Open post
Armenia -- Prime Minister of Armenia Nikol Pashinyan holds press conference, Yerevan, 25Jul2023

Լրագրողական կազմակերպությունների հայտարությունը՝ Փաշինյանի ասուլիսի կապակցությամբ

Հուլիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ և մասնավորապես «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի ու «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի պահվածքը հեռու են մեր՝ ներքոստորագրյալ կազմակերպություններիս պատկերացումներից, թե ինչպես պետք է ընթանա պետության առաջին դեմքի՝ լրագրողների միջոցով հանրության հետ երկխոսությունը բարդագույն մարտահրավերների առջև կանգնած երկրում։ Իրողությունների սուբյեկտիվ մեկնաբանություններ, անհանդուրժողականության դրսևորումներ, խնդիրների կոնկրետ և կառուցողական քննարկումների պակաս, աշխատանքային ժամանակի և միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք, մասնագիտական էթիկայի սկզբունքների արհամարհում՝ դա էր այն պատկերը, ինչի ականատեսն էին դարձել մեր հայրենակիցները հինգ ժամից ավելի։ Նման որակի միջոցառումից հետո դժվար էր խուսափել բևեռացված, փոխադարձ ատելությամբ լի, տարբեր քաղաքական և լրագրողական ճամբարների միջև պառակտվածությունը խորացնող, որևէ առողջ վերլուծություն չպարունակող արձագանքներից։

Այսպես՝ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի դեմ սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում իրականացվեց մի ամբողջ արշավ՝ նրանց հասցեագրված հայհոյախոսությամբ, անեծքներով ու սպառնալիքներով։ Ընդ որում և՛ դրա պատճառ հանդիսացած «հարցերը», և բուն արշավի որոշակի դրսևորումները առերևույթ կազմակերպված բնույթ ունեին։ Սակայն մասնագիտական նորմերի նույնիսկ ակնհայտ խախտումները որևէ մեկին իրավունք չեն տալիս պատասխանել սանձարձակությամբ, ծայրահեղ թշնամանքով։  

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․

  • իշխանությանը՝ կատարել իր պոզիտիվ պարտականությունը և պաշտպանել լրագրողների իրավունքները, ձեռնարկել պատշաճ միջոցներ օրինախախտներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,
  • լրագրողական համայնքի և հանրային հաղորդակցության ոլորտի ներկայացուցիչներին՝ տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքակիրթ մասնագիտական քննարկումներ անցկացնել՝ բացառելով փոխադարձ վիրավորանքներն ու ատելության խոսքը։ Հակառակ դեպքում բազմաբնույթ սադրանքները և դրանց անբարեկիրթ արձագանքները կդառնան իրար սնուցող երևույթներ։ Այս ամենը հետին պլան կմղեն արդիական խնդիրների լուծումների շուրջ քննարկումները, վերջնականապես կանտեսվեն հանդուրժողականությունը, զսպվածությունն ու պրոֆեսիոնալ ստանդարտների նկատմամբ հարգանքը, և փոխարենը կշարունակվի թշնամանքի գեներացումը տեղեկատվական ոլորտում։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
three wise monkey sitting on bench, not hear, not see, do not speak

Հայկական լրագրողական կազմակերպությունների կոչը Շուշիի մեդիա-ֆորումին մասնակցող գործընկերներին

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հարցեր չունենք խոսքի ազատության միջազգային վարկանիշների վերջին տեղերից մեկում գտնվող երկրի ղեկավարությանը, որը, սակայն,  հուլիսի 22-23-ին հերթական շքեղ մեդիա-ֆորումն է անցկացնում։ Մենք հարցեր չունենք այս միջոցառման կազմակերպչին՝ Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալությանը, որն աջակցում է խոսքի ազատությունը սահմանափակող կառավարական բոլոր նախաձեռնություններին և պարբերաբար մեղադրանքներով է հանդես գալիս այդ երկրում լրագրողների իրավունքների զանգվածային ճնշման վերաբերյալ քննադատություն հնչեցնող իրավապաշտպան կազմակերպությունների հասցեին: Ցավոք, արդեն հարցեր չունենք նաև ճանաչված լրատվամիջոցներին և մասնագիտական կառույցներին​​, որոնք իրենց ներկայացուցիչներին ուղարկել են մասնակցելու Շուշիի ֆորումին՝ մի միջոցառման, որի միակ նպատակը Բաքվի՝ քաղաքակիրթ աշխարհի հիմնարար արժեքներին հակասող արտաքին և ներքին քաղաքականությունը լեգիտիմացնելն է․ այսօրինակ անսկզբունքայնությունը շատերի համար սովորական բան է դարձել։

