբ

2022թ․ սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» թերթի խմբագրությունը հայտարարություն է տարածել՝ ահազանգելով, որ իր բանկային հաշվի վրա արգելանք է դրվել։ Ինչպես պարզվել է, դա կապված է Սամվել Խարազյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի դատական գործով կայացված վճռի կատարման հետ, համաձայն որի՝ հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար ԶԼՄ-ն պարտավորեցվել է հրապարակային ներողություն խնդրել, վճարել 150 հազար դրամ` որպես փաստաբանի վարձատրություն և 4 հազար դրամ` որպես պետական տուրք:

Նախկին պաշտոնյա Սամվել Խարազյանը դեռևս 2021թ․ սեպտեմբերի 16-ին հայց էր ներկայացրել լրատվամիջոցի դեմ, որի առիթը նույն թվականի օգոստոսի 10-ին հրապարակված «Իշխանությունը պաշտոն կտա «նախկիններից» մնացած կոռումպացված կադրերին. պրոֆեսիոնալների պակաս ունի» հոդվածն է։ Ըստ այդմ՝ «որպես առողջապահության փոխնախարար շրջանառվում է Սամվել Խարազյանի անունը, որը «նախկինների» օրոք երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ, և որ ամենաուշագրավն է ․․․ անգամ հասցրել է ձերբակալվել` պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով…»։

2022թ․ ապրիլի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանն իր վճռով մերժել է հայցվորի՝ դրամական փոխհատուցման պահանջը և բավարարել միայն ոչ նյութական մասը, ինչպես նաև պարտավորեցրել է վճարել դատական ծախսերը։ Այդ վճարները ժամանակին չկատարելը պատճառ է դարձել Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից խմբագրության բանկային հաշվի վրա արգելանք դնելու համար։

Ուսումնասիրելով խնդիրը՝ մենք արձանագրում ենք, որ լրատվամիջոցը՝

  • տվյալ դատական գործում չի օգտվել փաստաբանի ծառայությունից, այսինքն՝ իր իրավունքների մասնագիտական պաշտպանության հնարավորություն չի ունեցել,
  • չի օգտագործել վճիռը բողոքարկելու հնարավորությունը՝ բաց թողնելով դրա համար նախատեսված ժամկետը,
  • ժամանակին չի վճարել վճռով սահմանված դատական ծախսերը։

Սակայն, ի տարբերություն այս ամենի, դեռ դատաքննության ընթացքում լրատվամիջոցն առաջարկել է հայցվոր կողմին հստակեցնել, թե խնդրո առարկա հոդվածի մեջ ո՛ր արտահայտություններն են արատավորող, և հերքման կամ պատասխան հրապարակման միջոցով հաշտության գալ։ Իսկ դատավճիռը ստանալուց հետո դիմել է հայցվորին՝ դատական ծախսերը մաս-մաս վճարելու խնդրանքով, քանի որ գտնվում է ֆինանսական ծանր վիճակում։ Երկու դեպքում էլ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն մերժում է ստացել։

Փաստորեն, դատարանը բավականաչափ հետամուտ չի եղել կողմերի միջև ապացույցների, հիմնավորումների բեռը բաշխելու և դրանք մանրակրկիտ քննելու գործում։ Մինչդեռ, խմբագրությունն իր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից ստացել է պաշտոնական պատասխան, ըստ որի՝ հայցվորն իսկապես քրեական հետապնդման է ենթարկվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, ինչը դադարեցվել է գումարը վերադարձնելու և արարքի համար զղջալու հիմքով։ Այս պարագայում ակնհայտ է, որ լրատվամիջոցը չի տարածել իրականությանը չհամապատասխանող որևէ տեղեկություն, հետևաբար անհիմն են դառնում հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին պատասխանատվության ենթարկելը և դրա հետ կապված բոլոր դատական որոշումները։

Այս փաստերը վկայում են այն մասին, որ թեև պատասխանող կողմի բանկային հաշվի վրա մասնակի արգելանք դնելը որպես առանձին վերցրած ակտ իրավական առումով գրեթե անխոցելի է, այդուհանդերձ ամբողջ գործընթացը միտված է ոչ այնքան անձի համաչափ իրավական պաշտպանությանը, որքան լրատվամիջոցին բոլոր հնարավոր միջոցներով պատժելուն, ինչն անընդունելի է։

Ի դեպ, սրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ երբ դատարանի վճիռը ստանալուց հետո խմբագրությունը դիմել է Քննչական կոմիտե, ստացել պաշտոնական պատասխան առ այն, որ նախկին պաշտոնյան իսկապես քրեական հետապնդման է ենթարկվել և հրապարակել այդ տեղեկությունը, Սամվել Խարազյանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդեմ լրատվամիջոցի։ 

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք տեղեկատվական վեճում դատական մեխանիզմների միջոցով լրատվամիջոցի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելու, նրան «պատժելու» արատավոր այս գործընթացը, մանավանդ որ այն եզակի չէ։ Նման վեճերը, եթե դրանք միտված չեն ԶԼՄ-ի բնականոն աշխատանքը խաթարելուն, ավելի արագ և արդյունավետ հնարավոր է լուծել արտադատական մեխանիզմներով։

Մենք ուշի ուշով հետևելու ենք նույն առիթով ներկայացված նոր հայցի քննության ընթացքին՝ շահագրգռված լինելով, որ պահպանվի արդարացի հավասարակշռություն մի կողմից արտահայտվելու ազատության պաշտպանության, մյուս կողմից` անձանց հեղինակության, արժանապատվության դեմ ուղղված արտահայտություններից զերծ լինելու իրավունքի միջև։

Միևնույն ժամանակ կոչ ենք անում «Ժողովուրդ օրաթերթի խմբագրություն» ՍՊԸ-ին օգտվել մրցակցային դատավարության մեխանիզմներից և հետևողականորեն պաշտպանել ազատ արտահայտման իր իրավունքը։ Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնում սատարել լրատվամիջոցին այդպիսի քայլեր ձեռնարկելու գործընթացում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Scroll to top