20 Հուլիսի, 2026

Հայաստանի տեղեկատվական միջավայրում օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (ՕՏՄՄ) միտումներ — Հունիս 2026

1. Ընդհանուր նկարագրություն

2026 թ․ հունիսին Հայաստանի տեղեկատվական դաշտը ձևավորվեց մեկ առանցքային իրադարձության՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների շուրջ։ Քվեարկությունն ընթանում էր արտաքին քաղաքական վերադասավորումների ֆոնին․ Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ շարունակում էին վատթարանալ, մինչդեռ Եվրամիության հետ մերձեցումը դարձել էր իշխանության հռչակած ուղեգիծը։ Հենց այս լարման դաշտում էլ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիան (ՖԻՄԻ) ստացավ իր հիմնական շրջանակավորումը․ ընտրությունները թիրախային լսարաններին ներկայացվում էին ոչ թե որպես ներքաղաքական մրցակցություն, այլ որպես «քաղաքակրթական ընտրություն» Ռուսաստանի/ԵԱՏՄ-ի և Արևմուտքի/ԵՄ-ի միջև։

Ամսվա ընթացքում նարատիվների շարժն ունեցավ հստակ երեք փուլ։ Նախընտրական շրջանում գերակշռում էին կանխարգելիչ ապալեգիտիմացնող ուղերձները, երբ արդյունքները կասկածի տակ էին դրվում դեռևս մինչև քվեարկությունը։ Ընտրությունների օրը շեշտադրումը տեղափոխվեց «արտաքին միջամտության» ապացույցների որոնման վրա, իսկ հետընտրական փուլում ձևավորվեց արդյունքների չճանաչման և «ընդդիմության դեմ ռեպրեսիաների» օրակարգ, որին միացան ՌԴ պաշտոնական խոսնակները։

«Արևմուտքը միջամտում է ընտրություններին»։ Շվեդիայի կողմից ժողովրդավարության աջակցության ֆինանսավորումը ներկայացվում էր որպես միջամտության ապացույց1, ԵՄ դեսպանի այցը ԿԸՀ՝ որպես կասկածելի ներկայություն2, իսկ արևմտյան ֆոնդերի հետ աշխատող կառույցները՝ որպես «հակառուսական էկոհամակարգ»3։ Զարգացած տարբերակում պնդումներ էին արվում, անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն կարող է «ռումինական սցենարով»4 չեղարկել իրեն ոչ ձեռնտու արդյունքը։ Ընտրություններից հետո այս գիծն ամրագրվեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական գնահատականով5՝ ընտրություններն անցել են ընդդիմության վրա «աննախադեպ ճնշման» և արևմտյան միջամտության պայմաններում։

Երկընտրանքի պարտադրում և տնտեսական պայմանավորվածություն։ Մարիա Զախարովայի հայտարարությունների շարքը ձևավորեց «երկու աթոռի» ուղերձը․ Հայաստանը պետք է հստակ ընտրի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև6, ընդ որում եվրոպական ուղու դեպքում Ռուսաստանը չի պահպանելու արտոնյալ պայմանները7։ Ուղերձն ուժեղացվում էր տնտեսական վախերի գծով․ ԵՄ շուկան ներկայացվում էր որպես ռուսականին անհամարժեք փոխարինող8, իսկ Արևմուտքի հետաքրքրությունը Հայաստանով՝ որպես ռեսուրսների «յուրացման» ծրագիր9։

Սցենարային վախերի փոխադրում։ Կայուն հնարք էր Հայաստանի ապագան այլ երկրների «սցենարներով» նկարագրելը․ վրացի քաղաքական գործչի շուրթերով հնչում էր «վրացական նախազգուշացումը»10, եվրոպական ուղին նույնացվում էր ուկրաինական և մոլդովական ցնցումների11 հետ, իսկ որպես դրական այլընտրանք առաջարկվում էր «բելառուսական սցենարը»12։ Այս կառուցվածքը լսարանին թողնում է ընտրություն միայն ձախողման տարբերակների և Մոսկվայի հետ ինտեգրման միջև։

Հոգևոր-մշակութային առանցք։ ՍՎՌ-ի տարածած պնդումը, թե ԵՄ-ն Երևանից պահանջում է խզել Ռուսաստանի հետ «կրոնական-հոգևոր կապերը»13, իսկ արևմտյան ՀԿ-ները թիրախավորում են Գյումրիի 102-րդ ռազմաբազայի քահանային, նարատիվը տեղափոխում էր ինքնության կորստի վերաբերյալ քննարկումների դաշտ․ ԵՄ-ն ներկայացվում է որպես ուժ, որը Հայաստանը Ռուսաստանից կտրում է ոչ միայն քաղաքականապես, այլև հոգևոր-մշակութային մակարդակում՝ շահարկելով եկեղեցի–պետություն առկա լարվածությունը։