Մեր հարցն ուղղված է ալիևյան ռեժիմի առատաձեռն հյուրընկալությունը վայելող և արտաքին աշխարհից ավելի քան յոթ ամիս մեկուսացման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի քաղաքներից և գյուղերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հայտնված գործընկեր լրագրողներին։ Այնտեղ, որտեղ հազարավոր մարդիկ երկար ժամանակ զրկված են տարրական սնունդ ունենալու հնարավորությունից, որտեղ ծննդաբերող կանանց չեն կարող հասցնել հիվանդանոց՝ բենզինի բացակայության պատճառով, որտեղ ջրի մատակարարումը վտանգված է էլեկտրաէներգիայի սակավության պատճառով… Մի՞թե ձեր մասնագիտական պարտքը ձեզ չի դրդում ադրբեջանական իշխանություններից պահանջելու ազատ տեղաշարժի հնարավորություն, որպեսզի ձեր աչքերով տեսնեք այն ողբերգությունը, որի հետ զուգահեռներ գտնելն այնքան էլ հեշտ չէ ժամանակակից աշխարհում։ Մի՞թե այլևս լրատվամիջոցների խնդիրը չէ՝ ճեղքել տեղեկատվական շրջափակումները, երբ կատարվողի մասին տեղեկատվությունը գալիս է համարյա բացառապես կողմնակալ աղբյուրներից։ Մի՞թե դուք որոշել եք տուրք տալ մեր մասնագիտությանն անհարիր դյուրահավատությանը և «ըմբռնումով մոտենալ» փաստարկներին, թե իբր Ֆորումի տերերն ուրախ կլինեին օգնել ձեզ մի քանի րոպեում հաղթահարել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ տանող ճանապարհը, բայց տեղի հայկական ղեկավարությունը կամ ռուս խաղաղապահները ձեզ թույլ չեն տա անցնել:

Մինչդեռ ձեր վճռականությունն ու հաստատակամությունը կարող են նպաստել տարածաշրջանում առկա իրավիճակի փակուղուց դուրս բերմանը: Համոզված ենք, որ լրագրության պատմության առաջին հայացքից աննշան թվացող այս դրվագը կարող է կարևոր դեր խաղալ մեր ընդհանուր մասնագիտության հետագա հեղինակության համար։

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼՒ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ  «ԱՍՊԱՐԵԶ»  ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Open post
Legal-Consulting

«Խորը մտահոգություն են հայտնում բարեփոխումների արտաքին եւ ներքին սպառման օրակարգերում առկա հակասությունների առնչությամբ»

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում տարբեր ոլորտներում նախատեսված բարեփոխումների արտաքին եւ ներքին սպառման օրակարգերում առկա հակասությունների առնչությամբ։

Մասնավորապես, լրագրողական մի քանի կազմակերպություններ տեղեկացվել էին, որ մինչեւ սթ հուլիսի 14-ը կարող են առաջարկություններ ներկայացնել  «Լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի, ԲԴԽ դատարանների եւ դատավորների փոխհարաբերության կարգը հաստատելու մասին» որոշմաննախագծի վերաբերյալ։ Վերոհիշյալ փաստաթուղթը պարունակում է մի շարք խոստումնալից դրույթներ, օրինակ այն, որ «Բարձրագույն դատական խորհրդի դռնբաց նիստերին եւ աշխատանքային խորհրդակցություններին կարող են ազատորեն ներկա գտնվել լրատվության միջոցների ներկայացուցիչները, կատարել տեսա-լուսանկարահանումներ, այդ թվում՝ անմիջապես ուղիղ եթեր հեռարձակմամբ»:

Փաստորեն, այն ժամանակահատվածում, երբ լրագրողական հանրության ներկայացուցիչները պետք է առաջարկություններ մշակեին որոշման նախագծի վերաբերյալ, հուլիսի 3-ին տեղի ունեցավ աղմկահարույց դեպք՝ ԲԴԽ-ն լրագրողներին չթույլատրեց ներկա լինել իր՝ նախապես հայտարարված դռնբաց նիստին, որտեղ քննարկվում էր հանրային հետաքրքրության առաջացրած հարց։ Դրան հաջորդած օրերին, երբ մենք եւ մեր բազմաթիվ գործընկերներ տարբեր հարթակներից քննադատեցինք այդ միջադեպը եւ սպասում էինք տեղի ունեցածի մասին Բարձրագույն դատական խորհրդի բացատրություններին, ինչպես նաեւ ապագային միտված հետեւություններին, ավաղ, ոչ մի արձագանք չեղավ, ինչը չէր կարող չստիպել՝ գտնել երկու գործընթացների միջեւ առկա հակասության գաղտնիքը։

