20 Մայիսի, 2026

Հայաստանի տեղեկատվական միջավայրում օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (ՕՏՄՄ) միտումներ — Ապրիլ 2026

  • Նիկոլ Փաշինյանը պաշտոնական աշխատանքային այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն։
  • Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը շահագրգռված է ընտրություններին բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, մինչդեռ Հայաստանում ոմանք ազատազրկված են, «չնայած որ ռուսական անձնագիր ունեն», ինչը հայաստանյան մեդիադաշտում ընկալվեց որպես աջակցություն Սամվել Կարապետյանին։
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ ձերբակալվեցին՝ հավաքների վրա ազդեցություն գործադրելու և նյութական շահագրգռման վերաբերյալ մեղադրանքների շրջանակում։
  • Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց գաղտնալսումների հատվածներ և հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ կապվող անձանց կողմից ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ փաստական տվյալներ են ստացվել։
  • Էդմոն Մարուքյանը ընտրությունները ներկայացրեց որպես «պետություն մնալու կամ չմնալու» որոշիչ փուլ։
  • Բրյուսելում կայացավ Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը՝ ուղղված ՀՀ-ԵՄ համագործակցության և Երևանում նախատեսվող գագաթնաժողովի նախապատրաստմանը։
  • Ջահերով երթի ընթացքում այրվեց Թուրքիայի դրոշը, ինչը Հայաստանում առաջացրեց քաղաքական և հանրային քննարկումներ։
  • Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան հաջորդեցին Քաղաքացու օրվա միջոցառումները, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական հավաքը։
  • Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Թուրքիային դարձնելով այդ գործընթացի «գերին»։
  • Նոր կենսաչափական անձնագրերի դիզայնի ներկայացումը հանրային քննարկումների թեմա դարձավ ազգային խորհրդանիշների և ինքնության շուրջ արձագանքների ֆոնին։
  • ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ողջունեց Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման շուրջ հայ-թուրքական համատեղ աշխատանքային խմբի նիստի անցկացումը։

2026 թվականի ապրիլին հայաստանյան տեղեկատվական դաշտում շարունակեցին ակտիվորեն շրջանառվել արտաքին ազդեցության, ընտրական գործընթացների և ինքնիշխանության վերաբերյալ նարատիվներ։ Հատկապես Telegram հարթակում տարածվում էին հրապարակումներ, որոնք արևմտյան դերակատարների գործունեությունը ներկայացնում էին որպես Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների վրա ազդեցության փորձ։ Հաճախ օգտագործվում էին «արևմտյան վերահսկողության» և ազգային ինքնության թուլացման մասին ձևակերպումներ։
Ուսումնասիրության ընթացքում արձանագրվեցին նաև զգայուն թեմաների շուրջ մանիպուլյատիվ և ապատեղեկատվական բովանդակության տարածման դեպքեր։ Դրանց թվում էին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների վերաբերյալ չհաստատված պնդումները, ինչպես նաև ընտրական գործընթացների և արտաքին դերակատարների ներգրավվածության շուրջ բևեռացնող նարատիվները։ Մի շարք դեպքերում նկատվում էին բազմահարթակ և համակարգված տարածման տարրեր։
Դիտարկված օրինակները ցույց են տալիս, որ տեղեկատվական ազդեցության փորձերը հաճախ կառուցվում էին հուզականության և հակադրության վրա՝ համադրելով արտաքին ազդեցության, ինքնիշխանության կորստի և քաղաքական լեգիտիմության վերաբերյալ թեզերը։
Հաջորդ բաժնում ներկայացվում են ուսումնասիրության ընթացքում արձանագրված առանցքային օրինակները և դրանցում դիտարկված ՕՏՄՄ-ին բնորոշ տարրերը։

Դեպք 1ԵՄ առաքելության թեմայի ներկայացումը որպես արտաքին միջամտություն

Նկարագրական վերլուծություն

Ռուսական Telegram ալիքներում, ապա հայաստանյան տիրույթում տարածվեցին հրապարակումներ (1, 2, 3), որոնք վերաբերում էին Հայաստանում ԵՄ նոր առաքելության՝ EUPM Armenia-ի ստեղծմանը։ Թեև հրապարակումները սկսվում են առաքելության պաշտոնական նպատակի ներկայացմամբ՝ «հիբրիդային սպառնալիքներին», ապատեղեկատվությանը և ընտրական միջամտություններին հակազդելը, այդուհանդերձ, հետագա հատվածներում թեման վերաձևակերպվում էր որպես արտաքին միջամտություն Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին։

Հրապարակումների հիմնական ուղերձը կառուցված էր այն թեզի շուրջ, թե ԵՄ-ն «անամոթաբար միջամտում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին»՝ աջակցելով Նիկոլ Փաշինյանին, որը, ըստ այդ հրապարակումների, «վախենում է կորցնել իշխանությունը»։ Միաժամանակ առաջ էր քաշվում այն գաղափարը, թե արևմտյան աջակցությամբ իշխանության պահպանումը հանդիսանում է միջամտություն
Հայաստանի ներքին գործերին և ուղղված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների «ճիշտ արդյունքի ապահովմանը»։

Մեկ այլ հրապարակման (1) մեջ ԵՄ առաքելությունը ներկայացվում էր որպես «Մոլդովայի սցենարի կրկնօրինակում», որտեղ, ըստ հեղինակների, իշխանությունը պահպանվում է՝ Բրյուսելի վերահսկողության շնորհիվ։ Միաժամանակ օգտագործվում էին ինքնիշխանության կորստի վերաբերյալ ձևակերպումներ, մասնավորապես՝ պնդումներ, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը «այսուհետ կգրվի ոչ թե Հանրապետության հրապարակում, այլ Եվրահանձնաժողովի գրասենյակներում»։
Այս համատեքստում Ռուսաստանի հնարավոր ավելի ակտիվ ներգրավվածությունը ներկայացվում էր որպես տրամաբանական կամ անհրաժեշտ հակակշիռ։

