
2026 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների բուն նախընտրական շեմի օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության վերաբերյալ հատուկ զեկույցում անդրադառնում ենք մայիսի 7 — հունիսի 7 ժամանակահատվածի ՕՏՄՄ և դրան բնորոշ տակտիկական տարրեր ունեցող արշավներին և նարատիվների շրջանառմանը։
Սույն հետազոտության մեթոդաբանական հիմքում ընկած է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) ՕՏՄՄ ստանդարտը և DISARM (նախկին AMITT) մատրիցան, որոնք համակցված են Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի (ԲՏԻ) մոտեցումներին և ադապտացված են ուսումնասիրված դեպքերի առանձնահատկություններին ։ Այս մոտեցումը թույլ է տալիս կենտրոնանալ ոչ թե զուտ բովանդակության, այլ տեղեկատվական հարձակումների կոնկրետ վարքագծի, տակտիկաների և տեխնիկական ընթացակարգերի (TTPs) վրա։
ՄԱՍ 1. ՀԱՄԱՏԵՔՍՏԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2026 թվականի մայիսին, Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկով պայմանավորված, կտրուկ ակտիվացան օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունները (ՕՏՄՄ)։ Ռուսալեզու և ադրբեջանալեզու աղբյուրները թիրախավորեցին Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրադարձությունները՝ դրանք շահարկելով և իրենց օրակարգերը սպասարկող մանիպուլյացիաներ ներմուծելու նպատակով։
Տեղեկատվական գրոհների առանցքում ընկած էին մի քանի հիմնական նարատիվներ, որոնք Հայաստանի արտաքին քաղաքական դիվերսիֆիկացումը և Արևմուտքի հետ մերձեցումը ներկայացնում էին որպես ինքնիշխանության կորուստ և գոյաբանական սպառնալիք։
Դոնալդ Թրամփի հրապարակային աջակցությունը Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ-ի հետ ստորագրված համաձայնագիրը1 ռուսալեզու տելեգրամյան ալիքների կողմից մանիպուլացվում էին՝ շրջանառվում էին թեզեր2, իբրև թե Հայաստանը զրկվում է ռուսական ռազմական ու տնտեսական աջակցությունից, իսկ երկրի ընդերքն ու ռեսուրսները հանձնվում են ամերիկացիներին։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական մեդիատիրույթից սկիզբ առնող թեմաները, ինչպիսիք էին Հայաստանում «ադրբեջանցի խաղաղապահների» հնարավոր տեղակայման կամ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» վերաբերյալ հայտարարությունները3, արագորեն տեղափոխվում և տեղայնացվում էին ներքաղաքական պայքարում՝ օգտագործվելով գործող իշխանություններին դավաճանության, ազգային շահերը զիջելու մեջ մեղադրելու համար։
Քարոզարշավում առանձնահատուկ տեղ զբաղեցրեց համացանցում տարածված մի տեսանյութ4, որտեղ դիմակավորված ու զինված անձինք հանդես էին գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված մահափորձի սպառնալիքներով: Ինքը՝ Փաշինյանը, վերջիններիս մեղադրել է «ապօրինի վարձկան» լինելու մեջ, իսկ իրավապահ մարմինները դեպքը որակել են որպես «խուլիգանական դրդումներով զուգորդված» և «սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ»։ Մինչդեռ իշխանության ընդդիմախոսները, ընդդիմադիրները, ինչպես նաև ռուսաստանյան տեսակետները առավել հաճախ տարածող հարթակները այս միջադեպը ներկայացնում էին5 որպես «իշխանությունների կողմից բեմականացված շոու»։ Ընդ որում, անմիջապես ընտրություններին նախորդող օրերին դիմակավորված անձի կամ անձանց կողմից տասնյակ այլ տեսանյութեր ևս հրապարակվեցին, որոն իշխող կուսակցության, ինչպես նաև պռո֊իշխանական համարվող և ընտրություններին մասնակցող այլ կուսակցությունների, ուժերի, քաղաքական ու հասարակական գործիչների հասցեին տարաբնույթ մեղադրանքներ էին պարունակում, որոնք ներկայացվում էին որպես աննախադեպ բացահայտումներ, սակայն գրեթե չէին պարունակում իրական փաստական հիմքեր։