Արդյունքների ապալեգիտիմացում։ Դեռ մինչև քվեարկությունը ռուսական մեդիան կոչ էր անում չճանաչել արդյունքները14 կեղծիքի դեպքում, ընտրությունների օրը շրջանառվում էին «զանգվածային խախտումների»15 պնդումներ, իսկ վերահաշվարկը ներկայացվում էր որպես ԿԸՀ-ի կողմից թվերի «նկարչություն»16։ Հետընտրական փուլում գիծը բարձրացվեց պաշտոնական մակարդակ․ Մեդվեդևը Հայաստանը որակեց որպես Արևմուտքի վերահսկողության տակ անցնող երկիր17, իսկ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը՝ որպես «նոր ռեպրեսիա»18։ Ապալեգիտիմացնող այս շրջանակը սերտորեն համընկնում էր ներքին ընդդիմադիր հռետորաբանության հետ՝ ապահովելով նարատիվի տեղայնացումն առանց հավելյալ ջանքի։

Դաշտը միակողմանի չէր։ Ուկրաինական և արևմտամետ աղբյուրները զուգահեռ ձևավորում էին հայելային շրջանակ՝ Ռուսաստանը ներկայացնելով որպես հիբրիդային հարձակումներ19 նախապատրաստող և սփյուռքի միջոցով ազդելու փորձ20 կատարած կողմ։ Հաջորդ բաժինները ներկայացնում ենք որոշ դեպքերի մանրամասները։

ՄԱՍ 2. ՕՏՄՄ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Դեպք 1 — Ընտրակեղծիքի և արդյունքների չճանաչման արշավը

Տվյալների բազա՝ ~10 հրապարակում (Telegram + վեբ կայքեր)։ Սա վերաբերում է միայն մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրված դեպքերի ծավալին։

1. Համատեքստ

Ընտրության գիշերը՝ ԿԸՀ-ի արդյունքների հրապարակման ֆոնին, որոշ ալիքներ շրջանառեցին «ընտրակեղծիքի» մասին նարատիվները՝ ԿԸՀ-ն ներկայացնելով որպես իշխանության համար «թվեր նկարող» կառույց։

  • Հիմնական նպատակ. ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները։
  • Վտանգավորության աստիճանը՝ բարձր. հետընտրական ապակայունացման ռիսկի բարձրացրում
  • Թիրախային լսարան. ընտրական գործընթացի նկատմամբ անվստահություն ունեցող քաղաքացիներ

2. Արշավի ազդակը և մեկնարկը

Ազդակ հանդիսացավ այն, որ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներն ամփոփեց և հրապարակեց հունիսի 8-ի առավոտյան. այն անմիջապես ներկայացվեց21 որպես «թվերը ճիշտ նկարելու» ժամանակ շահելու փորձ, և գիշերվա ընթացքում շրջանառվեց ԿԸՀ-ին առնչվող «նկարիչների միություն» պիտակը՝ «մոլդովական սցենար, մոլդովական թվեր՝»22 ձևակերպմամբ։

3. Դերակատարների էկոհամակարգը

  • Մեկնակետի աղբյուրներ. ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնող հիմնական ուղերձները տարածվել են ընդդիմադիր քաղաքական առաջնորդների հայտարարություններից23։
  • Տարածողներ. նշված թեզը կարճ ժամանակում լայն տարածում է ստացել մի շարք տելեգրամյան ալիքներում, այդ թվում՝ @mikayelbad, @ArmenianVendetta, @ArchZang, @tertammedia, @Davit_Grigoryan_Live, @sisumasis, @dirqapah, @news7or և այլն։ Հրապարակումների վերլուծությունը ցույց է տալիս, որ նույն ձևակերպումներն ու պնդումները մի քանի ալիքներում վերատպվել են գրեթե անփոփոխ և սինխրոն կերպով՝ րոպեների տարբերությամբ։

4. Մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր (TTPs — DISARM)

  • Համակարգված ոչ հավաստի վարքագիծ (CIB). «ԿԸՀ-ի նկարիչների միություն» տեքստն ու թվերը միաժամանակ վերատպվեցին մի քանի տելեգրամյան ալիքներում՝ նույն «մոլդովական թվեր, մեկ առ մեկ» վերջաբանով։
  • Դելեգիտիմացում (Discredit the Process). ԿԸՀ-ի գործողությունները ներկայացվել 24են որպես ընտրությունների արդյունքների կանխամտածված մանիպուլյացիա՝ կասկածի տակ դնելով գործընթացի թափանցիկությունն ու արդյունքների արժանահավատությունը. «13 ժամ ԿԸՀ-ն չի կարողանում հաշվել` 1996-ից ի վեր ամենաամոթալի ընտրությունը՝ զրոյական լեգիտիմությամբ»։

5. Հակազդեցություն

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելությունը արձանագրեց25, որ ընտրողների համար ապահովվել էր իրական և բազմակարծիք ընտրություն կատարելու հնարավորություն։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանը մերժեց26 ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ-ի որոշումը։

Դեպք 2. ԱԲ-ով գենեացված խորը կեղծիքները, հիբրիդային ու կիբեռ գործողությունները ընտրությունների ֆոնին

