
1. Ընդհանուր նկարագրություն
Օգոստոսին տեղեկատվական դաշտում դեռևս պահպանվում էր հունիսյան խորհրդարանական ընտրությունների և հուլիսի TRIPP միջանցքի շուրջ ծավալված քննարկումների ազդեցությունը: Ընդհանուր առմամբ, այս շրջանում շարունակվում է նախորդ ամիսներին ձևավորված հիմնական պատումը. Հայաստանը ներկայացվում է երկիր, որը կանգնած է Ռուսաստանի և Արևմուտքի միջև անշրջելի ընտրություն կատարելու հանգամանքի առջև: Ռուսաստանից հեռացումը՝ որպես վտանգ ներկայացնելու տրամաբանության ամենապարզ դրսևորումն այն է, երբ Հայաստանի ցանկացած ինքնուրույն կամ դեպի Արևմուտք ուղղված քայլ ինքնաբերաբար որակվում է որպես հրաժարում Ռուսաստանից՝ շրջանցելով Հայաստանի սեփական տնտեսական կամ անվտանգային շահերի քննարկումը:
Սույն հետազոտության մեթոդաբանական հիմքում ընկած է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) ՕՏՄՄ ստանդարտը և DISARM (նախկին AMITT) մատրիցան, որոնք համակցված են Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի (ԲՏԻ) մոտեցումներին և ադապտացված են ուսումնասիրված դեպքերի առանձնահատկություններին։ Այս մոտեցումը թույլ է տալիս կենտրոնանալ ոչ թե զուտ բովանդակության, այլ տեղեկատվական հարձակումների կոնկրետ վարքագծի, տակտիկաների և տեխնիկական ընթացակարգերի (TTPs) վրա։
Վառ օրինակ է Նիկոլ Փաշինյանի՝ «ՀԿԵ»-ից գումար պահանջելու մասին հայտարարության վերաբերյալ օգոստոսի 3-ի հրապարակումը1, որը մեկնաբանվում է որպես քաղաքական ճնշման գործիք և Արևմուտքից ֆինանսական աջակցություն ակնկալելու քայլ: Մեկ այլ օրինակ է օգոստոսի 22-ին՝ Մարիա Զախարովայի հայտարարության2 շուրջ տարածված հրապարկումները: Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ արտաքին քննարկումը (առիթը Ադրբեջանի նախագահի հայտարարությունն էր3) վերաձևակերպվում է որպես Ռուսաստանի էներգետիկ ազդեցությունը սահմանափակելուն ուղղված արևմտյան նախաձեռնություն: Երկու դեպքում էլ Ռուսաստանի հետ կապերի ցանկացած թուլացում ինքնաբերաբար նույնացվում է երկրի կախվածության ու խոցելիության բարձրացման հետ: Երկրորդ տակտիկան հավասարակշռված աղբյուրներից միայն ձեռնտու հատվածներ քաղելն է: Օգոստոսի 19-ի հրապարակումը4 անդրադառնում է ԵՄ 2025 թվականի զեկույցին՝ Հայաստանում դատաիրավական և մարդու իրավունքների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ: Թեև զեկույցը համադրում է ինչպես դրական զարգացումները (քաղաքացիական հասարակության ակտիվություն, մեդիա բազմակարծություն, հակակոռուպցիոն համակարգի ամրապնդում), այնպես էլ առկա մարտահրավերները (դատարանների անկախություն, ոստիկանության չարաշահումների քննություն, կալանքի լայն կիրառում), հոդվածում ընդգծվել են բացառապես քննադատական դրվագները: Առանց բացահայտ կեղծիքի դիմելու՝ իրական պատկերի նման մասնատումը թույլ է տալիս Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը ներկայացնել որպես ձևական կամ ձախողված:
Հաջորդ բաժիններում մանրամասն ներկայացված են առանձին դեպքի ուսումնասիրությունը:
