Ժամանակահատված: 1 հունվար 2026 — 31 հոկտեմբեր 2026
Դոնոր կազմակերպություն: Digital Defenders Partnership (DDP)
Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ծրագրի նպատակն է արձագանքել Հայաստանում առկա թվային անվտանգության լուրջ մարտահրավերներին՝ դրանք վերածելով հստակ և չափելի գործողությունների։ Հաշվի առնելով ոլորտում առկա չորս հիմնական խնդիրները՝ կիբեռանվտանգության սպառնալիքները, մասնագիտական կարողությունների պակասը, ատելության խոսքի և թիրախավորված թվային հարձակումների աճը, ինչպես նաև հանրային իրազեկվածության ցածր մակարդակը, ծրագիրը միտված է տրամադրել գործնական աջակցություն, բարձրացնել դիմակայունությունը և նպաստել ավելի անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների և նրանց համայնքների համար։
Ամրապնդել ռիսկային խմբում գտնվող ՔՀԿ-ների և մարդու իրավունքների պաշտպանների կիբեռանվտանգության դիմակայունությունը
Ծրագրի շրջանակում նպատակային թվային անվտանգության աջակցություն կտրամադրվի 12 ՔՀԿ-ների և 40 մարդու իրավունքների պաշտպանների, որոնք առավել խոցելի են կիբեռհարձակումների և թվային հետապնդումների նկատմամբ։ Հաշվի առնելով 2026 թվականի ընտրություններին նախորդող շրջանում հնարավոր ռիսկերի աճը՝ ծրագիրը կօգնի նրանց ուժեղացնել պաշտպանության և արդյունավետ արձագանքման կարողությունները։
Նվազեցնել թվային անվտանգության ոլորտում գիտելիքների և հմտությունների բացերը
Ծրագիրը կկազմակերպի կարիքահեն դասընթացներ 25 մարդու իրավունքների պաշտպանների համար՝ անդրադառնալով թվային անվտանգության հիմնական թեմաներին, որոնք կհստակեցվեն նախնական գնահատումների և խորհրդակցությունների արդյունքում։
Բարձրացնել հանրային իրազեկվածությունը թվային ռիսկերի և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ
Ծրագրի շրջանակում կպատրաստվեն 10 բլոգային հոդվածներ, որոնք կներկայացնեն թվային անվտանգության հիմնական ռիսկերը, նոր առաջացող սպառնալիքները և դրանց հաղթահարման գործնական լուծումները։

