ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 16-ին Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, հնչեցրել է իրականությունը խեղաթյուրող մի շարք պնդումներ և անհիմն գնահատականներ լրագրողական կազմակերպությունների հասցեին։ Հեռարձակման ոլորտը կարգավորող մարմնի ղեկավարը նախ դժգոհություն է հայտնել ներքոստորագրյալներիս՝ ապրիլի 22-ին տարածած հայտարարությունից, որում քննադատվում էր Կառավարության ապրիլի 17-ի որոշումը «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ ստեղծելու մասին։ Ըստ բանախոսի՝ այդ քննադատությունը պայմանավորված է եղել նրանով, որ մենք մասնակցություն չենք ունեցել սույն գործընթացին։ Սա ակնհայտ խեղաթյուրում է վերոհիշյալ հայտարարության բովանդակությունը, ինչպես նաև՝ բուն խնդիրը։

Իրականում հայտարարության իմաստն այն էր, որ եթե պետությունը որոշել է ձևավորել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ, ապա դրանից օգտվելու իրավունք ու հնարավորություն պետք է ունենան բոլոր տեսակի լրատվամիջոցները, որոնք պատրաստ են ստեղծել մշակութային, կրթական, մանկական, մարզական և այլ հանրային նշանակություն ու հետաքրքրություն ունեցող բովանդակություն։

Անընդունելի են նաև Տիգրան Հակոբյանի և Պետրոս Ղազարյանի պնդումները մեկ այլ հարցի վերաբերյալ, թե լրագրողական կազմակերպությունները ձայն չեն բարձրացնում ընդդեմ ապատեղեկություն տարածող, սանձարձակ վարքագիծ դրսևորող, մասնագիտական էթիկան խախտող լրագրողների կամ լրատվամիջոցների։ Դժվար է ասել՝ սա անտեղյակությա՞ն հետևանք է, թե՞ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու և մարդկանց ապակողմնորոշելու փորձ։ Ամեն դեպքում նշենք, որ այդ խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, դրանց անդրադարձել ենք բազմաթիվ հայտարարություններում, փորձագիտական եզրակացություններում ու այլ փաստաթղթերում, որոնք լայնորեն լուսաբանվել են և տեղադրված են բաց աղբյուրներում։ Պայմանավորված թեմաներով՝ մենք թիրախավորվել ենք և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ տարբեր ճամբարների հետ ասոցացվող լրագրողների կամ լրատվամիջոցների կողմից։ Սակայն դրանից մեր սկզբունքային դիրքորոշումները չեն կարող փոխվել։

Առավել անընդունելի են Տիգրան Հակոբյանի կողմից մեր գործընկեր կազմակերպություններից մեկին՝ Գորիսի մամուլի ակումբին թիրախավորելը, դրա գործունեությունն արժեզրկելու փորձն ու քամահրական վերաբերմունք դրսևորելը։ Այն, որ հաղորդման մասնակիցները տեղյակ չեն, թե ինչով է զբաղվում Գորիսի մամուլի ակումբը, դա նրանց իրազեկվածության խնդիրն է, սակայն հասարակական ոլորտում մարզային այդ կառույցը ճանաչված է թե՛ լրագրողական, թե՛ սոցիալական և հումանիտար, թե՛ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանն ուղղված գործունեությամբ։ Հենց դրա համար է մարզային այս կառույցը միջազգային դոնոր կազմակերպությունից խոշոր դրամաշնորհ ստացել, ինչը խոսում է Գորիսի մամուլի ակումբի ոչ միայն կարողությունների ու հմտությունների, այլև տասնամյակների ընթացքում ձեռք բերած վստահության մասին, և սա չպետք է անհիմն կասկածամտության ու չարախոսության թեմա դառնա։

Հորդորում ենք Տիգրան Հակոբյանին որևէ ՀԿ-ի բյուջեն դիտարկելիս ուշադիր ծանոթանալ նաև կազմակերպության գործունեությանը, այլապես դրա վերաբերյալ դատողությունները խիստ խոցելի են դառնում։ Ինչ վերաբերում է հարկատուների հաշվին գործող պետական մարմնին, ապա հասարակությունը և մենք՝ որպես մասնագիտացված կազմակերպություններ, իրավասու ենք պահանջել դրա ղեկավարից՝ ապահովել ՀՌՀ-ի պատշաճ գործունեությունը, այդ թվում՝ տեսալսողական լրատվամիջոցների եթերում բազմակարծությունը, հեռուստածրագրերը զերծ պահել գռեհկաբանությունից և նպաստել մեդիադաշտում իրական բարեփոխումներին, այլ ոչ թե զբաղվել ինքնագովեստով և նոր, պատժիչ լիազորություններ ակնկալել իշխանություններից։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post