Տվյալների բազա՝ մշտադիտարկման հավաքածու՝ ~11 նյութ, հունիս 4-7 և 24-30 ժամանակահատվածում։ Սա վերաբերում է միայն մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրված դեպքերի ծավալին։

1. Համատեքստ

Բովանդակային նարատիվներին զուգահեռ՝ ընտրության շուրջ արձանագրվեցին ուղղակի օպերացիոն միջամտություններ՝ ուղղված ընտրողների վարքագծին և Հայաստանի տեղեկատվական ենթակառուցվածքներին, իսկ հունիսի վերջին ՕՏՄՄ-ն դրսևորվեց նաև տեխնոլոգիապես ավելի բարդ ձևով՝ արհեստական բանականությամբ գեներացված բովանդակությամբ, ինչպես նաև Հայաստանում ԱԲ գործարանի կառուցմանը դեմ ապատաեղեկատվությամբ։

  • Հիմնական նպատակ. կարճաժամկետ հորիզոնում՝ նվազեցնել ընտրական մասնակցությունը և վստահությունը, ստեղծել քաոսի ու անվտանգության կորստի զգացում, իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ խեղաթյուրել տեղեկատվական միջավայրն ու արհեստական բանականության աղբյուրները պրոռուսական նարատիվներով և խաթարել վստահությունը կոնկրետ ինստիտուտների ու նախագծերի նկատմամբ։
  • Վտանգավորության աստիճանը՝ բարձր. ուղղակի ազդեցություն ընտրական գործընթացի ֆիզիկական և թվային կողմերի վրա. միաժամանակ ազդեցությունը դուրս է գալիս սոցցանցերից՝ դեպի որոնողական համակարգերի ու արհեստական բանականության շերտ։
  • Թիրախային լսարան. ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ (հատկապես Ռուսաստանից ժամանող քաղաքացիներ), արհեստական բանականության գործիքների օգտատերեր, ներդրումային և տեխնոլոգիական համայնք։

2. Արշավի ազդակը և մեկնարկը

Առաջին ալիքի ազդակը ընտրության մոտենալն էր. ակտիվացան27 օտարերկրյա և անհայտ վիրտուալ համարներից սպառնալիքով ուղեկցվող զանգերն ու նամակները (ՆԳՆ-ի հաստատմամբ՝ ստեղծված ՀՀ-ից դուրս), ինչպես նաև գործող իշխանությունների կողմից Ռուսաստանից ժամանող քաղաքացիներին 25-օրյա զինհավաքով «ահաբեկելու փորձերի28» և քվեարկության գաղտնիության շուրջ կասկածների սերմանումը։ Հունիսի վերջին արշավի տեխնոլոգիական շերտը տեսանելի դարձավ երկու բացահայտմամբ. Bloomberg29-ը և ZN.UA30-ն հրապարակեցին Կրեմլին կապված Social Design Agency-ի (SDA) մասին նյութը, որը գործողություններ էր նախապատրաստում Հայաստանում, իսկ Factor.am-ը բացահայտեց31 Հայաստանում AI-կենտրոնի (Firebird) դեմ երկրաշարժի կանխատեսման կեղծ տեսանյութը։

3. Դերակատարների էկոհամակարգը

  • Մեկնակետի աղբյուրներ. անանուն/արտասահմանյան օպերատորներ (վիրտուալ համարներ, ՀՀ-ից դուրս ստեղծված հասցեներ), կեղծ հաքերային անձեր, Կրեմլին կապված «SDA» գործակալություն, ռուսական Storm-1516 խումբը։
  • Տարածողներ. Սոցցանցերի օգտատերեր և տելեգրամյան ալիքներ, որոնք ուժեղացնում էին վախի ուղերձը. կեղծ լրատվակայքեր, Վիքիպեդիայի կլոններ, TechCrunch-ը նմանակող կեղծ դոմեն (tech-crunch.org), YouTube-ալիքներ։

4. Մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր (TTPs — DISARM)

  • Ուղղակի ահաբեկում. քաղաքական ենթատեքստով սպառնալից զանգեր և նամակներ32 և բանակային հավաքի սպառնալիք33՝ ընտրողի վարքագիծը փոխելու համար։
  • Կեղծ ինստիտուցիա. հաքերային թիմ ներկայացող կեղծ դերակատարներ34, որոնք էլեկտրոնային նամակներով վախեցնում էին տվյալների արտահոսքով, հեղինակավոր մեդիայի (TechCrunch) նմանակում կեղծ դոմենով35 և արհեստական բանականությամբ գեներացված փորձագետներով՝ Firebird AI-կենտրոնի դեմ կեղծ երկրաշարժի տեսանյութ (Storm-1516)։
  • Կիբեռհարձակում. Հայաստանի հանրային հեռուստաընկերության ու ինտերնետ-ենթակառուցվածքի դեմ DDoS-ալիք (ՀՏՀԳ-ի հայտարարություն36
  • Որոնողական և արհեստական բանականության համակարգերի վերադիրքավորում. SDA-ի պլանը37՝ կեղծ լրատվակայքեր և ~200,000 Վիքիպեդիա-կլոն էջ՝ որոնողական համակարգերն ու ԱԲ-չաtբոթերը մոլորեցնելու համար. ապրիլ 2026-ին, ընտրություններից առաջ, նախատեսվում էր մշակել հայկական վիքի-կլոն պրոռուսական նարատիվներով (երեք ռեսուրս հայտնաբերվել և արգելափակվել է հոսթինգ պրովայդերների կողմից)։