Նույն ժամանակահատվածում արձանագրվեցին նաև մի շարք շոշափելի կիբեռհարձակումներ։ Դրանցից առավել նկատելին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքների դեմ իրականացված լայնածավալ կիբերհարձակումն6 էր, որի թիրախը 7Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների ուղիղ հեռարձակումների խաթարումն էր։
Նախընտրական քարոզչության առաջին երկու շաբաթներին՝ տևական ժամանակ, արձանագրվեցին հայաստանյան ինտերնետային ենթակառուցվածքի ծառայությունների խափանման զանգվածային՝ DDoS (Distributed Denial-of-Service) հարձակումներ, որոնց մասին հայտարարությամբ8 հանդես եկավ, մասնավորապես՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ՀՏՀԳ)։
ԲՏԻ-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ արտաքին դերակատարները հաջողությամբ օգտագործում էին տեղական լրատվական ու սոցիալական հարթակները՝ Հայաստանի անվտանգային մտահոգություններն ու սահմանազատման զգայուն գործընթացները սեփական նպատակներին ծառայեցնելու համար։
ՄԱՍ 2. ՕՏՄՄ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Դեպք 1 — Հայաստանի «ուկրաինիզացման» արշավը Զելենսկու այցի և ԵՄ գագաթնաժողովի համատեքստում
Տվյալների բազա՝ 21 Telegram-ալիք, ~120 գրառում, ~5.9 մլն դիտում։ Սա վերաբերում է միայն մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրված դեպքերի ծավալին։
Մայիսի 1-9-ն ընկած ժամանակահատվածում տելեգրամյան ալիքներն ու մեդիահարթակները ձեռնամուխ եղան մի քարոզարշավի, որի նպատակն էր Զելենսկու երևանյան այցն ու ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ներկայացնել որպես վտանգավոր նախադեպ։ Այս իրադարձությունները հանրությանը ներկայացվեցին այն լույսի ներքո, թե Հայաստանը վերածվում է «երկրորդ Ուկրաինայի»՝ դառնալով պատերազմի հերթական թիրախ։
- Հիմնական նպատակ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ֆոնին ապալեգիտիմացնել Հայաստանի եվրաինտեգրման քայլերը՝ այն կապելով պատերազմի ու ինքնիշխանության կորստի հետ։
- Վտանգավորության աստիճանը՝ բարձր. պայմանավորված է ա) Հայաստանի ներքին քաղաքական վիճակով, բ) խորհրդարանական ընտրությունների համատեքստով, գ) տեղեկատվության զանգվածային ծածկույթով (~5.9 մլն դիտում) և դ) համակարգված վարքագծով։
- Թիրախային լսարան. Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող և անվտանգային մտահոգություններ ունեցող քաղաքացիները։
Հիմնական ազդակը հանդիսացավ մայիսի 3-ին Զելենսկու սպասվող այցը Երևան և դրան հաջորդող ԵՄ-Հայաստան անդրանիկ գագաթնաժողովը։ Տեղեկատվական դաշտին լրացուցիչ խթան հաղորդեց նաև մայիսի 9-ի Մոսկվայի շքերթին ուկրաինական ԱԹՍ-ների հնարավոր հարվածների մասին թեման, որոնք ձևավորվեցին Զելենսկու հայտարարության9 հիման վրա։ Արշավի մեկնարկը տրվեց ռուսալեզու խոշոր տելեգրամյան ալիքների կողմից, որտեղից էլ թեզերը րոպեների ընթացքում սահուն կերպով տեղայնացվեցին հայալեզու ալիքների ցանցով։
Արշավի մասնակիցների ցանցային կառուցվածքն ունի երկաստիճան դինամիկա։ Այստեղ հստակորեն առանձնանում են դերերի ու գործառույթների հետևյալ բաշխումը.
