Open post
Nagorno-Karabakh -- Ghazanchetsots Cathedral in Shoushi after rocket fire by Azerbaijani armed forces, 08Oct2020

Հայտարարություն Շուշիում լրագրողներին թիրախավորելու կապակցությամբ

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Արցախում կրկին լրագրողներ են վիրավորվել՝ ռուսաստանյան «Сегодня.ру» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը և «Офицеры России» կայքի ու «Красная звезда» թերթի թղթակից Լևոն Արզանովը։ Ինչպես և նախորդ օրերին, երբ դարձյալ վիրավորվել էին պատերազմը լուսաբանող լրագրողներ, այս անգամ ևս դեպքը տեղի է ունեցել խաղաղ բնակավայրում՝ Շուշի քաղաքում։ Լրագրողները նկարահանում էին Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա Ադրբեջանի կողմից առաջին հրթիռակոծման հետևանքները, երբ վրա է հասել երկրորդ նպատակաուղղված հարվածը, որից էլ Լևոն Արզանովը և Յուրի Կոտենոկը ծանր վիրավորում են ստացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկներին հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Յուրի Կոտենոկի կյանքը, իսկ Լևոն Արզանովի վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։

Ավելորդ չէ նշել, որ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է այլ շինություններից մեծ հեռավորության վրա և հրթիռակոծվել է գերճշգրիտ զինատեսակից։ Ընդ որում՝ լրագրողները վիրավորվել են ուղիղ հեռարձակում իրականացնելու պահին: Այս փաստերը հերքում են ադբեջանական կողմի պնդումները, որ խաղաղ քաղաքացիական օբյեկտները և լրագրողները հատուկ չեն թիրախավորվում:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս․

• վերահաստատում ենք միջազգային հանրությանն ուղղված մեր կոչը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում խաղաղ բնակչության, ինչպես նաև մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգությունները,

• պահանջում ենք գործնական քայլեր ձեռնարկել Ժնևյան կոնվենցիան և հումանիտար տարրական նորմերը կոպտորեն խախտող Ադրբեջանի դեմ՝ պատժամիջոցներ կիրառելով այդ երկրի իշխանությունների մարդատյաց գործողությունների համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Collage of vehicles carrying journalists, which came under fire in Artsakh

Հայտարարություն Ադրբեջանի կողմից լրագրողների շարունակական թիրախավորման կապակցությամբ

Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում ահագնացել են պատերազմական գործողությունները։ Դրա հետ կապված ծայրահեղ բարդացել է հակամարտությունը լուսաբանող հայ և օտարերկրյա լրագրողների աշխատանքը։ Ինտենսիվ հրթիռակոծության ենթարկելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնևյան կոնվենցիայով նախատեսված հումանիտար նորմերը։ Կրակի թիրախ են դառնում ոչ միայն քաղաքների ու գյուղերի բնակիչները, այլ նաև այդտեղ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

Այդ մարդատյաց գործողությունների հետևանքով հոկտեմբերի 1-ին վիրավորվել են երկու արտասահմանցի և երկու հայ լրագրողներ, ինչի կապակցությամբ մենք արդեն արտահայտել ենք մեր վրդովմունքը։ Հաջորդ օրը ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հետապնդումից հրաշքով են փրկվել ավտոբուսով տեղափոխվող մի խումբ լրագրողներ։ Այսօր էլ Ստեփանակերտում գրանցվել են լրագրողների կյանքին և առողջությանը սպառնացող դեպքեր:

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թիրախավորելու փաստերը հոկտեմբերի 2-ին տարօրինակ կերպով փորձեց հիմնավորել Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը։ Ըստ նրա՝ արտասահմանցի բոլոր լրագրողներն ապօրինի են գտնվում Լեռնային Ղարաբաղում, քանի որ թույլտվություն չեն ստացել ադրբեջանական կառավարությունից, հետևաբար Բաքուն պատասխանատվություն չի կրում նրանց անվտանգության համար։

Սա ոչ այլ ինչ է, քան լրագրողներին հասցեագրված անուղղակի սպառնալիք, որն իրականում ուղղորդվում է նրանց նկատմամբ կիրառվող մարտական գործողություններով։ Փաստորեն Ադրբեջանը, փոքր բացառությամբ, չի հավատարմագրում հակամարտությունը լուսաբանել ցանկացող օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ամեն կերպ փորձում է խոչընդոտել նրանց աշխատանքը հայկական կողմում՝ կյանքի ու առողջության համար սպառնալիքներ ստեղծելով։ Սրանով խախտվում է նաև ռազմական դրության պայմաններում տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքը։

Հաշվի առնելով այս իրավիճակը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, միջազգային կառույցների և արտասահմանցի մեր բոլոր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի կողմից լրագրողների դեմ ուղղված ոտնձգությունների վրա և կոչ ենք անում բողոքի ձայն բարձրացնել և գործնական քայլեր ձեռնարկել այդ գործողություններին հակազդելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Vehicle carrying journalists came under fire in Martuni town, Artsakh

Հայտարարություն ադրբեջանական կողմից լրագրողներին թիրախավորելու կապակցությամբ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով տուժել են հայ և օտարերկրացի լրագրողներ։ Մասնավորապես՝ վիրավորում են ստացել ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրող Ալան Կավալը և ֆոտոլրագրող Ռաֆայել Շառլ Յաղոբզադեն, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, «24news.am» տեղեկատվական կայքի լրագրող Սևակ Վարդումյանը։ Ռուսական «Дождь» հեռուստաալիքի խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին նույնպես ադրբեջանական կրակի տակ է ընկել, սակայն կարողացել է թաքնվել ապաստարանում, ինչպես շատ այլ լրագրողներ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալության աշխատակիցներին տեղափոխող մեքենան:

Ուշագրավ է, որ լրագրողները տուժել են բնակավայրում՝ զորքերի շփման գծից բավական հեռու, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ադրբեջանական զինուժի մարտական գործողություններն ուղղված են նաև խաղաղ բնակչությանը։ Այս հանգամանքը, ինչպես նաև լրագրողներին թիրախավորելը Ժնևյան կոնվենցիայի պահանջների կոպտագույն խախտում է։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, կոչ ենք անում․

• միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները և պահանջել պաշտոնական Բաքվից՝ զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից,
• ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել լրագրողների անվտանգությունն ապահովելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Scroll to top