Open post

Կարծիք՝ «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Ս/թ օգոստոսի 14-ին ՀՀ Արդարադատության նախարարությունը e-draft.am Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել <<«ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին>>» ՀՀ օրենքի նախագիծը։

Լրագրողական մասնագիտական կազմակերպություններն անհրաժեշտ են համարում տեղեկացնել, որ առաջարկվող կարգավորումները խիստ վիճահարույց են, զուրկ են իրավական որոշակիությունից և այդ պատճառով կարող են հանգեցնել արտահայտվելու ազատության իրավունքի չարդարացված սահմանափական հետեւյալ պատճառաբանությամբ։

Առաջարկվող կարգավորման բուն նպատակը պետք է լիներ ՀՀ օրենսդրությամբ տալ <<ատելության խոսք>> հասկացության հստակ եւ սպառիչ սահմանումը։ Մինչդեռ առաջարկվող կարգավորումը ոչ միայն չի տալիս <<ատելության խոսք>> հասկացության սպառիչ եւ ամբողջական սահմանում, այլեւ խիստ ընդհանրական ձեւակերպմամբ փորձ է արվում քրեական պատասխանատվություն, ներառյալ ազատազրկում, սահմանել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար։
Գտնում ենք, որ արտահայտվելու ազատության սահմանափակում, հատկապես ազատազրկում նախատեսող նորմը, պետք է լինի առավելագույն կոնկրետ, հստակ, ատելության շարժառիթի հստակ սահմանմամբ, որ բացառվեն տարածական կամ կամայական սուբյեկտիվ մեկնաբանության հնարավորություն տվող ձեւակերպումները։

Այս կարգավորման պարագայում անորոշ է, թե ինչպես է մեկնաբանվելու բռնություն հասկացությունը քրեաիրավական տիրույթում։ Այս կարգավորմամբ ստացվում է, որ դա ուղղակի դիտավորությամբ կատարված հանցագործություն է, առանց նշելու ատելության դրդապատճառը, որով եւ հանցագործության շեմը էապես նվազեցվում է։ Ատելության խոսքի սահմանումը պետք է պարտադիր ներառի ատելության դրդապատճառը որպես հանցագործության սուբյեկտիվ հատկանիշ, որը պայմանավորված կարող է լինել թիրախավորված անձի կամ անձանց խմբի ռասսայական, կրոնական, ազգային, էթնիկ պատկանելությամբ, հաշմանդամությամբ, սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ, կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքով։ Ստացվում է մի իրավիճակ, երբ օրինակ, 2016 թվականի հուլիսին Սասնա ծռերի կոչերի հրապարակելը մեդիաների կողմից այս նախագծով կարող է հանգեցնել լրագրողի կամ խմբագրի քրեական պատասխանատվության։

Կարծում ենք, որ արտահայտվելու ազատության համատեքստում քրեական պատասխանատվության սահմանումը խիստ բացառիկ միջամտություն է, երբ քաղաքացիավական տիրույթում հարցի կարգավորումը չի կարող ապահովել կենսական այլ շահերի բավարար պաշտպանություն։ Այս բացառիկ սահմանափակումը պետք է ունենա օրենքով սահմանված հստակ եւ կոնկրետ հիմքեր, հետապնդի իրավաչափ նպատակ եւ անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում։ Պետական մարմինների միջամտությունը պետք է համաչափ լինի եւ չհանգեցնի ազատ արտահայտվելու իրավունքի անհիմն սահմանափակման։

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԿ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

Open post
Digital Broadcasting TV

Հայաստանի Հանրային հեռարձակողի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթ

«Մարդը կարիքի մեջ» (People in Need) չեխական հասարակական
կազմակերպությունը հայտարարում է լրագրողական նյութերի մրցույթ՝
Հայաստանի Հանրային հեռարձակողի դերի, վերջինիս բարեփոխման և այլ
ժողովրդավարական երկրների հաջողված օրինակների վերաբերյալ։
Լրագրողական նյութերի թեմատիկ շրջանակը կարող է ընդգրկել հետևյալ հարցերը՝
● Հայաստանի Հանրային հեռարձակողի դերը ժողովրդավարական
հասարակությունում։
● Հանրային հեռարձակողի ֆինանսավորման միջոցներն ու աղբյուրները
(Կարո՞ղ է, արդյոք, Հանրային հեռարձակողը գովազդ տեղադրել)։
● Ինչպե՞ս ապահովել Հանրային հեռարձակողի անկախ կառավարումը և
ինստիտուցիոնալ ինքնավարությունը։
● Հանրային հեռարձակողի և մասնավոր հեռուստաընկերությունների
կրթական, տեղեկատվական և ժամանցային ծրագրերի բովանդակային
տարբերությունները։
● Ինչպե՞ս է ձևավորվում վստահություն Հանրային հեռարձակողի նկատմամբ,
և վերջինիս պատասխանատվությունը հասարակության առաջ։

Լրագրողական նյութերը կարող են ներկայացվել տպագիր, ռադիո,
հեռուստատեսային, մուլտիմեդիա կամ ցանկացած այլ մեդիա ձևաչափով: Դրանք
պետք է հրապարակվեն և/կամ հեռարձակվեն 2019թ․ հունվարի 1-ից մինչև 2019
թ․ նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:
Նյութերը կարող են լինել հայերեն, ռուսերեն, սակայն հրապարակված
հայաստանյան լսարանի համար:
Ներկայացված նյութերը պետք է համապատասխանեն մրցույթի թեմատիկ
ուղղվածությանը, վերհանեն և բացահայտեն խնդիրները, լինեն հավասարակշռված,
փաստերի հիման վրա և չխախտեն մասնագիտական էթիկայի կանոնները։
Մրցանակային ֆոնդը յուրաքանչյուր նյութի համար կազմում է 100-300 եվրոյին
համարժեք դրամ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի առաջին
տասնօրյակում:
Հետաքրքրված լրագրողներն իրենց նյութերի հղումները կարող են ուղարկել
էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլեկտրոնային
հասցեով՝ մինչ 2019թ․ դեկտեմբերի 5-ը ներառյալ։

Տպագիր հոդվածի դեպքում անհրաժեշտ է ուղարկել նյութի սկանավորված
տարբերակը, իսկ նամակում նշել այն հրատարակած թերթի անունը,
հրապարակման օրը, ամիսը, տարեթիվը: Լրացուցիչ տեղեկությունների համար
խնդրում ենք կապ հաստատել People in Need կազմակերպության Մեդիա ծրագրերի
համակարգող Օկսանա Մուսայելյանի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 60)
51 91 59:

Հայաստանի հանրային հեռարձակողի վերաբերյալ լրագրողական նյութերի
մրցույթն իրականացվում է «Հանրային հեռարձակողի ժողովրդավարացման
ճանապարհին»՝ Transition Promotion Program ծրագրի շրջանակում՝ Չեխիայի ԱԳՆ-ի
աջակցությամբ։

Open post
Armenia -- Police use force to disperse rally on Baghramyan street, Yerevan, 19Aug2019

ՔՀԿ-ների հայտարարությունը օգոստոսի 19-ին ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքի ազատության ոտնահարման կապակցությամբ

2019թ. օգոստոսի 19-ին, առաջին անգամ՝ 2018թ. հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է, որ երկրի ղեկավարությունը տա իր գնահատականը և վերանայի գործող պրակտիկան:

2019թ. օգոստոսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրականացնում էին խաղաղ հավաք՝ իրենց աջակցությունն արտահայտելու Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարի դուրս եկած Ջերմուկի և հարակից բնակավայրերի քաղաքացիներին, որոնք Բաղրամյան 26 հասցեում հանդիպում էին ՀՀ վարչապետի հետ: Ոստիկանական ուժերը մի քանի շարքով պահպանում էին ՀՀ նախագահական նստավայրը՝ արգելելով քաղաքացիներին մոտենալ նստավայրի արդեն իսկ փակ դարպասներին, ինչը ստիպել էր քաղաքացիներին հավաքն անցկացնել պողոտայից հակառակ մայթին՝ հավաքի նպատակին չառնչվող այլ վայրում: Սա ամբողջությամբ կրկնում էր նախկին՝ բռնապետական ռեժիմի օրոք տարվող պրակտիկան:

Բաղրամյան 26-ում քննարկումն ավարտվելուց հետո, քաղաքացիները, հիասթափված վարչապետի հետ հանդիպման ընթացքից և արդյունքներից, որոշեցին դրանց վերաբերյալ հանրային քննարկում անցկացնել Ազգային Ժողովի հարակից այգում: Վերջինիս դարպասները 2018թ. հոկտեմբեր ամսից բաց են եղել հանրության առջև և տարածքն օգտագործվում էր տարբեր հանրային միջոցառումներ կազմակերպելու համար: Սակայն քաղաքացիների տեղ հասնելուն պես՝ նրանց մուտքը Ազգային Ժողովի հարակից այգի արգելափակվեց ոստիկանների կողմից։

Առնվազն 20 րոպե սպասելուց հետո՝ քաղաքացիները, փաստացի չունենալով հանրային քննարկում անցկացնելու տարածք, ստիպված եղան դուրս գալ Բաղրամյան պողոտա: Սակայն նրանց հավաքը կասեցվեց ոստիկանության բիրտ ուժի կիրառմամբ և քաղաքացիներին «ասֆալտին փռելու» միջոցով, ինչին հաջորդեց առանց իրավական հիմքի ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելը։ ՀՀ ոստիկանության կիրառած խիստ անհամաչափ ուժի արդյունքում եղան տուժողներ, որոնցից մեկը տեղափոխվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Հարկ ենք համարում հիշել ու հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից իրականացված հեղափոխությունը պատասխանն էր երկրում հաստատված բռնապետական ռեժիմին, մարդու իրավունքների ոտնահարումներին, բնական ռեսուրսների թալանին, քաղաքացիների կեղեքմանը: Նախկին արժեքների և գործալաոճի շարունակությունը բացարձակ անընդունելի է՝ առավել ևս՝ հեղափոխության միջոցով իշխանության եկած և նոր արժեքներ հռչակած ղեկավարության համար, առավել ևս՝ լեգիտիմ ընտրություններով ընտրված ղեկավարների կողմից պաշտոններ ու կոչումներ ստացած պաշտոնյաների համար: Այսպիսի գործելաոճը հեռանկար չունի նոր Հայաստանում:

Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումը:

Պահանջում ենք՝

1. Պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, կոպտել են քաղաքացիներին ու բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք:

2. Պատասխանատվության ենթարկել ոստիկանության այն պաշտոնյաներին, որոնք հրամայել են խոչընդոտել քաղաքացիների խաղաղ հավաքը և հրապարակային տեղեկացնել ձեռնարկած միջոցների վերաբերյալ:

Պահանջում ենք, որ վերոնշյալ գործողություններում ներգրավված ոստիկանների նկատմամբ պատասխանատվության միջոցառումների կիրառման վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդես գա պաշտոնական հանրային հաշվետվությամբ: Նշված անձանց նկատմամբ պատասխանատվություն չկիրառելու դեպքում, պահանջում ենք ՀՀ ոստիկանապետի հրաժարականը, հաշվի առնելով, որ վերջինս, ակնհայտորեն, չի փոխել բռնապետական ռեժիմի օրոք թրծած իր արժեքները, մոտեցումներն ու գործելաոճը, ուստիև ի զորու չէ ապահովել հասարակական կարգի պահպանումն ու իրականացնել ոստիկանական համակարգի բարեփոխումները ժողովրդավարական Հայաստանում:

Ստորագրություններ

Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Մարդու իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Մարդու իրավունքների տուն, Երևան
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ
Կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ
Ռեգինա Տեմկինա, բժիշկ
Բորիս Տեմկին, ՀՀ քաղաքացի
Խորեն Բեգլարյան, մեդիա փորձագետ
Ստեփան Բաղդասարյան, ուսանող

Հայտարարությունը բաց է միանալու համար։ Միանալ ցանկացողները գրեն [email protected] հասցեով:

Scroll to top