5. Հակազդեցություն

Հակազդեցությունն ընթացավ մի քանի մակարդակով։ ՆԳՆ-ն հրապարակայնորեն նախազգուշացրեց՝ խորհուրդ տալով չներգրավվել, արգելափակել համարները և չպատասխանել սպառնալից հաղորդագրություններին. որոշ ալիքներ բացատրեցին38 քվեարկության գաղտնիության տեխնիկական անհնարինությունը՝ պարզելու, թե ով ում է քվեարկել՝ հակազդելով վախի արշավին։ Տեխնոլոգիական շերտի դեպքերը բացահայտվեցին հետաքննական լրագրության միջոցով. Bloomberg/ZN.UA՝ SDA-ի փաստաթղթերի արտահոսքով, Factor.TV՝ կեղծ «երկրաշարժի» տեսանյութի ապամոնտաժմամբ (կեղծ դոմեն, ԱԲ-ձայն, Storm-1516 վերագրում)։ Հայկական վիքի-կլոն ռեսուրսներն արգելափակվել են հոսթինգ-պրովայդերի կողմից։

Դեպք 3 – Եվրոպական ինտեգրումը որպես գոյաբանական սպառնալիք (եկեղեցի, տնտեսություն, ինքնիշխանություն)

Տվյալների բազա՝ ~9 հրապարակում (Telegram + վեբ)։ Սա վերաբերում է միայն մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրված դեպքերի ծավալին։

1. Համատեքստ

Ընտրական ընտրությունը ներկայացվում էր որպես գոյաբանական սպառնալիք. Եվրոպական միությանն ինտերգրումը = ինքնության, եկեղեցու, տնտեսության և ինքնիշխանության կորուստ՝ «Ուկրաինայի ողբերգական ճանապարհով»։

  • Հիմնական նպատակ. ԵՄ-ն ներկայացնել ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր-մշակութային ու տնտեսական սպառնալիք։
  • Վտանգավորության աստիճանը՝ բարձր. շոշափում է ինքնության ու հավատքի զգայուն շերտերը։
  • Թիրախային լսարան. պահպանողական, հավատացյալ, տնտեսապես խոցելի խմբեր (ֆերմերներ, ՌԴ շուկայից կախում ունեցող բիզնեսներ)։

2. Արշավի ազդակը և մեկնարկը

Ազդակներից ամենաուժեղը ՌԴ Արտաքին հետախուզության հայտարարությունն էր39, թե ԵՄ-ն «դուրս է մղում» Ռուս ուղղափառ եկեղեցին Հայաստանից՝ որպես եվրոպական ինտեգրման «պարտադիր պայման»՝ պահանջելով խզել «դարավոր կրոնական-հոգևոր կապերը» (նույն թեզը տարածվում էր40 տարբեր ալիքներով41)։ Զուգահեռ շրջանառվում էին42 ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղների «հանձնումը՝ որպես ինքնիշխանության գին»։

3. Դերակատարների էկոհամակարգը

Մեկնակետի աղբյուրներ. Տեղեկատվական ալիքի սկզբնաղբյուրը հանդիսացավ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը43, որում մեղադրանքներ էին հնչեցվում նաև ԵՄ-ի և նրա կողմից աջակցվող հասարակական կազմակերպությունների հասցեին՝ դրանք ներկայացնելով որպես հակառուսական քաղաքականության գործիքներ։

Տարածողներ. Նշված թեզերը լայն տարածում ստացան ռուսաստանյան լրատվամիջոցներում, մասնավորապես՝ Звезда և ПолитНавигатор հարթակներում, ինչպես նաև տելեգրամյան մի շարք ալիքներում՝ @ArmAgr, @hayspaigrarumner, @bditelnost, @mikayelbad, @alphanewsam և @enabludatel։

4. Մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր (TTPs — DISARM)

  • Հոգևոր տեսանկյուն (Wedge/Religious framing). ԵՄ-ն ներկայացվում է44 որպես դերակատար, որը նպատակ ունի սահմանափակել Ռուս ուղղափառ եկեղեցու ազդեցությունը Հայաստանում և խզել հայ-ռուսական դարավոր հոգևոր ու կրոնական կապերը՝ այդպիսով խորացնելով հասարակական բաժանարար գծերը։
  • Տնտեսական վախ (Fearmongering). տարածվել է այն թեզը45, թե ԵՄ շուկան չի կարող փոխարինել ռուսական շուկային, հատկապես գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համատեքստում, ինչը ներկայացվում է որպես եվրոպական ինտեգրման դեպքում Հայաստանի տնտեսության և արտահանողների համար էական տնտեսական ռիսկ։
  • «Ուկրաինացման» շրջանակ և Աղբյուրի քողարկում (Source Laundering). Գրառումներում ցուցակագրվում են46 Հայաստանում գործող կազմակերպությունները (USAID, NED, Freedom House…)՝ որպես «հակառուսական ազդեցության» ապացույց։ Մի շարք հրապարակումնրում Հայաստանի զարգացումները ներկայացվում են47 որպես «ուկրաինական սցենարի» կրկնություն՝ շեշտադրելով իշխանական ճնշումները, արևմտյան ազդեցությունը և Ռուսաստանի հետ կապերի թուլացման վտանգը։