Հայտարարություն ԱԺ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը մերժելու վերաբերյալ

Ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկությամբ մերժել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։

Հիշեցնենք՝  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պահանջել էր, որ Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանն իրենից հեռու կանգնի, և ակնհայտորեն չուզենալով նրա հետ զրուցել՝ վիրավորել էր նրան անպարկեշտ արտահայտությամբ։ Ներքոստորագրյալ կազմակերպություններս դատապարտող հայտարարությամբ անդրադարձել ենք այդ միջադեպին, պահանջել քննել պատգամավորի վարքագիծը և գնահատական տալ՝ նախաձեռնելով պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց։ Հռիփսիմե Ջեբեջյանն իր հերթին 161 լրագրողների ստորագրությամբ նամակ է հանձնել ՀՀ վարչապետին և ԱԺ աշխատակազմին այդ նույն պահանջներով։

Դժվար է ասել, թե որն է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ-ական մեծամասնության՝ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ստեղծելուն դեմ լինելու հիմնական պատճառը․ այն, որ նախագիծը ներկայացրել էին ընդդիմադիր խմբակցություննե՞րը, որոնց առաջարկություններն իշխող ուժը որպես կանոն չի ընդունում, թե՞ սա կուսակցի նկատմամբ համերաշխության դրսևորում է՝ անկախ նրանից, թե ինչ վարքով է նա աչքի ընկել։ Ամեն դեպքում Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը և գոնե դրա քննարկման համար էթիկայի հանձնաժողով չստեղծելը վկայում են, որ իշխող մեծամասնությունը ոչ մի արտառոց բան չի տեսնում նման կոնֆլիկտներում, նորմալ է համարում լրագրողներին վիրավորելը և դրանով իսկ կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար։

Գուցե դա է պատճառը, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել պատգամավորների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև ընդհարումները։ Բավական է հիշել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Հովիկ Աղազարյանի, Վիլեն Գաբրիելյանի և այլոց անբարեկիրթ վերաբերմունքը տարբեր լրագրողների նկատմամբ։

Համոզված ենք, որ հենց Ազգային ժողովից պետք է սկսել բևեռացված միջավայրում անպարկեշտ պահվածքի դեմ պայքարը։ Մի կողմից քաղաքական գործիչները, այդ թվում խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, բողոքում են անհանդուրժողականության մթնոլորտից, մյուս կողմից դրան անդրադառնալու համար ակնհայտորեն անհրաժեշտ քայլ չեն ուզում ձեռնարկել և մերժում են էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ Իսկ իրավիճակն ԱԺ-ում, մասնավորապես՝ պատգամավորներ-լրագրողներ հարաբերությունների լարվածությունը, շատ ավելի պատասխանատու և քաղաքական լայնախոհություն ենթադրող լուծումներ է պահանջում։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր հիասթափություն ենք արտահայտում առ այն, որ խորհրդարանականները շարունակաբար խուսափում են էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարից, և վերահաստատում ենք մեր պահանջը՝ օրենսդրական փոփոխություններ իրականացնել՝ այդ մարմնի ձևավորման գործընթացն առավել պարզեցնելու կամ, ինչը գերադասելի է, պատգամավորական էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու նպատակով։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Image by Photo Mix from Pixabay

Հայտարարություն «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի ստեղծման կապակցությամբ

Ապրիլի 17-ին Կառավարությունը որոշում է ընդունել ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որը նախատեսում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին տրամադրել դրամաշնորհներ` միտված հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական և այլ տեսալսողական հաղորդումներ) ստեղծելուն: 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել իշխանություններին, որ տարիներ առաջ նրանց ներկայացուցիչների և լրագրողական հասարակական կառույցների ղեկավարների միջև քննարկումներ են ընթացել մեդիային պետական աջակցություն ցուցաբերելու և այդ նպատակով մշտական գործող հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ։ Այդ գաղափարը լավագույնս իրագործելու նպատակով մեր կողմից կատարվել են միջազգային փորձի ուսումնասիրություններ, որոնք կարևոր են Հայաստանի համար օպտիմալ մոդել մշակելու տեսանկյունից։ Ցավոք, վերոհիշյալ գործընթացը դադարեցվեց, իսկ այն վերսկսելու մեր փորձերին իշխանությունն առայժմ չի արձագանքել։  Փոխարենը Կառավարությունն առանց պատշաճ քննարկումների ընդունում է անակնկալ որոշում՝ միայն հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող մեդիային աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին։ Այս գաղափարը որևէ կապ չունի նախորդ գործընթացների հետ, ինչի առնչությամբ հայտնում ենք մեր ափսոսանքն ու մտահոգությունը։ 