ՄԱՍ 2. ՕՏՄՄ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Դեպք 1. Նիկոլ Փաշինյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» մասին հայտարարության ներկայացումը իբրև ՌԴ-ի վրա ճնշում և Արևմուտքից աջակցության որոնում
Տվյալների բազա՝ ~22գրառում, 21 ալիք, ~565 հազար դիտում։ Սա վերաբերում է միայն մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրված դեպքերի ծավալին։
1. Համատեքստ
Օգոստոսին ռուսալեզու Telegram ցանցը Նիկոլ Փաշինյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կոնցեսիայի վերանայման ու տարեկան «մինչև 2 մլրդ դոլար» պահանջի շուրջ հայտարարությունը վերածեց հակառուսական դիսկուրսի։ Նարատիվի կմախքը երեք օղակ է՝ Փաշինյանը «պատերազմ» է հայտարարել ռուսական ռազմավարական կապիտալին → դա ոչ թե տնտեսական հաշվարկ է, այլ Բրյուսելի հրահանգով քաղաքական քայլ (երկաթուղին հանձնել Արևմուտքին՝ TRIPP-ի, «Միջին միջանցքի», ԵՄ Global Gateway-ի շրջանակում) → հետևանքը լինելու է տնտեսական աղետը ու երկաթուղու փլուզումը։ Ալիքները մշտապես կողք կողքի դնում են Փաշինյանի «անհիմն» պահանջն ու ՀԿԵ-ի «բարերեգործական» ներդրումների մանրամասն վիճակագրությունը՝ ձևավորելով «ո՞վ ում է պարտք» հակադրությունը, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես «անշնորհակալ» կողմ։
- Հիմնական նպատակ. ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները։
- Վտանգավորության աստիճանը՝ միջին. հետընտրական ապակայունացման ռիսկի բարձրացրում
- Թիրախային լսարան. ընտրական գործընթացի նկատմամբ անվստահություն ունեցող քաղաքացիներ, Հայաստանում բնակվող ռուսալեզու լսարան, ՌԴ-ում ապրող հայ համայնք, ինչպես նաև ՌԴ ներքին լսարանը,
2. Արշավի ազդակը և մեկնարկը
Ֆոնային ազդակը փետրվարից էր՝ Փաշինյանի առաջարկը5՝ կոնցեսիան վաճառել «բարեկամ» երրորդ կողմին, իսկ հուլիսին հռետորաբանությունը սրվեց մինչև «տարեկան մինչև 2 մլրդ դոլար վարձակալության պահանջ և միջազգային արբիտրաժ»։ Ուղղակի մեկնարկը օգոստոսի 1-ի հանգույցն էր՝ ՀԿԵ-ի ղեկավար Օլեգ Բելոզյորովի «զարմանքն» ու պաշտոնական պարզաբանում ակնկալելը6, ինչը ցանցում ստեղծեց «ո՞վ ում է պարտք» ծաղրը7։
3. Դերակատարների էկոհամակարգ
- Մեկնակետի աղբյուրներ. հիմնական «վերլուծական» գաղափարներ արտադրողը8 @caucasar-ն է՝ «Ձախ գնաս՝ ձին կկորցնես» և «Փաշինյանի քարմանկան» նյութերով, որոնք ՀԿԵ-ի ներդրումները դարձնում են «բարերարության» ապացույց։
- Տարածողներ. մասշտաբի գլխավոր «բարձրախոսը» ռուսական խոշոր @rybar-ն է, որ caucasar-ի նյութը վերարտադրում է 165 հազար 9 և 184 հազար10. դիտումով՝ դեպքին տալով հնչեղություն։ Ամենաակտիվ վերարտադրողներն էին @rusyerevantoday, @parallel95, @mikayelbad, @armsens, @Armenian_Life ալիքները։
4. Մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր (TTPs — DISARM)
- Վերապիտակավորում. Փաշինյանի խոսքը վերաձևակերպվում են որպես ագրեսիա՝ «երկաթուղային ուլտիմատում», «Փաշինյանը շարունակում է սպառնալ»։
