Սեուլում ընթացող Ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակում այսօր տեղի ունեցավ փորձագիտական քննարկում՝ ինտերնետի անջատումների ազդեցությունը ժողովրդավարության և ՄԱԿ֊ի Կայուն զարգացման նպատակների իրականացման վրա։
Քննարկման առանցքում ինտերնետի անջատումներն ու արգելափակումներն էին՝ այս կամ այն երկրում նշանակալի իրադարձությունների, հակամարտությունների, ընտրությունների և բողոքի ցույցերի ֆոնին։
Բանախոսների թվում էին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Կանբար Հոսեյն֊Բորը, Cloudflare ընկերության ներկայացուցիչ Քարլի Ռեմսին, Access Now-ից Ռաման Ջիթ Սինգհ Չիման, Digitally Right Bangladesh-ից Միրաժ Չոդհուրին, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտից՝ Արթուր Պապյանը։ Քննարկումը մոդերացնում էր Ինտերնյուզի ներկայացուցիչ Բրիթանի Պիովեսանը։
Իր խոսքում Արթուր Պապյանն ընդգծեց ինտերնետի անջատումների բացահայտման բարդությունը՝ նշելով այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են ամբողջական և մասնակի անջատումները, ինտերնետային ենթակառուցվածքի տեխնիկական նրբությունները, հաքերային և ֆիզիկական հարձակումները ցանցային ենթակառուցվածքի վրա՝ հատկապես արցախյան պատերազմի համատեքստում: