Open post
Armenian Parliament Building

ԱԺ-ում լրատվամիջոցների աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում վերջին երկու օրերին Ազգային ժողովում տիրող անընդունելի իրավիճակի և գործընթացների, հատկապես՝ դրանք լուսաբանող լրագրողների ու օպերատորների աշխատանքները խոչընդոտելու կամ ապօրինաբար դադարեցնելու փաստերի առնչությամբ։

Այսպես, օգոստոսի 24-ի նիստին, երբ ԱԺ պատգամավորների թեժ վեճերը վերածվեցին ծեծկռտուքի, անվտանգության աշխատակիցները բռնի ուժով հեռացրին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մամուլի համար նախատեսված օթյակից՝ թույլ չտալով շարունակել նկարահանումները։ Լրագրողների ու օպերատորների գործունեությունը խոչընդոտվել է նաև նիստերի դահլիճի մուտքի մոտ։ Ի թիվս բազում այլ անհիմն արգելքների՝ անվտանգության ծառայողներն սպառնացել են «News.am» լրատվական կայքի օպերատոր Հայկ Տոնոյանին՝ զրկել ԱԺ հավատարմագրումից, եթե շարունակի նկարել, ապա՝ ըստ վերջինի, ջնջել են ծեծկռտուքի տեսանյութը։

Նույն իրավիճակը կրկնվել է այսօր՝ օգոստոսի 25-ին․ որպեսզի խորհրդարանականների ծեծկռտուքը չնկարահանվի, ԶԼՄ-ների ներկայացուցիչները դարձյալ հեռացվել են օթյակից, ընդ որում՝ նաև ֆիզիկական բռնության կիրառմամբ։ Նրանց մասնագիտական գործունեությունն անհիմն արգելվել է նաև նիստերի դահլիճի մուտքի մոտ։

Մենք պնդում ենք, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների ու օպերատորների նկատմամբ իրականացվող այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ապօրինություններ՝ ուղղված խոսքի ազատության և հասարակության տեղեկացված լինելու իրավունքի դեմ։ Դրանք հակասում են նաև լրագրողական երեք կազմակերպությունների՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավարների և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ս. թ. օգոստոսի 23-ին կայացած հանդիպման և քննարկման բովանդակությանն ու էությանը։

Անքննելի է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ինչպես է աշխատում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր։ Ավելին՝ խորհրդարանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը չի պարունակում պետական կամ այլ գաղտնիք, պետք է դառնա հանրության սեփականությունը։ Իսկ դա հնարավոր է ապահովել նախևառաջ ԶԼՄ-ների անկաշկանդ գործունեության միջոցով։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք.

  • ԱԺ ղեկավարությունից՝ անհապաղ դադարեցնել խորհրդարանում հավատարմագրված լրագրողների և օպերատորների նկատմամբ կիրառվող բռնությունները, ճնշումները և ապօրինի սահմանափակումները՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք ինչ իրադարձություններ են լուսաբանում՝ մասնագիտական պարտականություններից ելնելով,
  • ԱԺ նախագահից՝ անպայմանորեն մասնակցել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 30-ին կայանալիք քննարկմանը, որը նվիրված է լինելու վերոհիշյալ խնդիրներին, և առավելագույնս ընդառաջել լրագրողների ողջամիտ ակնկալիքներին,
  • Անվտանգության ծառայության աշխատակիցներից՝ չգերազանցել իրենց լիազորությունները. խորհրդարանում աշխատող լրագրողների ու օպերատորների նկատմամբ չկիրառել անհիմն սահմանափակումներ, չներկայացնել անօրինական պահանջներ և չխոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը։ 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenia -- A sign about the construction of a multistory building in Yerevan's Fizgorodok district, 10Oct2021

Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքի ապօրինի կառուցապատման և քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ

Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտին հարող տարածքի («Ֆիզգորոդոկ») բնակիչները ամիսներ շարունակ պայքարում են կանաչ գոտում նախատեսվող ապօրինի կառուցապատման դեմ, որով խախտվելու է նրանց՝ առողջ կենսագործունության միջավայրում ապրելու իրավունքը։

Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասն, ըստ տարածքի բնակիչների և նրանց փաստաբանի տվյալների, սեփականաշնորհվել է 2005 թվականին ոչ իրավաչափ եղանակով։ Այն հետագայում մի քանի անգամ վերավաճառվել է, ինչը նաև հետաձգել է նախատեսվող կառուցապատումը։ Ներկայիս սեփականատերը 2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինթույլտվություն և անմիջապես ձեռնամուխ է եղել բազմահարկ շենքի կառուցմանը: Թեև տվյալ տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1,976 քմ, կառուցապատման նախագիծը չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։