Դեռևս 2022 թվականին օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ տասը լրագրողական կազմակերպություններ պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ ԶԼՄ-ների հետ կապված որևէ օրենսդրական նախաձեռնություն կամ ոլորտին վերաբերող որոշում կյանքի չի կոչվի առանց մասնագիտական հասարակական կառույցների հետ քննարկման և գործակցության։ Այդ առնչությամբ ստորագրվել է եռակողմ Հուշագիր ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի, ՀՀ արդարադատության նախարարության և 10 լրագրողական կազմակերպությունների միջև։ Ընդ որում, այդ փաստաթղթի տակ Արդարադատության նախարարության՝ որպես մեդիայի հարցերով պրոֆիլային մարմնի ստորագրությունը ենթադրում էր, որ տվյալ կառույցը ներկայացնում է Կառավարությունը, սակայն իրականում ստացվում է, որ Հուշագրի դրույթներին որոշ չափով հետևում է միայն այդ նախարարությունը։ Դա չի կարող բացասաբար չանդրադառնալ մեդիա ոլորտում հետևողական, հայեցակարգային քաղաքականություն իրականացնելու և օրենսդրական բարեփոխումներ կատարելու վրա։ 

Մենք արձանագրում ենք, որ Կառավարության վերոհիշյալ որոշման ընդունմամբ իշխանությունը խախտել է Հուշագրով ամրագրված պայմանավորվածությունը, ինչն առաջին դեպքը չէ. նույնը տեղի է ունեցել անցյալ տարի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտե ստեղծելու և դրան նախորդող օրենսդրական փոփոխությունների գործընթացում։ 

  «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու որոշումը, ինչպես նաև ինդուստրաիալ կոմիտեի ձևավորման օրենսդրական կարգավորումները պետք է դառնային մեդիա ոլորտում պետական քաղաքականության կարևորագույն բաղադրիչներ և արդիական հայեցակարգային մոտեցումների արդյունք։ Վերջիններս, իրենց հերթին, ենթադրում են միջազգային միտումներին համահունչ ներառական գործընթացներ և տեխնոլոգիական հարթակների միջև ընտրողականության բացառում։ Մինչդեռ երկու դեպքում էլ նախաձեռնությունները հասցեագրված են միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակման լիցենզիա ունեցող հեռուստաընկերություններին։

Մենք կարևորում ենք հանրօգուտ բովանդակության լայն տարածմանը նպաստելու և այդ նպատակով աջակցություն տրամադրելու պետության պատրաստակամությունը, հատկապես ԱՄՆ միջազգային աջակցության կտրուկ նվազեցման պայմաններում, սակայն հաշվի առնելով նաև լսարանի սպառողական կողմնորոշումներում տեղի ունեցող փոփոխությունները՝ հիմնադրամի հնարավորություններից օգտվելու իրավունքը պետք է ընձեռվեր հայաստանյան բոլոր լրատվամիջոցներին։

Մշակութային, կրթական, ուսումնական և այլ հանրօգուտ բովանդակություն ստեղծելու և տարածելու համար գոյություն ունի Հանրային հեռուստառադիոընկերություն, և հարց է առաջանում, թե արդյո՞ք այն բավարար կերպով չի կատարում իր այդ առաքելությունը։ Եթե ոչ, ապա որո՞նք են պատճառները, և արդյո՞ք դրանց հաղթահարմամբ չէ, որ պետք է զբաղվել առաջնահերթ։ Կամ եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ։

Բացի այդ, ըստ օրենքի, լիցենզավորված մասնավոր հեռուստաընկերությունները մրցույթների միջոցով արդեն իսկ ստացել են արտոնություններ, այդ թվում՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու իրավունք, և դրա դիմաց պարտավորված են ապահովել մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության հաղորդումներ՝ շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոս ծավալով, և հիմա ենթադրվում է գումարներ հատկացնել այն գործառույթի համար, որն այդ ընկերությունները պարտավոր են իրականացնել օրենսդրորեն և որն ի սկզբանե լիցենզիա ստանալու պայման է եղել։

