Հունվարի 31-ի ուշ երեկոյան սոցիալական մեդիա հարթակների հայալեզու տիրույթը ողողվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի մասնակցությամբ փոդքասթի սկանդալային հատվածով։ Արտահայտությունը, թե «ուժեղ Հայաստանում չի լինելու անբավարարված կին», իրական առիթ դարձավ մրցակից քաղաքական ուժերի համար արշավ սկսել և վարկաբեկել նորաստեղծ կուսակցությանը, Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին։
Ժամերի ընթացքում կարճ տեսանյութն արդեն ամենուր էր՝ Facebook, Instagram, TikTok, Telegram հարթակներում, իսկ փետրվարի 1-ը սկսվեց որպես նախորդ գիշերվա տեղեկատվական իրադարձության շարունակություն։
Այսպիսով, Հայաստանի տեղեկատվական դաշտն արդեն մտել է նախընտրական փուլ, ինչի մասին վկայում է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի իրականացրած շաբաթական մոնիտորինգը, որն ամփոփում է փետրվարի 1-8-ի ավելի քան 2200 հրապարակումների բովանդակություն՝ սոցիալական մեդիա հարթակներից։
Փետրվարի առաջին շաբաթում ձևավորված նարատիվների դինամիկան ցույց է տալիս, որ խոսքն ուղղակի տեղեկությունների տարածման մասին չէ, այլ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստեղծվող ուղղորդված արշավների։
Մրցակիցների վարկաբեկում
Համաձայն զեկույցի հիման վրա պատրաստված ինֆոգրաֆիկայի՝ մրցակիների միմյանց վարկաբեկելը շաբաթվա ամենածավալուն թեման է եղել՝ 364 հրապարակմամբ։
Կարապետյանի որդու տեսանյութի ակտիվ շրջանառմանը զուգահեռ, ընդդիմադիր ուժերը, ի պատասխան, փետրվարի 3-ին տարածեցին Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի աշխատավարձի բարձրացման մասին հին տեղեկատվություն՝ ներկայացնելով որպես նորություն։

Փաստորեն, երկու կողմերն էլ շաբաթվա ընթացքում, անձերին թիրախավորելու միջոցով արագ և վիրուսային տարածումներ ունեցան։
Աշխարհքաղաքական խաչմերուկներ
Այս ամենին զուգահեռ, փետրվարի 9-ին սպասվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երևան-Բաքու այցը մոնիտորինգի ողջ ժամանակահատվածում ֆոնային, բայց կարևոր ներկայություն ունեցավ տեղեկատվական հոսքերում։
Թրամփի ուղու (TRIPP) և խաղաղության գործընթացի վերաբերյալ դիտարկված 138 հրապարակումները գտնվում էին շաբաթվա ոչ այնքան ակտիվ թեմաների շարքում, սակայն դրա հետ սերտորեն առնչվող արտաքին ազդեցության մասին գրառումները (267), ստեղծել են այնպիսի թեզեր, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն Հայաստան է «մտնում», Վենսի այցը TRIPP-ի գործնական փուլի մեկնարկն է և այլն։
TRIPP-ին զուգահեռ Սյունիքի ու Հայաստանի ռազմավարական ուղիների խնդիրը ևս գերակշռում էր։ Ըստ զեկույցի՝ ամբողջ շաբաթվա ընթացքում Հայաստանի սահմանների և առևտրի վերաբերյալ նարատիվները 268 հրապարակմամբ երկրորդ տեղում էր։ Այս համատեքստում TRIPP-ն ընկալվում էր ոչ թե որպես համագործակցություն, այլ՝ տարածաշրջանային «ճանապարհների վերահսկողություն»։

Ակտիվության սանդղակի ստորին հատվածում ևս ձևավորվեցին թեմաներ, որոնք ամբողջացնում են շաբաթվա պատկերը։
Այլ թեմաներ
Ընտրական թեմատիկայում (225 հրապարակում) առանձնանում է պետական կառույցների աշխատողներին, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներին տրված 3.5 միլիարդ դրամի հասնող պարգևավճարի հատկացման պատմությունը, որն ընդդիմադիր դաշտը ձևակերպեց որպես «պետական կաշառք»՝ ապագա ընտրությունների համար։
Հայաստանում եվրոպական կառույցների դերի վերաբերյալ դուրս են բերվել շուրջ 190 հրապարակումներ։ Որոշներում ԵՄ երկրների ֆինանսական աջակցությունը ներկայացվում է ոչ թե որպես աջակցություն, այլ` «ավանդական արժեքների քայքայման» գործիք՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու դրոշմով։
Սոցցանցային դերաբաշխում
Թվային միջավայրի վերլուծությունը ցույց է տալիս, որ տարբեր հարթակներ այսօր օգտագործվում են տարբեր նպատակներով՝ ձևավորելով տեղեկատվական ազդեցության առանձին քարտեզներ։ Մոնիտորինգի վերլուծության համաձայն՝ Telegram-ը մնում է որպես անանուն ուղերձների հիմնական ալիք։
Facebook-ը շարունակում է պահպանել իր դերը որպես հիմնական լսարանների հետ աշխատելու և հաղորդագրությունները թիրախավորված տարածելու կարևոր գործիք։
Մինչ YouTube-ը հիմնականում օգտագործվում է երկար հարցազրույցների, վերլուծական քննարկումների և խորքային զրույցների հրապարակման համար, TikTok-ում գերակշռում են կարճ, էմոցիոնալ և արագ սպառվող տեսանյութերը։ Այս հարթակում հատկապես նկատելի է արհեստական բանականության գործիքներով ստեղծված բովանդակության ակտիվ շրջանառությունը․ նման տեսանյութերը տարբեր քաղաքական ուժերի կողմից կիրառվում են ուշադրություն գրավելու, հուզական արձագանք առաջացնելու և հաղորդագրությունների ազդեցությունը մեծացնելու նպատակով։
Այսպիսով, փետրվարի 1-8-ի տեղեկատվական դաշտն արդեն ցույց է տալիս, թե ինչ ուրվագծով կարող է ընթանալ նախընտրական հաղորդակցությունը։ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը շաբաթական կտրվածքով հետևելու է, թե հայաստանյան սոցիալական մեդիաներում շրջանառվող նարատիվներն ինչպես են զարգանում, փոփոխվում կամ ուժգնանում ընտրություններին ընդառաջ։
***
Հոդվածը հիմնված է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի կողմից իրականացված «ՀՀ տեղեկատվական միջավայրը և նարատիվների դինամիկան փետրվարի 1-8-ը» մոնիտորինգի զեկույցի վրա։ Մոնիտորինգի մեթոդաբանությունը և զեկույցները հասանելի են այստեղ:
Սեդա Առաքելյան