Armenia -- Photojournalist Karo Sahakian dragged by police, Yerevan, 23Jun2015

Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին ԽԱՊԿ-ի 2017 թ. տարեկան զեկույց

2017 թվականը հայաստանյան լրատվամիջոցների համար լարված եւ բարդ     ժամանակահատված էր՝ պայմանավորված ՀՀ Ազգային ժողովի, Երեւանի ավագանու եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով։ Այսպիսի ժամանակաշրջաններում սովորաբար թեժանում է ներքաղաքական պայքարը, ինչը զուգորդվում է նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների ու տարատեսակ ճնշումների ավելացմամբ։ Արատավոր այս ավանդույթը շարունակվեց թե՛ Ազգային ժողովի, թե՛ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում։

Մասնավորապես՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ներառող շրջանում ԽԱՊԿ-ն արձանագրեց լրագրողների նկատմամբ  ֆիզիկական բռնության 3 եւ խոչընդոտումների 6 դեպք։ Բուն ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, արձանագրվեց լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2, մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու 8 դեպք։

Իսկ մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում գրանցվեց ֆիզիկական բռնության 2, տարատեսակ խոչընդոտումների 5 դեպք։ Լրագրողների իրավունքների եւս 3 խախտում (մեկ բռնություն եւ երկու խոչընդոտում) տեղի է ունեցել քվեարկությանը նախորդող քարոզարշավի ժամանակաշրջանում։

Հայաստանյան մի շարք լրագրողական կազմակերպություններ, ԽԱՊԿ-ի նախաձեռնությամբ, հանդես եկան հայտարարություններով՝ դատապարտելով ընտրությունները լուսաբանող ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ բռնությունները եւ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Հետագա գործընթացների դիտարկումները ցույց տվեցին, որ այս անգամ ևս իշխանությունները լուրջ չեն վերաբերվում լրագրողների իրավունքների խախտումների փաստերին եւ մտադիր չեն համարժեք միջոցներ ձեռնարկել. Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների և դրանց նախորդող քարոզարշավների ընթացքում արձանագրված բռնությունների ու  խոչընդոտումների 29 դեպքից միայն 7-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել, որոնցից 5-ը կարճվել է «հանցակազմի բացակայության» ձեւական հիմնավորմամբ, և միայն 2-ն է հասել դատարան։

Նույն անարդյունավետ եւ ձեւական մոտեցումն է նկատվում նաեւ լրագրողների դեմ լայնածավալ բռնություններին վերաբերող երկու քրեական գործերի՝ 2015 թվականի հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) եւ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ը մայրաքաղաքի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների նախաքննությունում։ Այդ գործերի շրջանակներում ներկայացված մեղադրանքների քանակը (համապատասխանաբար՝ 4 եւ 9) վկայում է, որ ձեռնարկված միջոցները ամենեւին համարժեք չեն այդ օրերին ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների ծավալներին։

Մինչդեռ, միջազգային ատյանները՝ Եվրոպական դատարանը եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն ընդունել եւ գրանցել են #ElectricYerevan-ի գործով տուժող ճանաչված երեք լրագրողների (համապատասխանաբար՝ «Lragir.am»-ի թղթակից Թեհմինե Ենոքյանի, ինչպես նաեւ «iLur.am»-ի թղթակից Հակոբ Կարապետյանի ու ազատ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանի) գանգատները՝ հիմնավոր համարելով նախաքննության անարդյունավետության վերաբերյալ նրանց փաստարկները։ Ավելին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն արդեն կոմունիկացրել է, այսինքն՝ շրջանառության մեջ է դրել երկու հայ լրագրողների բողոքները։ Սա իրավապաշտպանության ոլորտի համար չափազանց կարեւոր նախադեպ է։ Վերոհիշյալ միջազգային ատյաններ են ուղարկվել նաեւ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ը մայրաքաղաքի Սարի թաղում բռնության ենթարկված՝ «1in.am» լրատվական կայքի թղթակից Մարիամ Գրիգորյանի եւ ազատ ֆոտոլրագրող Գեւորգ Ղազարյանի գանգատները։ Նրանց բոլորի շահերը ներկայացնում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։

Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ուժ կիրառելու եւ մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստեր են գրանցվել նաեւ տարվա համեմատաբար հանդարտ ժամանակահատվածներում։ Ընդհանուր առմամբ 2017 թվականին ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 11, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների դեմ տարատեսակ ճնշումների 113 դեպք, տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի 62 խախտում։

2017 թվականն աննախադեպ էր ընդդեմ ԶԼՄ-ների եւ լրագրողների դատական նոր գործերի առատությամբ։ Միայն «Sut.am» լրատվական կայքի հիմնադիր՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի եւ նրա համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացվել է 30 դատական հայց։ Դրանք բոլոր էլ վերաբերում էին այդ կայքի մարտի 24-ի աղմկահարույց հրապարակմանը, որում բացահայտվում էր նախընտրական շրջանում դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների՝ վարչական ռեսուրսի գործածմամբ ձայների հավաքագրումը՝ հօգուտ իշխող ՀՀԿ-ի։ Յուրաքանչյուր հայցով պահանջվում էր հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ 2 միլիոն դրամ փոխհատուցում վճարել։ Սակայն առաջին իսկ դատական նիստին այդ հայցերը հետ են վերցվել։

Տարվա կտրվածքով ԶԼՄ-ների եւ/կամ լրագրողների ներգրավվածությամբ դատական գործերի թիվը հասավ 60-ի։ Դրանք բոլորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են։

2017-ի առաջին կեսին լրագրողական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների բուռն քննարկումների առարկա դարձավ ՀՀ արդարադատության նախարարությունում մշակված «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագիծը։ Փաստաթուղթը լուրջ առարկություններ է առաջացրել։ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները նոր օրենք ստեղծելու որևէ անհրաժեշտություն չեն տեսնում: Նրանց համոզմամբ՝ «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքը, որն իր ոգով եւ սկզբունքներով շատ ավելի ազատական է եւ առաջադեմ, քան շրջանառվող օրինագիծը, պետք է արդիականացնել՝ հաշվի առնելով տեխնոլոգիաների զարգացումը եւ նոր իրողությունները։ Դա կարելի է անել օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի ստեղծմամբ, ինչի համար առաջարկվում է ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն Արդարադատության նախարարության և մասնագիտացված հասարակական կազմակերպությունների փորձագետները։

2017-ի տարեվերջին լրագրողական կազմակերպությունների խիստ քննադատությանն արժանացավ նաեւ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը։ Այն նույնպես մշակվել է առանց մասնագիտացված հասարակական կառույցներին այդ գործընթացում ներգրավելու: Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երեւանի մամուլի ակումբի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ փաստաթուղթը պատրաստելիս  անդրադարձ չի արվել ոլորտի բազմաթիվ խնդիրներին, որոնք կուտակվել ու խորացել են անցած տարիների ընթացքում։ Լրագրողական 3 կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով վերանայել օրինագիծը՝ հաշվի առնելով հանրության, մասնագիտացված հասարակական կառույցների, ինչպես նաեւ միջազգային փորձագետների առաջարկություններն ու մոտեցումները:

2017-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անցկացրած մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթը չկայացած հայտարարվեց՝ հայտատուի բացակայության պատճառով։ Այս փաստը եւս մեկ ապացույց է, որ գործող օրենքում նախատեսվող՝ թվային հեռարձակման մասնավոր ցանցի ստեղծման պայմանները, որոնք մեխանիկորեն տեղափոխվել են նոր նախագիծ, անընդունելի են, իսկ լրագրողական կազմակերպությունների քննադատությունը՝ հիմնավոր։

Հեռարձակման ոլորտին վերաբերող ուշագրավ իրադարձություններ էին նաեւ ՀՌԱՀ-ի հայտարարած՝ թվային ցանցի միջոցով ռադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթները։ Համերկրային, մայրաքաղաքային եւ մարզային սփռման ռադիոընկերությունների նախատեսվող ընդհանուր թիվը 18 է, նույնքան էլ հայտ է ներկայացվել։ Այսինքն՝ 18 մրցույթներից ոչ մեկը մրցակցային չի եղել, ինչը վկայում է այս ոլորտի անառողջ վիճակի մասին։

Կարդալ ավելին

Scroll to top