Դեպք 4. Հայաստանի հետընտրական ապագայի պրոյեկտավորումը վրացական և այլ սցենարներով

Տվյալների բազա՝ ~155 թեմային առնչվող գրառում 21 ալիքից, ~7,5 մլն դիտում (հունիս 2026)։ Սա վերաբերում է միայն մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրված դեպքերի ծավալին։

1. Համատեքստ

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և հատկապես դրանից հետո պրոռուսական ու հակաարևմտյան տելեգրամյան ցանցերը սկսեցին Հայաստանի ապագան կաղապարել վրացական սցենարով՝ Վրաստանի եվրաինտեգրման ձախողումը ներկայացնելով որպես Երևանին անխուսափելիորեն սպասվող կրկնություն։ Նարատիվի կմախքը չորս օղակ է՝ եվրաինտեգրում → Ռուսաստանի հետ կապերի խզում ու տնտեսական պատերազմ → գունավոր հեղափոխություն/արտաքին կառավարում → «ԵՄ-ն միևնույն է չի ընդունի Հայաստանին, կամ կընդունի որպես երկրորդ կարգի երկրի»։ Դիտարկված ալիքները Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի փորձը դարձնում են վախեցնող հայելի, որում հայ քաղաքացին պետք է տեսնի իր կանխորոշված ապագան։

  • Հիմնական նպատակ. ապալեգիտիմացնել Հայաստանի հետընտրական իշխանությունն ու արևմտյան կողմնորոշումը՝ ընտրություններից հետո ձևավորելով ֆատալիզմ («ինչ էլ ընտրեք, վերջը՝ Վրաստանի պես կլինի») և արդարացնելով Ռուսաստանի պատժիչ քայլերը (ագրոպարենի ներմուծման արգելք, ԵԱՏՄ-ից դուրս մղելու սպառնալիք)։
  • Վտանգավորության աստիճանը՝ բարձր. համաժամանակյա, բազմաալիք ամպլիֆիկացիա (մեկ օրում նույն տեքստի տարածումը մի քանի ալիքով), խոշոր ընդգրկում (առանձին գրառումներ՝ 170–290 հազար դիտում), իրական տնտեսական խոչընդոտների (Վերին Լարսի խցանում, արգելքներ) կապում քաղաքական պատգամին, ինչը բարձրացնում է արժանահավատությունը։
  • Թիրախային լսարան. ընտրելու իրավունք ունեցող, գործող իշխանությանը դեմ քաղաքացիները, ՌԴ-ում բնակվող հայ համայնքն ու ընտրողները, ինչպես նաև ՌԴ ներքին լսարանը։

2. Արշավի ազդակը և մեկնարկը

Թեման սնուցվում էր իրական իրադարձությունների շղթայից, որոնք ստացան միակողմանի մեկնաբանություն։ Առանցքային ազդակը Ռուսաստանի կողմից հայկական ագրոպարենի փուլային արգելքն48 էր (մայիսի վերջ — հունիս)՝ Վերին Լարսի բազմակիլոմետրանոց խցանման ուղեկցությամբ. տելեգրամյան ալիքները դա ներկայացրին որպես «Ռուսաստանից խզման գին»՝ օրինակ, վրացի քաղաքական գործիչ Մամուկա Պիպիայի «հայե՛ր, մի՛ կրկնեք մեր սխալները» ուղերձով49։ Երկրորդ ազդակը ընտրություններն էին. այն, որ Նիկոլ Փաշինյանը հաղթանակ հայտարարեց, երբ հաշվարկված էր քվեների ընդամենը 3-10%-ը, հիմք դարձավ «կեղծ պլեբիսցիտի» շրջանակի համար։ Երրորդ ազդակը արտաքին-քաղաքական խորհրդանիշներն էին՝ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը և հանքահումքի հուշագիրը, Eagle Partner-2026 զորավարժությունները, ԵՄ-ի փոխհատուցման փաթեթը. դրանք մատուցվեցին որպես «արտաքին կառավարման» ապացույց, ինչպես tzitzak-ի «Լոնդոնյան ցանցը հայկական ընտրություններում» վերլուծականում50։

