18 Հունիսի, 2026

Հայաստանի տեղեկատվական միջավայրում օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (ՕՏՄՄ) միտումներ — Մայիս 2026

  • Մայիսի 8-ին մեկնարկեց 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։
  • Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
  • Էմանուել Մակրոնը հայտարարեց Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին, իսկ Կայա Կալասը նշեց, որ Հայաստանի եվրոպական ապագայի հարցը կորոշեն քաղաքացիները։
  • ՌԴ-ում Հայաստանի դեսպանը կանչվեց ՌԴ ԱԳՆ՝ Զելենսկու հայտարարությունների կապակցությամբ Մոսկվայի դժգոհությ1ունը փոխանցելու համար։
  • Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախաստորագրեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախաձեռնության վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։
  • Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։
  • Հայաստանի կառավարությունը հրապարակեց սահմանազատման գործընթացին վերաբերող երեք ուղեցույցները։
  • Ստորագրվեց Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Անիի կամրջի համատեղ վերականգնման արձանագրությունը։
  • Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ կիրառեց Հայաստանից արտահանվող մի շարք գյուղմթերքների ներմուծման նկատմամբ։
  • Wildberries-ը և Ozon-ը դադարեցրին հայաստանյան ընկերությունների վաճառքները։
  • ԲՏԱ նախարարը հայտարարեց հայկական արտադրության զենքի առաջին արտահանման մասին։
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում իրականացվեցին խուզարկություններ, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկությունների մասին։
  • Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ մինչև ձերբակալությունը իրեն առաջարկ է արվել հրաժարվել եկեղեցուն աջակցելուց։
  • Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց համացանցում տարածված տեսանյութի առթիվ, որտեղ դիմակավորված և զինված անձինք սպառնալիքներ էին հնչեցնում Նիկոլ Փաշինյանին։
  • Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրան հարց ուղղելուց հետո  Արթուր Օսիպյանը կալանավորվեց երկու ամսով՝  հարուցված քրեական գործի շրջանակում․ մեղադրանք է առաջադրվել բռնության կոչերի, խուլիգանության և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով։
  • ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց երկու ամսով՝ լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։
  • Հանրապետության օրվա առթիվ անցկացվեց զորահանդես։

2026 թվականի մայիսը նշանավորվեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկով, ինչի արդյունքում տեղեկատվական դաշտում զգալիորեն աճեց անվտանգությանը, արտաքին ազդեցությանը և ազգային ինքնությանը վերաբերող թեմաների ինտենսիվությունը։ Այս ընթացքում արտաքին տեղեկատվական տիրույթներում ձևավորված ուղերձները՝ հատկապես ռուսալեզու և ադրբեջանալեզու հարթակներում, վերաշրջանակավորվում և ինտեգրվում էին հայաստանյան ներքաղաքական պայքարի մեջ՝ ծառայելով ընտրական մոբիլիզացիայի, քաղաքական բևեռացման և վախի վրա հիմնված հաղորդակցության նպատակներին։ 

Ուսումնասիրված դեպքերը ցույց են տալիս, որ տարբեր տեղեկատվական դերակատարներ հաճախ անդրադառնում էին նույն թեմաներին՝ դրանք  մեկնաբանելով տարբեր քաղաքական նպատակներով, ինչի արդյունքում արտաքին քաղաքական օրակարգերը, անվտանգային մտահոգությունները և ներքաղաքական մրցակցությունը միահյուսվում էին մեկ ընդհանուր տեղեկատվական միջավայրում։

Նկարագրական վերլուծություն

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Թրամփը X հարթակում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող գրառում կատարեց, որից հետո ռուսալեզու տելեգրամյան ալիքներում արագորեն տարածվեցին հրապարակումներ(1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11), որոնք այդ քայլը ներկայացնում էին որպես Հայաստանի ներքին գործերին արտաքին միջամտության դրսևորում։ Միաժամանակ ակտիվորեն շրջանառվում էին երկակի ստանդարտների մասին պնդումներ՝ շեշտադրելով, որ արևմտյան միջամտությունը չի արժանանում նույն քննադատությանը, ինչպիսին կարող էր լինել այլ արտաքին դերակատարների դեպքում։