Նշված խնդիրների հիմքում մեդիա ոլորտի օրենսդրության նկատմամբ հատվածային, ոչ հայեցակարգային վերաբերմունքն է։ Այն դրսևորվել է, մասնավորապես, 2020թ․ ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում՝ հանրային մուլտիպլեքսի ձևավորմանը և վերգետնյա հեռարձակման համար թվային ծառայություններին վերաբերող անարդյունավետ լուծումներով, որոնց մասին այն ժամանակ էլ բարձրաձայնում էինք։ Ցավոք, այսօր էլ նույն միտումների ականատեսն ենք դառնում։ 

Ակնհայտ է նաև մեկ այլ էական հանգամանք․ հիմնադրամի կանոնադրության նախագծի մեջ մի կողմից նշվում է, որ անթույլատրելի է միջամտությունը հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը, մյուս կողմից՝ որ աջակցությունը միտված է պետության ուղերձները հանրայնացնելուն։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա կյանքի կոչվելու այսօրվա բևեռացված հեռարձակման ոլորտում։

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում ՀՀ կառավարությանը․ 

  • ժամանակավորապես կասեցնել ապրիլի 17-ին ընդունված «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման կատարումը և վերանայել դրա հիմքում դրված մոտեցումները,
  • նախաձեռնել քննարկումներ շահագրգիռ շրջանակների հետ՝ այդ որոշման հիմնավորվածությունը և նպատակահարմարությունը վերլուծելու նպատակով,
  • հայեցակարգային մոտեցումներ և սկզբունքներ մշակել՝ ամբողջ մեդիաոլորտի զարգացման և այդ նպատակով պետական աջակցություն իրականացնելու համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- Security service stops journalists' action in Parliament, Yerevan, 26Mar2025

Հայտարարություն ԱԺ֊ում լրագրողների իրավունքները խոչընդոտելու վերաբերյալ

Երեկ՝ մարտի 26-ին, Ազգային ժողովում, երբ պետք է սկսվեր Խորհրդարան-Կառավարություն հարցուպատասխանը, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց օթյակից փորձել են ակցիա իրականացնել՝ պարզելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պատկերով և «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով պաստառ, ինչը կոպտորեն կանխվել է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։ Ըստ էության, սա օրեր առաջ Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, երբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիրավորական վերաբերմունք էր դրսևորել Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։

            Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր մի շարք հայտարարություններում (հղումներ՝ 1, 2, 3) բարձրաձայնել ենք, որ Խորհրդարանում անվտանգության ծառայության աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, խոչընդոտում են լրագրողների գործունեությունը՝ որոշ դեպքերում նաև անհամաչափ ուժ կիրառելով նրանց նկատմամբ։ Ինչ վերաբերում է վերջին միջադեպին, ապա դա լրագրողների արտահայտման ազատության կոպտագույն խախտում է՝ վերջիններիս սեփական իրավունքները պաշտպանելու ոչ իրավաչափ և բիրտ արգելք։ Այս ամենը վկայում է, որ Ազգային ժողովում վաղուց առկա է ԶԼՄ-ների գործունեության և անվտանգության ծառայության լիազորությունների բախում։ Պետական օբյեկտների պահպանության քողի ներքո անթույլատրելի են լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի անհիմն կիրառումը և խոսքի ազատության սահմանափակումը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք․

  • Ազգային ժողովի ղեկավարությունից՝ քննարկել և բացահայտել, թե ինչպես են հնարավոր դարձել այս և անցյալում անվտանգության ծառայողների մասնակցությամբ նմանատիպ միջադեպերը, քայլեր ձեռնարկել դրանք ապագայում բացառելու ուղղությամբ,  
  • ՊՊԾ-ից՝ ծառայողական քննություն անցկացնել մարտի 26-ի միջադեպի վերաբերյալ, պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին և վերանայել նրանց գործելակերպը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերվելիս,
  • ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ քաղաքական կամք ցուցաբերել և հրապարակավ գնահատական տալ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծին, որը հանրային վրդովմունք է առաջացրել։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- MP Andranik Kocharyan targets jouirnalist Hripsime Jebejyan, Yerevan, 21Mar2025

Հայտարարություն լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սանձարձակ պահվածքի առնչությամբ

Երեկ՝ մարտի 20-ին, Ազգային ժողովում հերթական անգամ դրսևորվել է խիստ մտահոգիչ, անթույլատրելի վերաբերմունք լրագրողի նկատմամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նկատելով, որ իր հետ ճեպազրույց նախաձեռնած մի խումբ թղթակիցներին միացել է նաև «Tribune.am» կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ վերջինս այլ տեղ կանգնի և չխանգարի, իսկ երբ լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ այդ վերաբերմունքի առնչությամբ, պատգամավորը հորդորել է նրան «մաքրել շրթունքները»։ 