3. Դերակատարների էկոհամակարգ

  • Մեկնակետի աղբյուրներ. երկար վերլուծական ձևաչափերի հիմնական արտադրողը @tzitzak-ն է, որը ձևավորում է շրջանակող տեքստերը՝ «Ոսկե վանդակ Երևանի համար»51 նյութից մինչև «Մոլդովական սցենարը»52։ Կովկասյան վերլուծական շրջանակն ապահովում է @caucasar-ը, որը ձևակերպում է «կրկնակի ստանդարտների» և «ամերիկյան ապարդյուն ինտեգրման» կաղապարները, օրինակ՝ «Արջի ծառայություն. ինչպես են ԵՄ-ում պատրաստվում փրկել Հայաստանը»53 հրապարակման մեջ։ «Փորձագիտական» լեգիտիմություն են հաղորդում ռուս մեկնաբանները (Սուսլով, Զախարովա), օրինակ՝ Դմիտրի Սուսլովի հարցազրույցում54՝ «եթե Հայաստանն ընտրում է ԵՄ-ն, հետևանքները պետք է լինեն հիմա» ձևակերպմամբ։
  • Տարածողներ. ամենաակտիվ վերարտադրողներն են @parallel95, @mikayelbad, @Im_Hayastan, @rusyerevantoday, @lizahatson, @armsens ալիքները, որոնք գրեթե միաժամանակ վերատեղադրում են նույն նյութը. օրինակ՝ Zinc Network-ի «դավադրության» թեման շրջանառվեց առնվազն վեց ալիքով՝ armnewz55-ից մինչև Im_Hayastan56-ի՝ «ո՞ր հետախուզություններն են Փաշինյանին տանում հաղթանակի» հրապարակումը57։ Մասշտաբային տարածման դերում ռուսական խոշոր @rybar, @dva_majors, @SolovievLive ալիքներն են։

4. Մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր (TTPs — DISARM)

  • Կեղծ պատմական զուգահեռ. առանցքային տեխնիկան Վրաստան — Հայաստան հավասարեցումն է. Սահակաշվիլին Երևանն անվանում է «ազատության նոր փարոս58», «ազատություն ընդդեմ ստրկության», իսկ Փաշինյանը, Սահակաշվիլին ու Զելենսկին ներկայացվում են որպես «մի մոր ծնունդ»59։ Զուգահեռ ընդդիմությանն ուղղակիորեն հորդորում են՝ «հիշել Վրաստանի փորձը60»։
  • Վախի սերմանում. արևմտյան ամեն քայլ վերաձևակերպվում է որպես սպառնալիք. Eagle Partner-2026 զորավարժությունները մատուցվում են որպես «երկրորդ ֆրոնտի ռեպետիցիա» և «կովկասյան խաչ»61, ԵՄ-ի աջակցությունը՝ որպես «եվրաիլյուզիա62», որ չի փոխարինի ռուսական շուկան, իսկ ռեկորդային ագրոարտահանության փլուզումը ներկայացվում է63 «96 միլիոն վարդ ընդդեմ 15 հազարի» հակադրությամբ։
  • «Վրացական ձայն». Հայաստանի լսարանին «ներսից» համոզելու համար օգտագործվում են վրաց պրոռուսական քաղաքական դեմքերի (Պիպիա, Պապուաշվիլի, Կոբախիձե) եղբայրական զգուշացման մոտիվը, օրինակ՝ Պապուաշվիլու «ԵՄ-ն լռում է հայ ընդդիմադիրների ձերբակալությունների մասին» թեզը64, որն ապա «լեգիտիմացվում» է caucasar65-ի կողմից՝ որպես «ընտրողական սկզբունքայնություն»։
  • Արտաքին կառավարման դավադրություն. Ընտրական արդյունքը վերագրվում է «Լոնդոնին»՝ Zinc Network/FCDO/MI6-ի ցանցին66, Սյունիքն ու հանքահումքը՝ «ամերիկյան դեսանտին67», իսկ տարածաշրջանում «տեսանելի» ապացույց է ներկայացվում «ամերիկյան կենսալաբորատորիաների ցանցը Անդրկովկասում68»՝ ուկրաինական «գործի» օրինակով։
  • Whataboutism + Cherry-picking (կրկնակի ստանդարտ և ընտրովի տվյալներ). ԵՄ-ն մեղադրվում է «կրկնակի խաղում» (լռություն՝ հայկական ձերբակալությունների նկատմամբ), իսկ «դիվերսիֆիկացիայի» ձախողումը «ապացուցվում» է ընտրովի թվարկումներով, օրինակ՝ Մոլդովայի և Հայաստանի69 «նույնական սցենարների» և Մեդվեդևի «Վրաստան→Ուկրաինա→Մոլդովա→Հայաստան տարան70» բանաձևով, որ վերահաստատվում է Մեդվեդևի «Հայաստանի հետ կատարվում է նույնը, ինչ Ուկրաինայում71» պնդմամբ։
  • Կրկնակի ստանդարտ և ընտրովի տվյալներ. այս տեխնիկայի էությունը երկու հնարք է. մեղադրանքին պատասխանելու փոխարեն մատնացույց է արվում ուրիշի «մեղքը» (whataboutism), իսկ փաստերից ընտրվում են միայն նրանք, որոնք ձեռնտու են (cherry-picking)։ ԵՄ-ն մեղադրվում է «կրկնակի խաղի» մեջ՝ իբր Հայաստանում ձերբակալությունների մասին լռում է, մինչդեռ այլ երկրներում նման դեպքերը դատապարտում է։ Հայաստանի՝ Ռուսաստանից դիվերսիֆիկացվելու քաղաքականությունը ներկայացվում է որպես ձախողված՝ հենվելով միայն ընտրովի համեմատությունների վրա. Մոլդովայի և Հայաստանի «նույնական սցենարները72», Մեդվեդևի «Վրաստան → Ուկրաինա → Մոլդովա → Հայաստան տարան» բանաձևը73, որը կրկնվում է նաև նրա «Հայաստանի հետ կատարվում է նույնը, ինչ Ուկրաինայում» պնդմամբ74։

