Չնայած Հայաստանը, լինելով ԵԽ անդամ երկիր, ստորագրել ու վավերացրել է «Ավտոմատ համակարգերում մշակվող անձնական տվյալների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան և ընդունել է համապատասխան օրենք, ընդհանուր իրավիճակն այս ոլորտում մտավախություն է առաջացնում հայաստանյան իրավապաշտպանների շրջանում։
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ միավորվել է «Թվային օրակարգ» նախաձեռնության շրջանակում:
«Թվային օրակարգ» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունը նպատակ ունի մշակել ընդհանուր քաղաքական ուղեցույց և մասնակի օրենսդրական փոփոխություններ, որոնք իրագործելու դեպքում կերաշխավորվի հայաստանցիների թվային իրավունքների պաշտպանությունը և ազատությունների հնարավոր նվազագույն ծավալը։ Սակայն ՀԿ-ների փոքր խումբը չի կարող հաջողության հասնել առանց հասարակության լայն շերտերի աջակցության։ Նախաձեռնության մասնակիցներն աշխատում են իրազեկել հասարակությանը թվային բռնակառավարման վտանգների մասին ու ձեռք բերել հասարակության տարբեր շերտերի աջակցությունը դրա դեմ պայքարելու համար։
Նախաձեռնության մասնակիցները համոզված են, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի օգտվել համացանցից առանց բացահայտելու իր անձնը (անանուն), արգելել որևէ մեկի կողմից առանց իր համաձայնության համացանցում իր վարքի մասին տվյալների պահպանումը կամ հավաքագրումը։ Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակումը պետք է լինի թափանցիկ՝ պահպանելով տեղեկատվական անվտանգության հնարավոր բարձր չափանիշները, ինչն այսօր, ցավոք, տեղի չի ունենում։