- Մեկնակետի աղբյուրներ. ռուսալեզու խոշոր ալիքներ (@rybar, @dva_majors, @SolovievLive, @caucasar և այլն)։ Արտադրել են հիմնական թեզերը՝ ապահովելով ~38 գրառում։
- Տարածողներ. հայաթիրախ, ռուսալեզու ալիքներ (@mikayelbad, @tzitzak, @parallel95, @armsens և այլն)։ Ապահովել են ~70 գրառում։ Դերը ոչ թե լսարանի մեծացումն էր, այլ թեմայի տեղայնացումը և նախընտրական քարոզչությանը կապելը։
4. Մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր (TTPs — DISARM)
Կոնտեքստից կտրում (Decontextualization).
- Ուկրաինական ֆոսֆորային զենքի վերաբերյալ չստուգված10 դրվագները վերածվել են «Զելենսկին այրել է մեր տղաներին» հուզական մեղադրանքի (@tzitzak, @lizahatson)։
- Մակրոնի և Պուտինի հայտարարությունները11 կտրվել են համատեքստից՝ որպես «ինքնիշխանության կորստի» ուղիղ սպառնալիք (@armgeopolitic)։
Վիզուալ մանիպուլյացիա (Visual Manipulation).
- Դոնեցկից հրապարակված ՀՀ ԱԱԾ շևրոնով հեռախոսի լուսանկարը12 մատուցվել է որպես «հայ հատուկ ջոկատայինները Ուկրաինայում կռվում են» անհիմն ապացույց (@rybar, @caucasar)։
- Եռաբլուրում ուկրաինական դրոշի այրման բեմադրված ակցիայի13 տարածում (@Colonelcassad)։
Ըստ DFRLab-ի հետազոտության14՝ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությանը (ԵՄ-ին մերձեցում, ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցում) ի պատասխան՝ Կրեմլի հետ կապված կառույցներն ու պրոռուսական տելեգրամյան ալիքները 2025 թվականին համակարգված կերպով Հայաստանում տարածել են «ուկրաինացման» և «երկրորդ ճակատի» բացման վախեր հրահրող թեզեր։
EUvsDisinfo-ի վերլուծության15 համաձայն՝ ռուսամետ լրատվամիջոցներում շրջանառվում է այն դավադրապաշտական կեղծ թեզը, թե Հայաստանը կրկնում է Ուկրաինայի «ողբերգական» ճանապարհը՝ ամբողջությամբ հանձնվելով Արևմուտքի վերահսկողությանը։
Դեպք 2 — 300,000 ադրբեջանցիների վերադարձը «Արևմտյան Ադրբեջան»
Տվյալների բազա՝ 21 Telegram-ալիք, ~305 գրառում, այդ թվում՝ 59 կրկնվող (copy-paste) գրառումներ։ Սա վերաբերում է միայն մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրված դեպքերի ծավալին։
«Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը վերջին տարիներին առաջ է մղվում Ադրբեջանի պաշտոնական և կիսապաշտոնական հռետորաբանության շրջանակում՝ ներառելով Հայաստանի տարածքներում ադրբեջանցիների «վերադարձի» վերաբերյալ պնդումներ։ Հայաստանի ներքաղաքական դաշտում այս թեման հաճախ օգտագործվում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարած հայ-ադրբեջանական բանակցային ու խաղաղության քաղաքականությունը քննադատելու համար՝ շրջանառելով այն թեզը, թե իշխանությունները կարող են գնալ Ադրբեջանի պահանջների կատարմանը։
- Հիմնական նպատակ. նվազեցնել վստահությունը կառավարության խաղաղության օրակարգի նկատմամբ և ուժեղացնել անվտանգության սպառնալիքի ընկալումը։
- Վտանգավորության աստիճանը՝ բարձր. պայմանավորված է ա) ուղիղ ընտրական համատեքստով, բ) Ադրբեջանի պետական մակարդակով առաջ մղվող տարածքային թեզերի հայկական տեղեկատվական դաշտում նորմալացման փորձերով։, դ) սինխրոն կոորդինացիայով։