Դեպք 2 — Արևմտյան կազմակերպությունների գործունեության ներկայացումը որպես ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմ

Նկարագրական վերլուծություն

Պրոռուսական Telegram ալիքներում (1, 2, 3, 4, 5, 6, 7) ապա Vkontakte (1) հարթակում և հետո Facebook-ի (1) հայկական տիրույթում տարածվեցին հրապարակումներ, որտեղ արևմտյան կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը ներկայացվում էր որպես Հայաստանի ներքաղաքական և ընտրական գործընթացների վրա համակարգված ազդեցության փորձ։ Այդ հրապարակումներում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում «Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնին», որը ներկայացվում էր որպես Հայաստանում «արևմտամետ կառույցների ցանց» ձևավորող դերակատար։ Այս համատեքստում կազմակերպության գործընկեր մեդիաներն ու քաղաքացիական նախաձեռնությունները բնութագրվում էին որպես «վերահսկվող ՀԿ-ներ», «հավատարիմ ակտիվիստների ցանց» և «արտաքին ազդեցության ենթակառուցվածք», իսկ նրանց գործունեությունը՝ որպես
«ցանկալի տեղեկատվական օրակարգի» ձևավորման գործիք։ Ապատեղեկատվության դեմ պայքարի նախաձեռնությունները ևս ներկայացվում էին որպես հակառուսական գործունեության մաս։

Նույն նարատիվի շրջանակում տարածվում էին (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13) նաև հրապարակումներ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) գործունեության վերաբերյալ։ Դրանցում IFES-ի և International IDEA-ի կողմից ընտրական կառույցների ներկայացուցիչների համար անցկացվող դասընթացները ներկայացվում էին որպես ընտրական գործընթացների վրա արտաքին վերահսկողության և «ճիշտ արդյունքի ապահովման» մեխանիզմ։ Արևմտյան կազմակերպությունների աջակցությունը կապվում էր «հակառուսական» քաղաքականության, ընդդիմության նկատմամբ ճնշումների և իշխող ուժին տեխնիկական ու քաղաքական աջակցություն ցուցաբերելու հետ։

Դիտարկված հրապարակումներում առկա էին ՕՏՄՄ-ին բնորոշ տարրեր, ներառյալ՝ արտաքին դերակատարների շուրջ անվստահության ձևավորումը, ընտրական գործընթացների լեգիտիմության հարցականի տակ դնելը և արևմտյան դերակատարների շուրջ բևեռացնող նարատիվների տարածումը։

Դեպք 3 — Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ մանիպուլյատիվ նարատիվների տարածումը

Նկարագրական վերլուծություն

Ապրիլի երկրորդ կեսին օտաերկրյա (1, 2) և ապա հայաստանյան (1, 2) տեղեկատվական տիրույթում տարածվեցին պնդումներ, թե Հայաստանի իշխանությունները պատրաստվում են վերափոխել կամ չեղարկել Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները։ Տեղեկությունների սկզբնաղբյուրը թուրք լրագրող Օքայ Դեփրեմի հոդվածն էր, որտեղ առանց փաստական ապացույցների ներկայացվում էին պնդումներ ապրիլի 24-ի միջոցառումների և հիշողության քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին։

Հայկական որոշ էջեր և օգտատերեր այդ պնդումները ներկայացնում էին որպես հաստատված տեղեկություն։ Հետագայում նույնաբովանդակ նյութեր սկսեցին տարածվել բոտային վարքագիծ ցուցաբերող հաշիվների կողմից, ինչը մատնանշում էր բովանդակության համակարգված տարածման հնարավոր տարրերի մասին։

Նարատիվները կառուցված էին ազգային ինքնության, պատմական հիշողության և իշխանությունների «արտաքին ազդեցության տակ գործելու» շրջանակում։

Դիտարկված օրինակները ցույց են տալիս, որ արտաքին ազդեցության վերաբերյալ նարատիվներն աստիճանաբար կապվում են ոչ միայն աշխարհաքաղաքական հակադրության, այլ նաև ընտրական գործընթացների լեգիտիմության հետ։

Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ չհաստատված պնդումները ցույց տվեցին, որ պատմական հիշողության և ազգային ինքնության հետ կապված թեմաները շարունակում են մնալ բարձր զգայուն տեղեկատվական ազդակներ։ Այդպիսի թեմաների շուրջ մանիպուլյատիվ բովանդակությունը կարող է արագ վերածվել լայն տարածում ստացող քաղաքական նարատիվների։

Ուսումնասիրության ընթացքում նկատելի էր, որ տեղեկատվական ազդեցության փորձերը հաճախ կառուցվում էին հուզական և բևեռացնող հաղորդակցման վրա՝ համադրելով ինքնիշխանության, արտաքին կառավարման և քաղաքական լեգիտիմության վերաբերյալ թեզերը։ Այս գործընթացում Telegram-ը հիմնականում ծառայում էր որպես նարատիվների նախնական ձևավորման միջավայր, իսկ Facebook-ը և այլ հարթակներ՝ դրանց ավելի լայն տարածման և հանրայնացման միջոց։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը և այն կարող է չհամընկնել Եվրոպական միության և Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի տեսակետների հետ։

Related Articles