- Հարկադրանքի լեգիտիմացում և հակադարձ մեղադրանքով թեմայի շեղում («ո՞վ ում է պարտք»). ՀԿԵ-ի ներդրումների մասին տարածվում է ընտրողական վիճակագրություն՝ Հայաստանը ներկայացնելով որպես «անշնորհակալ» կողմ։
- Վախի սերմանում. կոնցեսիայի խզումը ներկայացվում է որպես երկրի տնտեսության «սրտին հարված»։
- Դավադրություն. որպես իրական շարժառիթ է ներկայացվում երկաթուղին Արևմուտքին հանձնելը՝ «Բրյուսելի հրահանգներով»։
5. Հակազդեցություն
Այս դեպքում հակազդեցության դերում հանդես է գալիս հենց Փաշինյանի սեփական պարզաբանումը, թե 2 մլրդ դոլարի պահանջը «ընդամենը հնարավոր սցենարներից մեկն էր, ոչ կոնկրետ բան»։ Սակայն այս ճշգրտումը ներկայացվում է11 որպես «բլեֆ»։
Դեպք 2. ԵՄ 2025 թվականի զեկույցը Հայաստանի դատաիրավական և մարդու իրավունքների խնդիրների մասին
Տվյալների բազա՝ 6 գրառում, ~500 դիտում։ Սա վերաբերում է միայն մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրված դեպքերի ծավալին։
1. Համատեքստ
Օգոստոսի կեսին Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը (EEAS) հրապարակեց «2025 Human Rights and Democracy in the World» տարեկան զեկույցը12։ Հայաստանի վերաբերյալ գնահատականը համակցված է․ մի կողմից արձանագրվում են դատական, ոստիկանական և սահմանադրական բարեփոխումները, դատավորների ու դատախազների բարեվարքության պարբերական ստուգումների ներդրումը, թվայնացման առաջընթացը և հակակոռուպցիոն համակարգի ամրապնդումը։ Մյուս կողմից՝ մատնանշվում են մի շարք շարունակական խնդիրներ՝ դատական անկախության պակասը, նախնական կալանքի լայն կիրառումը, ոստիկանության չարաշահումների ոչ արդյունավետ քննությունը, կալանավայրերում մահերն ու բանակում ոչ մարտական կորուստները, ինչպես նաև քրեական արդարադատությունը այլակարծությունը ճնշելու գործիք դարձնելու ռիսկը։
ՕՏՄՄ-ի տեսանկյունից էական է ոչ թե զեկույցի բովանդակությունը, այլ դրա ընտրովի ներկայացումը՝ դրական գնահատականների լռեցումն ու միայն քննադատության շեշտադրումը՝ որպես համակարգային ռեպրեսիաների ապացույց։
- Հիմնական նպատակը՝ իշխանությունների և իրավապահ համակարգի նկատմամբ անվստահության խորացում՝ ԵՄ զեկույցի քննադատական դրույթների ընտրովի շեշտադրմամբ։
- Վտանգավորության աստիճանը՝ ցածր․ սահմանափակ տարածում և ազդեցություն, համակարգված ուժեղացման նշաններ չեն արձանագրվել։
- Թիրախային լսարանը՝ ՀՀ ներքին լսարան, հատկապես իշխանությունների և պետական ինստիտուտների նկատմամբ քննադատաբար տրամադրված խմբերը։
2. Արշավի ազդակը և մեկնարկը
Արշավի մեկնարկային ազդակը դարձավ օգոստոսի կեսին EEAS կողմից հրապարակված տարեկան զեկույցը։ Օգոստոսի ընթացքում զեկույցի հայկական լուսաբանումը գրեթե ամբողջությամբ հավասարակշռված էր։ Ամսվա վերջին և սեպտեմբերի սկզբին որոշ կայքեր զեկույցը ներկայացրրին13 «ԵՄ-ի ապտակը ՀՀ իրավապահներին» սուր վերնագրով՝ առաջին պլան բերելով դատական անկախության, ոստիկանության գործողությունների, նախնական կալանքի, ընդդիմության և խոսքի ազատության վերաբերյալ խնդիրները։
3. Դերակատարների էկոհամակարգ