Տարածքի բնակիչները, այդ թվում՝ երեխաները, դուրս են եկել ցույցի՝ փորձելով խաղաղ հավաքի միջոցով տվյալ խնդրի վրա հրավիրել Երևանի քաղաքապետարանի և առնչվող այլ կառույցների ուշադրությունը և պաշտպանել առողջ կենսագործունեության միջավայրում ապրելու իրենց իրավունքը։

2021 թվականի օգոստոսի 20-ին և 21-ին ոստիկանության հատուկ ստորաբաժանումների կողմից խիստ անհամաչափ ուժ է կիրառվել քաղաքացիների նկատմամբ, որից լրջորեն տուժել և վնասվածք են ստացել երեխաներ և տարեցներ, որոնցից երկուսը, մեկն՝ անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանության կողմից խախտվել են նաև բերման ենթարկված քաղաքացիների իրավունքները․ ոմանց բռնի ուժով, արժանապատվությունը նվաստացնելով, անհամաչափ միջոցներ կիրառելով և անօրինական ընթացակարգերով՝ տեղափոխել են բաժանմունք, իսկ բաժանմունքում 19-ամյա երիտասարդի են ծեծի ենթարկել։ Հարուցվել է մի քանի քրեական գործ քաղաքացիների նկատմամբ։

Ավելորդ է ասել, որ անթույլատրելի է իրեն ժողովրդավար հռչակած քաղաքական ուժի կողմից ղեկավարվող պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների նման վարքագիծը, և խիստ հիասթափեցնող է քաղաքական գործիչների անտարբերությունը։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ ներկա կառավարող ուժը նախկինում իրականացված ապօրինություններին և, ըստ ամենայնի, կոռուպցիոն գործարքներով ձեռքբերված թույլտվություններին հետամուտ լինելու փոխարեն կասկածելիորեն ու ամեն գնով ձեռնամուխ են լինում ապօրինությունների և ինչ-որ անձանց շահերի պաշտպանությանը։

Խստորեն դատապարտում ենք հատկապես Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության ոլորտում վարվող քաղաքականությունը և կա՛մ կրավորական կեցվածք ընդունելու, կա՛մ պարբերաբար հանրային շահն ու համայնքի բնակիչների՝ բարենպաստ միջավայրում ապրելու իրավունքը մասնավոր բիզնես շահերին ստորադասելու միտումը և շինթույլտվության տրամադրումը։ Մինչդեռ, ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև:

Խստորեն դատապարտում ենք նաև ՀՀ ոստիկանության բիրտ պահվածքն ու կամայականությունները, մինչդեռ դրա առաքելությունը պետք է լիներ ապօրինությունները կանխարգելելն ու հասարակական կարգը պաշտպանելը։

Կառավարող քաղաքական ուժը շարունակում է օրեցօր մսխել ժողովրդի հավատն ու վստահությունը, ինչը հղի է խիստ անցանկալի հետևանքներով։

Պահանջում ենք՝

  • Երևանի քաղաքապետից՝ վերանայել Երևանի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի հողամասի սեփականաշնորհման և շինթույլտվության որոշումները.
  • ՀՀ ոստիկանությունից՝ ընթացք տալ քաղաքացիների բողոքին հանրային տարածքի սեփականաշնորհման ապօրինությունների վերաբերյալ և քրեական գործ հարուցել, ուսումնասիրելու կառուցապատման հիմքերն ու ապօրինության ապացույցները
  • ՀՀ ոստիկանությունից՝ պատասխանատվության ենթարկել այն բոլոր ոստիկաններին, որոնք բռնություն են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ և ապօրինի կերպով բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, բաժանմունքում բռնություն գործադրել,  ինչպես նաև նրանց հրաման տվող պաշտոնյաներին
  • Դատարաններից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում և ընթացակարգերով իրականացնել քաղաքացիների կողմից ներկայացված դիմումների դատաքննությունը պատշաճ հանգուցալուծում տալով տվյալ խնդրին։

Հարկ ենք համարում կրկին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից 2018 թվականի գարնանն իրականացված հեղափոխությունը պատասխանն էր երկրում հաստատված բռնապետական ռեժիմին, մարդու իրավունքների ոտնահարումներին, այդ թվում՝ կենսագործունեության միջավայրի ոչնչացմանը։

Ստորագրություններ`

«Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ

«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ

Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամ

«Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Գայանե Շագոյան, քաղաքացի

Open post
Armenia -- Speaker of National Assembly Alen Simonyan, Yerevan, 11Aug2021

Հայտարարություն խորհրդարանում ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ

2021թ․ օգոստոսի 11-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով իրավիճակը թեժանալու պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է անջատել ուղիղ եթերը։ Բացի այդ, անվտանգության աշխատակիցները խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին և օպերատորներին արգելել են իրենց հատկացված օթյակից նկարահանել միջադեպը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ Ազգային ժողովի խոսնակն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները․ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքը չի նախատեսում այդպիսի գործառույթ։ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն և պետք է տեղեկանան, թե ինչ է կատարվում խորհրդարանում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր, անկախ նրանից՝ դա դրական, թե բացասական գնահատականների կարժանանա։

Խիստ դատապարտելի է նաև անվտանգության աշխատակիցների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված արգելքը՝ նկարահանելու նիստերի դահլիճում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակը։

Վրդովմունք հայտնելով խորհրդարանում հավատարմագրված լրագրողների գործունեությունը հերթական անգամ անհիմն սահմանափակելու, ՀՀ քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը խախտելու առիթով և վերահաստատելով մեր ս․ թ․ օգոստոսի 5-ի հայտարարության գնահատականները՝ ԱԺ ղեկավարությունից պահանջում ենք․

  • հրապարակավ բացատրություններ տալ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակման ընդհատման իրավական հիմքերի վերաբերյալ և դրանց բացակայության պարագայում հայցել հանրության ներողամտությունը, երաշխավորել, որ նմանատիպ դեպքեր ապագայում չեն կրկնվի,
  • բացառել ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման և անհիմն սահմանափակումներ կիրառելու որևէ քայլ,
  • միջոցներ ձեռնարկել, որպեսզի անվտանգության աշխատակիցները չգերազանցեն իրենց լիազորությունները և որևէ կերպ չմիջամտեն ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին, բացառությամբ կանոնակարգերով նախատեսված դեպքերի, որոնց մասին լրագրողները նախապես տեղեկացված են,
  • չեղարկել ս․ թ․ օգոստոսի 2-ից ԱԺ-ում մեր գործընկերների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները, մինչև հավատարմագրված լրագրողների և շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ մշակվի խորհրդարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի նոր կանոնակարգը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
The sessions hall of the Armenian National Assembly Parliament

Հայտարարություն ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի մուտքը ԱԺ արգելելու կապակցությամբ

2021թ․օգոստոսի 5-ի առավոտյան «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի մուտքն Ազգային ժողով արգելվել է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա առհասարակ զրկվել է խորհրդարանի աշխատանքները լուսաբանելու հնարավորությունից։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը խմբագրություն ուղարկած նամակում տեղեկացրել է, որ լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս խախտել է «ՀՀ Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող կանոնները հաստատելու մասին» ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի՝ արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում՝ հսկիչ անցագրային կետերում, պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ձայնագրելը, տեսանկարահանելը, լուսանկարելը»։   

Խմբագրությունն իր հերթին նշում է, որ լուսանկարներից մի քանիսն իսկապես արված են ԱԺ միջանցքներում ու նիստերի դահլիճում, սակայն պահպանության ծառայության աշխատակիցները, որոնք, ըստ ԱԺ ղեկավարության, դեմքը թաքցնելու խնդիր ունեն, փաստացի, բաց դեմքով նայում են դահլիճ, որտեղից իրականացվում է ուղիղ հեռարձակում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք խորհրդարանի ղեկավարության կողմից այս շաբաթվա սկզբից լրագրողների դեմ կիրառվող կամայականություններն ու անհիմն սահմանափակումները և վերահաստատում ենք օգոստոսի 3-ի հայտարարությամբ արտահայտած մեր խոր մտահոգությունները։ Վերջին շրջանում խոսքի ազատությունն ու ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտող որոշումների և օրենսդրական նախաձեռնությունների տարափն ակնհայտորեն խաթարում է իշխանության և լրատվամիջոցների միջև քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելու հնարավորությունները։ Եվ քանի դեռ այդ հետադիմական նախաձեռնությունները չեն չեղարկվել, մենք դրանք համարելու ենք ոտնձգություն մեր գործընկերների իրավունքների նկատմամբ։