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան պաշտոնյայի այս սանձարձակ պահվածքը՝ արձանագրելով, որ Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ կիրառվել է և՛ մասնագիտական գործունեությամբ, և՛ սեռով պայմանավորված խտրականություն։ Առանձնակի վրդովմունք է առաջացնում այն, որ Անդրանիկ Քոչարյանը միջադեպից հետո հրաժարվել է ներողություն խնդրել լրագրողից և, ըստ հետագա իր մեկնաբանությունների, չի պատրաստվում դա անել։ Մինչդեռ նա այն պաշտոնյաներից է, որն առավել հաճախ է թիրախավորում և նսեմացնում լրագրողներին, այդ թվում՝ Հռիփսիմե Ջեբեջյանին։

Այս տիպի կոնֆլիկտները դարձել են խորհրդարանի առօրյայի անբաժանելի մաս։ Բազմիցս բարձրաձայնել ենք պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա խիստ լարվածության և անհանդուրժողականության մասին, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն անվայելուչ վարքագիծ են ցուցաբերում ու վիրավորում ընդդիմադիր ԶԼՄ-ների թղթակիցներին, իսկ ընդդիմադիր գործիչները նույն պահվածքը դրսևորում են իշխանամետ լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ։ Ընդ որում, որպես կանոն, նման կոնֆլիկտներն անհետևանք են մնում խորհրդարանականների համար․ մինչ այժմ նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այս առումով առավել քան հրատապ է դարձել ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի ձևավորման հետ կապված խնդիրների լուծումը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք․

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և դրա ԱԺ խմբակցությունից՝ քննարկման առարկա դարձնել և գնահատական տալ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարվելակերպին, որը նա դրսևորել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ շփվելիս, և հրապարակայնորեն հայցել վերջինիս ներողամտությունը,
  • ԱԺ ղեկավարությունից և բոլոր խմբակցություններից՝ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց և այդ նպատակով իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- RFE/RL Microphone on a stand, Yerevan, 27Feb2025

«Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գրառումների միջոցով վարկաբեկելու ալիք է նկատվում

Վերջին շաբաթվա ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը թիրախավորելու, սոցցանցային գրառումների միջոցով վարկաբեկելու ալիք է նկատվում, ինչը երկրում խոսքի ազատության ապահովման տեսակետից խիստ մտահոգիչ է։ Այդ արշավը սկիզբ էր առել ավելի վաղ, սակայն առավել մեծ թափ ստացավ, երբ լրատվամիջոցի հասցեին մեղադրանքներ ուղղեցին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց աջակցող շրջանակներ։
            Այս առումով հատկապես ուշագրավ են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան  գրառումները, որոնցում «Ազատություն»-ը, մասնավորապես, մեղադրվում է ֆեյքեր տարածելու կամ միակողմանի լրատվության համար, կասկածի տակ է դրվում լրատվամիջոցի պրոֆեսիոնալիզմը:     

Քննադատությանը միացածներից շատերն իրենց իրավունք են վերապահել դասեր տալ խմբագրությանը, ընդհուպ՝ թե ում պետք է հրավիրել հարցազրույցի և ում ինչ հարց պետք է տալ, կամ ինչու է հրապարակվում ընդդիմադիր գործչի մի մեկնաբանություն, որն արմատապես հակասում է պաշտոնական դիրքորոշմանը։

Սա ոչ այլ ինչ է, քան խմբագրական ազատությանը միջամտելու դատապարտելի փորձ, որի հետ չի կարող համակերպվել ոչ տվյալ լրատվամիջոցը, ոչ էլ լրագրողական համայնքն ընդհանրապես՝ անկախ քաղաքական նախասիրություններից։ Մանավանդ որ «Ազատությունն» իր գործունեությամբ ապացուցել է, որ բաց է հակադիր կարծիքներ ու գաղափարներ ներկայացնելու, ինչպես նաև սեփական հնարավոր բացթողումները քննարկելու և ուղղելու համար։