Հրապարակումներում Թրամփի հայտարարությունը կապվում էր նաև անվտանգային և տնտեսական կախվածությունների թեմաներին։ Շրջանառվում էին պնդումներ, թե «երբ թուրքերը հարձակվեն, Թրամփը չի պաշտպանի Հայաստանը», «գազը կթանկանա մինչև 500 դոլար», մինչդեռ Ռուսաստանը «տարիներ շարունակ անվճար զենք և ռազմական տեխնիկա է տրամադրել» Հայաստանին։ Այս ուղերձները նպաստում էին ընտրությունների ներկայացմանը որպես անվտանգության և գոյաբանական ընտրության՝ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։

Այս կերպ Թրամփի աջակցությունը ներկայացվում էր ոչ միայն որպես արտաքին միջամտություն, այլ նաև որպես ապացույց այն բանի, որ Արևմուտքի հետ քաղաքական մերձեցումը կարող է վտանգել Հայաստանի անվտանգությունն ու կենսական շահերը։ Նմանատիպ ուղերձները ձևափոխումներով վերարտադրվում էին տարբեր ալիքներում՝ ստեղծելով դրանց լայն տարածվածության և հանրային համաձայնության տպավորություն։

Նույն նարատիվի շրջանակում Մարկո Ռուբիոյի այցից և ԱՄՆ-ի հետ ստորագրված TRIPP-ի փաստաթղթերի շուրջ քննարկումների ֆոնին ռուսալեզու տելեգրամյան ալիքներում տարածվեցին հրապարակումներ (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8), որոնցում պնդումներ էին արվում, թե Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ին տրամադրել են արտոնյալ և առաջնահերթ դեր Հայաստանի ընդերքի և օգտակար հանածոների հետ կապված որոշումների կայացման գործընթացում։ Այս համատեքստում շրջանառվում էին «Հայաստանի ընդերքը ամերիկացիներին հանձնելու», «ապագա սերունդների փոխարեն որոշումներ կայացնելու» և ազգային շահերը զիջելու վերաբերյալ պնդումներ։ Միաժամանակ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը հակադրվում էր Ռուսաստանի հետ նախկին տնտեսական պայմանավորվածություններին, մասնավորապես «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրին, որը ներկայացվում էր որպես Հայաստանի համար շահավետ և երկրի պարտքային պարտավորությունները փակած որոշում։ Այս կերպ ձևավորվում էր այն նարատիվը, թե Արևմուտքի հետ խորացող համագործակցությունը հանգեցնում է ինքնիշխանության կորստի և ռազմավարական ռեսուրսների նկատմամբ արտաքին վերահսկողության հաստատման։

Դեպք 2 — Ադրբեջանական աղբյուրներից սկիզբ առնող ուղերձների տարածումը

YouTube-ում տարածվեց տեսանյութ (1), որը վերնագրված էր՝ «Եթե Հայաստանում անկարգություններ սկսվեն, Ադրբեջանը կարող է խաղաղապահներ տեղակայել այնտեղ»․ Ազադ Իսազադե։ Տեսանյութում ադրբեջանցի մեկնաբան Ազադ Իսազադեն կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանը կարող է խաղաղապահներ տեղակայել Հայաստանում։ Հետագայում այս հրապարակումը վերարտադրվեց ռուսալեզու տելեգրամյան ալիքներում(1, 2, 3)՝ արդեն վերաձևակերպված։ Տեսանյութից վերցված պատկերին կից հրապարակումներից մեկում նշվում էր․ «Նիկոլ. արդյունքը — ադրբեջանցի ակնոցավորը սպառնում է Հայաստան խաղաղապահներ մտցնել՝ Փաշինյանի ռեժիմը պաշտպանելու համար»։

Արդյունքում արտաքին դերակատարի հայտարարությունը ներառվում էր ներքաղաքական պայքարի շրջանակում՝ ուժեղացնելով գոյաբանական սպառնալիքի, իշխանությունների կողմից ազգային շահերի վտանգման և տարածաշրջանային անվտանգության շուրջ վախի նարատիվները։ Այսպիսով՝ ադրբեջանական տեղեկատվական տիրույթում տարածված ուղերձները տեղափոխվելով ռուսալեզու հարթակներ, հետագայում տարածում ստացան նաև հայալեզու մեդիայում։

Դեպք 3 — «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեմայի ներքաղաքական և արտաքին շրջանակավորումները