- Թիրախային լսարան. անվտանգության և տարածքային ամբողջականության հարցերով մտահոգ քաղաքացիներ, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչներ։
Հիմնական ազդակը. արշավի հիմքում ադրբեջանական պետական հռետորաբանությունն էր, մասնավորապես Ալիևի՝ 2025 թվականի հունվարին արված հայտարարությունը16, թե «300 հազար արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան, և այս հարցը երբեք օրակարգից չի հանվել», ինչպես նաև Բաքվի քայլերից. համալսարաններից մեկում անցկացված17 գիտաժողովի ընթացքում «Արևմտյան Ադրբեջան» վերադարձ թեման որպես պատմական արդարության վերականգնում թեմայով քննարկում, կենտրոնում կազմակերպված բաց դասից18 և «Արևմտյան Ադրբեջանի տնտեսական ներուժը» ուսումնասիրող համալսարանական ամբիոնի բացումից19։
Արշավի մեկնարկը. նարատիվը զարգացավ նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանին նպաստող քաղաքականություն վարելու վերաբերյալ պնդումների20, ինչպես նաև «ընտրում ենք ապրել Հայաստանո՞ւմ, թե՞ Արևմտյան Ադրբեջանում» թեզի 21ակտիվ շրջանառության միջոցով։ Հունիսին էլ այն շարունակվեց առաջին դեմքերի նախընտրական բանավեճի ընթացքում, երբ ընդդիմության ներկայացուցիչը լայնորեն հանրայնացրեց22 Արտաքին հետախուզության ծառայության զեկույցի համապատասխան հատվածը։
Արշավի մասնակիցների ցանցային կառուցվածքն ունի երկաստիճան դինամիկա։
- Մեկնակետի աղբյուրներ. ադրբեջանական պաշտոնական աղբյուրներ (Իլհամ Ալիևի հայտարարություններ, Baku TV)
- Տարածողներ. խորհրդարանական ընտրությունների համատեքստում թեման ներկայացնող ընդդիմադիր գործիչներ և ռուսալեզու տելեգրամյան ալիքներ. (Նարեկ Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, @parallel95, @rusyerevantoday, @lizahatson, @armsens, @tzitzak, @Armenian_Life, @mikayelbad, @Im_Hayastan, @armnewz, @tovgeneral, @caucasar, @archiuja) Բնորոշ վարքագիծ՝ նույն տեքստի սինխրոն վերատպում 4-8 ալիքով ժամերի ընթացքում։
4. Մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր (TTPs — DISARM)
- Նարատիվի լեգիտիմացում (Narrative Laundering). ադրբեջանական թեզը հայկական դաշտ է մտնում ոչ թե ուղղակի, այլ ռուսալեզու ալիքների վերլուծության տեսքով. օրինակ՝ «Ինքնաոչնչացման ընթացքը. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում “Արևմտյան Ադրբեջանի”» գրառման23 տեսքով։
- Վախի սերմանում (Fearmongering). ընտրությունների համատեքստում ՔՊ-ին քվեարկելը ներկայացվում էր24 որպես «300 հազար Սաֆարովների գալու» ռիսկի ստեղծում, իսկ Հայաստանում դպրոցներից մեկի փակումը25՝ ադրբեջանցիների բնակեցման նշան՝ «քանի՞ Սաֆարով կլինի նրանց մեջ»։
- Կոնտեքստից կտրում (Decontextualization). իշխանության ներկայացուցիչների ելույթներից առանձին հատվածներ կտրվում էին համատեքստից. օրինակ՝ Արսեն Թորոսյանի «Հայաստանը պետք է դադարի մոնոէթնիկ լինելուց» մեջբերումը ներկայացվում է26 որպես «վերաբնակեցման ուղիղ ապացույց»։