Հղումների մասին ծանուցում․ կայքում որոշ արտաքին հղումներ նպատակային ներկայացված են կոտրված ձևաչափով (defanged) օրինակ՝ example[.]com)։ Այս մոտեցումը թույլ է տալիս հղում կատարել աղբյուրներին՝ առանց դրանք ավտոմատ ակտիվացնելու և որոնողական համակարգերին SEO արժեք փոխանցելու։ Հղումը բացելու համար այն անհրաժեշտ է վերափոխել սովորական ձևաչափով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը և այն կարող է չհամընկնել Եվրոպական միության և Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետների հետ։

  1. Աղբյուր 1 — https://vz[.]ru/news/2026/6/7/1425379[.]html ↩︎
  2. Աղբյուր 2 — https://t[.]me/yerevan_speaks/52248 ↩︎
  3. Աղբյուր 3 — https://t[.]me/hayspaigrarumner/17893 ↩︎
  4. Աղբյուր 4 — https://t[.]me/ramzayiegokomanda/44304 ↩︎
  5. Աղբյուր 5 — https://am[.]sputniknews[.]ru/20260608/vybory-v-armenii-proshli-v-obstanovke-bespretsedentnogo-davleniya-na-oppozitsiyu—zakharova-103249574[.]html ↩︎
  6. Աղբյուր 6 — https://t[.]me/anivarmenia/43070 ↩︎
  7. Աղբյուր 7 — https://t[.]me/anivarmenia/43078 ↩︎
  8. Աղբյուր 8 — https://t[.]me/enabludatel/3904 ↩︎
  9. Աղբյուր 9 — https://t[.]me/YerevanTodaynews/111981 ↩︎
  10. Աղբյուր 10 — https://t[.]me/alphanewsam/40142 ↩︎
  11. Աղբյուր 11 — https://inosmi[.]ru/20260611/armeniya-278858965[.]html ↩︎
  12. Աղբյուր 12 — https://t[.]me/belvestnik/74887 ↩︎
  13. Աղբյուր 13 — https://tvzvezda[.]ru/news/2026631111-yzWPX[.]html ↩︎
  14. Աղբյուր 14 — https://www[.]mk[.]ru/social/2026/06/04/eshhe-raz-o-lyubvi-o-sudbe-russkoarmyanskikh-otnosheniy-do-i-posle-vyborov-v-armenii[.]html ↩︎
  15. Աղբյուր 15 -https://ukraina[.]ru/20260607/vybory-s-narusheniyami-itogi-7-iyunya-1079927513[.]html ↩︎
  16. Աղբյուր 16 — https://t[.]me/ArmAgr/48260 ↩︎
  17. Աղբյուր 17 — https://t[.]me/rian_ru/341205 ↩︎
  18. Աղբյուր 18 — https://t[.]me/CompromatSNG/17031 ↩︎
  19. Աղբյուր 19 — https://uatv[.]ua/kurs-na-razryv-otnoshenyj-s-rossyej-armenyya-gotovytsya-k-gybrydnym-atakam-nakanune-vyborov-vydeo/ ↩︎
  20. Աղբյուր 20 — https://x[.]com/volodarskijo/status/2063705593165340791?s=51 ↩︎
  21. Աղբյուր 21 — https://t[.]me/mikayelbad/47901 ↩︎
  22. Աղբյուր 22 — https://t[.]me/mikayelbad/47905 ↩︎
  23. Աղբյուր 23 — https://www[.]facebook[.]com/watch/?v=1133576086510877 ↩︎
  24. Աղբյուր 24 — https://t[.]me/ArmenianVendetta/48514 ↩︎
  25. Աղբյուր 25 — https://hetq[.]am/hy/article/181949 ↩︎
  26. Աղբյուր 26 — https://www[.]azatutyun[.]am/a/sd-n-merzhets-yntroutyounneri-ardyounknern-anvaver-chanachelou-dimoumnern-ou-ouzhi-mej-toghets-kyh-oroshoumy/33796703[.]html ↩︎
  27. Աղբյուր 27 — https://t[.]me/panarmeniannet/42125 ↩︎
  28. Աղբյուր 28 — https://t[.]me/armtoday/103247 ↩︎
  29. Աղբյուր 29 — https://www[.]bloomberg[.]com/news/features/2026-06-23/leaked-files-show-russia-s-plan-to-influence-ai-and-search-results ↩︎
  30. Աղբյուր 30 — https://zn.ua/TECHNOLOGIES/fejkovye-smi-i-klony-vikipedii-rossija-pytaetsja-povlijat-na-ii-i-poiskovye-sistemy-bloomberg.html ↩︎
