Թվային անվտանգության սպառնալիքների նկատմամբ դիմակայունության և արձագանքման կարողությունների հզորացումը Արևելյան գործընկերության երկրներում

Ժամանակահատված: 1 հունվար 2025 — 31 դեկտեմբեր 2025

Դոնոր կազմակերպություն: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրո (DRL)

Իրականացնող կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

Գործընկեր կազմակերպություն: Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Լոնդոն 

Ծրագրի հիմնական նպատակը թվային անվտանգության ոլորտում աշխատող ծառայություններ մատուցող մասնագետներին անմիջական աջակցություն տրամադրելն է, որպեսզի նրանք կարողանան առավել արդյունավետ պաշտպանել խոցելի խմբերին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և անկախ մեդիային այն թվային հարձակումներից, որոնք միտված են սահմանափակելու նրանց իրավունքներն ու հիմնարար ազատությունները։

Այս նպատակին հասնելու համար ծրագրի գործընկերները սահմանել են երեք հիմնական ուղղություն։

Ծրագրի նպատակ 1

Ապահովել թվային անվտանգության մասնագետների (DigiSec providers) շարունակական մասնագիտական զարգացումը։

Ծրագիրը խթանելու է փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման մշակույթ թվային անվտանգության մասնագիտական համայնքի ներսում՝ ելնելով այն իրողությունից, որ խոցելի խմբերի պատշաճ պաշտպանությունը մեծապես կախված է նոր և զարգացող սպառնալիքները ժամանակին նկատելու, դրանց մասին վաղ նախազգուշացնելու և արագ արձագանքելու կարողությունից։

Ծրագրի նպատակ 2

Ամրապնդել և ընդլայնել թիրախային տարածաշրջանում գործող թվային անվտանգության մասնագիտական համայնքը։

Ծրագիրը կծառայի որպես համագործակցային հարթակ՝ անդրազգային սպառնալիքները բացահայտելու և դրանց արձագանքման արդյունավետ ու ժամանակին լուծումներ մշակելու համար։ Այս նպատակը կիրագործվի տարբեր երկրներում գործող թվային անվտանգության մասնագետներին համախմբելու, նրանց փորձն ու ռեսուրսները մեկտեղելու միջոցով՝ ի պատասխան առկա միտումների և կրկնվող սպառնալիքների։

Ծրագրի նպատակ 3

Ապահովել, որ խոցելի խմբերը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և անկախ մեդիան շարունակական հասանելիություն ունենան բարձր որակավորում ունեցող մասնագետների, արդիական ռեսուրսների և արագ արձագանքման մեխանիզմների։

Այս նպատակով կստեղծվի Տարածաշրջանային վիրտուալ ռեսուրս կենտրոն, որը շահառուներին հնարավորություն կտա օգտվելու տարածաշրջանի տարբեր երկրներում գործող մասնագետների փորձից, ինչպես նաև դիմելու օժանդակության դրամաշնորհների՝ թվային անվտանգության մասնագետների առաջարկած լուծումները գործնականում իրականացնելու համար։

Discover More Projects