Ելնելով վերոգրյալից՝ Ազգային ժողովի ղեկավարությունից պահանջում ենք․

  • անհապաղ վերականգնել «Panorama.am» լրատվական կայքի ֆոտոթղթակից Լիլիան Գալստյանի իրավունքը՝ մտնելու խորհրդարան և լուսաբանելու ԱԺ աշխատանքները,
  • չեղարկել կամ հետ կանչել վերջին օրերին ընդունված կամ շրջանառության մեջ դրված՝ լրագրողների գործունեությունը սահմանափակող որոշումներն ու նախագծերը և ձեռնպահ մնալ նմանատիպ նոր նախաձեռնություններից,
  • մեկ փաստաթղթում ձևակերպել խորհրդարան-լրատվամիջոցներ հարաբերությունների բոլոր խնդիրները, լայն քննարկումներ կազմակերպել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, ինչպես նաև շահագրգիռ կառույցների ու փորձագետների մասնակցությամբ՝ օրինական ու ողջամիտ լուծումներ մշակելու համար։  

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Armenian Parliament Building

Հայտարարություն խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժը սահմանափակելու կապակցությամբ

Oգոստոսի 2-ին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը զուգորդվել է խորհրդարանում լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժի խիստ սահմանափակումներով: Լրագրողներին ու օպերատորներին չի թույլատրվել մտնել նոր մասնաշենք, ուր տեղի են ունենում հանձնաժողովների նիստերը, նրանք չեն կարողացել անցնել այն հատված, որտեղ գտնվում են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների աշխատասենյակները, ինչպես նաև՝ օգտվել որոշ նախասրահներից, որտեղ սովորաբար հարցազրույցներ ու մեկնաբանություններ էին վերցնում պատգամավորներից:

Դեռևս անցած երկու շաբաթվա ընթացքում լուրեր էին շրջանառվում նման սահմանափակումների կիրառման մասին, և այս առնչությամբ մտահոգությունները որոշ չափով փարատվեցին, երբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հուլիսի 30-ին հայտնեց, որ լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա։ Մինչդեռ, հաջորդ իսկ աշխատանքային օրը ԶԼՄ-ների ներկայացուցիչները բախվեցին ճիշտ հակառակ իրականությանը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ խորհրդարանում վերոնշյալ սահմանափակումները կիրառվել են առանց նախնական քննարկումների ու ԶԼՄ-ներին՝ աշխատանքային պայմանների փոփոխությունների մասին նախապես տեղեկացնելու։ Եվ ամենակարևորը՝ չի ընդունվել որևէ նորմատիվ-իրավական ակտ, որը հիմք կհանդիսանար նման գործողությունների համար, և միայն նույն օրը՝ օգոստոսի 2-ին, երբ արդեն կիրառվել են սահմանափակումները, հրապարակվել է դրանց վերաբերող ԱԺ նախագահի համապատասխան որոշում։

Դատապարտելով այս կամայականությունները՝ մենք պնդում ենք, որ ձեռնարկված միջոցները ոչ թե կանոնակարգում, այլ անհիմն արգելքներ են ստեղծում խորհրդարանում ԶԼՄ-ների ազատ գործունեության համար, խոչընդոտում դրանց մասնագիտական աշխատանքը։ Այս քայլերը միտված են պատգամավորներին սուր հարցերից և մամուլի քննադատությունից զերծ պահելուն և ակնհայտորեն կարող են խաթարել ԱԺ աշխատանքների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը հասարակության առջև։

Մենք տեղյակ ենք և բազմիցս մտահոգություն ենք արտահայտել առ այն, որ Ազգային ժողովում լինում են տհաճ միջադեպեր, երբ թե՛ պատգամավորները, թե՛ լրագրողները հատում են քաղաքակիրթ հարաբերությունների սահմաններն ու ստեղծում են անիմաստ կոնֆլիկտային իրավիճակներ։ Սակայն այդ խնդիրը անհրաժեշտ է լուծել օրինականության, ողջամտության, փոխըմբռնման ու փոխվստահության հիման վրա, որպեսզի ապահովվի ինչպես պատգամավորների, այնպես էլ լրագրողների աշխատանքի արդյունավետությունը։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք ԱԺ ղեկավարությունից․

  • անհապաղ վերացնել Ազգային ժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ս․ թ․ օգոստոսի 2-ից կիրառվող սահմանափակումները,
  • կասեցնել նույն օրը հրապարակված ԱԺ նախագահի՝ «Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՕ-01-Լ որոշման հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման 5-րդ կետը, որը վերաբերում է վերոհիշյալ սահմանափակումներին,
  • նախաձեռնել լայն քննարկումներ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների, նրանց ղեկավարների, լրագրողական հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ՝ խորհրդարանում ԶԼՄ-ների գործունեությունը լավագույնս կանոնակարգելու և առկա խնդիրները հիմնովին լուծելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Scroll to top