- Մեկնակետի աղբյուրներ. առաջիններից էր ռուսալեզու «Моя Родина – Арцах» Telegram ալիքի հրապարակումը։ Հրապարակման վիզուալ ձևավորումը մանիպուլյատիվ էր․ Նիկոլ Փաշինյանը պատկերված էր ԵՄ դրոշը ձեռքին՝ անհանգիստ և վախեցած դեմքի արտահայտությամբ, Հայաստանի և Արարատի ֆոնին։
- Տարածողներ. օգոստոսի վերջին հայկական մամուլում զեկույցը սկսեց ավելի ակտիվ շրջանառվել։ Մասնավորապես, հրապարակումներ տարածվեցին «ԵՄ-ի ապտակը ՀՀ իրավապահներին․ դատական անկախության, ոստիկանության, ընդդիմության և խոսքի ազատության խնդիրներ» սուր վերնագրով։
4. Մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր (TTPs — DISARM)
- Ընտրովի շեշտադրում. զեկույցի քննադատական դրույթները՝ դատական անկախության, ոստիկանության գործողությունների, նախնական կալանքի և այլակարծության հնարավոր ճնշման վերաբերյալ, առանձնացվել և առաջ են մղվել ընդհանուր գնահատականից՝ երկրորդ պլան մղելով արձանագրված բարեփոխումները։
- Մանիպուլյատիվ վիզուալ բովանդակություն. հրապարակման համար օգտագործված պատկերը՝ Նիկոլ Փաշինյանը ԵՄ դրոշով, Հայաստանի և Արարատի ֆոնին, ուժեղացնում է «ԵՄ-ի ճնշման տակ գտնվող իշխանության» ընկալումը։
5. Հակազդեցություն
Դիտարկված ժամանակահատվածում նարատիվին ուղղված առանձին պաշտոնական հակազդեցություն կամ փաստերի ստուգման հրապարակում չի արձանագրվել։ EEAS-ի սկզբնական զեկույցը և դրա հավասարակշռված մեդիա լուսաբանումը հասանելի էին հանրությանը և հնարավորություն էին տալիս համադրել շրջանառվող շեշտադրումները զեկույցի ամբողջական գնահատականի հետ։
Հղումների մասին ծանուցում․ կայքում որոշ արտաքին հղումներ նպատակային ներկայացված են կոտրված ձևաչափով (defanged) օրինակ՝ example[.]com)։ Այս մոտեցումը թույլ է տալիս հղում կատարել աղբյուրներին՝ առանց դրանք ավտոմատ ակտիվացնելու և որոնողական համակարգերին SEO արժեք փոխանցելու։ Հղումը բացելու համար այն անհրաժեշտ է վերափոխել սովորական ձևաչափով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը և այն կարող է չհամընկնել Եվրոպական միության և Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետների հետ։
- Աղբյուր 1 — http://t[.]me/ddofa/38507 ↩︎
- Աղբյուր 2 — https://www[.]mk[.]ru/politics/2026/08/22/zakharova-zayavila-ob-usilenii-zavisimosti-armenii-ot-drugikh-stran[.]html ↩︎
- Աղբյուր 3 — https://www[.]reuters[.]com/ ↩︎
- Աղբյուր 4 — http://t[.]me/arcax999/98036 ↩︎
- Աղբյուր 5 — https://armenpress[.]am/hy/article/1242159 ↩︎
- Աղբյուր 6 — https://www[.]vedomosti[.]ru/politics/news/2026/07/30/1217779-belozerov-rzhd-udivleni-zayavleniyami?utm_source=chatgpt[.]com ↩︎
- Աղբյուր 7 — https://t[.]me/parallel95/117756 ↩︎
- Աղբյուր 8 — https://t[.]me/caucasar/2218 ↩︎
- Աղբյուր 9 — https://t[.]me/rybar/82367 ↩︎
- Աղբյուր 10 — https://t[.]me/rybar/82425 ↩︎
- Աղբյուր 11 — https://t[.]me/rusyerevantoday/99321 ↩︎
- Աղբյուր 12 — https://www[.]eeas[.]europa[.]eu/eeas/2025-annual-report-human-rights-and-democracy-world_en ↩︎
- Աղբյուր 13 — https://armlur[.]am/1587203/ ↩︎