Շրջանառվող պնդումները պաշտոնական մակարդակով հերքվել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է27, որ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ երբևէ չեն քննարկել և չեն քննարկում «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հարցը՝ այդ պնդումները որակելով իրականությանը չհամապատասխանող։
Միաժամանակ, «Փաստերի ստուգման հարթակը» փաստել է28, որ թեմայի շուրջ տարածված մի շարք հրապարակումներում օգտագործվել են ՔՊ ներկայացուցիչների խոսքերի կիսատ և համատեքստից կտրված հատվածներ։
Դեպք 3 — Մոլդովայի սցենարով Հայաստանի վիլաեթացումը
Տվյալների բազա՝ 21 Telegram-ալիք, ~140 գրառում, ~2 մլն. դիտում։ Սա վերաբերում է միայն մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրված դեպքերի ծավալին։
1. Համատեքստ
Այս թեման 2026-ի մայիսին դարձավ ՕՏՄՄ արշավի հիմնական առանցքներից մեկը, քանի որ այն ուղղակիորեն կապվեց Հայաստանի էներգետիկ անվտանգության ճգնաժամի և «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավական վեճերի հետ։ Ռուսական կողմի՝ գազի սակագների հնարավոր վերանայման և լոգիստիկ սահմանափակումների մասին հայտարարությունները տեղեկատվական դաշտում ներկայացվեցին Մոլդովայի քաղաքական ճգնաժամի համատեքստում։ Դրանով հանրությանը փոխանցվում էր այն միտքը, որ արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձը կարող է հանգեցնել ոչ թե եվրոպականացման, այլ մեկուսացման և տնտեսական կախվածության խորացման։
- Հիմնական նպատակ. ներկայացնել Հայաստանի եվրաինտեգրման ուղին որպես ինքնիշխանության կորուստ և «վիլայեթ/գուբերնիա/գաղութ» դառնալու գործընթաց։ Այն նպատակ էր հետապնդում «Մոլդովա/Ուկրաինա/Վրաստան → Հայաստան» զուգահեռով նախապես լեգիտիմացնել ընտրակեղծիքի վերաբերյալ մեղադրանքները և Ռուսաստանը ներկայացնել որպես միակ ճանապարհ՝ ազդելով հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վրա։
- Վտանգավորության աստիճանը՝ բարձր. սա պայմանավորված է
ա) ընտրությունների արդյունքը նախապես ապալեգիտիմացնելու փորձով,
բ) ինքնիշխանության թեմայի շուրջ վախի մոբիլիզացմամբ,
գ) սինխրոն կոորդինացիայով։ - Թիրախային լսարան. Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող, ինքնիշխանության հարցում զգայուն քաղաքացիները։
2. Արշավի ազդակը և մեկնարկը
Արշավի ազդակ հանդիսացավ մայիսի 4-ի ԵՄ գագաթնաժողովը Երևանում, որը տեղեկատվական դաշտում ներկայացվում էր որպես «արևմտյան դեսանտների» ժամանում Հայաստան։ ՕՏՄՄ թեզի խթան հանդիսացան նաև ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցի վերաբերյալ հրապարակումները29, որոնք այն ներկայացնում էին նվաստացուցիչ, Պուտինի հայտարարությունը30 ԵԱՏՄ-ԵՄ ընտրությունը հանրաքվեով կատարելու վերաբերյալ և «երկիրը եվրոպա-ամերիկյան գումարներով վիլայեթի» վերածելու պնդումները31։
Արշավի մեկնարկը տեղի է ունեցել մայիսի 4-ից՝ գագաթնաժողովի օրը, որը շարունակական աճ է ապահովել մինչև հունիսի սկիզբ՝ ուղեկցվելով Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս բերելու սպառնալիքներով32։
3. Դերակատարների էկոհամակարգը
Արշավի մասնակիցների ցանցային կառուցվածքն ունի երկաստիճան դինամիկա։ Այստեղ առանձնանում են դերերի ու գործառույթների հետևյալ բաշխումը.
