Open post
Armenian Parliament Building

«Անհիմն ճնշում լրագրողի նկատմամբ»․ Հայտարարություն «Yerevan.today»-ի լրագրողի մուտքը ԱԺ արգելելու կապակցությամբ

2021թ․հունվարի 26-ին,  արգելվել է «Yerevan.today» կայքի թղթակից Սյուզի Բադոյանի մուտքն Ազգային ժողով։ Լրագրողը հարցազրույցի համար նախապես պայմանավորված է եղել ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի հետ և ստացել է անցագրային բաժանմունքի պետի ստորագրությամբ անցաթուղթ, սակայն դա հաշվի չի առնվել։ Այս արգելքը հետևել է Սյուզի Բադոյանին հավատարմագրումից զրկելուն՝ հունվարի 13-ին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ ունեցած թեժ վիճաբանության պատճառով, ինչին մենք անդրադարձել ենք առանձին հայտարարությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, այս միջադեպը համարում ենք անհիմն ճնշում լրագրողի նկատմամբ։ Փաստում ենք՝ թեև Սյուզի Բադոյանին հավատարմագրումից զրկելը վիճահարույց գործընթաց էր, այդուհանդերձ, հիմնավորված լինելու դեպքում էլ դա չէր կարող առիթ դառնալ՝ լրագրողի մուտքն ԱԺ առհասարակ արգելելու համար, առավելևս՝ տրամադրված անցաթղթի առկայությամբ։

Նախորդ հայտարարությամբ մենք կոչ էինք արել Ազգային ժողովին՝ հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ և ապահովել դրանք քննության առնելու անհրաժեշտ մեխանիզմների ձևավորումը։ Քանի որ խորհրդարանի ներսում հարաբերությունները մեծապես պայմանավորված են պատգամավորների վարվելակերպից, մենք ակնկալում էինք, որ ԱԺ ղեկավարությունը կքննարկի նաև Հայկ Սարգսյանի վարքագիծը։ Մինչդեռ, այս անհրաժեշտությունն անտեսվեց, և միջոցներ ձեռնարկվեցին միայն լրագրողի նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք ԱԺ աշխատակազմից՝ արհեստական խոչընդոտներ չստեղծել լրագրողների գործունեության համար,  հստակեցնել ԶԼՄ ներկայացուցիչների հետ աշխատանքի պայմանները՝ այդ թվում վերանայելով և կատարելագործելով Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը։ Վերահաստատում ենք նաև մեր հորդորը՝ պատգամավորների և լրագրողների հարաբերություններում ծագող կոնֆլիկտները քննարկել էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

Open post
Armenia -- MP Hayk Sargsyan takes the microphone away from the journalist, Yerevan, 13Jan2021

Հայտարարություն ԱԺ-ում պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

Երեկ՝ հունվարի 13-ին, Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Yerevan.today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ։ Երբ պատգամավորը հրաժարվել է պատասխանել տվյալ լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի հարցերին, վեճ է բռնկվել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ, դրսևորվել է անբարեհաճ վերաբերմունք, ինչը հարիր չէ ոչ պատգամավորին, ոչ լրագրողին։ Հայկ Սարգսյանը նաև հրել է Սյուզի Բադոյանին, նրա ձեռքից խլել բարձրախոսը և մտել աշխատասենյակ։ Միայն համառ պահանջներից հետո բարձրախոսը վերադարձվել է։

Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է լրատվամիջոցների հետ բախման կիզակետում։ Ի դեպ, պատգամավորը մեկ տասնյակից ավելի դատական հայցեր ունի ընդդեմ ԶԼՄ-ների` զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Այդ դատական գործընթացները վկայում են մի կողմից պաշտոնյայի անհանդուրժողականության, մյուս կողմից՝ որոշ լրատվամիջոցների՝ խոսքի ազատության թույլատրելի սահմաններն անցնելու մասին։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում ինչպես այս, այնպես էլ վերջերս հաճախակի դարձած՝ պաշտոնյաների և լրագրողների միջև ընդհարումների, ոչ քաղաքակիրթ շփման ձևերի առիթով։ Արձանագրում ենք, որ այս խորհրդարանն այդպես էլ համապատասխան օրենսդրական փոփոխություններով չլուծեց մշտապես գործող՝ պատգամավորների էթիկայի հանձնաժողով ունենալու հարցը։ Իսկ նրանց վարքի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում չի օգտագործվում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը։ Ազգային ժողովը նաև չվերանայեց և չարդիականացրեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, որը կարող էր նպաստել խորհրդարանական լրագրողների վարքագծի համապատասխանեցմանը մասնագիտական նորմերին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

  • ԱԺ ղեկավարությանը՝ հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ, ապահովել դրանք քննության առնելու անհրաժեշտ մեխանիզմների ձևավորումը,
  • Պատգամավորներին՝ խստորեն պահպանել ԱԺ կանոնակարգով և «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով ամրագրված էթիկական նորմերը, զերծ մնալ անբովանդակ վիճաբանություններից, զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից,
  • Խորհրդարանական լրագրողներին՝ հավատարիմ մնալ օրենքի և մասնագիտական էթիկայի նորմերին, խուսափել ոչ բարեկիրթ շփումներից և դրսևորել լրագրողի մասնագիտությանը հարիր կեցվածք։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Image by Photo Mix from Pixabay

Հայտարարություն ռազմական համալսարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

2021թ․ հունվարի 9-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում զինծառայողների ծնողների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժարվել է ներկայանալ, ԶԼՄ-ներին արգելել է նկարահանումներ իրականացնել։ Ապա վեճ է սկսվել նրա ու «24News» լրատվական կայքի օպերատոր Ժորա Հովսեփյանի միջև, երբ վերջինս ասել է, որ միայն խմբագրի համաձայնությամբ կդադարեցնի ուղիղ եթերի հեռարձակումը։ ՊՆ պաշտոնյան փորձել է նաև հարվածել օպերատորին, սակայն հարվածը դիպել է տեսախցիկին։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք արտահայտում այս միջադեպի կապակցությամբ։ Եթե ընդունենք, որ ռազմական համալսարանը հատուկ պահպանվող հաստատություն է, և լրատվամիջոցների գործունեության համար համապատասխան կարգ է նախատեսված, այդուհանդերձ, ծագած խնդիրը պաշտոնյան պարտավոր էր լուծել քաղաքակիրթ եղանակով, այլ ոչ թե փորձեր բռունցքներով «հաշիվ մաքրել»։ Տարակուսանք է առաջացնում նաև միջադեպի վայրում ոստիկանների պասիվ կեցվածքը մինչ այն պահը, երբ վեճը հասավ քաշքշոցի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

— Պաշտպանության նախարարությանը՝ ճշտել միջադեպի մասնակից բարձրաստիճան սպայի ինքնությունն ու ծառայողական քննություն նախաձեռնել՝ նրա գործողությունների իրավաչափությունը ճշտելու համար։

— Ոստիկանությանը՝ առավելագույն պրոֆեսիոնալիզմ դրսևորել՝ օրենքի սահմաններում հաղթահարելու կոնֆլիկտները, որոնք այս ծայրահեղ լարված հասարակական-քաղաքական պայմաններում ծագում են լրատվամիջոցների աշխատանքում՝ թե պաշտոնատար անձանց, թե շարքային քաղաքացիների հետ շփվելիս։

— Լրատվամիջոցներին՝ կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորել արժանապատիվ կեցվածք, մնալ էթիկայի նորմերին հավատարիմ, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել իրավապահներին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Scroll to top