Մինչդեռ, տվյալ դեպքում իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները քննադատությունը հանդուրժելու և ընդունելու, բացահայտված թերությունները վերացնելու, սեփական հակափաստարկներով ընդդիմախոսներին արձագանքելու փոխարեն, փաստորեն, իրենց «սվիններն» ուղղում են այն խմբագրության դեմ, որը հայաստանյան լրատվական դաշտում որակյալ լրագրության ամենահարուստ փորձն ու ավանդույթներն ունեցողներից է։ Սա հատկապես անթույլատրելի է այսօրվա պայմաններում, երբ որակյալ ԶԼՄ-ներն օբյեկտիվորեն ապրում են ծանր ժամանակներ՝ բախվելով լուրջ ֆինանսական և քաղաքական խնդիրների։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրելով, որ վերջին շրջանում «Ազատություն» ռադիոկայանին թիրախավորելու և անհիմն մեղադրանքներ ուղղելու առիթ դարձած հրապարակումները վերաբերել են հանրային կարևորություն ունեցող թեմաների, իսկ ցանկացած լրատվամիջոցի թիրախավորմամբ դրանց լուսաբանումը խոչընդոտելու փորձերը անթույլատրելի են, կոչ ենք անում․

  • իշխանության ներկայացուցիչներին՝ դադարեցնել այդ և ցանկացած այլ լրատվամիջոցի վարկաբեկման արշավ կազմակերպելու պրակտիկան, տեղեկատվական վեճերը լուծել ու անհամաձայնություններն արտահայտել նույն հարթակներում՝ օգտագործելով հերքման կամ պատասխանի հնարավորությունները,
  • լրատվամիջոցներին՝ չենթարկվել քաղաքական ճնշումների, միևնույն ժամանակ ապահովել բազմակարծություն և նպաստել քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը,
  • հասարակությանը՝ հետևողականորեն պահանջել իշխանություններից հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին, հարգել խոսքի ազատությունը և հանդուրժողականություն դրսևորել քննադատության նկատմամբ՝ հատկապես մասնագիտական բարձր չափանիշներով առաջնորդվող լրատվամիջոցների հետ հարաբերվելիս։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- Police uses force against "Hraparak" newspaper's journalist Lusine Shahverdyan, Yerevan, 14Nov2024

Հայտարարություն «Հրապարակ» օրաթերթի թղթակցի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, Ազգային ժողովում կրկին լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպք է տեղի ունեցել։ Երբ «Հրապարակ» օրաթերթի թղթակից Լուսինե Շահվերդյանը փորձել է մեկնաբանություն վերցնել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից, մոտակայքում գտնվող ՊՊԾ աշխատակիցը որոշել է, որ պաշտոնյան չի ուզում շարունակել զրույցը, և բռնելով լրագրողի ձեռքը՝ մի կողմ է քաշել նրան։ Ընդ որում՝ դա արել է այնպես, որ Լուսինե Շահվերդյանի ձեռքի վրա կապտուկ է առաջացել։ Փաստը տեսագրված է և առկա է համացանցում։

Սա առաջին դեպքը չէ, երբ անվտանգության ծառայողները առերևույթ ինքնիրավչություն են դրսևորում և խոչընդոտում խորհրդարանում հավատարմագրված լրագրողների օրինական գործունեությունը։ Ամենացցուն  օրինակներից է՝ երբ նիստերի դահլիճում իրավիճակը թեժանում է, և պատգամավորները ձեռնամարտի են անցնում, ՊՊԾ աշխատակիցները ներխուժում են մամուլի օթյակ, ստիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դուրս գալ այնտեղից և դադարեցնել նկարահանումները։ Արձանագրված են նաև մի շարք այլ նման դեպքեր։

Ինչ վերաբերում է «Հրապարակի» թղթակցի նկատմամբ կիրառված բռնությանը, ապա առնվազն անհասկանալի են մնում ՊՊԾ աշխատակցի գործողությունների շարժառիթները․ ինչո՞ւ է ծառայողը միջամտում լրագրողի և նախարարի զրույցին, եթե վերջիններից ոչ մեկը նրա «օգնության» կարիքը չի ունեցել և նրան չի դիմել, ո՞վ է թույլ տվել, որ այդ ծառայողն ականջ դնի լրագրողի և նախարարի խոսակցությանը, և վերջապես ո՞վ է նրան իրավունք տվել որոշելու, թե ԱԺ-ում հավատարմագրված թղթակիցը որ հարցից հետո պետք է ուժի գործադրմամբ հեռացվի զրուցակցից։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում խորհրդարանում լրագրողի աշխատանքի խոչընդոտման հերթական փաստի կապակցությամբ, խստորեն դատապարտում ենք նրա հանդեպ կիրառված բռնությունը և պահանջում ենք․