- Մեկնակետի աղբյուրներ. ռուսական պետական մեդիա և պաշտոնյաներ (Սերգեյ Լավրով33, Վլադիմիր Պուտին34, Դմիտրի Սուսլով35)։
- Տարածողներ. ռուսալեզու ալիքներ @armsens, @rusyerevantoday, @lizahatson, @parallel95, @armnewz, @Im_Hayastan, @caucasar, @archiuja, @tovgeneral, @rybar, @dva_majors, @SolovievLive։ Տարածման տրամաբանությունում առկա է տեքստերի համաժամանակյա շրջանառում 5+ ալիքով՝ 1-2 օրվա միջակայքում։
4. Մարտավարություն, տեխնիկա և ընթացակարգեր (TTPs — DISARM)
- Հռետորական շրջում. իշխանության կողմից «չդառնանք ռուսական գուբերնիա» թեզը36 շրջվում է իրենց իսկ դեմ՝ «իշխանությունը երկիրը դարձնում է Թուրքիայի վիլայեթ» թեզով37, իսկ Մակրոնի «այլևս Ռուսաստանի սատելիտ չէ» խոսքին38 պատասխան է հնչում39՝ «իսկ որ դառնում է Թուրքիայի ու Ադրբեջանի վիլայեթ՝ դա ոչի՞նչ»։
- Պատմական զուգահեռ. թեզը40, թե «նույն մեթոդիկան, որ աշխատեց Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում», փոխադրվում է41 Հայաստանի վրա որպես անխուսափելի ճակատագիր՝ «Հայաստանին տանում են մոլդովական սցենարով, բայց Ռուսաստանի դիրքն այստեղ ավելի վճռական է» դիրքավորումով։
- Համակարգված վարքագիծ. ուղենշային «Մոլդովական սցենարը Հայաստանին տանում է վիլաեթացման» հրապարակումը42 բառացի վերատպվեց 5+ ալիքով 1-2 օրում՝ @armsens43, @armnewz44, @Im_Hayastan45, @tzitzak46։
5. Հակազդեցություն
Պաշտոնական մակարդակում՝ 2026 թվականի հունիսի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների կոչին՝ Հայաստանում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկին, հայտարարեց47, որ նման հանրաքվեի համար ներկայումս հիմքեր չկան։ Նրա խոսքով՝ Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը դեռևս այն փուլում չէ, որ նման հարց դրվի հանրային քվեարկության։
Հղումների մասին ծանուցում․ կայքում որոշ արտաքին հղումներ նպատակային ներկայացված են կոտրված ձևաչափով (defanged) օրինակ՝ example[.]com)։ Այս մոտեցումը թույլ է տալիս հղում կատարել աղբյուրներին՝ առանց դրանք ավտոմատ ակտիվացնելու և որոնողական համակարգերին SEO արժեք փոխանցելու։ Հղումը բացելու համար այն անհրաժեշտ է վերափոխել սովորական ձևաչափով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը և այն կարող է չհամընկնել Եվրոպական միության և Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետների հետ։
- Աղբյուր 1 — https://www[.]mfa[.]am/en/press-releases/2026/05/26/TRIPP_Framework/13971 ↩︎
- Աղբյուր 2 — https://t[.]me/s/rusyerevantoday/95659 ↩︎
- Աղբյուր 3 — https://www[.]yenisabah[.]az/300-min-azerbaycanli-ermenistana-qayidir-harada-yasayacaqlar ↩︎
- Աղբյուր 4 — https://youtu[.]be/cAdsaeTprnQ?si=Lt_UzXWAYi6-r-Eq ↩︎
- Աղբյուր 5 — https://www[.]yerkramas[.]org/article/201150/spektakl-v-maskax-komu-vygodna-ugroza-pokusheniya-na-pashinyana ↩︎
- Աղբյուր 6 — https://hetq[.]am/hy/article/181518 ↩︎
- Աղբյուր 7 — https://www[.]facebook[.]com/photo/?fbid=10241979901857962&set=a[.]10200889640307104 ↩︎
- Աղբյուր 8 — https://www[.]facebook[.]com/photo/?fbid=122268539384179956&set=a[.]122117162132179956 ↩︎