  31. Աղբյուր 31 — https://factor[.]am/1034854[.]html ↩︎
  32. Աղբյուր 32 — https://t[.]me/panarmeniannet/42125 ↩︎
  33. Աղբյուր 33 — https://t[.]me/armtoday/103247 ↩︎
  34. Աղբյուր 34 — https://media[.]am/hy/critique/2026/04/15/45726/ ↩︎
  35. Աղբյուր 35 — https://factor[.]am/1034854[.]html ↩︎
  36. Աղբյուր 36 — https://www[.]facebook[.]com/photo/?fbid=122268539384179956&set=a[.]122117162132179956 ↩︎
  37. Աղբյուր 37 — https://www[.]bloomberg[.]com/news/features/2026-06-23/leaked-files-show-russia-s-plan-to-influence-ai-and-search-results ↩︎
  38. Աղբյուր 38 — https://t[.]me/bagramyan26/97492 ↩︎
  39. Աղբյուր 39 — http://svr[.]gov[.]ru/smi/2026/06/evroantikhristy-natselilis-na-russkuyu-pravoslavnuyu-tserkov-v-armenii[.]htm ↩︎
  40. Աղբյուր 40 — https://t[.]me/ArmAgr/47964 ↩︎
  41. Աղբյուր 41 — https://tvzvezda[.]ru/news/2026631111-yzWPX[.]html ↩︎
  42. Աղբյուր 42 — https://t[.]me/mikayelbad/47667 ↩︎
  43. Աղբյուր 43 — http://svr[.]gov[.]ru/smi/2026/06/evroantikhristy-natselilis-na-russkuyu-pravoslavnuyu-tserkov-v-armenii[.]htm ↩︎
  44. Աղբյուր 44 — https://t[.]me/ArmAgr/47964 ↩︎
  45. Աղբյուր 45 — https://t[.]me/enabludatel/3904 ↩︎
  46. Աղբյուր 46 — https://t[.]me/hayspaigrarumner/17893 ↩︎
  47. Աղբյուր 47 — https://politnavigator[.]net/vsjo-kak-na-ukraine-pashinyan-zapustil-katok-repressijj-grantoedy-travlyu-neugodnykh[.]html ↩︎
  48. Աղբյուր 48 — https://civilnet[.]am/hy/news/1012456 ↩︎
  49. Աղբյուր 49 — https://t[.]me/mikayelbad/47655 ↩︎
  50. Աղբյուր 50 — https://t[.]me/tzitzak/21296 ↩︎
  51. Աղբյուր 51 — https://t[.]me/tzitzak/21290 ↩︎
  52. Աղբյուր 52- https://t[.]me/tzitzak/21703 ↩︎
  53. Աղբյուր 53 — https://t[.]me/caucasar/1910 ↩︎
  54. Աղբյուր 54- https://t[.]me/armsens/64874 ↩︎
  55. Աղբյուր 55 — https://t[.]me/armnewz/21468 ↩︎
  56. Աղբյուր 56 — https://t[.]me/Im_Hayastan/70480 ↩︎
  57. Աղբյուր 57- https://t[.]me/Im_Hayastan/70480 ↩︎
  58. Աղբյուր 58 — https://t[.]me/Im_Hayastan/70519 ↩︎
  59. Աղբյուր 59 — https://t[.]me/SolovievLive/371981 ↩︎
  60. Աղբյուր 60 — https://t[.]me/rusyerevantoday/96914 ↩︎
  61. Աղբյուր 61 — https://t[.]me/tzitzak/21494 ↩︎
  62. Աղբյուր 62 — https://t[.]me/tzitzak/21508 ↩︎
  63. Աղբյուր 63 — https://t[.]me/tzitzak/21499 ↩︎
  64. Աղբյուր 64 — https://t[.]me/parallel95/115356 ↩︎
  65. Աղբյուր 65 — https://t[.]me/caucasar/1862 ↩︎
  66. Աղբյուր 66 — https://t[.]me/armnewz/21468 ↩︎
  67. Աղբյուր 67 — https://t[.]me/Im_Hayastan/70738 ↩︎
  68. Աղբյուր 68 — https://t[.]me/caucasar/1887 ↩︎
  69. Աղբյուր 69 — https://t[.]me/parallel95/115336 ↩︎
  70. Աղբյուր 70 — https://t[.]me/SolovievLive/374278 ↩︎
  71. Աղբյուր 71 — https://t[.]me/rusyerevantoday/97531 ↩︎
  72. Աղբյուր 72 — https://t[.]me/parallel95/115336 ↩︎
  73. Աղբյուր 73 — https://t[.]me/SolovievLive/374278 ↩︎
  74. Աղբյուր 74 — https://t[.]me/rusyerevantoday/97531 ↩︎

Related Articles