  • ՊՊԾ-ից՝ անհապաղ նախաձեռնել ծառայողական քննություն անվտանգության այն աշխատակցի կամ աշխատակիցների նկատմամբ, որոնք առնչություն են ունեցել տվյալ միջադեպին և առերևույթ չարաշահել են իրենց լիազորությունները,
  • ԱԺ ղեկավարությունից՝ աշխատանք տանել ՊՊԾ-ի հետ և միջոցներ ձեռնարկել, որպեսզի անվտանգության աշխատակիցներն իրենց գործառույթներն իրականացնելիս չհատեն թույլատրելիի սահմանները և չխոչընդոտեն լրագրողների օրինական գործունեությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post

Հայտարարություն. «Ոստիկանության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ

Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել էին ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծեր, որոնցով  տարբեր տնտեսվարողներ պարտավորվելու էին տեղադրել և ոստիկանության համար 24/7 ռեժիմով մուտք ապահովել տեսահսկման համակարգեր։ Հանրային հեռուստաընկերության եթերում իրականացված հանրային քննարկման ընթացքում Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել էր, որ տեսահսկման համակարգի շրջանակում կիրառվելու է արհեստական բանականություն:

Նախագծերի փաթեթը ներկայացվել էր Ազգային Ժողովին եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունվել էր առաջին ընթերցմամբ:

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացվել էին մտահոգություններ, բովանդակային դիտողություններ եւ առաջարկություններ՝ որպես հետեւանք ակնկալելով, որ նախագծերը չեն ընդունվի ԱԺ-ի կողմից:

2024 թվականի նոյեմբերի 11-ին ՆԳՆհայտարարություն է տարածել նախագծերի փաթեթը ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացնելուց ձեռնպահ մնալու եւ նախագծերի հետագա ընթացքը սառեցնելու վերաբերյալ, ինչը  ըստ էության համապատասխանում է նախագծերը ընդունելու վերաբերյալ քաղաքացիական հասարակության ակնկալիքին:

Միաժամանակ, ՆԳՆ-ն նույն հայտարարությամբ որպես խնդրի փուլային լուծման տարբերակ առաջարկել է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը։

Հաշվի առնելով  Հայաստանում տվյալների պաշտպանության եւ կիբեռանվտանգության խնդիրները եւ մարտահրավերները սույն հայտարարությունը ստորագրած կազմակերպություններս գտնում ենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տեխնոլոգիաների կիրառման օրենսդրական կարգավորման նման նախաձեռնությունները պետք է իրականացվեն հանրային լայն ներգրավվածությամբ, հատկապես քաղաքացիական հասարակության եւ մասնագիտական հանրույթի ներգրավմամբ եւ ոլորտային հարակից օրենսդրության եւ պրակիկայի պատշաճ ուսումնասիրությամբ: 

Սույն հայտարարությամբ նաեւ պատրաստակամություն ենք հայտնում ակտիվորեն ներգրավվելու ՆԳՆ-ի կողմից նախաձեռնվելիք հանրային եւ աշխատանքային քննարկումներին՝ տրամադրելով մեր մասնակգտական աջակցությունը: 

  • Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ (CyberHUB)
  • Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ (HAHR)
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
  • Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
  • Փոփոխություն ՀԿ
  • Փինք իրավապաշտպան ՀԿ
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
  • Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
  • Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  • Գորիսի մամուլի ակումբ
  • Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
  • Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
  • Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
  • «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
  • Հանրային լրագրության ակումբ
  • Երևանի մամուլի ակումբ
  • Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
  • «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  • Լրագրողմեր Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
Open post
Armenia -- Confrontation between Vahe Makaryan and Alen Simonyan, Yerevan, 05Nov2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, «Mediahub.am» լրատվական կայքի խմբագրությունն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարից նամակ է ստացել՝ լրատվամիջոցի թղթակից Վահե Մակարյանի հավատարմագրումը խորհրդարանում դադարեցնելու մասին։ Պատճառը հոկտեմբերի 31-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած սկանդալային ընդհարումն է, որը լուսաբանվել է մի շարք ԶԼՄ-ներում։

Ըստ այդ հրապարակումների՝ երբ ԱԺ շենքում լրագրողը մոտեցել է խորհրդարանի ղեկավարին՝ մեկնաբանություն վերցնելու նպատակով, նրանց շփումը սկզբում ընթացել է կատակներով, սակայն հետո զրույցը վերածվել է փոխադարձ մեղադրանքների, իսկ ավելի ուշ՝ փողոցային բառապաշարով լեզվակռվի։ Կոնֆլիկտը կասեցվել է անվտանգության աշխատակիցների միջամտությամբ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ վերջին տարիներին Ազգային ժողովում հաճախակի են դարձել նման միջադեպերը, երբ պատգամավորների և լրագրողների միջև լարված հարաբերություններում հատվում են քաղաքակիրթ հարաբերությունների սահմանները, և գործնական շփումները վերածվում են անթույլատրելի վեճերի՝ անհանդուրժողականության ծայրահեղ դրսևորումներով։