Ընտրություններին ընդառաջ հայաստանյան ընդդիմադիր ուժերն ակտիվորեն շրջանառում էին «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» մասին նարատիվը՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի առջև կանգնած իրական և անմիջական սպառնալիք (1, 2, 3)։ Նման հրապարակումներում ընտրությունը դիտարկվում էր որպես «300 հազար ադրբեջանցի՞, թե՞ 300 հազար աշխատատեղ», «Հայաստանի՞, թե՞ Արևմտյան Ադրբեջանի» երկընտրանք՝ կապելով անվտանգությունը, ազգային ինքնությունը և իշխանափոխության անհրաժեշտությունը։ Մասնավորապես, Գորիսի համայնքի նախկին փոխքաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իրինա Յոլյանի տարածած տեսանյութում (1) ներկայացվում էր դրվագ, թե ժամանակին կանխվել է Գորիսում ադրբեջանցիներով բնակեցումը։ Տեսանյութում ներկայացվում էր, թե  Հայաստանը կրկին կանգնած է «ճակատագրական ընտրության» առջև՝ անվտանգ և զարգացող պետության կամ «ազգային շահերի հաշվին արված զիջումների» միջև։ Միևնույն ժամանակ, ադրբեջանալեզու հարթակներում շարունակվում էր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համակարգված առաջմղումը։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախաձեռնությամբ կազմակերպվում էին գիտաժողովներ, կրթական միջոցառումներ և միջազգային հարթակներում ներկայացումներ, որոնց շրջանակում շրջանառվում էին պնդումներ «մոտ 300 հազար ադրբեջանցիների՝ ներկայիս Հայաստանի տարածք վերադառնալու իրավունքի» վերաբերյալ։ 

Այս ֆոնին ռուսալեզու տելեգրամյան ալիքներում (1, 2) ակտիվորեն վերարտադրվում էին հրապարակումներ, որոնցում ադրբեջանալեզու հարթակներում առաջ մղվող օրակարգը ներկայացվում էր որպես ապացույց այն բանի, որ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեման իրական սպառնալիք է։ «Դուք շարունակեք հեքիաթ անվանել 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանում» կամ «Նախիջևանում անցկացվող փառատոնը հերթական քայլն է անեքսիայի ճանապարհին» ձևակերպումների միջոցով արտաքին տեղեկատվական տիրույթում շրջանառվող ուղերձները ինտեգրվում էին հայաստանյան նախընտրական պայքարին։ Արդյունքում, ադրբեջանական պետական օրակարգը, ռուսալեզու ալիքների կողմից դրա ուժեղացումն ու հայաստանյան ընդդիմադիր դերակատարների կողմից նույն թեմայի քաղաքական շահարկումը հատվում էին միմյանց հետ՝ ուժեղացնելով էքզիստենցիալ սպառնալիքի, վախի և հասարակական բևեռացման շուրջ կառուցված նարատիվները։

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները հետևողականորեն ներկայացվում էին որպես գոյաբանական ընտրություն։ Քաղաքական մրցակցությունը հաճախ շրջանակավորվում էր ոչ թե ծրագրերի կամ քաղաքական առաջարկների մրցակցությամբ, այլ անվտանգության և կործանման, ինքնիշխանության և արտաքին վերահսկողության, ազգային փրկության և ազգային դավաճանության միջև ընտրության տրամաբանությամբ։ Հենց այս շրջանակավորման մեջ էքզիստենցիալ սպառնալիքի նարատիվները դարձան տարբեր տեղեկատվական դերակատարներին միավորող հատման կետ։ Թեև դրանց աղբյուրներն ու քաղաքական նպատակները տարբեր էին, արտաքին միջամտության, «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» և անվտանգության կորստի մասին ուղերձները փոխլրացնում էին միմյանց՝ վերածելով անվտանգային մտահոգությունները նախընտրական մոբիլիզացիայի կարևոր գործիքի։

Հարթակների միջև նկատվում էր գործառութային տարբերություն․ ուղերձները շրջանառվել են YouTube-ում, Telegram-ում՝ հանդես գալով որպես դրանց արագ տարածման հիմնական միջավայր, իսկ Facebook-ում դրանք ինտեգրվում էին հայաստանյան ներքաղաքական քննարկումներին և նախընտրական հաղորդակցությանը։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը և այն կարող է չհամընկնել Եվրոպական միության և Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետների հետ։

Related Articles