- Աղբյուր 9 — https://abcmedia[.]am/norutyunner/259596/ ↩︎
- Աղբյուր 10 -https://www[.]facebook[.]com/watch/?v=321817459922477 ↩︎
- Աղբյուր 11 — https://t[.]me/armgeopolitic/35167 ↩︎
- Աղբյուր 12 — https://t[.]me/rybar/80081 ↩︎
- Աղբյուր 13 — https://t[.]me/boris_rozhin/209522 ↩︎
- Աղբյուր 14 — https://dfrlab[.]org/2025/12/23/kremlin-originated-campaigns-target-armenia-with-ukrainization-narrative/ ↩︎
- Աղբյուր 15 — https://euvsdisinfo[.]eu/report/armenias-ukrainization-ongoing-through-biolabs-ngos-and-submission-to-west/ ↩︎
- Աղբյուր 16 — https://www[.]instagram[.]com/reel/DElGsrryFAp/?hl=en ↩︎
- Աղբյուր 17 — https://azertag[.]az/xeber/yeni_dovrun_azerbaycani___bsu_da_beynelxalq_elmi_konfrans_video-4176127?utm_source=chatgpt[.]com ↩︎
- Աղբյուր 18 — https://adu[.]edu[.]az/az/xeberler/xeberler/14187[.]html ↩︎
- Աղբյուր 19 — https://news[.]unec[.]edu[.]az/xeber/125-universitet/14927-bold-red-unec-de-gerbi-azerbaycan-ve-garabag-shergi-zengezur-igtisadiyyati-shobeleri-yaradilib-bold-red ↩︎
- Աղբյուր 20 — https://www[.]facebook[.]com/reel/1774334107185826 ↩︎
- Աղբյուր 21 — https://t[.]me/lizahatson/80363 ↩︎
- Աղբյուր 22 — https://www[.]facebook[.]com/azg[.]news[.]and[.]analytics/1712314979798512/ ↩︎
- Աղբյուր 23 — https://t[.]me/rusyerevantoday/94032 ↩︎
- Աղբյուր 24- https://www[.]facebook[.]com/aysor[.]am/videos/300-0003526390830849728/ ↩︎
- Աղբյուր 25 — https://t[.]me/rusyerevantoday/95256 ↩︎
- Աղբյուր 26 — https://t[.]me/rusyerevantoday/95622 ↩︎
- Աղբյուր 27 — https://www[.]facebook[.]com/CivilNet[.]TV/posts/1414271150735306/ ↩︎
- Աղբյուր 28 — https://fip[.]am/49177 ↩︎
- Աղբյուր 29 — https://t[.]me/tzitzak/21127 ↩︎
- Աղբյուր 30 — https://t[.]me/armsens/63944 ↩︎
- Աղբյուր 31 — https://t[.]me/armsens/63945 ↩︎
- Աղբյուր 32 — https://t[.]me/tzitzak/21114 ↩︎
- Աղբյուր 33 — https://mid[.]ru/en/press_service/minister_speeches/2111572/?lang=ru&utm_source=chatgpt[.]com ↩︎
- Աղբյուր 34 — https://ru[.]euronews[.]com/2026/05/30/armenia-eaeu ↩︎
- Աղբյուր 35 — https://youtu[.]be/_J3wXL69yOg?si=rb_RW2LbifoWz58w ↩︎
- Աղբյուր 36 — https://newsarmenia[.]am/am/news/armenia/hhi-nkatmamb-pordz-e-arvum-irakanatsnel-qaghaqakan-operatsia-aystegh-ishkhanutyun-pokhelu-hamar-alen-simonyan/ ↩︎
- Աղբյուր 37 — https://t[.]me/armsens/63691 ↩︎
- Աղբյուր 38 — https://www[.]panorama[.]am/am/news/2026/05/05/%D5%84%D5%A1%D5%AF%D6%80%D5%B8%D5%B6-%D5%80%D5%80/3158394 ↩︎
- Աղբյուր 39 — https://t[.]me/archiuja/26981 ↩︎
- Աղբյուր 40 — https://t[.]me/parallel95/114431 ↩︎
- Աղբյուր 41 — https://t[.]me/mikayelbad/47232 ↩︎
- Աղբյուր 42 — https://t[.]me/mikayelbad/47617 ↩︎
- Աղբյուր 43 — https://t[.]me/armsens/64642 ↩︎
- Աղբյուր 44 — https://t[.]me/armnewz/21445 ↩︎
- Աղբյուր 45 — https://t[.]me/Im_Hayastan/70362 ↩︎
- Աղբյուր 46 — https://t[.]me/tzitzak/21195 ↩︎
- Աղբյուր 47 — https://armenpress[.]am/hy/article/1251623 ↩︎