Հիմքեր ունենք եզրակացնելու, որ ԲԴԽ որոշման նախագծի բովանդակության լայնախոհությունը պայմանավորված է այն պարզ հանգամանքով, որ այն ստեղծվում է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ ծրագրի շրջանակներում եւ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, ինչի համար միայն շնորհակալ ենք։ Իսկ Բարձրագույն դատական խորհրդի հուլիսի 3-ի նիստը տեղի էր ունենում մեր ներքին իրականությունում, միջազգային հանրության աչքից հեռու։ 

Այս հայտարարությամբ մենք վճռականորեն վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են միջազգային համագործակցության օրակարգերում եւ երկրում «բարեփոխումների» պրակտիկայում գոյություն ունեցող նման անջրպետները։

Մեր սկզբունքային մոտեցումն է՝ նպաստել Հայաստանի տարբեր ոլորտների ինստիտուցիոնալ առաջընթացում լրատվամիջոցների դերի բարձրացմանն ուղղված քայլերին, սակայն անընդունելի ենք համարում մեր մասնակցությունը ձեւական, ցուցափեղկային նախաձեռնություններին։

Կոչ ենք անում նաեւ ՀՀ պետական կառույցների միջազգային գործընկերներին հետեւողական լինել եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել տեղի ունեցող գործընթացների արդյունավետությանը, որպեսզի թղթի վրա հայտարարագրված բարեփոխումներն իրենց համարժեք անդրադարձն ունենան իրական կյանքում։

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ–ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

Հայտարարությունը բաց է ստորագրման համար

Open post
Nagorno-Karabakh -- "Civilnet" correspondent Hayk Ghazaryan, Stepanaker, 12Jul2023

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են «Սիվիլնեթի» արցախյան թղթակցի դեմ հարձակումները

Խոր մտահոգությամբ և վրդովմունքով տեղեկացանք երեկ՝ հուլիսի 11-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «Սիվիլնեթ» լրատվական կայքի սեփական թղթակից և «Անալիտիկոն» պարբերականի լրագրող Հայկ Ղազարյանի նկատմամբ ֆիզիկական բռնության մասին։ Մի խումբ անձինք դարանակալել են, փորձել առևանգել նրան, և երբ դա չի հաջողվել, ծեծի են ենթարկել։ Լրագրողն այդ մարդկանցից ոմանց ճանաչել է և ասում է, որ նրանք ԼՂՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի շրջապատից են։ Այս միջադեպին նախորդել է երկու օր առաջ Հայկ Ղազարյանի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումը․ Ստեփանակերտում բողոքի ակցիան լուսաբանելիս նրա ձեռքից մի ոստիկան խլել է հեռախոսը, որը ավելի ուշ վերադարձվել է, բայց նկարահանված կադրերը ջնջված են եղել։

Տեղի ունեցածը հատկապես դատապարտելի է, եթե հաշվի առնենք, որ անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախը, որի բնակչությունը հայտնվել է հումանիտար աղետի եզրին, և այս պայմաններում տեղի իշխանությունները պետք է առավել ջանքեր գործադրեն և հանդուրժողականություն ցուցաբերեն հանրային համերաշխություն ձևավորելու համար։ Մինչդեռ, կիրառված բռնությունը վկայում է, որ ընտրվել է միանգամայն այլ՝ նեղ քաղաքական, խմբային խնդիրների սպասարկման ճանապարհ։

Ուշագրավ է, որ աղմկահարույց այս միջադեպից հետո Արցախի իշխանությունների կողմից որևէ արձագանք կամ գնահատական չի հնչել։ Սա ևս մի անուղղակի ապացույց է այն ենթադրությունների, որ Հայկ Ղազարյանի նկատմամբ բռնության կազմակերպմանն առնչություն ունեն բարձրաստիճան պաշտոնյաներ։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է․ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե «Անալիտիկոն»-ի ու «Սիվիլնեթ»-ի աշխատակից Հայկ Ղազարյանի գլխից մի մազ պակասի, ապա մե՛զ հետ եք գործ ունենալու, ու ոչ միայն մեզ հետ։ Խոսքս Արցախի պատկան մարմիններին է ուղղված։ Այս իրավիճակից փոքրիշատե պատվով դուրս գալու շանս դեռ ունեք»։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտելով Հայկ Ղազարյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը, պահանջում ենք․

  • Արցախի դատախազությունից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները լրագրողին ծեծի ենթարկած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար,
  • ԱՀ խորհրդարանից ու կառավարությունից՝ դիրքորոշում արտահայտել տեղի ունեցած բռնության վերաբերյալ,
  • Արցախի նախագահից՝ պաշտոնանկ անել ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանին, եթե ապացուցվի նրա առնչությունը վերոհիշյալ միջադեպին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ

Scroll to top