Հանրային լրագրության ակումբը «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել ղարաբաղյան երկրորդ պատերազմի գործողությունների հետևանքով տուժած և առողջական խնդիրներ ձեռքբերած մեդիա աշխատողներին։
Եթե դուք լուսաբանել եք 44-օրյա պատերազմը և ձեր առողջությանը վնաս է հասցվել, ուրեմն շտապե՛ք լրացնել այս հայտը մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։
Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) կողմից ֆինանսավորվող «Արագ արձագանքման ֆոնդ նախաձեռնություն» ծրագրի հիմնական նպատակներն են լրագրողների և մեդիա աշխատողների արագ և ճկուն աջակցության հնարավորությունը, նրանց բժշկական և հոգեբանական օգնության տրամադրումը, միջազգային մարդասիրական օրենսդրության, առաջին օգնության, թվային և անձնական տվյալների անվտանգության ուղղությամբ մասնագիտական կարողությունների զարգացումը և լրագրողների ու հանրության շրջանում հոգեբանական պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։
Ծրագիրն իրականացնում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն։
Ծրագրի շրջանակներում ձևավորվել է նաև համակարգող կոնսորցիում, որի կազմում են Մեդիա նախաձեռնության կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը: Կոնսորցիումը մշակելու է նախաձեռնության երկարաժամկետ տեսլականը, առաքելությունն ու ռազմավարությունը։