Հատկանշական է նաև, որ նման կոնֆլիկտներից հետո, որպես կանոն, պատասխանատվության են ենթարկվում միայն լրագրողները՝ զրկվելով ԱԺ-ում հավատարմագրումից։ Իսկ անպարկեշտություն, ագրեսիվություն դրսևորող ու պատգամավորական էթիկան կոպտորեն խախտող խորհրդարանականների համար նման միջադեպերը մնում են անհետևանք։ Այդպես եղավ նաև այս անգամ։

Նկատելի է, որ ԱԺ աշխատակազմը Վահե Մակարյանին հավատարմագրումից զրկելիս ջանացել է իրավական հիմնավորումներ բերել դրա համար՝ հղում կատարելով ՀՀ ԱԺ լրագրողների հավատարմագրման կարգին և «Զանգվածային լրատվության մասին» օրենքին։ Մինչդեռ, այդ նույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «․․․լրագրողին հավատարմագրած պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցնել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները»:

Վահե Մակարյանը նախորդ մեկ տարվա ընթացքում որևէ գրավոր նախազգուշացում չի ստացել, մինչդեռ ԱԺ աշխատակազմը մեկ միջադեպում արհեստականորեն երկու խախտում արձանագրելով՝ թույլ է տվել ինքնիրավչություն և խախտել է օրենքը։

Խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ մենք պահանջում ենք․

  • ԱԺ աշխատակազմից՝ անհապաղ վերականգնել լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը խորհրդարանում,
  • ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ շտապ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց, քննարկման առարկա դարձնել վերոհիշյալ միջադեպը և հրապարակավ գնահատական տալ Ալեն Սիմոնյանի վարվելակերպին։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Open post
Armenia -- MP Hovik Aghazaryan, 16Oct2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հանդիպելով խորհրդարանում հավատարմագրված՝ «Ժողովուրդ» թերթի և Armlur.am կայքի թղթակից Քնար Մանուկյանին և դժգոհություն հայտնելով իր հետ վերջինիս հրապարակած հարցազրույցի առնչությամբ, վիրավորել է նրան։ Ըստ լրագրողի՝ պատգամավորը նրան անվանել է «սրիկա», «զզվելի» և ատելության խոսք արտահայտել՝ «պարսիկ, պարսկուհուց էլ վատն ես» (դժվար է պատկերացնել, թե նա ինչ է նկատի ունեցել այս տարօրինակ արտահայտությամբ)։
Նույն օրը Հովիկ Աղազարյանը հերքել է, որ գործածել է «պարսիկ» բառը, սակայն միջադեպին ականատես են եղել այլ ԶԼՄ-ների թղթակիցներ, և մասնավորապես News.am կայքի լրագրող Ռուզան Խաչատրյանը հաստատել է, որ պատգամավորը օգտագործել է այդ խոսքը։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում և դատապարտում ենք իշխող խմբակցության պատգամավորի այս անվայելուչ պահվածքը։ Արձանագրում ենք, որ սա ընդամենը մեկ դրվագ է ԱԺ պատգամավորների և լրագրողների միջև բազմաթիվ կոնֆլիկտների, անհարգալից վերաբերմունքի և վիրավորանքների դեպքերից։ Սա լուրջ խնդիր է, որը պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա խորհրդարանի Էթիկայի հանձնաժողովում, որի ստեղծումն ու գործունեությունն անհասկանալի պատճառներով իրականություն չի դառնում։
Ինչ վերաբերում է նշյալ միջադեպին, ապա պահանջում ենք․
– պատգամավոր Հովիկ Աղազարյանից՝ հրապարակավ ներողություն խնդրել լրագրող Քնար Մանուկյանից և երաշխավորել, որ ապագայում թույլ չի տա անհարգալից վերաբերմունք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ,
– «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ գնահատական տալ Հովիկ Աղազարյանի պահվածքին և տեղեկացնել հանրությանն այդ մասին,
– ԱԺ ղեկավարությունից՝ միջոցներ ձեռնարկել պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա լարվածությունը թոթափելու, իսկ ծագող կոնֆլիկտներն էթիկայի հանձնաժողովում քննելու և հետևություններ անելու ուղղությամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Posts navigation

1 2 3 4 11 12 13
Scroll to top